Վրեժի ողբերգության գեղագիտական դրսևորումը «Ինկած բերդի իշխանուհին» բեմադրությունում

Հայ դասական դրամատուրգներից Լևոն Շանթն այն եզակի հեղինակներից է, որն իրական դեպքերի և իրադարձությունների գեղարվեստական վավերացում ենթադրող պատմական դրամայի շրջանակներում ներանձնային հոգեբանական խնդիրներ և միջանձնային նուրբ փոխհարաբերություններ է ներկայացնում: Շանթը Լայպցիգի, Ենայի և Մյունխենի համալսարաններում ուսանել է մանկավարժություն և հոգեբանություն: Գուցե սա է պատճառը, որ նրա դրամատուրգիան վերկենցաղային է, սիմվոլիստական, ինչն էլ բեմադրիչների համար պարարտ հող է խորհրդանիշերի դիմելու և ասելիքը նաև սիմվոլների արտահայտչալեզվով ներկայացնելու համար:
Լևոն Շանթն իր ստեղծագործական կյանքի հիսունից ավելի տարիների ընթացքում գրել է բանաստեղծություններ, վիպակներ, դրամաներ, ստեղծել մարդկային փոխհարաբերությունների, մտքերի ու հույզերի անհանգիստ մի աշխարհ, որն իր ուրույն տեղն ունի հայ գեղարվեստական մտքի զարգացման մեջ:
Լևոն Շանթի դրամաները հայ գրականության միստիցիզմի ամենաակնառու օրինակներն են՝ իրենց անզուգական գեղարվեստական արժեքով: Այս ստեղծագործություններում հստակ չեն ներկայի և պատմության սահմանները՝ ստեղծվում է անժամկետ պատմողական բնապատկեր: Շատ քիչ գրողներ կան հայ իրականության մեջ, որ հոգեբանական նման խորությամբ են պատկերում մարդուն՝ հատկապես կնոջը:
Հաճախ բեմադրված ստեղծագործություններից է «Կայսրը» (1914): Այստեղ առանցքային գործող անձիք վառ անհատներ են, բարոյականության ուրույն ըմբռնմամբ և ձգտումներով: Օգտագործված են բյուզանդական իրադարձությունների և կերպարների ճշգրիտ պատկերները: Շանթը պատմական իրականությունը արդիական է դարձնում ժամանակակից հանդիսատեսի համար՝ իր խորաթափանց ուսումնասիրության միջոցով դարերը կամրջելով մարդկային բնության հավերժական խռովքներին:
Շանթի «Հին աստվածներ» (1909) դրաման հայ գրականության մեջ ամենահաճախ բեմադրվող ստեղծագործություններից է: Այն խորը ռեզոնանս է ունենում հանդիսատեսի մոտ անցյալի և ներկայի թեմաների նորարարական միաձուլման միջոցով: Հեղինակն օգտագործում է պատմական միջավայրեր և այստեղ հյուսում հավերժական սիրո թեման:
2023թ Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը բեմադրեց Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»: Ներկայացումը լայն արձագանքի արժանացավ ինչպես թատերաասեր հանրության այնպես էլ մասնագետների շրջանում: Բեմադրությունը հանդիսատեսի հետ խոսում է ոչ միայն պիրկ ու պինդ դերասանախաղով, այլ նաև սիմվոլների լեզվով: Առաջինն ինչին հանդիպում է հանդիսատեսի հայացքը ամբողջությամբ կարմիրով վարագուրված բեմական տարածությունն է: Վասիլ իշխանի կողմից Աննա իշխանուհու գրավված բերդում թափված արյան խորհրդանիշը՝ կարմիր կտորը, տեսարանի ավարտին հերոսուհին (Ջեմմա Ադամյան) ուսերին գցած ծանր քայլերով տանում է իր հետ Վասիլ իշխանի Քեսունի ամրոց: Հասկանալի է, որ թիկունքին կրում է ամուսնու և զավակների կորստի ցավի ու վրեժի վճռի ծանրությունը: Ռեժիսորը հերոսուհու դերը վստահել է Ջեմմա Ադամյանին: Գրական հիմքում հերոսուհին կատարյալ գեղեցկության ու շքեղության մարմնացումն է, ինչն էլ դառնում է նրա «զենքը» Վասիլ Իշխանին և Ատոմին գրավելու գործում: Ջեմմա Ադամյան-Աննան գրավում է իր մտքի ճկունությամբ, յուրաքանչյուր տղամարդու կողքին դառնալով այն կինը, որի կարիքը նա զգում է: Վասիլ իշխանի կողքին նա իմաստուն, հասուն, բայց հեզ ու հնազանդ կին է: Հազվադեպ է ուղիղ աչքերի մեջ նայում, ավելի հաճախ փոքր-ինչ խոնարհված է: Սեպուհ իշխանի հետ տեսարաններում նա սիրող ու հոգատար մայր է, Ատոմ Իշխանի կողքին՝ երիտասարդ կոկետուհի:
