Իմ անձը երկրի երեսին

Ամենից դժվարը սկիզբն է, չէ՞ որ այնքան էլ դյուրին չէ լեզվից ընտրել հենց այն միակ պայծառ բառը, որը պիտի ապրի ընդմիշտ, և յուրաքանչյուրը տենչում է արտահայտել իրեն հենց այդ անհրաժեշտ ու միակ բառով: Բանաստեղծությունը, պատմվածքը, վեպը, էսսեն, երազի հանգույն, լոկ բառ է այն լեզվից, որից դեռ չենք սովորել թարգմանել, գիշերվա այդ մունջ և անհատակ իմաստությունից, հավերժության այդ քերականությանն ու օրենքներին չենթակա լեզվից: Երկիրը վիթխարի է: Եվ նրա հետ վիթխարի է ամեն ինչ` թե երկնաքերը, թե խոտի ծեղը: Աչքը կմեծացնի, եթե միտքն ու հոգին թույլատրեն: Միտքն ունակ է հաղթելու ժամանակը` մահվան եղբորը, բայց պետք չէ մոռանալ` նաև եղբորը կյանքի: Սակայն ամենից վիթխարին «եսն է»` մարդկության սաղմը, ում մեջ ծնվում են Աստված և տիեզերքը, դրախտն ու դժոխքը, երկիրը, մարդկային դեմքը, իմ և ձեր դեմքը, մեր աչքերը: Ես այս ամենն ասում եմ երկյուղածությամբ ու բերկրանքով:

Ես մի երիտասարդ եմ հին քաղաքի մեջ: Առավոտ է, և ես կանգնած եմ դեղնավուն թղթի կույտի առաջ, թղթի միակ տեսակը, որ ծախվում է հարյուր յոթանասուն թերթը տասը սենթով, այլ տեսակներն ինձ հասանելի չեն: Թուղթն այդ դեռևս մունջ է, մաքուր և կատարյալ, և ես երիտասարդ գրող եմ, ով ահա գործի է անցնում: Այսօր երկուշաբթի է, 1933 թվականի սեպտեմբերի 25-ը: Ինչ փառավոր բան է ողջ լինելը, դեռևս ապրելը։ Ես ծերուկ եմ, որ քայլել է բազում փողոցներով ու քաղաքներով: Եվ վերջապես դարձել եմ տուն` առ ինձ: Այս թափթփված սենյակի պատին կախված է հանգուցյալ հորս լուսանկարը, և ես ծնվել եմ այս երկրի երեսին և ունեմ նրա դեմքն ու աչքերը, և անգլերեն գրում եմ այն, ինչը նա կգրեր մեր բնիկ լեզվով: Նա և ես միևնույն մարդն ենք` նա՝ մահացած, ես՝ ողջ: Ես մոլեգին ծխում եմ, չէ՞ որ պահն այս մեծ կարևորություն ունի ինձ համար, ուրեմն և այլոց համար: Հիմա ես մաքուր թղթի վրա պիտի բառեր դրոշմեմ, իմ լեզվի բառերը, ու ահից սարսռում եմ: Չափազանց մեծ է բառեր ընտրելու պատասխանատվությունը: Ես ուզում եմ միայն ճշմարտությունն ասել: Չձգտել խելքին զոռ տալ: Ես դրանից շատ եմ վախենում: Երբեք այդ չեմ արել, դե, իսկ հիմա պատրաստվելով ավելի վսեմ մի գործի, քան ինքը կյանքն է, չեմ ուզում ոչ իսկ մի կեղծ բառ ասել: Ամիսներ շարունակ ես ինձ ասում էի`«Խոնարհ եղիր: Ամենակարևորը` դու պետք է խոնարհ լինես»: Եվ ես որոշեցի չդավաճանել ինձ:

Ես պատմություններ գրող եմ, սակայն իմ պատմությունը լոկ մեկն է` մարդն աշխարհի երեսին: Կամենում եմ այդ անպաճույճ պատմությունը յուրովի պատմել, իսպառ մոռանալով գրագիտության օրենքներն ու կոմպոզիցիայի հնարքները: Ես պետք է ինչ-որ բան արտահայտեմ, բայց կամենում եմ այդ անել ոչ այնպես, ինչպես, ասենք, Բալզակը: Չէ՞ որ ես վարպետ չեմ, և այնքան էլ չեմ հավատում քաղաքակրթությանը: Եվ բնավ հիացած չեմ առաջընթացով: Երբ հսկայական կամուրջ է կառուցվում`«ուռա» չեմ գոռում, երբ Ատլանտյանի վրայով օդանավեր են անցնում, ինքս իմ մեջ չեմ հիանում`«Ա՜խ, ինչ ապշեցուցիչ դար է»: Ես շահագրգռված չեմ ազգերի ճակատագրով, և պատմությունն ինձ համար տաղտկալի է: Այն ինձ հասու չէ: Նրանք ի՞նչ նկատի ունեն, երբ այն գրում են: Եվ ինչպե՞ս է պատահել, որ մարդուն, այդ խոնարհ, փառահեղ էակին, օգտագործել են այն բանի համար, որ նրա մասին ինչեր ասես գրեն: Ինչպե՞ս պատահեց, որ մարդու խաղաղ առանձնությունը խախտեցին, իսկ նրա աստվածային էությունը նետված է քայքայման և սպանության նողկալի քաոսը: Ես չեմ ընդունում նաև վաճառականությունը: Իսկ ամենայն տեխնիկա ինձ համար պարզապես անպետք երկաթյա կիտուկ է`գումարող մեքենան, ավտոմեքենան, շոգեկառքը, օդանավը և նույնիսկ հեծանիվը: Ես չեմ հավատում տեղափոխություններին, այն բանին, որ տեղափոխվելով տարածության մեջ, կարելի է ինչ-որ տեղ գնալ, և կուզենայի իմանալ, թե ո՞ւմ է դա հաջողվել: Երբևէ որևէ մեկին հաջողվե՞լ է հեռանալ իրենից: Եվ արդյո՞ք որևէ ճամփորդություն ավելի երկարատև ու հետաքրքիր է, քան մտքի ճամփորդությունը ընդմեջ կյանքի: Որևէ ճամփորդության վախճանը այնչափ խորհրդավո՞ր է, որքան մահը:

Ինձ հետաքրքրում է միայն մարդը: Ես սիրում եմ կյանքը: Եվ հեզությամբ եմ ընդունում մահը: Եվ չեմ սարսում նրանից` չէ՞ որ այն զուտ ֆիզիկական է: Մի՞թե մենք երկուսս էլ ողջ չենք` ես և իմ հանգուցյալ հայրը, և մի՞թե մարմինն իմ իր մեջ չի կրում մարդու ողջ անցյալը: Սակայն ես խորշում եմ բռնությունից ու վայրագորեն ատում եմ նրանց, ովքեր այն իրականացնում են: Ապրող մարդու ճկույթն իսկ վիրավորելը շատ ավելի վատ է, առավել աղետալի, քան, եթե նա իր բնական մահով մահանար: Իսկ երբ պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդկանց խեղանդամում և սպանում են, ես վշտից խելագարվում եմ: Ցասումից քարանում եմ: Ես մի զենք ունեմ` բառը, և թեպետ ես գիտեմ, որ բառը գնդացրից զորեղ է, վհատվում եմ այն բանից, որ միայնակ չեմ կարող վերացնել հենց քանդման գաղափարը, որ մարդկանց մեջ արթնացնում են մոլագարները: Ի դեպ, ես ինքս էլ մոլագար եմ, և նույնիսկ իմ այս պատմվածքով ջանում եմ մարդու մեջ արթնացնել նրա բնատուր արժանապատվությունն ու բարությունը: Ես ուզում եմ մարդու մեջ արթնացնել մարդուն: Պոկել նրան ամբոխից` թող որ գտնի ինքն իրեն: Ուզում եմ նրան պատմության մղձավանջից բարձրացնել առ հոգու խաղաղ երազը, որն էլ հենց մարդկային ցեղի ճշմարիտ տարեգրությունն է: Ուզում եմ, որ մարդն ինքզինքը լինի: Միայն անասունին են հոտի մեջ քշում: Իսկ երբ մարդուց խլում են հոգին, երբ նրան վերածում են ամբոխի անհոգի մասնիկի, աստվածատուր մարմինը նրա մահացու տառապանք է ապրում, և, ուրեմն, դա աստվածանարգություն է:

Չի կարելի ամենքին մի արշինով չափել: Ես պատրաստ եմ սիրելու պարկեշտ տխմարի, բայց չեմ սիրի անպարկեշտ հանճարի: Ողջ կյանքում ես ծիծաղել եմ կանոնների վրա, հեգնել եմ ավանդությունները, ոճահնարքներն ու պաճուճանքները: Մի՞թե կարելի է կանոններով սահմանափակել այնպիսի հրաշալի մի ստեղծագործություն, ինչպիսին մարդն է: Յուրաքանչյուր կյանք հակասություններով լի է, այն ևս մի ճշմարտություն է, ևս մի հրաշք, և նույնիսկ խաբեբաները յուրովի հետաքրքիր են: Ես փիլիսոփա չեմ և այդ բառին իսկ կասկածանքով եմ վերաբերվում: Ես հավատում եմ մարդու՝ ինքն իրեն հակասելու իրավունքին: Վերցնենք, օրինակ, ինձ, արդյո՞ք ես չասացի, որ ամենայն տեխնիկա անպետք բան եմ համարում, իսկ ինքս պաշտում եմ գրամեքենաս: Մի՞թե իմ ունեցվածքի մեջ կա ինձ համար առավել թանկ մի իր:

Իսկ հիմա ես անցնում եմ մի փոքրիկ պատմության, որ մտադրվել եմ գրել: Այն իմ և իմ գրամեքենայի մասին է, թերևս պարզունակ մի պատմություն: Հինգ սենթ արժեցող ուզածդ ամերիկյան հանդեսում դուք կարող եք գտնել շատ ավելի արվեստալից պատմություններ, պատմություններ սիրո և կրքի և հուսաբեկման և հոգեզմայլման` Էդմեր Ֆաուլեր, Ուիլֆրեդ Լիգենս տղամարդկանց, և Ֆլորենս Ֆարուել, Ագաթա Հյում անուններով կանանց մասին, և այլն։

Եթե աչքի անցկացնեք այդ հանդեսները, դուք խելքից դուրս հրաշալի պատմություններ կգտնեք` հնարքով, մթնոլորտով, տրամադրությամբ, ոճով, նկարագրով ու մնացյալ բոլոր բաներով լի, որ անհրաժեշտ է, որ լավ պատմությունն ունենա: Ճիշտ այնպես, ինչպես որ լավ մայոնեզը պետք է ունենա զուտ այսքան ձեթ, այսքան կարագ, և պետք է այսքան հարվի: Աստծո սիրույն, մի կարծեք, թե ես իմ խոսքերից ետ եմ կենում և սկսում եմ խելքիս զոռ տալ: Ես բնավ էլ չեմ հեգնում այդ պատմությունները: Չեմ էլ ծիծաղում նրանց վրա, ովքեր դրանք կարդում են: Այդ տեսակի արձակը, և այն կարդացող տղամարդիկ կանայք և տղաները, կազմում են մեր ժամանակի ամենահուզիչ վավերանյութերից մեկը, ճիշտ այնպես, ինչպես Հոլիվուդի կինոնկարները, և նրանք, որ իրենց ծածուկ կյանքի մեծագույն մասն անցկացնում են դրանք դիտելով, ինչը համարյա թե լավագույն աղբյուրներից մեկն է պարկեշտ վիպագրի համար: Պարզաբանելով միտքս, նշեմ նաև, որ ամեն անգամ, երբ ես երբեմն գնում եմ կինո, այդ առավել հաճախ անելը չի թույլատրում անփողությունը, ես միշտ աղի արտասուք եմ թափում: Չեմ կարող անարցունք նայել բոլոր այդ հեղեղներին, փոթորիկներին, հրդեհներին, պատերազմներին և քաղաքագետների դեմքերին: Նույնիսկ Միկի Մաուսի ձախորդությունները սիրտս արյունում են, չէ՞ որ ես գիտեմ, որ այդ հորինովի կերպարն իրականում մարդու խորհրդանիշն է: Այդ պատճառով ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ես երգիծաբան չեմ: Իրապես երգիծելու բան չկա, և ամեն մի հուզիչ կամ խաբեպատիր բան իր մեջ պարունակում է սեփական ծաղրը: Պարզապես ուզում եմ շեշտել, որ ես գրող եմ, պատմություն պատմող: Ես գրում ու գրում եմ իմ պատմվածքները, ասես Ամերիկայի բոլոր պարբերականները դրանք խլում են իմ ձեռքից և ինձ առասպելական հոնորարներ են առաջարկում որևէ բանի համար, որ ես կկամենամ ասել: Նստած եմ չորս պատի արանքում ու վրա-վրայի ծխում ու գրում եմ այս պատմվածքը, թեև հրաշալիորեն գիտեմ, որ այն երբեք չի կարողանա դիմագրավել իմ արվեստալից և տաղանդավոր ժամանակակիցների մրցակցությանը: Տարօրինակ է չէ՞: Եվ ինչո՞ւ ես, պատմություն պատմողս, այդքան կապված պիտի լինեի գրամեքենայիս: Ի՞նչ օգուտ ունեմ ես նրանից: Եվ ի՞նչ օգուտ եմ ես քաղում պատմվածքներ գրելուց:

Դե իսկ հիմա անցնենք պատմվածքիս։ Դուք միայն մի կարծեք, թե ես գանգատվում եմ: Չեմ ուզում, որ կարծեք, թե ես ինձ հերոս եմ կարծում, կամ ընդհակառակը, չափազանց դյուրազգաց մեկն եմ: Իրապես այդ բաներից ոչ մեկն էլ չեմ: Ես ոչ մի հակակրանք չունեմ «Սաթըրդեյ իվնինգ փոսթից», և ամենևին էլ չեմ կարծում, թե «Սքրիբներ»-ի խմբագիրը հիմար է, որ չի հրատարակում իմ առասպելները: Ճշգրտորեն գիտեմ, թե ինչ է ուզում երկրի յուրաքանչյուր հանդեսը: Գիտեմ, թե ինչ նյութ է փնտրում «Սիքրըթ Սթորիս»-ը, և թե ինչն է նախընտրում «Դը ամերիքն մերքյուրի»-ն և բոլոր մնացյալ հանդեսները: Եվ, այդուհանդերձ, հազվադեպ եմ տպագրվում և չքավորության մեջ եմ: Կարծում եմ, այն պատճառով, որ չեմ կարողանում մի այնպիսի բան գրել, որի համար վճարում են: Հավատացնում եմ ձեզ, որ ոչ: Ես կարող եմ գրել ուզածդ պատմվածք: Եվ եթե Էդգար Ռայս Բերոուզն այս առավոտ մեռնի, ես կարող եմ շարունակել Տարզանի և կապիկների մասին գրել: Իսկ եթե կամենայի՝ կգրեի Ջոն Դոս Պասոսի կամ Ուիլյամ Ֆոլքների կամ Ջեյմս Ջոյսի պես (ի դեպ, նույնը կարող եք անել և դուք):

Բայց չէ՞ որ ես արդեն ասել եմ, որ ուզում եմ պահպանել ինքնությունս: Եվ դա պարապ խոսք չէ: Եվ եթե դրա համար ես պետք է չտպագրվեմ, դե ինչ, ես համաձայն եմ: Ես չեմ հավատում փառքին: Փառքը խաբեության ձևերից մեկն է, և ուզածդ հռչակավոր մարդ կասի ձեզ այդ: Եթե, իհարկե, նա ազնիվ մարդ է: Եվ ընդհանրապես, ինչպես կարող է որևէ ապրող մարդ ավելի մեծ լինի, քան մյուսը: Եվ ինչ, ի վերջո, եթե մեկը գրում է հիասքանչ գրքեր, որոնք չեն տպագրվում, իսկ մյուսը գրում է հիասքանչ գրքեր, որոնք տպագրվում են, ապա, ի վերջո, ի՞նչ տարբերություն: Գրքերի տպվել-չտպվելն ի՞նչ կապ ունի նրանց մեծության հետ: Դրամը կամ դրա չգոյությունն ի՞նչ կապ ունի ինքնության հետ:

Սակայն պիտի խոստովանեմ, որ պետք է շատ հպարտ և բարեպաշտ լինեք ինձ նման գրող լինելու համար: Պիտի անսպառ ուժ ունենաք: Եվ այսպիսի գրող դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք, և նույնիսկ դարեր: Բառերի տաղանդով օժտված որևէ երիտասարդի պիտի խորհուրդ չտայի ընդօրինակել ինձ: Ես նրան խորհուրդ կտայի սովորել Թեոդոր Դրայզերից կամ Սինքլեր Լյուիսից: Կամ նույնիսկ խորհուրդ կտայի՝ իմ գրելաոճը փորձելու փոխարեն՝ նա հետևի Օ․ Հենրիի կամ «Վուման հոմ քոմպանիոն»-ի աշխատակիցների ոճին: Կարճ ասաճ, ես ամենևին էլ գրող չեմ: Ես ծիծաղել եմ գրելու բոլոր կանոնների վրա, գրել սկսելուց ի վեր, տասը կամ, թերևս, տասնհինգ տարի առաջ: Ես պարզապես երիտասարդ եմ: Իսկ գրում եմ, քանի որ ինձ համար ավելի քաղաքակիրթ կամ վայելուչ զբաղմունք չեմ գտել: Գիտե՞ք արդյոք, որ ես չեմ հավատում, թե կա բանաստեղծության, պատմվածքի կամ վեպի ձև ասված բանը: Հավատում եմ, որ կա միայն մարդը: Իսկ մնացյալն աճպարարություն է: Ահա և ես ջանում եմ պատմվածքիս մեջ ներմուծել այն մարդուն, որը ես եմ, և իմ աշխարհից այնքան, որքան կարող եմ: Եվ ուրիշ որևէ բանից առավել, ուզում եմ պարկեշտ և աներկյուղ լինել` իմ սեփական եղանակով: Կարծում եք, եթե փափագեի՝ չէի՞ կարող զանց առնել այն դիտողությունը, որ արեցի Դոս Պասոսի և Ֆոլքների ու Ջոյսի մասին: Նկատողություն, որը թե՛ ծիծաղելի է և թե՛ վտանգավոր: Իսկ եթե մեկն ինձ ասեր`«Շատ լավ, ասում եք, թե կարող եք գրել Ֆոլքների պես, լավ, ուրեմն գրեք՝ տեսնենք»: Եթե մեկն ինձ ասեր այդ, իրապես պիտի շփոթվեի և պիտի ստիպված երկյուղաբար ընդունեի, որ պիտի չկարողանայի անել այդ ճարտարությունը: Այդուհանդերձ, անում եմ այդ հայտարարությունը, և անփոփոխ եմ թողնում: Ավելին, ոչ ոք չի կարող ապացուցել, թե ես խենթ եմ: Ես կարող եմ այնպես անել, որ Վիեննայի լավագույն հիմարաբույժն իր սեփական աշակերտների աչքին կատաղի մոլագար թվա: Կամ եթե չնախընտրեմ այդ միջոցը, կարող եմ այնքան ապուշ, տխմար և ողջամիտ երևալ, որքան Գերագույն Ատյանի դատավորը: Չասացի՞, որ իմ մեջ կուտակված է մարդու ողջ անցյալը: Եվ, անշուշտ, անցյալիս մեջ տխմարներ էլ են եղել:

Չգիտեմ, բայց լրիվ հնարավոր է, որ կա օրենք, որն արգելում է ինձ պես գրելը: Գուցե դրա համար դատում են: Ավելի լավ: Անկարելի է, որ ես թեկուզ քիթս խտղտացնող ճանճին իսկ սատկացնեմ կամ մրջյունի վրա կոխեմ, կամ վիրավորեմ որևէ մարդու զգացումները (հիմար թե հանճարեղ), սակայն չեմ կարողանում դիմադրել մարդկային ոգին կաշկանդող ցանկացած օրենք ծաղրելու գայթակղությանը: Ես միշտ ձգտում եմ գնդասեղներ խրել ուռուցիկ գնդակների մեջ: Սիրում եմ փոքրիկ պայթյուններ սարքել բարոյախոսների, վախկոտների և իմաստուն մարդկանց ուռճացրած տոպրակներով: Ականջ արեք, և այդպիսի մի պայթյուն կլսեք նաև այս հատվածում:

Ողջ այս ասվածը կարող է թվալ ժամանակի աննպատակ վատնում, բայց այդպես չէ: Ամենևին չեմ աճապարում և հարյուր յարդը կարող եմ քայլել ողջ օրվա ընթացքում, և եթե որևէ մեկը չի հավանում, թող իր ճաշակով «Կոսմոպոլիտենում» պատմվածք գտնի: Որևէ մեկին չեմ խնդրում կողքիս մնալ: Ես ոսկյա խնձորներ չեմ խոստանում նրանց, ովքեր համբերում են: Նստած եմ իմ սենյակում, ապրում եմ կյանքս ու գրամեքենագրում: Իսկ կողքիս հայրս է, որ այս աշխարհը լքել է այնքան տարիներ առաջ: Երկու թե երեք վայրկյանը մեկ նայում եմ նրա տրտում դեմքին, ուզում եմ իմանալ, թե ինչ է նա այս ամենի մասին մտածում: Սա հայելու մեջ նայելու պես է, որովհետև տեսնում եմ անձս: Ես գրեթե այն տարիքին եմ, երբ նա լուսանկարվել էր, և ես ունեմ ճիշտ այն բեղերը, որ ուներ նա այն ժամանակ: Ես պաշտում եմ այդ մարդուն: Երբ երկուսս էլ ապրում էինք երկրի երեսին, ես չափազանց փոքր էի նրա հետ բառ իսկ փոխանակելու համար, բայց հետո, երբ ես գիտակցություն ձեռք բերեցի և սովորեցի արտահայտել ինձ, մենք այնքան երկար ու մունջ զրույցներ ենք ունեցել: Ես նրան ասում եմ. «Ա՜խ, դու տրտում հայ: Ինչ հրաշալի կյանք ես դու ապրել»: Եվ նա պատասխանում է. «Խոնարհ եղիր, զավակս, և փնտրիր Աստծուն»:

Հայրս էլ էր գրող: Չհրատարակվող գրող: Ես պահում եմ նրա վսեմ ձեռագրերը: Իր վեհ բանաստեղծություններն ու պատմվածքները, որ գրված են մեր բնիկ լեզվով, և որոնք ես չեմ կարողանում կարդալ: Տարին երկու կամ երեք անգամ հանում եմ հորս թղթերն ու ժամերով դիտում իր նպաստին համաշխարհային գրականությանը: Ինչպես և ես, սա ասում եմ ոչ առանց հպարտության, նա անհունորեն աղքատ էր, և աղքատությունը, ինչպես ասում են, որսաշան պես հալածում էր նրան: Իր բանաստեղծությունների և պատմվածքների մեծ մասը գրված են փաթաթվող թղթերի վրա, որոնցից նա փոքրիկ գրքույկներ էր կազմում: Միայն իր օրագիրն է անգլերեն գրված (նա կատարելապես խոսում և գրում էր անգլերեն), և այն ողբերով լի է: Ըստ այդ օրագրի, նա Նյու Յորքում միայն երկու հոգեվիճակ ուներ` տխուր և շատ տխուր:

Մոտավորապես 30 տարի առաջ նա միայնակ էր այդ քաղաքում ու ջանում էր բավականաչափ փող վաստակել իր կնոջ և երեք զավակների ուղեգինը դեպի նոր աշխարհ վճարելու համար: Նա դռնապան էր: Ինչո՞ւ թաքցնեի այդ իրողությունը: Ամոթալի ոչինչ չկա, որ մեծ մարդն Ամերիկայում դռնապան լինի: Հայրենի երկրում նա պատվարժան մարդ էր` ուսուցիչ, և կոչվում էր աղա, որ նշանակում է տեր: Նա կամենում էր, որ իր ցեղին պատկանող մի բուռ ժողովուրդը ազատ լիներ: Ուզում էր նրանք ազատություն վայելեին, ու դրա համար նրան հաճախ բանտ էին նետում: Իսկ հետո բանը հասավ նրան, որ եթե նա հայրենիքը չլքեր, ստիպված կլիներ սպանել, ու իրեն էլ կսպանեին: Հայրս կատարելապես տիրապետում էր անգլերենին, բնագրով Շեքսպիր ու Սվիֆթ էր կարդում, և ահա այս երկիրն եկավ: Եվ այստեղ նրան դռնապան դարձրին: Երկար տարիների չարքաշ աշխատանքից հետո նա կարողացավ ընտանիքը Նյու Յորք բերել: Կալիֆոռնիայում, ըստ նրա օրագրային գրառումների, ընտանիքը համեմատաբար ավելի թեթև էր ապրում, նա հիշատակում է արևն ու խաղողի ողկույզները: Եվ հայրս հողագործությամբ զբաղվեց: Սկզբում աշխատում էր ագարակատերերի մոտ, հետո կանխավճարով փոքրիկ մի ագարակ գնեց: Բայց որպես ագարակապան նա բանի պետք չէր: Գրքի մարդ էր, ուսուցիչ և սիրում էր լավ հագուստները: Սիրում էր հանգստությունն ու բարեկեցությունը, և ինձ պես ատում էր տեխնիկան:

Հորս խաղողի այգին ամենամոտ քաղաքից մոտ 11 մղոն արևելք էր, և մերձակա բոլոր ագարակապանները սովորություն ունեին գնալու քաղաք հեծանվով, ինչն այն ժամանակ նորաձևություն էր, և փոքր-ինչ ավելի արագընթաց էր, քան ձիակառքը: Եվ ահա մի անգամ, օգոստոսյան շոգ մի օր, փոշոտ ու շոգ ճանապարհին հայտնվեց ընտիր հագուստներով բարձրահասակ մի մարդ, որ հանդարտ քայլերով առաջանում էր խոշոր գյուղական ճանապարհով: Եվ այդ մարդը հայրս էր: Ընտանիքս ինձ պատմեց այս պատմությունը, որպեսզի հասկանայի, թե ինչ խենթ է նա, և իր նման չլինեի: Մեկը տեսավ հորս: Դրացի ագարակապանն էր, որ հեծանվով վերադառնում էր քաղաքից: Այդ մարդը զարմացած էր.

-Աղա,- ասաց նա,- ո՞ւր ես գնում:

-Քաղաք,- պատասխանեց հայրս:

-Բայց աղա, - ասաց ագարակապանը,- չես կարող այդ անել: Մինչև քաղաք 11 մղոն է, և քո կերպարանքը... Մարդիկ պիտի ծիծաղեն վրադ այսպիսի հագուստներով:

-Թող ծիծաղեն, ասաց հայրս: -Սրանք իմ հագուստներն են, և ինձ հարմար են գալիս:

-Այո, այո, անշուշտ հարմար են, բայց նման հագուստը պատշաճ չի թվում այստեղ, այս փոշու և տոթի մեջ: Այստեղ բոլորը գործազգեստ են հագնում:

-Տխմարություն,- ասաց հայրս և շարունակեց քայլել:

Ագարակապանը հետևեց հորս, մտածելով, թե նա խելագար է:

-Դե, թեկուզ, -սկսեց նա,- եթե դուք մտադիր եք այդ հագուստով քայլել, գոնե մի նվաստացրեք ձեզ մինչև քաղաք քայլելով: Գոնե իմ հեծանվից օգտվեք:

Այդ ագարակապանը հորս ընտանիքի մերձավոր բարեկամն էր, ու հորս մեծ հարգանքով էր վերաբերվում, իր նպատակը բարի էր, բայց հայրս լուռ էր մնում, և սոսկումով ու զզվանքով նայեց այդ մարդուն:

-Ի՞նչ,- գոչեց նա: -Դու առաջարկում ես հեծնել այս տխմար նորաձև երկա՞թը: Ինձնից պահանջում ես, որ ես խառնվեմ այս անպետք ապրանքի՞ն (անպետք ապրանքին համապատասխանող հայերեն բառը շատ ավելի խիստ և սարսափելի է): Մարդն արարված չէ այսպիսի անհեթեթ հնարքների համար,- ասաց հայրս: -Մարդը չի դրված երկրի երեսին, որպեսզի ինքն իրեն բարդացնի անպետք ապրանքով: Նրան դրել են երկրի երեսին, որ կանգուն մնա ու իր ոտքերով քայլի:

Եվ նա հեռացավ:

Օ՜, այո, կարող եք չկասկածել, ես պաշտում եմ հորս: Եվ հիմա, երբ միայնակ մտորում եմ այս ամենի մասին, այս պատմվածքը մեքենագրելով, ուզում եմ ձեզ ցույց տալ, որ ես ու հայրս միևնույն մարդն ենք:

Շուտով ես կպատմեմ գրամեքենայիս մասին, բայց փութալու հարց չկա: Ես Ատլանտյանը կտրել-անցնելու վրա չեմ, օդանավի խցում, որը շարժվում է ժամում 250 մղոն արագությամբ:

Այսօր երկուշաբթի է, 1933 թվականը, և ես ջանում եմ որքան հնարավոր է շատ հավերժություն զետեղել իմ պատմվածքի մեջ: Երբ հետագայում այս պատմվածքը ընթերցվի, ես հավանաբար հորս հետ այն աշխարհում կլինեմ, որ երկուսս էլ սիրում ենք, և թերևս զավակներ ունենամ՝ այս հին աշխարհի երեսին ապրող երիտասարդ մարդիկ, որոնց ես խորհուրդ կտամ խոնարհ լինել, ինչպես որ հայրս էր ինձ խորհուրդ տալիս: Եվս մի ակնթարթ, և գուցե թե մի դար անցնի, և ես ամեն ինչ անում եմ այդ ակնթարթը ողջ պահելու համար:

Պատահում է, որ ճշմարիտ երաժիշտը լալիս է, երբ կոտրվում կամ կորչում է նրա գործիքը: Ջութակը լավ ջութակահարի համար նրա էության մի մասն է: Ես երիտասարդ եմ՝ մռայլ մտքով ու մռայլ տեսքով, տխուր և լուրջ մի ձև: Հողն իմն է, բայց ոչ աշխարհը: Եթե ես վտարվեմ լեզվից, եթե դրվեմ փողոցի մեջ, որպես որևէ ապրող մի էություն, ես կվերածվեմ ոչնչի, ոչ իսկ ստվեր կլինեմ: Նվազ պատիվ կունենամ, քան նպարավաճառի աշակերտը, նվազ արժանապատվություն, քան Սեյնթ Ֆրենսիս հյուրանոցի դռնապանը, նվազ ինքնություն, քան տաքսու վարորդը:

Անցած 6 ամիսներին ես զրկված էի գրելու հնարավորությունից և ոչնչություն էի դարձել, և թափառում էի անհանգրվան, կենդանի մեռյալ էի, հազիվ նշմարելի ստվեր մի տիեզերքի մղձավանջում: Եվ այդ ամենը այն պատճառով, որ առանց բառերի, առանց լեզվի, ես՝ որպես անհատականություն, գոյություն չունեմ: Դադարում եմ ինչ-որ բան նշանակել, և այդժամ ավելի լավ է մահանալ ու անանուն մնալ: Որևէ ապրող մարդու համար այդ կերպ ապրելն անպատվություն է: Դա նախատինք է Աստծուն, վկայությունն այն բանի, որ այսքան տարիների ընթացքում ոչնչի չհասանք:

Ահա այդ պատճառով էլ հիմա, երբ գրամեքենաս դարձյալ ինձ հետ է, և ձեռքիս տակ՝ թղթի մաքուր կիտուկը, և ես նստած եմ ծխով լցված իմ սենյակում, ու պատից կախված լուսանկարից ինձ է հետևում հայրս, այս պատճառով է, որ ինձ այնպես եմ զգում, կարծես թե նոր եմ մեռյալներից հարություն առել: Սիրում և պաշտում եմ կյանքը, ապրող զգայարանները, գործող մտքերը: Սիրում եմ գիտակցությունը: Սիրում եմ գիտակցված նպատակը: Եվ յուրաքանչյուրը, ով իր մեջ զգում է Աստծո շունչը, յուրաքանչյուր մարդ պետք է ստեղծի իր սեփական գիտակցությունը, և իր սեփական ճշգրտությունը, որովհետև այս բաներն իրենք իրենց գոյություն չունեն: Իրենք իրենց գոյություն ունեն միայն քաոսը, մոլորությունը և այլանդակությունը: Չէ՞ որ ես ասել էի, որ ես բարեպաշտ եմ: Դա ճշմարիտ է: Ես հավատում եմ այն բանին, որ ապրում եմ, և այդ հրաշքին հավատալու համար հարկ է հավատացյալ լինել, և ես երանավետ եմ և խոնարհ: Ես ապրում եմ, ուստի թող տարիները հավերժական շրջապտույտում կրկնվեն, որովհետև ես նստած եմ սենյակիս մեջ, բառերով արտահայտելով ապրելու ճշմարտությունը, այդ իրողությունից արտաքսելով անհեթեթությունն ու անճշտությունը: Եվ այս կենդանի պահը երբեք չի ջնջվի: Այն ժամանակից դուրս է:

Արհամարհում եմ առևտրականությունը: Ես անփող երիտասարդ եմ: Երբեմն երիտասարդ տղան կարողանում է փոքրիկ գումարով ապրել, բայց և լինում է, որ դրամը դառնում է ամենակարևոր բանն իր կյանքում: Արհամարհում եմ առևտրականությունը, բայց դրամի հանդեպ փոքր-ինչ հարգանք ունեմ: Ի վերջո, այն շատ կարևոր է, և դրա չգոյությունն էր, որ տարիներ առաջ սպանեց հորս: Այդքան աղքատ մարդու համար ճիշտ չէր այդպիսի հագուստներ հագնելը, որոնց ինքը, կարծում էր, արժանի էր, ուստի հայրս մեռավ: Պիտի ուզենայի ունենալ բավականաչափ դրամ պարզորեն ապրելու և կյանքս գրելու համար: Տարիներ առաջ երբ ես աշխատում էի հանուն առաջադիմության և այլ այդ կարգի բաների համար, ես մի փոքրիկ առձեռն գրամեքենա գնեցի, լրիվ նոր, 65 դոլար արժողությամբ: Եվ որքա՜ն վիթխարի գումար է դա, երբ աղքատ ես: Նախ այդ գրամեքենան օտար էր ինձ, և դրա աղմուկը գործածելիս անհանգստացնում էր ինձ, կեսգիշերին այդ աղմուկն անտանելիորեն ճնշող էր: Թերևս, դա հազարապատիկ ուժգնացած լռությունն էր, եթե հնարավոր է այդպիսի բան: Սակայն մի երկու տարի հետո իսկապես կապվեցի դրան, և սիրեցի այն այնպես, ինչպես լավ երաժշտությունը երկրպագող լավ դաշնակահարը սիրում է իր գործիքը: Երբեք այն մաքրելու նեղությունը հանձն չառա, և որքան էլ երկար գործածեցի այն, մեքենան չէր փշրվում ու փչանում: Դրա համար ես նրան շատ էի հարգում:

Բայց մի անգամ, հուսահատության պահին, այդ փոքրիկ մեքենան դրեցի իր տուփի մեջ ու տարա քաղաք: Այն թողեցի գրավատանը, և քաղաքում շրջեցի` գրպանումս 15 դոլար: Աղքատ լինելուց զզվել էի:

Նախ գնացի կոշիկ մաքրողի մոտ ու կոշիկներս փայլեցնել տվեցի: Երբ նա փայլեցնում է կոշիկներս, նրան նստեցնում եմ տեղս, և ես իջնում ու փայլեցնում եմ նրա կոշիկները: Դա խոնարհության փորձարկում է:

Այնուհետև գնացի կինոսրահ: Նստեցի մարդկանց միջև՝ տեսնելու համար անձս Հոլիվուդի կաղապարների մեջ, նստեցի և երազեցի, նայելով գեղեցիկ կանանց դեմքերին: Հետո ճաշարան գնացի և նստեցի սեղանի առջև ու երկու դոլարի կուշտ կերա: Սպասավորը կարծես թե խենթացել էր, բայց իրեն ասացի, որ ամեն ինչ կարգին է: Եվ նրան էլ փող տվի: Հետո դարձյալ քաղաք իջա և սկսեցի քայլել մութ փողոցի երկայնքով, այն մասերում, որտեղ կանայք շատ են: Հոգնել էի աղքատ լինելուց: Գրամեքենաս գրավ դրեցի և սկսեցի դրամը ծախսել: Ոչ ոք, նույնիսկ մեծագույն գրողը չի կարող շարունակ աղքատ մնալ` ժամեժամ, տարվետարի: Կա և այսպիսի ելք` գրողը տանի արվեստը: Ես հենց այդպես էլ ասացի:

Մի շաբաթ հետո ես փոքր-ինչ ավելի ժուժկալ դարձա: Մեկ ամիս անց՝ ստիպված շատ ժուժկալ, և դարձյալ ցանկացա գրամեքենաս: Կամեցա կրկին մաքուր թղթի վրա բառեր դնել: Դարձյալ սկսել ինչ-որ բան ասել և տեսնել՝ արդյո՞ք ճիշտ է ասված: Բայց ես փող չունեի ու ամեն օր տենչում էի գրամեքենաս:

Ահա և ողջ պատմությունը: Չեմ ենթադրում, որ սա շատ արվեստալի վերջավորություն է, բայցևայնպես վերջավորություն է: Խնդիրն այս է` օրեցօր տենչացի գրամեքենաս:

Այս առավոտ ես այն ետ գնեցի: Հիմա առջևս է այն, և ես գրեցի այն, ինչը որ գրեցի:

      

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը