«Ի խորոց սրտի»՝ մարդը ոգեղեն մտածողություն ունի

Մայրաքաղաքի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ավարտվեց գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի «De Profundis»՝ «Ի խորոց սրտի» նախագծի ցուցադրությունը: Երկու ամիս շարունակ՝ ապրիլի 12-ից մինչև հունիսի 12-ը այս մեծածավալ նախագիծը զարդարում էր «ՀայԱրտ» կենտրոնի գրեթե բոլոր սրահները, մի ցուցադրական տարածք, որը լիովին համապատասխանում էր ցուցահանդեսի բոլոր պահանջներին՝ լայնարձակ տարածություն, միմյանց օրգանապես շարունակող սրահներ և լուսավորության հատուկ շեշտադրումներ: «De Profundis»-ը բազմաշերտ գեղանկարչական և մեդիա արթ-նախագիծ է՝ թվային տպագրությունների, գեղանկարչության, տեսաինստալացիայի, բանաստեղծական տեքստերի ու երաժշտության համադրությամբ: Այն բաղկացած է երկու շարքից՝ յուղաներկով ստեղծված 33 մեծամաշտաբ կտավներից և փոքր թվային տպագրություններից, որոնք արտացոլում են պատկերային աղավաղումները: Նախագծը ժամանակային մեծ ընդգրկում ունի. մեծակտավ ստեղծագործություննները ստեղծվել են 2011-2018 թվականներին, իսկ փոքր թվային տպագրությունները վերջին տարիների ստեղծագործության արդյունք են: Սա անդրադարձ է այն իրականությանը, որում տեխնոլոգիան ներազդում, փոխակերպում է մարդու անհատականությունը և որոնում հոգևորին վերադարձի ճանապարհը: « De Profundis» նախագծի շուրջ «ArtCollage»-ը զրուցել  է հեղինակի՝ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ:

 

-Մեր զրույցը սկսենք նախագծի վերնագրից, որում արդեն իսկ հղում կա Նարեկացուն: Բայց նախագիծն ինքնին շատ բազմաշերտ է, մեծ ընդգրկում ունի և՛ տարածական, և՛ ժամանակային առումով: Ինչպե՞ս ծնվեց մտահղացումը և ի՞նչ փոխակերպումների ենթարկվեց այսքան տևական ժամանակում:

-Ես փորձեմ հիշել ինչպես եղավ: Երևի ինչ-որ ցնցումներ կյանքում պիտի ստիպեին, որ սա զգայական մակարդակից հասներ գաղափարի, որը գնալով վերածվեց նախագծի: Երբ դու երկար տարիներ մի գաղափարի շուրջ աշխատանք ես տանում, դա ուղղակի ինքնադրսևորում չէ, այլ փորձում ես մի ուրիշ ասելիք բերել՝ բազմազան և բոլոր մեդիաներով, հիմնական մի ասելիք, որը պետք է մաքսիմալ ազդեցիկ, հետաքրքիր և հիշվող մի բան դառնա: Համենայնդեպս նկարիչը, արվեստագետն աստիճանաբար է գալիս դրան, այլ ոչ թե մի օր պարզապես որոշում է դա անել: Անշուշտ առաջին կտավները նկարելիս ինձ շատ ոգեշնչում էր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, և ես սկզբում ավելի շատ Նարեկացու տեքստի վրա էի հիմնվում: Անընդհատ ընթերցում էի, հետո դնում էի մի կողմ, ու ինքս ամեն անգամ նոր կտավ նկարելիս կարծես վերափոխվում էի, նոր ընկալում էի ունենում: Այդ պատճառով կտավների պատկերման սկզբունքը պահված է, կարծես թե մի ընդհանուր գիծ կա, բայց մաներաները, կատարումները տարբեր են և կերպարն էլ է ոնց որ թե ձևափոխվում: Այդ մոտեցումն, իհարկե, ինձ բնորոշ է, ես այլ նախագծերում էլ եմ պահպանում ձևափոխության այդ սկզբունքը:

-«De Profundis»-ին տրված գնահատականներում առավել հաճախ հնչում էր կարծիքը, որ նախագիծը պոստմոդեռնիստական իրականության խոր հետազոտություն է։

-Այդ տևական աշխատանքի ընթացքում ինձ սկսեց հետաքրքրել մարդու հոգևոր որոնման խնդիրը պոստմոդեռնիզմի, հասուն պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում: Բնականաբար, Ժան Բոդրիարին և այլ հեղինակների պետք է հիշեի, նորից վերընթերցեցի, և Բոդրիարը շատ հետաքրքրեց, որովհետև սիմուլյացիաների գաղափարն ինձ միշտ հետաքրքրել է՝ դեռ Պլատոնից սկսած: Բայց այս հեղինակի դեպքում խոսքն անհատականության ճգնաժամի մասին է, որը կորցնում է իր դեմքը, վերածվում է տիրաժի, և արդեն սկսում է դրսևորվել ինչ-որ ստանդարտների մեջ: Բոդրիարը ժամանակից առաջ էր և դեռ տարիներ առաջ նա կարծես թե չէր սխալվում. տեխնոլոգիաներն այնքան զարգացան, մենք իսկապես ապրում ենք սիմուլյացիայի դարաշրջանում: Ինքը՝ Բոդրիարը շատ հետաքրքիր խոսքեր ունի, որ ես ընտրեցի այս ցուցահանդեսում ներկայացնելու համար: Ասում է՝ Աստծո ռազմավարությունը պատկերի հետևում թաքնվելու մեջ է: Ինձ համար իրապես շատ հետաքրքիր էր չափազանց տարբեր հեղինակներին և մոտեցումները համադրել:

-Ձեր ցուցադրական նախագծի համադրողը հենց Դուք եք: Ձեր հայեցակարգը գեղանկարչությունից բացի ներառում է նաև թվային տպագրություններ,  տեսաինստալացիա, տեքստերի ու երաժշտության համադրություն: Ի՞նչ է տալիս դա Ձեզ որպես կառուցվածք:

-Ես ստեղծում էի սև ու սպիտակով ձևափոխված պատկերներ, բայց երբ հայտնվեց արհեստական բանականությունը, դա ինձ թույլ տվեց առավել ևս ավելի նպատակահարմար ձևով օգտագործել տեխնոլոգիաները հօգուտ ասելիքի, որը պիտի ստանար բավական պատրանքային պատկեր: Ոչ միայն այդ սև ու սպիտակ աշխատանքները, որ հիմնականում արհեստական բանականության շնորհիվ եմ ստացել, նաև հենց թվային գործեր արեցի հատուկ այս ցուցահանդեսի համար: Կա նաև երաժշտական մաս, որն ապահովում է մեծ զգայականություն, ես մի փոքրիկ հատված եմ ընտրել մեր մեծ կոմպոզիտորներից մեկի գործերից և կարծում եմ այն ցուցադրությանը շատ համահունչ է, համենայն դեպս ինձ համար: Կա նաև անիմացիոն մաս, որը ցույց է տալիս ինչպես է ստեղծվում այդ թվային գրաֆիկան, և մյուս անիմացիոն աշխատանքը ցույց է տալիս այդ աղավաղված պատկերների անցումները:

-Գեղանկարչական մեծամաշտաբ կտավներից մեկի մակերեսի պատռվածքներում ուղղակի ակնարկ կա հոգու պատռվածքներին, որն ամբողջանում է նաև սրահի հատակին դաջված Նարեկացուց արված մեջբերումներով:

-Տեսեք 1000 տարի անց էլ ընթերցում ենք և նույն ազդեցությունն է ունենում, չի բացառվում, որ ևս 1000 տարի հետո էլ կունենա այդ ազդեցությունը: Այո, ճիշտ եք, և կտավը, որը դուք օրինակ բերեցիք, նախ և առաջ, մարդու մասին է: Գուցե մենք որպես սիմվոլիկա խաչեր ենք տեսնում, Հիսուսին հիշեցնող կերպարներ ենք տեսնում: Շատերի համար դա հենց Հիսուսն է, շատերի համար առաքյալներ են կամ Նարեկացու կերպարն է, ստույգ չգիտենք, բայց այդ բոլորը միասին այլաբանություն է և միևնույն ժամանակ փաստ, կարող ենք հենց այդպես էլ ընդունել։ Մենք այդ բոլորը փորձում ենք մեր միջով անցկացնել: Վերքերի, խարազանումների խնդիրն այս կյանքում կա և նույնիսկ եթե հիշենք հենց Հիսուս Քրիստոսին, նա այդ տառապանքների, խարազանումների չլավացող վերքերի հիշողությունն է, որի մասին չպետք է մոռանանք: Կտավն այս դեպքում իլյուստրատիվ մոտեցում չունի, ինքն է մարմին, որովհետև եթե ուշադրություն դարձնենք, միայն դեմքի վրա չեն այդ «վերքերը» կամ «պատռվածքները», ամբողջ կտավը պատված է այդ հետքերով:

-Ըստ էության, «Ի խորոց սրտի» նախագծի առանցքում հավերժական  բախումներն են՝ մարդու ստեղծագործական ու սպառողական սկզբի, պրագմատիզմի, սառն հաշվարկի ու հոգևոր պահանջների հակադրությունը։

-Ես կարծում եմ, որ կա հոգևորը գտնելու մի հավերժական մոտեցում, խոսքը բնավ կրոնի մասին չէ, որը կոնկրետ ստույգ բան է: Ինձ համար սա հոգևորի դրսևորման, ճշգրտման, գտնելու, վերագտնելու ճանապարհն է: Մարդն ինչ է ուզում, որ ուղղությամբ է ուզում գնալ, իրեն որ տեսակի մեջ պիտի ճանաչի։ Եվ այսօրվա արվեստագետը, կարծում եմ, չպետք է ընտրի մի բան և դոգմատ լինի: Նա պետք է ամեն ինչ ընդունի որպես իրականություն, որն ունի տարբեր դրսևորումներ։ էքսպոզիցիայի վերջում, օրինակ, կտավներ կան, որոնք այս շատ զգայական, էքսպրեսիվ նկարչությունը և արհեստական բանականության լուսանկարային աղավաղված պատկերները միակցված վիճակում են արդեն ներկայացնում: Եվ կարծես թե շատ պարզ ձևով լուծում են խնդիրը, որ երկու սկզբունքն էլ, ի վերջո, նույն մարդու մեջ ապրում է: Ընդամենը պետք է հասկանալ, որ մարդն ինչ-որ սահմանից այն կողմ է, նա միայն նյութեղեն արարած չէ, մարդը ոգեղեն մտածողություն ունի, իսկ արվեստագետի նպատակն այդ նյութը հաղթահարելն է և ճանապարհ բացելն է դեպի լուսավոր մեկ այլ իրականություն։

 

Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի

 

... ...