Ինչի համար է կինոն

Մայիսի 18-ը Սարոյանի հիշատակի օրն է: Այդ առիթով «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում Սարոյանի՝ կինոյին անդրադարձներից մեկը, որը հրապարակվել է «Սովերտական արվեստ» ամսագրի 1961 թվականի 1-ին համարում:

 

***

Երբ 1944 թվականին ես այցելեցի Բեռնարդ Շոուին, Լոնդոնից քսան մղոնի վրա ընկած Աստ Սենտ Լորենսում գտնվող նրա տանը, թերևս առաջին խոսքերը, որ նա ասաց ինձ, հետևյալն էին. «Թե ջահել լինեի, կինոյի համար կգրեի»:

Ես նրան հասկացա: Եթե գրողն ուզում է, որ նրա գործերն արագորեն ու դյուրությամբ մատչելի դառնան մեծ թվով մարդկանց, ապա դրա համար կինոյից ավելի լավ միջոց չկա: Անտարակույս, Շոուն հենց փափագում էր, որ նրա ստեղծագործությունը մատչելի լինի շատերի համար, ձգտում էր համոզել մարդկանց, որ նրանք մտածեն (և ոչ միայն մտածեն, այլև գործեն) իր մտքերին համահնչուն։

Դրանով նա ցանկանում էր, իր կարծիքով, բարենպաստ ազդեցություն գործել պատմության (կամ իրականության) վրա։ Կարճ ասած, Շոուն անկեղծորեն էր ուզում ջահել լինել թեկուզ միայն նրա համար, որ կարողանա օգտագործել մարդկանց հետ հաղորդվելու այդ ամենալավ միջոցը: Ինչ արած, եթե կինոն միշտ չէ, որ ծառայում է այն նպատակներին, որոնց հետամուտ էր Շոուն: Միջոցը կա, պետք է միայն հմտորեն գործադրել այն:

Եվ մինչև 1944 թվականը, և դրանից հետո, կինոն վատ չի գործել, թեև դեռ չի դրսևորել իր բոլոր հնարավորությունները: Մինչև օրս էլ այնտեղ անհամեմատ ավելի քիչ բան է արված, քան կարող էր արվել: Սակայն մենք երախտապարտ պիտի լինենք թե տարբեր ժողովուրդների ստեղծած լավագույն ֆիլմերի, թե կինոյի տեխնիկական խոշոր նվաճումների համար:

Գոյություն ունեն, ըստ երևույթին, երկու կարգի վատ ֆիլմեր՝ ի սկզբանե վատերը (որոնց ստեղծման միակ շարժառիթը եկամուտ ստանալն է) և այնպիսիները, որոնք ձախողվել են միայն այն պատճառով, որ դրանց հեղինակներն անկարող են եղել իրացնել լավ ֆիլմ ստեղծելու իրենց անկեղծ մղումները: Բայց մի՞թե չկան իսկապես լավ ֆիլմեր, այդպիսիները չե՞ն ստեղծվել:

Դրան կարելի է այսպես պատասխանել. լավ ֆիլմեր կան, թեև քիչ են, հազվադեպ են լինում: Եվ պետք է խոստովանել, որ դրանցով կինոն, իբրև արվեստ, հասնում է այն նպատակներին, որոնց մասին էր երազում Շոուն:

Հարց է ծագում՝ ինչի՞ համար է կինոն: Ճիշտ չէր լինի վիՃարկել, որ լավ ֆիլմը պիտի հետաքրքրի ու հափշտակի դիտողին, կլանի ու լարի նրա ուշադրությունը, գրգռի միտքն ու զգացումները (եթե դա իրոք այնպիսի ֆիլմ է, որի մասին երազում ենք), խոր հետքեր թողնի մեր հոգում, երևույթ դառնա թե յուրաքանչյուրիս համար՝ անձնական կյանքում, թե բոլորիս համար՝ հասարակական մեր աշխարհում: Հակիրճ. նա պետք է մի նոր ուժով թարմացնի մեր հավատը մարդու և կյանքի բարդ ուղիներում իր խաղալիք դերի հանդեպ:

Ո՞րն է այդ դերը: Փոխանակ սրա մասին հաստ գրքեր գրելու, կարելի է բավարարվել՝ ասելով, որ մարդկային կյանքի իմաստն իր անհատականության գիտակցման և իրեն մի ինչ-որ, թեկուզ դեռևս լավ չըմբռնված, մեծ բանի (ժամանակի և ճշմարտության չափանիշներով) մասնիկն զգալու մեջ է: Իմաստավորված կյանք ապրելու համար մարդը պիտի կարողանա ամեն պարագայում պատշաճ վարմունք ունենալ, մի բան, որն ինչպես գիտենք, հեշտ չէ անել:

Շատ մարդիկ, նույնիսկ` ականավորները, այն կարծիքին են, որ մարդկային կյանքը որոշակի նշանակում պիտի ունենա և արժանապատիվ կերպով ապրվի: Մեզ հայտնի են արվեստի տարբեր բնագավառներում ստեղծված հոյակապ երկեր, որոնց հիմքում ընկած է կյանքի հանդեպ արտահայտվող տվյալ վերաբերմունքը: Բայց միայն դրանով այդ ստեղծագործություններն այնպես բարձրարժեք չէին լինի, ինչպիսին կարող էին և պետք է լինեին: Չէ՞ որ եթե լավագույն մտածողները խուսափում են պայքար տանել այս պակասավոր աշխարհի պակասություններն ու ցավերը նվազեցնելու համար, եթե նրանք պարզապես ընդունում են աշխարհը՝ ինչպիսին որ նա կա և կարծում, որ կյանքի պայմաններն ու մարդկային խառնվածքը լավանալ չեն կարող, ապա չէ՞ որ դրանով հուսահատության քարոզիչներ են դառնում, որքան էլ նրանց ստեղծագործությունները ուշագրավ և նույնիսկ փայլուն երևան: Իսկ հուսահատությունը երբեք օգտակար չի եղել: Ավելին, նրանց երկերը, որ ստեղծվում են օգտաբեր լինելու միտումով, զրկվում են այդ հատկությունից ու ձախողվում իբրև արվեստի ստեղծագործություններ։ Միայն ցանկությամբ լավ բան ստեղծելն անհնար է:

Ֆիլմի ստեղծումը, ինչպես և ներկայացման ստեղծումը կոլեկտիվ աշխատանք է, ուր սակայն, մի գլխավոր մարմին կա՝ ռեժիսորը: Երբեմն նա ինքն էլ հեղինակն է հանդիսանում, ինչը շատ է նպաստում գործի կատարմանը: Ֆիլմերի նկարահանմանը մասնակցում են մի բանի տասնյակ որակյալ մասնագետներ, որոնցից, սակայն միայն հինգին-վեցին կարելի է բուն իմաստով ստեղծագործական աշխատողներ համարել: Սրանք են, որ կարող են աշխատանքի պրոցեսում գործադրել իրենց կամքը:

Եթե ֆիլմի ստեղծողները գիտեն, թե ինչ նպատակի են հետամուտ, ապա նրանց առավելություններն ակնհայտ են: Նպատակի գիտակցումը օգնում է նրանց իրենց ասելիքը գեղարվեստական առավել լավ միջոցներով արտահայտելու:

Իսկ մեծ մասամբ ի՞նչ նպատակներ է հետապնդում այսօր ֆիլմի ստեղծումը: Ամենից ակներև նպատակը եկամուտն է։ Ինքնին դա մի սարսափելի բան էլ չէ. միանգամայն բնական է, երբ մարդիկ ուզում են, որ իրենց աշխատանքը լավ վարձատրվի։ Վատ է այն, երբ եկամուտը գլխավոր նպատակ է դառնում, երբ նյութական-դրամական շահագրգռումները ամեն ինչ ստվերի տակ են նետում, իսկ շատ փող վաստակելու ձգտումը գերակշռում է ստեղծագործական մղումները։ Իրերի այս վիճակը ժամանակի ընթացքում բերում է լիակատար իմաստազրկման, փողի համար մղվող պայքարում ստեղծագործական աշխատանքի որակն այնքան է նվազում, որ եկամուտն էլ զրոյի է հասնում, չենք խոսում այլևս ուրիշ բաների մասին:

Ժամանակակից շատ ֆիլմեր կեղծ են և, կասեի, վիրավորական մարդուս համար: Դրանք կանխամտածված կերպով գովերգում են անմտությունը և կեղծ զգացմունքայնությունը (մի բան, որ շատ հեշտ է անել)։

Ըստ իս, ով չի փափագում վերափոխել աշխարհը, դարձնել այն արժանավոր, իրավունք չունի ձեռք զարկել ֆիլմի ստեղծման գործին:

Կյանքը երազ ու մղձավանջ չէ։ Դա մի բան է, որին հավատալ ես ուզում և հասկանալ, թե նա ինչ է ներկայացնում իրենից: Եկել է այն ժամանակը, երբ պիտի արդեն ըմբռնել, որ մարդ կոչվելու իրավունքը և՛ մեծ արտոնություն է, և՛ պատասխանատվություն: Եվ որ մարդուս ամենամեծ արժանիքը բանականության, կենսասիրության հաստատումն է, իրենից ցածրին էլ համակրելը, անխախտ դիմադրությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն հոժարում պատվով օգտվել իրենց խելքից ու շնորհքից: