Քոլին Ֆերթ. գերաստղը «Թագավորի ելույթում»

Ֆրանսիական Gala  ամսագիրը 2011թվականին հրապարակել, իսկ 2016-ին թարմացրել է «Քոլին Ֆերթ. գերաստղը «Թագավորի ելույթում»» վերնագրված իր հոդվածը, որում լրագրող Իզաբել Ռիվերը զրուցում է բրիտանացի օսկարակիր, «Ոսկե Գլոբուս»-ի և BAFTA-ի մրցանակակիր դերասան Քոլին Ֆերթի հետ, որն առավելապես հայտնի է «Հպարտություն և նախապաշարմունք», «Սիրահարված Շեքսպիրը», «Անգլիացի հիվանդը», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Դորիան Գրեյ», «Իրական սեր» և Բրիջիթ Ջոնսի մասին պատմող ֆիլմաշարում խաղացած իր դերերով:

Իսկ Գեորգ VI-ի դերի համար «Թագավորի ելույթը» ֆիլմում Քոլին Ֆերթը հավակնում էր «Օսկար»-ի և բաղձալի արձանիկը նվաճել է արդեն այս հարցազրույցից հետո:

 

***

Այսօր էկրան է բարձրանում մի հոյակապ ֆիլմ՝ «Թագավորի ելույթը», որը պատմում է այն մասին, թե ինչպես է տիրակալ Գեորգ VI-ը (Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հայրը) պայքարում իր կակազությունը հաղթահարելու համար:

Բրիտանացի դերասանն այս կինոնկարում խորապես հուզիչ է մարմնավորում միապետի դերը, որի համար նա արդեն «Ոսկե գլոբուս» և «Կինոդերասաններ» կինոմրցանակաբաշխություններում արժանացել է մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ինչպես նաև նոմինացված է առաջիկա «Օսկար»-ին:

«Գալա»-Դուք փորձել էիք հրաժարվել Միստր Դարսիի դերից: Երբ Ձեզ առաջարկեցին ստանձնել Գեորգ VI-ի դերը, ինչպե՞ս արձագանքեցիք դրան:

Քոլին Ֆերթ- Ես այն անմիջապես ընդունեցի: Մասնագիտական միջավայրում բոլորն

արդեն մի քանի ամիս է, ինչ տեղյակ էին այս նախագծի գոյության մասին: Մարդիկ անդադար խոսում էին դրանից, ու քանի որ Թոմ Հուպերը երբեք ոչ մի վատ ֆիլմ չի նկարահանել, ապա «Թագավորի ելույթը» խոստանում էր իսկական գեղեցիկ լիամետրաժ ֆիլմ լինել: Ամենասկզբում, քանի որ ժամանակն անցնում էր, ոչ մի առաջարկ չէր ներկայացվում, ես իմ գործակալին ասացի, որ ինձ չուղարկի սցենարը: Ես չէի ուզում... սիրահարվել ֆիլմին, որը, կարող էր ինձ համար չլիներ: Իսկ հետո իրադարձություններն արագ զարգացան, ինձ զանգահարեցին, որ հարցնեն, թե համաձայն եմ տեսնվել Թոմի հետ: Մենք հանդիպում նշանակեցինք, ճաշը երեք ժամ տևեց, և մենք հենց նույն օրվանից էլ սկսեցինք աշխատել:

«Գալա»- Ի՞նչն էր Ձեզ գրավել այս տառապող թագավորի անձի մեջ, որը կոչված էր իր կամքին հակառակ ղեկավարել երկիրը:

Քոլին Ֆերթ- Այն, ինչը բնորոշում է մարդկային էակին, ինչն ամեն ինչ ասում է նրա անհատականության, նրա բնավորության մասին՝ նրա գործելաոճն է, այն, թե ինչպես է նա հաղթահարում իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Որևէ խնդրի առջև կանգնելիս, ո՞րը կընտրեք՝ պայքարե՞լը կամ փախչե՞լը, կկարողանա՞ք պահպանել ձեր հումորի զգացումը, կսովորե՞ք հանգիստ մնալ կամ, ընդհակառակը, կկորցնե՞ք ձեր սառնարյունությունը: Այն, ինչն ի սկզբանե ինձ գրավեց Գեորգ VI-ի մեջ, ոչ այնքան նրա կակազելն էր, նրա ամաչկոտությունը կամ այն փաստը, որ նա չէր ցանկանում թագավոր դառնալ, այլ ավելի շուտ այն, թե ինչ եռանդով էր նա զբաղվում խնդիրների լուծմամբ: Ես պետք է միջոց գտնեի մարմնավորելու այն անձնական արժանապատվությունը, որի համար նա պայքարում էր, միևնույն ժամանակ պետք է թույլ տայի, որ դրսևորվեր այդ մարդու ահռելի խոցելիությունը: Իմ կարծիքով, ահա թե որն էր կերպարի բանալին. մշտական լարվածություն, որն առկա էր մանկուց ժառանգած նրա խոցելիության և որպես տիրակալի, և պետության ղեկավարի նրա հսկայական արժանապատվության միջև: Անհրաժեշտ էր նաև, որ կակազությունը բավականաչափ, արտահայտված լիներ էկրանին, որպեսզի հանդիսատեսը տառապեր կերպարի հետ միասին, բայց ոչ այնքան, որ նրա ձայնն ականջի համար անտանելի դառնար: Եթե մեզ չհաջողվեր գտնել ճիշտ հավասարակշռությունը, դա կարող էր սպանել ֆիլմը:

«Գալա»- Խնդիրը այն է, որ նաև ֆիզիկական բնույթի փորձություն կար:

Քոլին Ֆերթ- Նկարահանումների առաջին օրը Ջեֆրի Ռաշն ու ես պետք է խաղայինք այդ երկար տեսարանը՝ ապագա Գեորգ VI-ի և նրա թերապևտ Լիոնել Լոգի առաջին հանդիպման տեսարանը։ Տասը րոպեանոց մի տեսարան, ինչն ահռելի է: Օրվա վերջում ես սարսափելի գլխացավեր ունեի։ Եվ այդ ցավերն այդպես էլ չանցան։ Ամբողջ ժամանակս ծախսեցի ասպիրին ընդունելու վրա։ Բերտին (ինչպես անվանում էին տղային ընտանիքում) մի մարդ էր, որն անընդհատ պայքարում էր իր հետ, և այդ ծայրաստիճան դաժան ներքին պայքարը դրսևորվում էր բոլոր տեսակի ֆիզիկական հատկանիշներով: Ինչ վերաբերում է ինձ, ես միգրեն եմ ունեցել, ինչպես նաև տառապել եմ ցավերից և ձեռքերի հատվածում ունեցած կոնտրակտուրաներից: Ես չէի կարողանա թագավորի կերպարն էկրանին մարմնավորել, եթե չգտնեի հենց ինձ համար մշտական պայքարի փորձ եղող որևէ միջոց:

«Գալա»- Այս դերը փոխե՞ց  Ձեր կարծիքը, Ձեր պատկերացումը միապետության վերաբերյալ:

Քոլին Ֆերթ- Ես երբեք թագավորական ընտանիքի մասին գրքեր չեմ կարդացել և ընդունում եմ, որ ֆիլմն իմ մոտ անկեղծ հետաքրքրություն առաջացրեց այդ տոհմի նկատմամբ: Հայրս պատմաբան է, Միացյալ Նահանգների գծով խոշոր մասնագետ, և մինչև այժմ ինձ հետաքրքրում էին միայն մի քանի շատ եզակի դեմքեր, ինչպիսիք են Գեորգ III-ը, որի թագավորումը սերտորեն կապված է ամերիկյան պատմության հետ: Ես ծանոթ էի նաև Ռիչարդ II-ին՝ Շեքսպիրի միջոցով, բայց դա գրեթե ամբողջն էր:

Այսպիսով հիմա ես տարվեցի Գեորգ VI-ով: Ես անծանոթ հերոս հայտնաբերեցի։

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի