Խեչոյանը, Մոսկվան ու «Parker» թանաքը

2025-ի դեկտեմբերի 8-ին Լևոն Խեչոյանը կդառնար 70 տարեկան, ցավոք արդեն 11 տարի է ինչ հայ արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկը մեզ հետ չէ՝ սերունդներին թողնելով իր տաղանդավոր գրականության կարևոր ուղերձները, որ այսօր էլ արդիական են նույնքան, որքան նրա կենդանության օրոք: Գրողի հոբելյանի առիթով առաջարկում ենք կարդալ մի հատված Գևորգ Գիլանցի «Տվերսկոյ Բուլվարից մինչև Երևան» վեպից:

 

***

Երբ Մեսրոպ Հարությունյանն իմանում է, որ Սևանում կամ Դիլիջանում եմ եղել, հարցնում է. «Հը, Գիլու ձագ, իջա՞ր ծխելու...»... Մեսրոպը լավ գիտի, որ ամեն հարմար առիթի, երբ հետս մարդ չկա, մեքենան կանգնեցնում եմ Սևան-Երևան մայրուղու որոշակի հատվածում, ճամփեզրին, կտրում անցնում եմ դաշտը, մի 100-150 մետր է, ու նստում եմ ցանկապատի բազրիքին։ Միշտ չէ, որ զրույցը ստացվում է, նեղացած լռում է... Դե ես էլ, նման դեպքում մտովի սավառնում, հասնում եմ այն օրերը, երբ մենք դեռ դռան հակառակ կողմերում չէինք, դեռ նույն աշխարհում էինք ապրում, և ինքն ինձնից նեղանում էր, անգամ՝ խռովում...

Առաջին անգամ միայն մի թեթև նեղացավ, բայց անմիջապես էլ փոշմանեց դրա համար, քանի որ ժամանակի հոսքն ու արժեքը Հայաստանում այլ է, Մոսկվայում՝ այլ։ Ինքն ինձ հեռախոսով ասել էր, որ խանութներ գտնեմ, կենտրոնից հեռու, որտեղ կարող է «Parker» թանաք գնել ու գրչածայրեր։ Ես, իհարկե, հարցուփորձ էի արել, բայց մտածում էի, որ կենտրոնից հեռու ցանկացած գրենական պիտույքների խանութում էլ կլինի, եղածը թանաք է էլի... Այդ հետո, երկու տարի անց, Հայաստանում հարցրի, թե ինչ տարբերություն «Parker» է, թե ուրիշ թանաք։ Ասաց. «Վատ թանաքը վատ է հոսում գրչի ծծանում ու գրչածայրի վրա, չորանում ու փչացնում է»։ Հիմա արդեն Մոսկվայում էր, մի թեթև նեղացած տոնով էր խոսում ու իմ իմացած արդեն չորրորդ գրախանութն էինք խուզարկում՝ «Բիբլիոգլոբուսը»։ Ասացի.

-Այսօր էլ չենք հասցնի նայել։

-Ինչի՞,- հետո նայեց ժամացույցին,- հա՜ էլի... Ժամանակն ասես հալվում է, աչքդ չճպած... Բայց գոնե մեկն էլ պիտի հասցնենք, ամենամոտը որտե՞ղ է։

Ասացի։ Դուրս եկանք, նետվեցինք մետրո։ Թեթև նեղացածությունից հետք անգամ չկար, հասկացել էր ինձ։ Հաջորդ գրենական պիտույքների խանութն ավելի մասնագիտացված ու ավելի մեծ էր։ Տնտղում էր ամեն ինչ։ Գրչածայրերն էր ուսումնասիրում, համարները հարցնում, թանաքները փորձում։