Ներկայացումն ունի հստակ գունապնակ՝ սև, կաթնասպիտակ և կարմիր (նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի): Այս կոմպոզիցիոն պատկերի տրամաբանությունից դուրս են մնում միայն իշխանուհի Սոֆիայի և նրա օգնականի հագուստները: Սա ևս պատահական չէ՝ նրանք Քեսունի ամրոցում են ապրում, բայց այս իրականության ներկայացուցիչները չեն:
Բեմը կառուցված է ողբերգության ժանրի ծննդավայր հունական ամֆիթատրոնի հայելային սկզբունքով, սակայն դեկորները պտտվում են`փոխելով տեսարանները: Կենտրոնում շրջանաձև օրխեստրա հիշեցնող հարթակ է, բեմի խորքում կիսաշրջանաձև աստիճաններ են՝ «թեատրոնը»: Հին Հունաստանում ողբերգություններ էին ներկայացվում Դիոնիսոս աստծուն նվիրված տոներին և բուն ներկայացումից առաջ զոհաբերման արարողակարգն էր, որը տեղի էր ունենում օրխեստրայի տարածքում: Լ.Հարությունյանի բեմադրության մեջ բեմի կենտրոնական հարթակի ծայրին տեսնում ենք անմեղ զոհ դարձած երեխաների, կրկին խորհրդանշական, կարմիր գիշերազգեստները: Մայրական սերն ու քնքշանքն իրենց մեջ ամփոփող այս հագուստները քանդվեցին և դանակի վրա փաթաթվելով, ցավի կծիկ դարձան: Կարմիր կծիկն ու շյուղերը՝ որպես վրեժի երդման լեյտմոտիվ, ամբողջ ներկայացման ընթացքում պարբերաբար հայտնվում են հերոսուհու ձեռքում: Ռեժիսորական հետաքրքիր լուծում է տրված նաև երդման տեսարանին՝ երաժշտությունը խլացնում է դերասանուհու ձայնը, հանդիսատեսի աչքում քողարկելով Աննայի հանցավոր մտադրությունը:
Խորհրդանշական գույների ու ռեկվիզիտների կողքին, ամբողջ ներկայացման ընթացքում, իշխանուհուն ուղեկցում են 6 սևազգեստ կին-տիպարներ: Ովքե՞ր են նրանք: Ներկայացման առաջին տեսարանում նրանք շախմատաձև նստած են աստիճաններին, և իշխանի «վերջ, մնացինք մինակ» խոսքերից հանդիսատեսի համար պարզ է դառնում, որ նրանք աննյութեղեն են և տեսանելի են միայն Աննա իշխանուհուն: Եթե ևս մի հայացք նետենք բեմի կառուցվածքին, կարող ենք ենթադրել որ սա «խորոսն է»՝ վրեժխնդրության էակներից կազմված: Հերոսուհու հետ զուգահեռ կատարվող գործողությունները տեսնելով, հասկանում ենք, որ նրանք հերոսուհու ներաշխարհի արտացոլքն են, այլ կերպ ասած՝ ալտեր էգոն: Նրանք հաճախ են երևում բեմի երկրորդ պլանում, ընդամենը մի քանի տեսարանում են նրանք առաջնաբեմ գալիս, և սա պատահական չէ: Եթե գրական հիմքում երկրորդ պլանի ամբողջ «բեռը» Աննա իշխանուհու դայակի՝ Սաբեթի, ուսերին է, ապա բեմում այս պարտականությունը կիսվում է Սաբեթի և հավաքական կերպար ալտեր էգոյի միջև: Այլ կերպ ասած բեմի երկրորդ պլանում ներկայացման երկրորդ պլանի գործողություններն են:
Ներկայացումը բեմադրված է երկու դերասանակազմով: Չեն փոխվում միայն Աննա իշխանուհու դերակատար Ջեմմա Ադամյանը և Շահենի դերակատար Արսեն Սաղաթելյանը: Արդյունքում խաղացանկում նույն բեմադրության երկու տարբերակ կա՝ փոքր-ինչ տարբեր ռիթմով և կերպարների մատուցման նրբերանգների տարբերությամբ: Վասիլ իշխանին մարմնավորում են Տիգրան Գաբոյանը և Արկադի Ղարագուլյանը: Գաբոյան-իշխանի կյանքային սկզբունքը «կյանքն իր ճամփով, մահն իր ճամփով» կարգախոսն է: Այս տարբերակում իշխանի բացասական բնությունն առավել շեշտադրված է, անկախ այն հանգամանքից, որ որպես կերպարի արդարացում ենթաշերտում պետություն կառուցելու նրա վճռական նպատակն է: Գաբոյան-իշխանը հաճույք է ստանում իր հաղթանակներից, ձգտում է նոր արշավանքների և բնավ չի խուսափում արյան գետերից: Նա անգամ աստվածավախ չէ, նրան նյարդայնացում է «…եթե Աստված կամենա» խոսքերը, ինչին պատասխանում է «Ինչո՞ւ պիտի չկամենա (ապա հայացքը դեպի վեր ուղղելով ու հրամայական հնչերանգով) կկամենա՛ս»: Նույն տեսարանում Իշխան- Ղարագուլյանի ձայնը բարկության տոնին զուգահեռ տագնապած է: Այս իշխանն ապրում է կյանքի թելադրված օրենքներով՝ կամ որս ես, կամ որսորդ: Ներկայացման ավարտին հանդիսատեսն ատում է Իշխան-Գաբոյանին, իսկ Իշխան- Ղարագուլյանին կարող է անգամ կարեկցել:
Միանգամայն տարբեր մոտեցումներով են իրենց Սաբեթին մոտեցել Անահիտ Քոչարյանը և Նառա Սանթոյանը: Սաբեթ-Սանթոյանը Աննա իշխանուհու գաղափարակիցն է, վրեժի երդման աջակիցը և եթե անգամ հետ կանգնելու հորդորներ են հնչում նրա շուրթերից, միևնույնն է Սաբեթն ուզում է իշխանին ոչնչացված տեսնել:
Անահիտ Քոչարյանն իր կերպարին հոգատար մոր դիրքից է մոտենում: Նրա հերոսուհու նպատակն Աննա իշխանուհուն փրկելն է, նրան նորից կյանք վերադարձնելը: Նա հորդորում է սիրո համար տեղ թողնել վրեժով ողողված սրտում: Եվ իսկապես հույս ունի, որ նոր սերը նոր կյանքի սկիզբ է դառնալու իր իշխանուհու համար:
Տպավորիչ է կառուցված դեպի հանգուցալուծում տանող տեսարանը, երբ Աննա իշխանուհին գրեթե հետ է կանգնում վրեժի գաղափարից և Ատոմի հետ փախչելով նոր կյանք սկսելու վճիռ է կայացնում, նրան են երևում երեխաների տեսիլքները: Տեսարանը բեմադրված է անխոս, միայն ազդեցիկ երաժշտությունն է («Հող» խմբի «Օրոր») օգնում Ջեմա Ադամյանին համր, սակայն խոսուն կերպով արտահայտել իր հոգեկան ապրումները:
Ներկայացման հանգուցալուծումը հավատարիմ է Շանթի ողբերգությանը և լուծում է ստացել ռեժիսորական ակնառու մետաֆորիկ շեշտադրությամբ: Վերջին տեսարանում՝ իշխանուհու խոստովանությունից հետո, իշխանն ու իշխանուհին մնում են արյան գետը սիմվոլացնող սավանի տակ: Ու դեռ երկար ժամանակ հանդիսատեսի աչքի առաջ բոցկլտող ալիքներով հոսում է այդ կարմիր գետը՝ հանցանքն ու վրեժը մեկ ընդհանուր հոսքի մեջ միավորելով։
2024թ-ին 23-րդ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության շրջանակներում «Ինկած բերդի իշխանուհին» գնահատվեց որպես տարվա լավագույն ներկայացում: Մրցանակի արժանացան նաև ներկայացման բեմադիրչ Լյուդվիգ Հարությունյանը՝ տարվա լավագույն ռեժիսուրա անվանակարգում, Տիգրան Գաբոյանը ճանաչվեց տարվա լավագույն դերասան Վասիլ իշխանի դերակատարման համար, Նառա Սանթոյանի Սաբեթը լավագույնն էր երկրորդ պլանում, իսկ ներկայացման լուսային ձևավորման համար «Արտավազդի» արժանացավ Հակոբ Պողոսյանը:
Վանուհի Սեթոյան, թատերագետ