Կաքավների ողբերգությունը

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ժամանակակից իրանական արձակի ամենահետաքրքիր հեղինակներից մեկին՝ Ահմադ Մահմուդին: Գրողի  «Կաքավների ողբերգությունը» պատմվածքը Մահմուդի «Ուխտավորը անձրևի տակ» ժողովածուից է: Այն ներկայացնում ենք Անի Հովսեփյանի բնագրային թարգմանությամբ:

 

***

Մարդն ասաց,- Կաքավների հետ մենակ աղետ ու դժբախտություն եկավ։

Կինն ասաց,- Հա՛, թռչունն ընդհանրապես մեզ սազական չի։

Տղամարդը բարձրահասակ էր, ոսկրոտ ու կորամեջք, արևահար մաշկ և ձիու ազնիվ ու համբերատար հայացք ուներ։

Տղամարդն ասաց, -Իզուր տեղը կատվին ու իր ձագերին թափառական ու անտեր դարձրինք։

Կինն ասաց, -Ո՛չ… իսկի էլ իզուր չէր… հենց կաքավների համար էր, որ կատվին ու իր ձագերին թափառական դարձրինք։

Օդում փոշու նուրբ շղարշ էր կախված։ Արևը նոր-նոր էր թռել-հեռացել կտուրի եզրից։ Երկինքը հողագույն դեղին երանգ ուներ։

Կինը թխսկան հավի պես կուչ էր եկել ինքն իր մեջ։ Շոգը շնչակտուր էր արել նրան։

Նստած էր պատշգամբում, և նրա սուր հայացքը, որ բազեի հայացք էր հիշեցնում, կաքավների հետ վազ էր տալիս բակում։

Տղամարդն ասաց,- Չե՞կավ։

Կինն ասաց,- Գնացել է խաբար առնի։

Կատվի մլավոցը լսվեց։ Կատուն էր հենց, որ այդ պահին չալպուտուրիկ մորթով, փոս ընկած կոնքերով ու կախ պտուկներով, կամաց-կամաց իջնում էր տանիքի աստիճաններով։

Կատուն կանգ առավ աստիճանահարթակին ու իր մոռացկոտ, անզգա խորամանկ հայացքը հառեց տղամարդուն։ Տղամարդն ավազանի եզրին նստել, թևքերը մինչև արմունկները քշտած՝ լվացվում էր, որ աղոթի։

Առաջին օրը (տասնյոթ օր առաջ), երբ կաքավները բերել էին, կատուն (որ նոր էր ծննդաբերել) սողեսող մոտեցել ու ցատկ էր արել, որ դրանցից մեկին որսա, բայց տղամարդը քաթանե հողաթափով խփել, քշել էր կատվին։

Երկրորդ օրը (տասնվեց օր առաջ) մութն ընկնելուն պես նկատել էին, որ կաքավներից մեկը չկա, և այդ պատճառով տղամարդը, կինն ու տղան նկուղի աղբ ու անպետք հնոտիքից մինչև մաշված սառցարկղի հետևը, պահեստի թիթեղյա արկղերն ու տանիքում կուտակված աղբն ու թափոնները տնտղելը ամեն տեղ ման էին եկել։ Վերջում, երբ հարևանի տանիքին գտել էին փետուրները, կինն ասել էր,-Սա կատվի գործն է։ Տղամարդն առանց հապաղելու գնացել էր, կատվի ձագերին պահեստից վերցրել ու շպրտել էր փողոց։ Ու մինչ կատուն հավաքեր իրեն, շարժվեր ու իր ձագերին մեկ-մեկ բերանով վերցնելով անվտանգ տեղ տաներ, թաղի երեխաները երեքի վզին պարան էին գցել ու կախել։ Իսկ մյուս երկուսը, որ մնացել էին, հարևանի տանիքին՝ կոտրված սեղանի տախտակների տակ, շոգից շնչասպառ էին լինում։

Տղամարդն ասաց,- Կատուն եկավ։

Կինը թե, -Գործ չունես դրա հետ։ Կաքավներին կդնենք զամբյուղի տակ։

Երկնքի դեղնությունը ցրվել էր, ու մթնշաղի խավարն էր պատել։

Կինը տեղից ելավ ու միացրեց լույսը։ Հետո ծանրաքայլ իջավ պատշգամբի աստիճաններով ու կաքավների հետևից ընկավ։ Ու մինչև բռներ, զամբյուղի տակ դներ, շունչը կտրվեց։

Հեղձուցիչ տոթ էր։ Աղի ու ծովի հոտը լցվել էր տնով մեկ։ Սլացիկ արմավենու ստվերը, որ չորուդատարկ տան մեն-միակ զարդն էր, ընկել էր գետնին ու բեկվել, ելել էր պատն ի վեր։ Արմավենու նիզակաձև տերևների խամրած, գորշ ու փոշոտ պատկերը ձուլվել էր երկնքի լազուրին։ Արմավենու սաղարթների արանքում թխակապույտ աղավնիներ էին բույն դրել, ու լսվում էին ձայները՝ թպրտոցի, ապա դրանցից մեկի թևահարումով վեր բարձրանալու․ մի ճյուղից պոկվում, պտույտ էին տալիս արմավենու շուրջ, նստում այլ ճյուղի։

Տղամարդը ոտքի ելավ, որ աղոթի։

Կինը նորից ելավ պատշգամբ, նստեց, հովհարն առավ ու սկսեց հով անել ինքն իրեն։

Կինը գեր էր ու կարճահասակ, կոպիտ ոտքեր ու մսեղ պարանոց ուներ։ Շունչը տոթից կտրվում էր։ Սպիտակ մարմաշե շապիկը քրտինքից կեղտոտվել, թրջվել էր։

Տղամարդը վերցրեց աղոթագորգը, մտավ սենյակ ու էլեկտրական հովհարն առած դուրս եկավ։ Հովհարը միացնելիս կինն ասաց,- Զգո՛ւյշ եղիր, խրոցի կողքի լարը վնասված է։

Հովհարը տըկտըկոց հանեց ու գործի անցավ, օդը մի քիչ շարժվեց։ Հովհարի ձայնը չոր էր ու մետաղական։

Կինը ափը հենեց գետնին, ծանր մարմինը տեղից պոկեց, վեր կացավ, գնաց լոռական կարպետը բերեց ու նետեց ավազանի կողքի թաց աղյուսների վրա, հետո նստեց տղամարդու դիմաց։

Մարդը հարցրեց,- Հիմա կատվի ձագերն ո՞ւր են։

Կինն ասաց,- Պիտի որ հարևանի տանիքի վրա լինեն։

Կատուն արդեն պատի եզրով սողացել, տագնապով իրեն քարշ էր տվել մինչև խոհանոց, զամբյուղի միջից սփռոցը դուրս էր քաշել ու սփռոցի վրա ընկած խրթխրթան փշրանքների մեջ էր տնտղում։

Բակի դռան ձայնը եկավ․ դուռը կրնկի վրա դարձավ ու բացվեց։ Տղամարդը գլուխը շրջեց, և կինը տղամարդու ուսի վրայով տեսավ տղային, որ ներս մտավ։

Տղայի շրթունքները ծանր իրար էին նստել, թևքերը քշտել էր, լազուր վերնաշապիկի օձիքը բաց էր, քրտինքը ճակատի փոսիկից երիզով սահել էր քթի սապատին։

Տղամարդն ասաց,- Հետո՞․․․

Տղան գլուխը շարժեց,- Բան չհասկացա․․․ 

Ձայնի մեջ անուրախ երանգ կար,- Ամեն ինչ բամբասանք է… բամբասանք… բամբասանք․․․

Եվ առանց դադարելու ներս մտավ սենյակ ու հանեց տաբատը և քիչ անց, քրտնամխած ու կեղտակալած գծավոր ոտաշորով դուրս եկավ։ Ձեռքին ռադիո կար։ Նստեց հոր դիմաց ու սկսեց ռադիոյի հետ խաղալ։ Ռադիոն խռպոտ ձայներ հանեց։ Տղան քթի տակ խոսեց, ասես ինքնիրեն,- «Ռադիոյի մարտկոցները նստել են»։

Ռադիոյի ձայնը մաքրվեց։ Մի կին եռատակտ հանգով ծանր երգում էր.

   

«Թեք խոպոպիդ խեցգետինը լուսնի զույգն է,

Էդ երկուսի միացումից մեր բախտը սա է,

Ո՞վ է, ո՞վ է, դուռն է ծեծում․․․»

 

Տղամարդն ասաց,- Հավես չունեմ, կտրիր դրա ձենը։                                                                  

Տղան թե,- Կարող է լուրերից ինչ-որ բան հասկանանք։

Կինը նյարդայնացած վրա բերեց,- Հիմա մինչև լուրերը․․․

Տղամարդը նստած տեղում պտտվեց, ոտաշորի փոկերը քշտեց ու ոտքերը մինչև կոճերը ավազանի ջուրն իջեցրեց։                                                                      

-Լավ․․․ բա մարդիկ ի՞նչ են ասում։                                                                                                           

-Ասացի չէ՞… ոչ մի կարգին բան, որ մարդ գլուխ հանի։                                                                       

Տղամարդու հայացքը ավազանի ջրին էր, ու հիմա ինքնիրեն մտածում էր,- Հենց որ գնեցինք կաքավները․․․, և ձայնը կտրեց, քիչ անց նորից տրտնջաց,- Էն անգամ, երբ թութակ առա, մերդ հիվանդացավ… Դրանից հետո էն երկու բադիկները…։ Նրա ձայնի մեջ թախծի երանգ կար… -Ու հետո, երբ աղավնիներ բերեցինք տուն, եղբորդ բանակ տարան, ու հիմա…։ Տղան փոխեց ռադիոալիքը։ Տղամարդը լռեց ու ոտքերը հանեց ջրից։ Հովհարը միալար աշխատում ու չէր կարողանում հաղթել շոգը։ Կինը շնչահեղձ էր լինում, տղամարդու ճակատը քրտինք էր կապել։ Բակը ռադիոյի զրնգուն ձայնով լցվեց։

Տղամարդու, կնոջ ու տղայի ամբողջ ուշադրությունը ռադիոն էր։ Բակում լռություն էր։ Փոշոտ լամպի լույսը սփռվել էր բակի անհարթ պատերի վրա։ Պատին տղամարդու գլխի և ուսի ստվերն էր ընկել՝ տղայի կորացած ստվերի կողքին։ «Իհարկե, այսքան շռայլություն և անուշադրություն բյուջեի նկատմամբ, որը պետք է օգտագործվի տնտեսության վիճակը բարելավելու համար, անընդունելի է։ Հետևաբար ես որոշել եմ անձամբ ձեռնամուխ լինել այս գործին․․․»։ Երեքն էլ իրար նայեցին։ Տղան անջատեց ռադիոն։ Մի որոշ ժամանակ լռություն տիրեց․ սառն ու տանջող լռություն։ Տղան երկար շունչ քաշեց․

-Վերջ՝ անգործությունն սկսվեց։

Հոր ճակատը կնճռոտվեց,- Սովն սկսվեց։ 

Շնչահեղձ մայրը փնթփնթալով ասաց.

-Էս ի՞նչ ա նշանակում․․․ Գործադիր տնօրենի փոխվելն ու էս խոսքերն ասելը․․․ Նրան փոխելը ի՞նչ կապ ունի մեզ հետ, որ ծովի ափին նստած ենք։

Հոր ձայնը խռպոտ էր,- Դե, նոր տնօրենը չի հավանում (Բի-Էն-Ար) ընկերությունը։

Կինն ասաց,- Եղավ, իսկ եթե նրան դուր չգա՞։

Տղան միջամտեց,- Կսահմանափակի… կամ կարող է լուծարել։

Թախիծի փոշին նստել էր տղամարդու դեմքին։ Քթի տակ շշնջաց,- Իսկ հետո բոլորը կդառնան գործազուրկ․․․ Առնվազն հարյուրից յոթանասունհինգը։

Բառերը թավալվեցին տղայի կոկորդով,- Գործազրկությունն սկսվեց։

Կինը գլուխը կախեց,- Հենց էն օրվանից․․․ Էն օրը, երբ էս կաքավները․․․

Տղամարդու երկար հասակը շարժվեց։ Հիմա նա ոտքի վրա էր, ու նրա ստվերը ձգվում էր պատին՝ նմանվում բարձր արմավենու։

Տղամարդը ձեռքերը դրեց մեջքին, մեջքը ճքճքոցով շտկեց ու դանդաղ խոհանոցի կողմ շարժվեց։ Կատուն, որ կարծես անակնկալի եկած լիներ՝ խուճապած ցատկեց բակի մեջտեղը։ Կինը հանգիստ ու լուռ նայեց նրան։

-Վե՛ր կաց, կնի՛կ, վե՛ր կաց, քանի դեռ դրությունն ավելի չի վատացել, գտիր  կատվի ձագերին ու բեր կերակրիր դրանց։                                                                                                                                       

Կինը դժվարությամբ հազիվ վեր կացավ։ Տղամարդը գնաց զամբյուղի մոտ ու կանգնեց կողքին, հետո ծնկները ծալվող դանակի պես կքվեցին ու ոսկրոտ ձեռքը սահեց զամբյուղի տակ։ Կաքավների ղունղունոցն ու թպրտոցի ձայնը միախառնվեցին։

Տղամարդու ձեռքը դուրս եկավ զամբյուղի տակից։ Կաքավներից մեկը գերվեց նրա երկար ու ոսկրոտ մատների մեջ։                                                                          

Կնոջ ձայնը լսվեց, որը աստիճաններով վեր էր բարձրանում.

-Նրանց ջուր տուր։  

Տղան պառկեց։ Ձեռքերը դրեց գլխի տակ ու նայեց արմավենու ճյուղերին։ Աղավնիները հանգիստ էին։ Հիմա երկինքը պայծառ կապույտ էր, աստղերը ջահի պես կախված էին երկնքից։

Գլխատված կաքավի թպրտոցի ձայնը փոխարինեց տիրող լռությանը։ Կտրված վիզը դուրս էր ցցվել նուրբ փետուրների արանքից։ Երբ երկրորդ կաքավը գլխատվեց, առաջինը շրջված ընկել էր մեջքի վրա, վեր պարզած տոտիկները թեթևակի դողում էին։

Երբ կինն աստիճաններով իջավ ու կատվի ձագերին դրեց հատակին, մարդն արդեն չորրորդ կաքավն էր հանել զամբյուղից ու ոտքի ծայրով մի կողմ էր շպրտել զամբյուղը։

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Անի Հովսեփյանի