«Իսկական չի,- կամացուկ, որ հանկարծ վաճառասեղանի մոտ նստած աղջկան չնեղացի, ասաց Լևոնը,- իսկական չի»։ Ուսերս թոթվեցի։ Դե ես ի՜նչ պիտի ասեի, ես դրանից շատ էի հեռու, այդ պահին իմ ամբողջ մտածմունքը մոսկովյան ժամկետանց հաշվառումս ինչ-որ կերպ կարգավորելն ու ինստիտուտն ավարտելն էր։ Գլխով դեպի դուռը ցույցը տվեց։ Արդեն ուզում էինք դուրս գալ, երբ աչքովս ընկան մայթին ճեմելով քայլող ոստիկանների համազգեստները։ Շրջվեցի. «Կարո՞ղ է էն մյուս դարակում քո ուզածը լինի»։ Բայց ինքը դարձյալ կամացուկ ձայնով ասաց. «Ախր քեզ ասացի չէ՞, կենտրոնի խանութները մի տար, համ թանկ է, համ էլ կեղծված, կարգին խանութ գտի, որ իսկական «Parker» լինի, թանաքս պրծել է»։ Հետո որսաց ոստիկաններին հետևող հայացքս ու չոր, կտրող ձայնով ասաց.

-Բա խի՞ չասիր, որ թղթերդ նորմալ չեն։ Ե՞րբ ես ավարտում ինստիտուտդ։ Շուտ ավարտիր ու տուն արի, սա քո տեղը չի։

-Եկող տարի կգամ, եթե հանգամանքները նորմալ դասավորվեն։ Դու հիմա դուրս արի, թեքվիր ձախ ու հանգիստ քայլքով գնա։ Ինքնաթիռի տոմսը մոտդ պահիր, որ տեսնեն, որ նոր ես եկել, հասանելի տեղում։ Ոչ մի կողմ չթեքվես, միայն ուղիղ գնա, ես ուրիշ ճամփով կգամ։ Մինչև հասնես մետրոյի կայարանի ցուցանակին՝ կողքիդ կհայտնվեմ։

-Բա, ասում ես՝ «թղթերս նորմալ են»... Լրիվ հալածված գայլ ես դառել, Գիլանց։

-Գելի ցեղ եմ, բա հո գառ չե՞մ դառնալու, ազգանունս էլ վկա։

-Հա, բայց նիհար, սոված ու էս շների կողմից հալածված,- ասաց քմծիծաղով ու գլխով ցույց տվեց հեռվում երևացող ոստկաններին։

Լևոնն ընդամենը չորս օրով էր Մոսկվա եկել, ինչ-որ պատվիրակության կազմում։ Խոր աշուն էր, բավական շուտ էր մթնում ու ցրտում։ Միջոցառումների ծրագրում նայում էինք, թե պաշտոնական ու գրեթե պարտադիր ո՞ր նիստից չի կարող բացակայել, դրան մասնակցում էր, մնացածն ուղարկում էինք գրողի ծոցն ու մեր գործերով էինք զբաղվում։ Սկսեցինք, ինչպես արդեն ասացի, Լևոնի համար իսկական «Parker» թանաք գտնելուց, հետո անցանք նրա թարգմանիչներին, իսկ ավելի ուշ՝ Մոսկվայի հայկական մշակութային և ազգային հիմնարկներ այցելելուն (միայն այն հիմնարկները, որոնց գործունեությունը ես նորմալ էի համարում)։ Հետո անցանք իմ նախընտրած խմբագրություններին ու գրական հավաքներին։

Ասաց. «Բեր գնանք «Դրուժբա»։ Երեկ, իհարկե, առավոտից եղել եմ, բայց խոստացել եմ, որ այսօր էլ կգնամ, Իգրունովան հարցազրույցը կիսատ է թողել, ուզում է ավարտի»։ Հետը կոնյակ էր բերել։ Ծիծաղելով ասաց. «Էս կոնյակը մի տեսակ չեմ ուզում տանենք, բեր մի լավ օղի վերցնեմ, տանենք, ախր էս տնաշենները կոնյակն օղու պես են խմում, մարդու ափսոսը գալիս է»։ Ծիծաղեցինք, բայց կոնյակն, իհարկե, տարանք։

Երկրորդ թե երրորդ օրն էր, երբ ասաց, որ վերջապես կարողացրել է պայմանավորվել իր գործերի լավագույն թարգմանիչներից մեկի՝ Գալինա Պետրովայի հետ, որը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հայամետ պատգամավոր Անդրեյ Նույկինի կինն էր։ Սուրճի սեղանի շուրջ թարգմանության ընթացքը քննարկելուց հետո ինձ հանձնարարեցին, թե երբ վերցնեմ թարգմանությունն ու ուր տանեմ (դե իհարկե «Դրուժբա», Լեոնիդ Արամիչի մոտ)։ Երբ Նույկինենց տանից դուրս եկանք, արդեն մթնում էր, նաև ցրտում։ Այդ ժամանակ զանգեց բանաստեղծուհի Գալինա Կլիմովան.

-Ռուդ, դու երեկոյան ձեր դեսպանատան միջոցառմանը լինելո՞ւ ես։

-Չգիտեմ,- ասացի՝ հարցական նրան նայելով,- ես Խեչոյանի հետ եմ, տեղյակ չեմ միջոցառումից,- բայց նա խոժոռված գլխով մերժողական շարժումներ էր անում։

-Լավ կլինի գաք,- ասաց Գալյան,- գիտեմ, որ մետրոյի սպանությունը բողոք է ծնել, բայց մոսկովյան դաժան իրականությունից չես փախչի։

Պարզվեց, որ «սկինները» նախորդ օրը մետրոյում մի աշխատավոր հայ տղայի էին սպանել։ Ես չէի լսել, բայց չգիտես որտեղից Լևոնը գիտեր։ Մեր դեսպանատան անատամ պահվածքից էլ կատաղել էր և ոչ մի պարտադիր կամ ոչ պարտադիր միջոցառման չէր ուզում այլևս մասնակցել։ Երբ առաջարկեցի մոտենալ մայթեզրի շաուրմանոցին, մի-մի բրդուճ ուտելու, ինքը հանկարծ ասաց.

-Մետրոն ո՞ր կողմում է, հեռո՞ւ է։

-Չէ՛,- ցույց տվեցի։

-Գնացինք դեսպանատուն։

Երբ հասանք դեսպանատուն, միջոցառման ճառային մասն արդեն ավարտվել էր, հերթը հասել էր «ֆուրշետին»։ Բախտի բերմամբ, բացի Գալյայից նաև նրա նուրբ ու հմայիչ ընկերուհին՝ նկարչուհի Լարիսան էլ էր այնտեղ։ Լարիսային տեսնելուց հետո Լևոնն ուղղակի ծաղկեց, ականջիս ասաց. «Ճանաչո՞ւմ ես, ո՞վ է»։ «Շատ լավ նկարչուհի է, Գալյայի ընկերուհին»։ Լևոնն ինձ հրեց դեպի «ֆուրշետի» սեղանը, իսկ ինքը շրջվեց ու գնաց դեպի միկրոֆոնը, որ խոսի, բայց դեսպանատան համապատասխան ծառայությունը լավ գիտեր, թե ինչ կարող է ասել Լևոնը, մոտ չթողեցին, խոսք չտվեցին։ Լևոնը խռովեց, քաշվեց անկյուն ու ոչ մի բանի բերան չէր տալիս, անկյունում կանգնած սպասում էր, որ ես մի երկու բան գցեմ ստամոքսս ու հեռանանք։ Որքան փորձեցի համոզել՝ բան չստացվեց, սեղանի ուտեստներին մոտ չեկավ։ Ես, իհարկե, չհանձնվեցի։ Իմանալով նրա կնամեծար տեսակը, հիշելով, թե ոնց ծաղկեց Լարային տեսնելով, դիմեցի փոքրիկ խորամանկության. մոտեցա Գալյային ու ասացի, որ ընկերս՝ Լևոն Խեչոյանը (Գալյան, անշուշտ, գիտեր, թե ով է Լևոնը), խռովել է ու ոչնչի բերան չի տալիս, ասացի՝ «հաստատ սոված է, ախր ամբողջ օրն իրար հետ թափառել ենք, հարկավոր է մի բան անել»։ Գալյան ինչ-որ բան շշնջաց Լարայի ականջին, և երկու գեղեցիկ կանայք մոտեցան Լևոնին՝ գինու բաժակներն ու ֆուրշետային խորտիկներով բարձված ափսեները ձեռքներին։ Սկսեցին չխկացնել, խմել, համոզել ու գրեթե պարտադրել, որ ինչ-որ բան համտեսի։ Երբ առաջին ուտեստը հրամցրին՝ Լևոնը ցածրաձայն, բայց ցայտուն ժեստով հրաժարվեց։ Դեռ չէր հասցրել խորտիկը ետ դնել սեղանին, երբ Գալյան ու Լարիսան սկսեցին իրար հերթ չտալով, ու բավական բարձրաձայն համոզել, գովել այս կամ այն խորտիկը։ Այդպիսի աչքի զարնվող ուշադրությունից խուսափելու համար Լևոնը տեղի տվեց, բայց կատաղած նայեց ինձ։ Պարզ էր, որ ամեն բան կռահել էր։ Ես էլ ինձ միամտի տեղ դրած գինի էի խմում։ Դադարեց դիմադրել, դժկամորեն սկսեց ինչ-որ բան ծամել, բայց Լևոնն էլ Լևոն չէր լինի, եթե իր ուզածը չաներ. հարմար մի պահի, երբ անվտանգության աշխատակիցների հսկողությունն ու զգոնությունը թուլացած էր, մոտեցավ միկրոֆոնին...

Իհարկե, հիմա կդժվարանամ բառացի վերարտադրել նրա ամբողջ խոսքը, բայց նրա ազդեցիկ, մաքրամաքուր հայկական ակցենտով ելույթի մի պատառիկ մեխվել է հիշողությանս ծալքերում։ Դիմելով ՌԴ Արտգործնախարարության ներկայացուցչին Լևոնն ասաց.

- ... ես շնորհակալ եմ, որ ձեր զինվորը, որը, այո, ձե՛ր զինվորն է, պահում է իմ երկրի սահմանը։ Բայց միաժամանակ այստեղ ձեր տականքը, որ նույնպես ձե՛րն է, սպանում է իմ երկրի զավակին, որը հասարակ աշխատող մարդ էր, հանցագործ չէր և ոչ մի վատ բան չէր արել։ Եվ դուք սրան ո՛չ մի կերպ չե՛ք արձագանքում։ Եթե չե՛ք արձագանքում, ապա ընդունում եք, որ դա նորմալ է։ Եթե սա նորմալ է, ապա ես ինչպե՞ս վստահեմ ձեր զինվորին, որն իմ սահմանն է պահում։ Իսկ որ ամենավատն է՝ մեր դեսպանատունն էլ է համարում, որ ամեն բան նորմալ է։

Լևոնի այս խոսքերից հետո դահլիճում իրարանցում սկսվեց։ Իրավիճակ փրկողներն իրար հերթ չտալով սկսեցին մոտենալ միկրոֆոնին՝ պիոներական երդման տեքստի նման իրար հետևից կրկնելով, որ չի կարելի կենցաղային հողի վրա կատարված հանցագործության, անգամ կարելի է ասել՝ մանր միջադեպի պատճառով միջպետական հարաբերությունները փչացնել՝ իրար չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելով... որ ինչ-որ տականքների պատճառով, որոնք հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացի են... որ քննությունը դեռ կպարզի... Իսկ մենք այդ ամենի արձագանքը լսում էինք արդեն դրսից...

 

Գևորգ Գիլանց