Հրանտ Մաթևոսյան. «Ինչ որ լինելու է՝ կլինի»
 
            
             
             
            2025-ը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակի տարին է. ևս մի առիթ նորից ու նորից վերադառնալու նրա մեծ գրականությանը և մաթևոսյանական ուղերձներին: Հոբելյանական տարում «ArtCollage»-ն իր ընթերցողների գնահատմանն է ներկայացնում մի ուշագրավ արխիվային նյութ գրող, գրականագետ, գրական թարգմանության տեսաբան և բանասիրական գիտությունների դոկտոր Լևոն Մկրտչյանի հարուստ արխիվից: Չորս տասնամյակ առաջ արված այս փոքրիկ հարցազրույցում նորից կհանդիպենք մեզ հայտնի ու անհայտ Հրանտ Մաթևոսյանին:
***
1984 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի դատախազության աշխատակիցները հանդիպում էին Հրանտ Մաթևոսյանի հետ։ Ինձ՝ որպես հյուր նստեցրեցին նախագահությունում՝ Հրանտի կողքին։ Եվ մինչև հատուկ կարևորության գործերի քննիչը (Մաթևոսյանի հետ հանդիպումը հավասարազոր էր համարվել դատախազության հատուկ գործերին) սիրելի գրողի ստեղծագործության մասին զեկուցում էր կարդում, ես մինի-հարցազրույց անցկացրի Հրանտի հետ։ Մաթևոսյանը հարցերին գրավոր էր պատասխանում, երբեմն՝ ռուսերեն։
Լևոն Մկրտչյան - Ձեր սիրելի գույնը՞։
Հրանտ Մաթևոսյան- Կարմիր, բաց կանաչ, գարնանային կանաչ։
Լ.Մ- Սիրելի աֆորիզմը՞։
Հ.Մ.- Ինչ որ լինելու է՝ կլինի։
Լ.Մ.- Սիրելի կերակուրը՞:
Հ.Մ.- Տավարի խաշած միս:
Լ.Մ.- Օրվա սիրելի ժամը՞:
Հ.Մ.- Վաղ լուսաբաց:
Լ.Մ.- Ձեր գրվածքներից ո՞րն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:
Հ.Մ.- Շուշանի հուշը «Տաշքենդ»-ում:
Լ.Մ.-Ձեր սիրելի գրողը՞:
Հ.Մ.- Տոլստոյը:
Լ.Մ.- Ձեր սիրելի գիրքը՞:
Հ.Մ.- «Հաջի Մուրադ», «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը»:
Լ.Մ.- Ձեր սիրելի բանաստեղծությունը՞:
Հ.Մ.- Թումանյան՝ «Բարձրից»։
Լ.Մ.- Ձեր սիրելի պատմական գործիչը՞։
Հ.Մ.- Արշակ 2-րդ. Իվան 4-րդ:
Լ.Մ.- Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։
Հ.Մ.- Չալ աչքերով, բաց մաշկով, բարձրահասակ:
Լ.Մ.- Ո՞րն է տարվա ձեր սիրելի եղանակը:
Հ.Մ.- Առողջ լինես՝ բոլոր եղանակները:
Լ.Մ.- Ձեր սիրելի քաղաքը։
Հ.Մ.- Միջնադարյան փոքր քաղաքները։ Գյումրին: 19-րդ դարասկզբի Ղարաքիլիսան, 19-րդ դարի վերջի Հայաստանը։
Լ.Մ.- Ձեր սիրելի քաղաքական կարգախոսը՞։
Հ.Մ.- Կորչեն բոլոր լոզունգները: Կեցցե վանեցի պահպանողականները:
Լ.Մ.- Ձեր սիրելի հագուստը՞:
Հ.Մ.- Մոխրագույն կոստյում, մկնագույն:
Լ.Մ.- Ձեր սիրելի ապուշը՞:
Հ.Մ.- Շվեյկը:
Լևոն Մկրտչյան