Կենդանի հուշ

Երկրի լռությունը ծանր էր,
ամպրոպի նման
ցանկացած պահի
կարող էր պայթել:
Թշնամու արձակած արկը
նրա կրծքավանդակում էր։
Մարդը կողպեց տան դուռը,
Եվ սրտի կսկիծով՝ հեռացավ երկրից։
Փողոցները հոգատարությամբ
փայփայում էին նրա ոտնաձայների
տաք շնչառությունը:
Հետքերը լուռ էին՝
տեսնել չցանկացող աչքերի նման։
I.
Դատարկ խանութների պահարանների մեջ
թաքնվել էր անցած օրերի աղմուկը։
Թարմ հացի բույրը
Կպել էր վառարանի պատերին՝
որպես անցյալից մնացած թանկ հուշ։
Երկնքում աղավնիներ չկային,
միայն ծուխ էր բարձրանում
հարյուրավոր ջահելների
այրված մարմինների մոխիրներից։
Եթե ականջդ մոտեցնես հողի շուրթերին,
կլսես որբացած մանկան անսփոփ ձայնն
ու որդեկորույս մոր կանչը։
Երկիրը հիշողությունների սուրբ մատյան էր,
աղոթող մարդու խորանը,
որտեղ շարականները հնչում էին՝
առանց դադարի։
II.
Անցյալում նա գույների երկիր էր։
Երջանիկ զույգերի սիրո բույրը
քամին տարածում էր երկրի փողոցներում,
իսկ երեխաների անհոգ հրճվանքը
լուսավորում էր շենշող լապտերի նման։
(Հիմա այդ երեխաները
անծանոթ քաղաքների փողոցներում
գլխիկոր քայլում են՝
լուսանկարների մեջ հավերժացած
ապուպապերին երանի տալով):
Երկրում տարին
տասներկու ամիս գարուն էր։
Մարդն ու երկիրը
սիրո թռիչքների մեջ
Վայելում էին երկնքի կապույտը:
Մարդը երկրով էր ապրում,
երկիրը՝ նրանով...
Մինչև Հուդայի դավաճանությունը։
III.
Սիրահար զույգը,
անտեսելով շրջափակումն ու սովի վտանգը,
ընտանիք էր կազմել,
իսկ երկու օր անց սկսվել էր պատերազմը:
Տղայի մահվան լուրը՝
ժայռաբեկորի նման
ջարդել էր նորահարսի հոգու ոսկորները.
կյանքի հետ հաղորդակցում չկար:
Երբ բացել է աչքերը,
ծնողները նրան երկրից դուրս էին տարել։
Հետո իմացավ,
որ ամուսնու դին
կրակի մեջ ճարճատող երկրից
հնարավոր չէր դուրս հանել։
Թշնամին անսպասելի
հարձակվել է գյուղերի վրա,
ահաբեկված բնակիչները
կիսամերկ ու ոտաբոբիկ
թաքնվել էին անտառներում:
Միակ փրկությունը
քաղաք հասնելն էր:
Մայրը, փոքր որդուն գրկի մեջ սեղմած,
մեծի ձեռքից ամուր բռնած,
ոտքերն արյան մեջ թաթախված
վազում էր՝
որքան հնարավոր էր արագ:
Երբ վախից ութամյա որդու
սիրտը կանգ առավ,
մայրը խելահեղ ճիչ արձակեց,
հետ նայեց,
թշնամու զենքից սարսռաց:
Ընկրկեց, մի պահ քարացավ,
որ դանակ լիներ,
կկտրեր ձեռքը, որ որդին մենակ չմնա՞ր
Բայց դանակ չուներ,
սիրտը մղկտաց, ոտքերը թուլացան,
կրծքին սեղմված
փոքր որդու աղեկտուր լացը
ուշքի բերեց նրան:
Եվ նա վազեց առաջ՝
փրկելու արդեն միակ ճրագն իր տան,
մեռած որդին մնաց անգերեզման։
Զինվորական թոշակի անցած սպան
հրետակոծության ձայներից արթնացավ,
մարմնի մեջ զգաց բեկորների վառող ցավը:
Խաչակնքվեց՝
ի նշան նահատակ ընկերների հոգիների
հանգստության:
Աղոթք շշնջաց՝
սպա որդու ողջության համար:
Եվ չզգաց, թե ինչպես հագնվեց,
տնից դուրս եկավ
և հասավ զորամաս:
Հայրը զոհվեց՝ որդուն չհանդիպած,
որդին՝ երկիր կորցրած,
վերադարձավ տուն,
կարկամեց հոր մահվան բոթից:
Աչքերն արցունքոտ,
ձեռքը՝ դողալով,
տան բակում
հոր փորեց տղան:
Խնամքով հոր դին
հանձնեց հողին,
վերցրեց ընտանիքի անդամներին
և հեռացավ երկրից ՝
հավատալով՝ վերադարձին:
Հայրը գերեզման
ու շիրմաքար պետք է ունենա։
Իսկ գերզման ունեցող
տասնութամյա պատանու հայրը,
ջարդելով որդու շիրմաքարը՝
հողը ճանկռել ու հանել էր դագաղը,
տեղավորել մեքենայի մեջ
Եվ երկինքը ծանրացած ուսերին՝
հեռացել երկրից,
որ կինը որդու շիրիմի վրա
ծաղիկ դնելու և հանգիստ մեռնելու
սփոփանք ունենա։
IV
Եվ ինչպե՞ս սփոփել կնոջը,
ում ամուսինը, որդին ու թոռը
անհետ կորան:
Կրա՞կը տարավ, թե՞ թշնամին՝
մինչև օրս անհայտ է։
Ոչ-ոք չհասկացավ,
թե ինչ կատարվեց:
Որոտաց երկինքը,
պայթյուն լսվեց,
հողը ցնցվեց,
կայծեր թափվեցին
վառելիքացան երկրի երեսին,
աշխարհը կորավ խավարի մեջ։
Հրաժեշտից առաջ
հրաշուշան ցանած հողի վրա
կրակը վիշապ օձի նման
երկիր մտավ՝
այրեց միտք, հոգի, մարմին:
Բժիշկները,
մի կողմ դրած
մասնագիտական փորձ, հնարք,
կյանքի ու մահվան
ճամփաբաժնում հայտնված մարդու համար՝
հրաժեշտի համոզիչ բառեր էին շշնջում:
Երկինքը սևով ներկած ծուխը
հոգեվարքի մեջ գտնվողի ճիչը
ագահորեն կուլ էր տալիս:
Եվ աղոթքները երկինք չէին հասնում։
V.
Օդը ծանր էր,
շնչելը՝ մահացու ...
Բենզինի և վառվող մաշկի հոտը
շունչուղիները վառելով՝
լցվում էր թոքերը։
Փլատակների մեջ կորած
մարդու փրկությունը
կրակից կարմրած
երկաթե սյունից բռնվելն էր,
որից պայթում էր ձեռքի ափը:
Ծանոթ-անծանոթ
հրոց-հրմշտոցով՝
այս ու այն կողմ էին վազում։
Եղբայրը եղբորն էր փնտրում,
հայրը՝ որդուն, պապը՝ թոռանը։
Բոցերի մեջ վառվում էր
պատերազմների արհավիրքից փրկված
մի քանի սերունդ։
Տուն-տեղ, պատմություն,
գերեզմաններ:
Հայրենիք կորցրած մարդը
վառելիք չուներ,
որ մեքենան շարժի մեջ դներ
և դուրս հաներ
ռմբակոծության տակ հայտնված
հարազատությանը։
Երկիրը գլուխը ո՛ր պատովը տար,
որ ներսն ու դուրսը քարուքանդ անող
անմարդկային տանջանքներից ազատեր
կրակի բոցերի մեջ
չոր փայտի պես ճարճատող
անզոր մարդու ուրվականը:
Դեղորայք չկար,
ցավազրկողների փոխարեն
Ջրով էին հանգցնում
վառվող մարմինների ցավը:
(Շրջափակման պատճառով
հիվանդանոցներում ու դեղատներում
դեղորայք չկար):
Մարդիկ
հարազատների անունները
փորագրում էին
հիվանդանոցի պատերին։
Վառված մարմինները
դժվարությամբ էին հայտնաբերվում,
մխացող մարմինների մոխիրները
տանում էր քամին:
Փրկարար ծառայության պատասխանատուի՝
աշխատակիցներին ուղղված
սթափ մնալու հորդորները,
զարնվեցին լռության պատին…
Ալեհեր փրկարարի սիրտը կանգ առավ.
դիմացը որդին էր թոռանը գրկած
(Հայրը որդուն կրակից պաշտպանելու համար՝
մարմինը դարձրել էր վահան):
Սերը ծնկաչոք լիզում էր
նրանց անկենդան մարմինները։
VI.
Տները դատարկ էին,
դռները՝ կողպված,
պատուհանները՝ փակ։
Լռությունը, շղարշի նման,
սևով էր պատել աշխարհը։
Բակում աղմկում էին միայն ճոճանակները՝
քամու բերանն ընկած
ժանգոտ երկաթներ:
Ճռռում էին, հոգնում իրենց ճռռոցից
և լռում՝ մինչև պայթեր աղմուկը։
Տան քար լռությունը
շնչահեղձ էր անում կնոջը,
ով ցավի վարար հոսքում՝
Կաշին ոսկորին փաթաթած մարմին էր,
հոգին ծանր էր՝
ամեն անկյունում մի շիրմաքար։
Նա անշշուկ փակել էր տան դուռը,
շնչասպառ հասել գերեզմանատուն:
Կամաց, որ աղմուկ չհանի,
բացել էր դուռը և լիաթոք շնչել...
Բոլորն այնտեղ էին՝
ամուսինը, որդին, թոռը,
ինքն էր մնացել՝
որպես կենդանի հուշ։
Կինը գրկի մեջ էր առել
երեք շիրմաքար,
հոգու աչքերից
երեք արցունք էր ծլնգացել՝
մեկը՝ ամուսնու վրա,
մյուսը՝ որդու,
երրորդը՝ թոռան։
Քամին երկնքից լուր էր բերել.
Ամուսնու՝ տուն կանչող հայացքը
երջանկացնելու խոստովանություն էր,
որդու «մա՜յր ...» բառը,
որպես համբույր,
ջերմացնում էր նրա սառած այտերը,
թոռան՝ վարար գետի պես կչկչան ծիծաղը
ալեկոծում էր տառապած հոգին:
Անցյալը՝ ջարդված հայելի,
լցվել էր ներկայի աչքերը...
Հողի շրթունքը ճաք էր տվել:
Կինը գրկել էր իր բաժին հողը
և մի բուռ դարձել։
VII.
Երկիրն ամուր սեղմեց
հեռացող վերջին մարդու ձեռքը,
հայրաբար թփթփացրեց ուսերը,
ջերմագին համբուրեց ճակատը,
և շրջելով դեմքը,
որ տեսնող չլինի,
կուլ տվեց արցունքները՝
քթի տակ շշնջալով.
«Ախր, հեքիաթներում
բարին է հաղթում»։
Մարդն, ով այդ երկրում
ճաշակել էր դրախտը,
և ճանաչել էր դժոխքը,
Ճանապարհ ընկավ՝ ասելով.
«Կյանքը հեքիաթ չէ»:
Երկրի լռությունը ծանր է,
ամպրոպի նման
ցանկացած պահի
կարող է պայթել։
Ալիսա Բաղդասարյան