Հյոլդեռլինի մասին
Հարյուր տարի առաջ կար մի բանաստեղծ, որը միշտ գրավել էր լավագույններին, իդեալիստ երիտասարդության արքան էր ու գաղտնի սիրելին, եւ որը, սակայն, հայտնի չէր շատերին. նա Հյոլդեռլինն էր: Նրա ստեղծագործությունը բանաստեղծությունների մի փոքրիկ հատոր է, որից մի քանիսը պոռթկում էին, մի քանիսը` ամենանուրբ քնարական խորասուզում, արտասովոր գեղեցիկ, հուզիչ եւ ողբերգական, ինչպես նրա կյանքը, որը կորավ կարճատեւ, պայծառ երիտասարդությունից հետո`շփոթության եւ խելագարության մեջ, բայց նաեւ`վերանձնական եւ առասպելական մթնոլորտում: Նա Աստծո ընտրած եւ Աստծուց հալածված բանաստեղծի նախատիպն էր` փայլող գերմարդկային մաքրությամբ, լի ազնվությամբ եւ ցավոտ գեղեցկությամբ, բանաստեղծ, որը պետք է կոտրվեր «սովորական կյանքի» պայմաններում եւ թողներ կարճատեւ, լուսավոր ոգեղեն փթթման հիշողությունը, որը կապված է միայն կյանքից անժամանակ հեռացածների հետ:
Եվ ահա, վերջին մի քանի տարիներին, գերմանացի երիտասարդությունը վերագտել է այս Հյոլդեռլինին, նրա հորդորը գերմանացիներին ստացել է նոր, ավելի էական նշանակություն, եւ այդ գեղեցիկ օտարերկրացու աստղը կրկին փայլել է, թեեւ այնպիսի ժամանակներում եւ մթնոլորտում, որոնք հեշտությամբ ցանկացած ոգեւորություն վերածում են նորաձեւության: Հյոլդեռլինով իրականում շատերն էին տարված, եւ այդ ոչ այնքան դյուրամարս բանաստեղծի գիրքը դրված է որոշ տիկնանց սեղաններին` Բուդդայի ելույթների եւ Թագորի ֆելիետոնների կողքին: Այդ նորաձեւությունն արդեն գրեթե ամբողջությամբ մարել է, միայն մի լավ բան է մնացել. բանասերներն ու հրատարակիչները նույնպես հետաքրքրվել են Հյոլդեռլինով, այնպես որ` այժմ պահպանվել են նրա ստեղծագործությունների եւ նամակների արժեքավոր եւ գեղեցիկ հրատարակությունները: Հյոլդեռլինի երկու նոր հրատարակություններ արժանի են հատուկ հիշատակման. դրանք են բոլոր նամակները ներառող հինգհատորյա մեծ հրատարակությունը (որը հրատարակվել է Zinkernagel-ի կողմից «Insel» հրատարակչությունում) եւ Վայմարի Լիխտենշտայնի հրատարակչության չորս հատորներից մեկը:
Ես կարծում եմ, որ Հյոլդեռլինին լիովին չեն հասկացել նրանք, որոնք վերջին տարիներին ինչ-որ չափով աղմկոտ պաշտպանել են նրան. եւ ամենեւին էլ պատահական չէ, որ նրան հիշում են հենց հիմա` պարտված Գերմանիայի անհանգիստ, էսխատոլոգիական տրամադրությամբ: Եվ դա արտահայտվում էր ոչ միայն կրակոտ օրհներգերի էքստազի մեջ, որը հեղափոխական շրջանում երբեմն մանիֆեստի ձեւ էր ստանում, այլեւ` բանաստեղծի անձով, ազնվագույն հոգեւորականության եւ արիստոկրատ գերմարդկայնության աուրայով, որն այդքան խորն ազդեցություն ունեցավ կոռուպցիայի եւ նյութական ունեցվածքի անհույս վաճառքի այս ժամանակաշրջանում: Հյոլդեռլինը միայն բանաստեղծ չէ, եւ նրա գործն ու էությունը չեն նույնականանում իր գրավոր ստեղծագործությունների հետ. նա ավելին է, նա հերոսական տեսակի ներկայացուցիչ է:
Նրա շատ տարօրինակ էսսեներից մեկում մի միտք է արտահայտված, որում բանաստեղծը կարծես թե կանխատեսում է իր ճակատագիրը եւ խորապես ճանաչում իրեն: Այնտեղ ասվում է. «Ամեն ինչ կախված է նրանից, որ գերադասը չափազանց շատ չբացառի ստորադասին, գեղեցիկը չափազանց շատ չբացառի բարբարոսին, բայց նաեւ չափազանց չխառնվի նրանց գործերին, ճանաչի իր եւ ուրիշների միջեւ գոյություն ունեցող տարածությունն որոշակի եւ անկողմնակալ ձեւով, գործի եւ համբերի` ելնելով այդ ճանաչումից: Եթե նրանք շատ մեկուսանան, իրենց ազդեցությունը կկորչի, եւ նրանք կկործանվեն իրենց միայնության մեջ»: Հյոլդեռլինը, որն իսկապես պատկանում էր «գեղեցիկներին», խորը ներհայեցող էր: Տարածություն պահպանելու մասին այս պնդումը չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ ազնիվ մարդը չպետք է շատ մեկուսանա իր մերձավորներից: Դրա իրական խորությունը բացահայտվում է միայն այն դեպքում, երբ մենք այն ընկալում ենք որպես ներքին պահանջ, որ ազնիվ մարդը շարքային, բնատուր միամիտ մարդուն պետք է ճանաչի եւ պաշտպանի ոչ միայն իր միջավայրում, այլեւ` իր ներսում, իր հոգու խորքում: Այս մեկնաբանությամբ, մենք, անշուշտ, չենք բռնանում Հյոլդեռլինի մտքերին, քանի որ նա իր ամբողջ կյանքի ընթացքում խորապես գիտակցում էր խնդիրը եւ բազմիցս արտահայտվել էր այդ մասին. նա հասկացել էր իրեն սպառնացող վտանգը, Շիլլերի բնորոշմամբ` իր միակողմանի պատկանելությունը «սենտիմենտալիստների» դասին, եւ անընդհատ տառապում էր միամտության արատով:
Եթե թարգմանենք ժամանակակից հոգեբանության լեզվով, ապա Հյոլդեռլինի պահանջը կլինի մոտավորապես հետեւյալը. ազնվագույն մարդը չպետք է իր կենսական պահանջները շատ միակողմանի ենթարկի կենսական պահանջներին հակոտնյա ոգու տիրապետությանը, քանի որ մեր կենսական պահանջներից ամեն մի մաս, որի սուբլիմացիան ձախողվում է, մեզ ծանր տառապանք է պատճառում «ճնշման» միջոցով: Դա Հյոլդեռլինի անձնական խնդիրն էր, եւ նա տրվեց դրան: Նա իր մեջ զարգացրեց ոգեղենությունը, որը բռնանում էր իր էության վրա. նրա իդեալն էր մոռանալ ամեն պարզունակ բան, սակայն նա չուներ Շիլլերի արտակարգ համառությունը, որը նման իրավիճակում ոգեղեն կամքի ուժի գերագույն օրինակ էր ծառայում եւ այդ կերպ ուժասպառ եղավ: Շիլլերի երկրպագու եւ աշակերտ Հյոլդեռլինը, որը նրա նման «սենտիմենտալ» էր, հոգնեց իրեն ներկայացված պահանջները կատարելուց, ձգտեց հետեւել ոգեղենացման օրինակին, սակայն, որքան էլ այն ազնիվ թվա, պարտադրված էր նրա էությանը: Չէ՞ որ, այս հոյակապ բանաստեղծության մեջ մենք եզակի եւ անկրկնելի ենք համարում նրա գիտակցված վարպետությունը, որքան էլ դա բարձրագոչ հնչի, ոչ թե մտքերի «բովանդակությունը», այլ երաժշտության, ռիթմիկ եւ ձայնային առեղծվածի ներքին հոսքը, որը հաղթահարվում է Շիլլերի օրինակով: Այս հրաշալի, խորհրդավոր, ստեղծագործական ստորջրյա հոսանքը, որն ապրում է ենթագիտակցության մեջ, Հյոլդեռլինի շատ բանաստեղծություններում է արտահայտված եւ ուղղակի հակադրվում է բանաստեղծի ընկալած իդեալին, եւ հենց այս գաղտնի, սրբազան ստեղծագործական ուժի ճնշումն էր, որ վերջնական կործանեց նրան: Հյոլդեռլինը, սակայն, իր ազնիվ ջանքերի շնորհիվ, իր էությունն ու արժեքները խորապես վնասելով, Շիլլերի ազդեցությամբ կայացավ որպես մտավորական:
Բանաստեղծի անհատական հոգեբանությանը վերաբերող այդ մտքերը, սակայն, չեն լուծում Հյոլդեռլինին վերաբերող խնդիրը: Նրա ճակատագիրն ամենից առաջ հերոսի ճակատագիր է, եւ այն վերանձնական է: Ահա թե ինչու մենք այդքան հաճախ տեսնում ենք մեծ, շնորհալի մարդկանց, որոնք կործանվում են այնպիսի խոչընդոտների պատճառով, որոնք ավելի թույլ մարդը պատրաստ է հեշտությամբ հաղթահարել. առողջ բանականությունը հեշտությամբ է օժտվածությունը բացատրում հոգեկան շեղմամբ, անկախ այն բանից` նրանք հոգեվերլուծական ձիրք ունե՞ն, թե ոչ: Անշուշտ, այդ հերոսներից մի քանիսը նաեւ հոգեկան խնդիրներ ունեն: Սրանից զատ` հերոսները մարդկությանն ազնվացնելու պատվարժան եւ վտանգավոր փորձեր են, եւ նրանց ճակատագիրը կայանում է հերոսական, ողբերգական մթնոլորտում, նույնիսկ եթե նման հերոսը պատահաբար սարսափելի վախճան չի ունենում: Հյոլդեռլինին վիճակված էր այդ շնորհալի մարդու ողբերգական ճակատագիրն արտացոլել հուշարձանով: Շիլլերի կյանք ոչ պակաս ուժով հոսող ողբերգությունը Հյոլդեռլինի մոտ գտել է աներեւակայելի պարզ, աներեւակայելի հուզիչ արտահայտություն: Ահա թե ինչն է նրան բոլորի աչքում որպես իրական հերոսի տարբերակում բոլոր այն բանաստեղծներից, որոնց էությունն ու կերպարը մեզ համար կարծես թե անթերի արտահայտվում են իրենց ստեղծագործություններում:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի