Կարլ Ամերիի վերջաբանը. «Կապիտուլյացիա»

Գերմանական կաթոլիկության մասին էսսե է հեղինակել մեկը, որը չի կարող ստույգ համարվել գերմանական կաթոլիկների կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, եւ, ի սկզբանե, վտանգի տակ է հայտնվում իր որոշակի գործունեության պատճառով: Վերնագիրը`«Կապիտուլյացիան», գումարած իմ վերջաբանը, որը մի քանի անգամ մեջբերված է այս գրքում, արդեն լսելի են դարձնում պաշտոնական սոխակների երգը չար տղաների մասին, որոնք միմյանց հենարանն են: Ես Կարլ Ամերիի պաշտպանն եմ:

Այս փոքրիկ գրքում իշխող տրամադրությունը մելամաղձությունն է, այլ ոչ թե հրաժարումը, եւ այն գրեթե միայնակ կանգնած է այնպիսի ուռճացված լրագրողական ապարատի դեմ, որը հասանելի է գերմանական կաթոլիկությանը: Ամերիի գիրքն անողոք է, ճշգրիտ` իր պատմական վերլուծության մեջ, բայց ոչ հիշաչար. այն ազնիվ է եւ բախվում է մի ապարատի, որի համար ազնվությունը ամենավստահելի բառերից չէ:

Գերմանացի կաթոլիկի գիրքը գերմանական կաթոլիկության մասին պահանջում է մի քանի նախնական դիտարկում: Ով է գերմանացի կաթոլիկը` կարելի է բավականին հստակ սահմանել: Նա մեկն է, որը մկրտվել է որպես կաթոլիկ, հեռացվել կամ հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից: Գերմանական կաթոլիկությունը, որքանով ընկալելի է, տարածված է խորհուրդներում, հանձնաժողովներում եւ կոնֆերանսներում: Եթե գերմանացի կաթոլիկների եւ գերմանական կաթոլիկության միջեւ լիներ միասնություն, ապա Ռայնհոլդ Շնայդերին կթույլատրվեր վերազինման դեմ իր ելույթով հանդես գալ կաթոլիկների համագումարում: Չկա ավելի լավ մեկը, քան Ռայնհոլդ Շնայդերն է, որը կապացուցի, թե գերմանական կաթոլիկությունը որքան արհամարհանքով է վերաբերվում գերմանացի կաթոլիկներին: Ռայնհոլդ Շնայդերն ուներ այն ամենը, ինչը ցանկացած մարդ կարող էր երազել: Նա ասպետի պես պահպանողական էր, նա ներքին դիմադրության բանաստեղծ էր, փառաբանված, մեծարված եւ հայտնի, բայց երբ նա ընդվզեց հետպատերազմյան պատեհապաշտության դեմ, երբ ի հայտ եկան գերմանական կաթոլիկության կապիտուլյացիայի առաջին նշանները, ակնհայտ դարձավ նրա գործընկերների բնույթը: Նա դատապարտվեց եւ զրպարտվեց: Իհարկե, կային պնդողներ, որ նա պահպանողական կաթոլիկ է, սակայն դա իրականությանը չէր համապատասխանում: Ուր մնաց հովիվների եւ գլխավոր հովիվների պաշտպանությունը:

Գերմանական կաթոլիկությունը երբեք պաշտոնապես չի արտահայտվում, այն տարածվում է միայն եկեղեցական թերթերի, կաթոլիկ օրաթերթերի, կամ KNA-ի միջոցով: Պաշտոնական բառն ընդգծում է երկիմաստ իրավիճակը. դու ոչ թե պարտավորվում ես, այլ արտահայտում ես այն, ինչ ուզում ես արտահայտել, եւ պաշտոնապես ընկալվում է, որ կան լավ եւ վատ գերմանացի կաթոլիկներ: Լավերը տեղ են գտնում «գերմանական կաթոլիկության» կաթսայի մեջ, վատերը տեղավորվում են այն կաթսայում, որտեղ KNA-ն նրանց կերակրում է: Ոչ ոք հստակ չգիտի, թե ով է խաղում Մոխրոտի դերը, երբ կաթոլիկներին բաժանում են լավերի եւ վատերի: Իհարկե, ամոթալի է, որ նույնիսկ վատ կաթոլիկներին չի թույլատրվում հերքել գերմանացի եւ կաթոլիկ լինելու երկու հատկությունները:  

Կարլ Ամերիի գիրքը մի քանի կողմնակի մարդկանց, անհատապաշտներին եւ աղանդավորներին պաշտպանելու մասին չէ երբեմն-երբեմն անհոգի գերմանական կաթոլիկությունից, այն ավելին է, գրեթե անսահման, այն գերմանական կաթոլիկությունը շիզոֆրենիայից բուժելու մասին է: Ռայնհոլդ Շնայդերի «սխալ քայլը»  քաղաքական էր, ոչ թե կրոնական. ոչ մի գլխավոր հովիվ հրապարակավ չի պաշտպանել Ռայնհոլդ Շնայդերին:

Քամահրալից աշխարհ` քամահրանքի արժանի սովորույթներով: Հորդորում եմ հիշել, թե ինչ դեր էր խաղում պարոն ֆոն Պապենը: Գերմանական կաթոլիկության վերջին առանցքային դեմքը` կենտրոնական կուսակցության անդամ ֆոն Հինդենբուրգը, որն այնքան էլ չէր սիրում «կաթոլիկներին», զանգահարեց իմ «սիրելի երիտասարդ ընկերոջը»`պարոն ֆոն Պապենին: Նա Օսկար ֆոն Հինդենբուրգի հետ օրինական ճանապարհներով աղետ բերեց մեր գլխին, որոնք միշտ ազդել են Գերմանիայի քաղաքացիների վրա: Ֆոն Պապենը հաշտեցրեց Հիտլերին խոշոր բիզնեսի հետ, Կաասի հետ նա գերմանական կաթոլիկությանը պարգեւեց ներկայացուցչական ավարը` կայսերական համաձայնությունը: Համաձայնագրի ավարտից գրեթե մեկ տարի անց` 1934թ. հունիսի 30-ին, նացիստներն իրականացրեցին իրենց արյունոտ Սուրբ  Բարդուղեմիոսի գիշերը: Պապենի խորհրդական Էդգար Յունգին ձերբակալեցին, իսկ Պապենը ողջ մնաց:

Կան քսանվեց միլիոն արեւմտագերմանացի կաթոլիկներ եւ արեւմտագերմանական կաթոլիկություն: Հարցին, թե ինչպես է նա ներկայացնում քսանվեց միլիոնը, երբեք պատասխան չի տրվել: Մարդիկ երբեմն սիրում են հեգնել, այսպես կոչված, կաթոլիկների մկրտության վկայականը, անտարբեր մարդկանց, որոնք վճարում են եկեղեցու հարկերը, եւ որոնց հարկային գումարն ակնհայտորեն այնքան էլ կեղտոտ չէ, որպեսզի ստիպված լինեն զայրացած հետ փոխանցել: Մկրտված կաթոլիկին, որպես այդպիսին, նկարագրելու աստվածաբանական ձեւ գոյություն չունի: Բազմաթիվ մարդկանցից ով է ներկայացնում գերմանական կաթոլիկությունը: Ես չգիտեմ` եկեղեցական իշխանություններն այդքան բծախնդիր կգտնվե՞ն, եթե ինչ-որ մեկին արտաքսեն եկեղեցում չկայացած ամուսնության պատճառով, որպեսզի հարկայինից պահանջեն մերժել մեղսավորի փողը: Իսկ ո՞վ է ներկայացնում գերմանացի վատ կաթոլիկներին, որոնք հայտնվել են փորձանքի մեջ: Նրանք պաշտոնապես դասակարգված են` անկախ այն բանից` «աջակա՞ն » են, թե՞  «ձախական», ինչպես մյուսները:

Կարլ Ամերիի փորձը չի օգնում սահմանել աջական կամ ձախական կաթոլիկներին: Կան հարմարվողական, հեշտ ընտելացվող «ձախականներ» եւ համառ «աջականներ»: Խոսքն այն երկիմաստության մասին է, որով գերմանական կաթոլիկությունը կապիտուլյացիաի է ենթարկել մի քաղաքական օրինաչափություն, որը միակ փրկությունն է համարվում: Որքան ձանձրալի է ամեն օր օրինակելի վարքագիծ դրսեւորելը մի խումբ տղաների հետ:

Արժե ունենալ էլեկտրոնային ուղեղներ, որոնք սնվում են կաթոլիկների բառապաշարով, եւ որը հարցեր ու պատասխաններ է հնչեցնում: Այդքանից հետո մնում էր միայն վարկաբեկել միտքն ու գաղափարները որպես «քայքայիչ ինտելեկտուալիզմ», իսկ պատմական փորձը`որպես «նախադեպ», եւ կարելի էր հասնել բաղձալի միասնությանը:

Գերմանական կաթոլիկությունն անհույս կերպով խճճված է ամեն մի կուսակցության եւ նրա շահերի լաբիրինթոսում, եւ նրանք միակն են, որ վարակվել են C-ով  (քրիստոնյաների համար): (Ինձ կարող է ներվել այն բանը, որ չեմ բաժանում նրանց եւ Ձեզ միմյանցից այդքան ընդգծված ձեւով, որպեսզի դա արդարացի համարվեր):

Մտավորականների հետ շփվելու ՔԴՄ-ի գրեթե տխուր կոչը դրան հակասելուց հետո բխում է պաշտոնական բառապաշարով գերհագեցած ամբոխի կաթվածահար ձանձրույթից:

Կարլ Ամերիի փորձը զրույցի դադարեցում չէ, ոչ էլ խնդրանք է, այլ այն սերնդի պաթետիկ հնչող ձայնն է, որն, առանց հարցնելու (մենք 15 կամ 16 տարեկան էինք, երբ կաթոլիկ կուսակցություններից ընտրված մեր հայրերը հզորացրել էին Հիտլերին) կոչ էր արել հանձնվել գերմանական կաթոլիկությանը, մասամբ պատասխանատու էր դրա համար, ինչի պատճառով էլ տուժեց եւ հայտնվեց երկիմաստ վիճակում:

Ազնիվ չէ, իհարկե, երբ գերմանական կաթոլիկությունն այսօր` երեսուն տարի անց,  ցույց է տալիս  իր դիմադրողներին`անթիվ քաջերի, մեկ կաթոլիկի, նույնիսկ` կաթոլիկ քահանայի դիմադրության մասնավոր դեպքը: Գերմանական կաթոլիկությունը ճիշտ դիրքում է: Երբ նրան հարցնում են իր չեզոքության մասին, նա ցույց է տալիս համաձայնագիրը, որի դժբախտ հետեւանքները հստակ նկարագրում է Կարլ Ամերին: Երբ նրա վրա հարձակվում են չեզոքության պատճառով, նա ցույց է տալիս դիմադրող կաթոլիկ հոգեւորականներին: Կրկնում եմ` դիմադրությունը մասնավոր խնդիր էր, պաշտոնական կարգավիճակը համաձայնագիրն էր: Իհարկե, այդ իրավիճակը պատմական ընդհանրություն ունի այլ խմբերի հետ: Այդ ընդհանրությունը  դիմադրությանը մասնակցած անթիվ-անհամար մարդկանց եւ Ֆրանց ֆոն Պապենի միջեւ ընտրությունից էր բխում, որը ոչ մի դժվարության չէր հանդիպել:

Կարլ Ամերիի փորձին վերաբերող հիմնական հարցն այն է, թե արդյոք կուսակցության անհույս պատեհապաշտությանը եւ ավելի քաղաքականացվող աշխարհին ցուցաբերվող դիմադրությունը եւս մեկ անգամ կմնա սոսկ որպես մասնավոր գործունեություն: Երիտասարդ կաթոլիկ գերմանացին, որը որոշել է չմեկնել զինվորական ծառայության, ստիպված է խաղալ «Շվեյկ», խուսափել զինվորական ծառայությունից`օգտագործելով զինվորական հնարքները, կարո՞ղ է ապավինել իր ավագ հովիվների պաշտպանությանը: Ավագ հովիվները լռում են, նրանց համար ակնհայտ է, որ գերմանական կաթոլիկությունն ու նրա օրգաններից մի քանիսը ամենաանարդարներից են Դաշնային Հանրապետությունում: Թերեւս Կարլ Ամերիի ձայնը կհասնի գերմանացի կաթոլիկ բոլոր հովիվների ականջներին, որոնք վստահության կարիք ունեն, որ իրենք միայնակ չեն:

(1963)

1. Կարլ Ամերի (1922-2005)- գերմանացի գրող եւ բնապահպան ակտիվիստ Քրիստիան Անտոն Մայերի գրական ծածկանունը: Նա եղել է «Խումբ-47»-ի մասնակից:

2.  Ռայնհոլդ  Շնայդեր (1903-1958)- գերմանացի բանաստեղծ, որը նաեւ վեպեր է գրել: Սկզբում նրա ստեղծագործություններն ավելի քիչ կրոնական էին, բայց հետագայում նրա պոեզիան քրիստոնեական, հատկապես` կաթոլիկ ազդեցություն ունեցավ:

3. Ֆրանց ֆոն Պապեն-ֆաշիստական Գերմանիայի գլխավոր ռազմական հանցագործներից: Մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը (1914-18թթ.) եղել է Գլխավոր շտաբի սպա, 1913-15թթ.` ռազմական կցորդ ԱՄՆ-ում, որտեղից հեռացվել է լրտեսության եւ քայքայիչ գործունեության համար:

 

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի: