Յոթ ուղերձ

Իմ հարազատ քաղաքի և բոլոր մյուս քաղաքապետներին՝ Տոնինո Գուեռայից, Սանտարկանջելոի քաղաքացուց։
1․ Պարոն քաղաքապետ, այս հրապարակը, ավելի ճիշտ, այս պատերը մնացել են նախկինը։ Իսկ ահա կյանքը ժամանակի հետ փոխվել է։ Ստիպված եմ հեռվից սկսել՝ հասնելու համար ուղերձներիս էությանը։ Առաջ այստեղ դաշտեր և այգիներ էին, իսկ հետո այս վայրն առանձնացրեցին իրենց միջնադարյան տնակները բլրի վրա թողած շինականների համար։ Եվ այդժամ բոլոր թիթեռներն ու բզեզները, կրետներն ու թռչունները լքեցին հանդիպումների և ձեռքսեղմումների, մեքենաների և հեծանիվների խաչմերուկ դարձած այս կղզյակը։ Հիշում եմ՝ մանուկ հասակում ես դեռ տեսնում էի, թե ինչպես էր քամին վեր խոյացնում Կենտրոնական հրապարակի փոշին, իսկ ձմռանն ինչ-որ բան շշնջում երկնքին և խլացնում աղմուկները։ Այդժամ մարդիկ կանգնում էին հրապարակում, հենվելով պատերին կամ սյունասրահների տակ զմայլվում էին մարմինն ու սիրտը միավորող այդ տոնով։ Հիմա բերկրանք ապրել այդ հրաշքից կարելի է լոկ պատուհանների նեղ ուղղանկյուններից և ավտոմեքենաների ապակիների միջից։ Ո՞վ է ունակ հավաքելու մեզ Կենտրոնական հրապարակում։ Ի՞նչ ահազանգ կարող է կանչել մեզ, որպեսզի մենք, նախկինի պես, բոլորս միասին վայելենք այդ դյութիչ տեսարանը։ Ձյունը՝ իր վախի վանդակում փակված միայնակ մարդու համար չէ։
2․Պարոն քաղաքապետ, մի անգամ այս հրապարակում արածում էր «Օրֆեյ» կրկեսից փախած առյուծ։ Նա մահու չափ վախեցրեց որսորդական շներին վայրի կենդանու իր հոտով։ Այդժամ քաղաքի բոլոր հրացանները դուրս ցցվեցին պատուհաններից և կրակ արձակեցին առյուծի վրա՝ վեհապանծորեն պառկած ընկածների հուշաքարի առաջ, ասես ինքն էլ այդ քանդակախմբի անդամ էր կամ էլ նմանակում էր հնագույն տաճարների առաջ անցողակի տեսած քարառյուծներին։ Առյուծին տապակեցին և կերան, ու իմ Սանտարկանջելոի բնակիչները, կուշտ և գոհ, սրճարանի դռան առաջ աթոռներին նստած՝ զրուցում էին Աֆրիկայի մասին։ Ի՞նչ է, քաղաքի երջանիկ միավորման համար սպասեմ ռնգեղջյուրի հայտնվելուն։
3.Սիրելի քաղաքապետ, ես հիշում եմ այս հրապարակը 44 թվականի օգոստոսին։ Այդժամ դրանով գնում և գնում էին եզները, որոնց գերմանացիները քշում էին Ռավեննա, որպեսզի հետո բաժան-բաժան ուղարկեն սովի մատնված գերմանական քաղաքներ։ Երբ արևով ողողված հրապարակը դատարկվեց, այդտեղ մնաց լոկ չոր թրիք, և այդ ընդհանուր դառնաղետ շփոթում մորթազերծողը, քաղաքային իշխանությունների հրամանով, համառորեն փորձում էր բռնել թափառաշանը։ Կարգուկանոնի ինչ անհեթեթ նմանակում այս խոշտանգված աշխարհում։ Ես թաքնվեցի սյան հետևում, և սիրտս սիրով էր լցվում առ շունը, որ կեր փնտրելով՝ քջջում էր թանձր թրիքի մեջ։ Ահա-ահա հանգույցով պարանը կգալարվի շիկացած օդում, բայց ես բղավոցով վախեցրի շանը, և նա սլացավ առ գետը։ Բայց այդժամ ֆաշիստի հրացանը դեմ առավ մեջքիս, և ես քարշ եկա հրապարակով, պարանակալված վարձու մարդասպանի կողմից։ Այդժամ Կենտրոնական հրապարակի անմարդ լինելը հասկանալի էր։
4․ Պարոն քաղաքապետ, պատերազմից հետո փոշոտ բեռնագնացքը իջեցրեց ինձ կանգառում, և ես, այդքան ուշացումով վերադարձած անազատությունից, ոտքով ուղևորվեցի տուն։ Ճանապարհին նվագախումբը հաղթական քայլերգներ էր նվագում, իսկ ընկածների հուշաքարի մոտ մարդիկ միզում էին փայլեցրած ճտքակոշիկների մեջ, որ հանել էին վերջերս իրենց տանջողների ոտքերից։ Տնից ես իսկույն գնացի Կենտրոնական հրապարակ և այստեղ առաջին անգամ տեսա նեոնե խողավակներ և նաև երկու սրճարանների դռների առաջ մետաղական աթոռներ՝ նախկին համաչափ փայտյա աթոռների փոխարեն։ Բայց մարդիկ նորից նստում էին դրանց վրա, միասին հավաքվելով, որպեսզի նոր կյանք սկսեն։ Մի քանի տարուց շատ բան փոխվեց․ ագռավն օդում լայն բացեց իր սև թևերը, և մեր ականջների մեջ սուլոցով խուժեց վախը։
5․Պարոն քաղաքապետ, ես նախկինի պես բոլոր տարածությունները չափում եմ Կենտրոնական հրապարակից։ Անգամ Մոսկվա կամ տաք Վրաստան գնալիս, ես տարածությունը հաշվում եմ Կենտրոնական հրապարակից։ Չէ որ գիտեմ, որ այն կիլոմետրերը, որ մանուկ հասակում ոտքով կամ հեծանիվով անցել եմ հրապարակից մինչև ծով, հրապարակից մինչև առաջին բլուրներ՝ հենց ամենաէականն են։ Ի՞նչը կարող է ավելի երկար լինել երևակայական կամ անշարժ ուղևորություններից՝ ինքաթիռի բազկաթոռին։ Բայց ամենաէականը ոտքով անցած առաջին կիլոմետրերն են, ես հիմա էլ երկար մտածում եմ՝ նախքան հրապարակից մինչև ծով ճամփա ընկնելը։ Ավելի հեշտ է հասարակած կամ հյուսիսային բևեռ ուղևորվելու որոշում կայացնելը․ չէ որ այդ տարածութունները պատկանում են կախարդանքին։ Իսկ ահա տասը կիլոմետրն՝ անսահման է։ Կենտրոնական հրապարակը՝ ամբողջ տարածության սիրտն է, որ ես ստացել եմ պարգև, ինչպես և դու, քաղաքապետ, և ուրիշ շատերը։ Հենց այդ պատճառով էլ խնդրում եմ քեզ ելնել պատշգամբ և ուշադիր նայել այս ուղղանկյանը՝ այդքան կարևոր իմ և քո ճակատագրի համար։ Այս մեկնակետը և նշանակակետը, որի հետ մենք անընդհատ չափում ենք մեր կյանքը, չպետք է բարձիթողի արվի, այն քո անկեղծ, ջերմ հոգատարության կարիքն ունի։ Եվ հիմա առավել, քան երբևէ, քանզի համատարած մարդկային անապատը ծավալվում է այնտեղ, որտեղ մարդիկ սովորել են հանդիպելով գրկախառնվել։ Վախը, որ կարիճը բերել է իր թունավոր պոչին, քմծիծաղում է յուրաքանչյուր տան անկյունից։ Մենք պետք է ելնենք անկյունից և նորից հավաքվենք հրապարակում։ Վախը՝ հեռուստացույցների և ընտանեկան եսասիրության ընկերն է։ Մենք որոճում ենք միսը և հեռուստատեսային պատկերները, իսկ այդժամ անհոգի մեխանիզմի ձայնը ջանում է լցնել լռությունը տղամարդու և կնոջ, ծնողների և երեխաների միջև։ Ոչ, պետք է վերադառնալ այնտեղ, որտեղ հնչում են մեր ձայները, իսկ պատկերները ծնված են մեր երևակայությունից։
6․Պարոն քաղաքապետ, երեկ ես մեկը մյուսի hետևից կարճ երազներ էի տեսնում։ Ամեն անգամ հայտնվում էր Կենտրոնական հրապարակը, բայց տարակերպ կառուցապատված։ Առաջին երազում, ինչպես անցած-գնացած ժամանակներում, տների շուրջը բանջարանոց էր։ Եվ ես մտածեցի․ արդյո՞ք գլաքարե սալահատակը չհանել և նորից այդ ուղղանկյունում սխտոր, կաղամբ, արևածաղկի սերմ ցանել։ Ես տեսնում էի, թե ինչպես էին համագյուղացիներս մարգիկների միջև արահետներով գնում և կռանում՝ ստուգելու արդյո՞ք բանջարեղեններն արդեն հասունացել են։ Մարդիկ ժպտում էին միմյանց, կանաչու տերևիկներ փոխանակում։ Հետո հրապարակը երևում էր ինձ այնպիսին, ինչպիսին հիմա է։ Բայց այնտեղ մի ծառ էլ կար՝ բալենի, ամենածայրին։ Դրա վրա կարճ ակնթարթում տերևներ, ծաղիկներ, հետո պտուղներ էին հայտնվում, և, ի վերջո, ծառը կրկին մերկանում էր, ձյան վրա ճյուղերի մուգ նախշ դառնում։ Եվ այդժամ ասացի ինձ՝ դա հնարավոր է։ Ինչպես և մյուս փոքր հրաշքները։ Մռայլ, լուրջ կաղնիները կարող էին Սուրբ ծննդին զարդարվել շողշողացող կաթիլներով՝ մանրիկ լուսատտիկներով, և այդժամ մենք իրավասու կլինեինք ասելու, որ Կենտրոնական հրապարակի վրա աստղեր են ընկել: Աստղեր, ոչ թե կապտաթունավոր պտուղների նման ինչ-որ պլաստիկե գնդիկներ։ Եվ էլի շատ այլ բաներ էի երազում տեսնում: Օրինակ, երաժշտություն։ Դե գոնե կիրակի առավոտյան, ժամը տասնմեկին։ Իսկ միգուցե և ամեն օր, երբ ինչ-որ մեկի միայնակ քայլերն այստեղ երեկո են բերում, և մշուշը փոշեծածկում է բարձր լապտերները։ Թող այդժամ ճյուղերի մեջ թաքնված բարձրախոսներից հնչի Շտրաուսի վալսը։ Ղեկավարելու համար՝ հարկ է կրկին երեխա դառնալ։
7․ Սիրելի քաղաքապետ։ Եկել է ժամանակը ունկ դնելու անօգուտ թվացող ձայներին։ Պետք է, շատ պետք է, որպեսզի քո գործունյա մարդու գլխում, գլխում՝ լի կոյուղու խողովակների, դպրոցների, մանկատների, փողոցների ասֆալտապատման, դեղերի, հիվանդների մահճակալների և մյուս նյութական կարիքների մասին հոգսերով, հնչի միջատների գվվոցը։ Աղոթիր, որ հրապարակ չվեն արագիլները կամ լայնաթև թիթեռները, չէ որ դու պետք է բոլորիս դարձնես առ մեծ երազանքը, պետք է բղավես՝ մենք բուրգեր կխոյացնենք։ Եվ էական չէ, որ երբեք չենք խոյացնի։ Էականը՝ ցանկություն արթնացնել, վրդովել հոգիները, դրանք մեծ սավանի պես փռել և ցնցելն է։ Եվ ահա արդեն չվադարձել է թիթեռների ամպը, ահա մենք բոլորս թողել ենք մեր հարմարավետ թինկաթոռներն ու պատուհանների նեղ հեռադիտակները։ Մենք վերադառնում ենք հրապարակ՝ միասին վայելելու այդ տեսարանը։ Մեծ հաճույքը՝ հենց ուրիշի բուռն բերկրանքով տոգորվելն է։ Միայն այդպես կարող է կենդանանալ մեր և քո Քաղաքի գեղեցիկ հեքիաթը։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը