Լա մինոր

Ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակության օրը: 2025 թվականին աշխարհասփյուռ հայությունը նշում է Մեծ Եղեռնի 110-ամյակը: Այդ առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում հայ ժողովրդի մեծ բարեկամ, Լիտվայի ժողովրդական բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի բանաստեղծական տարբեր շարքերից մի քանի բանաստեղծություններ, որոնք մեծ պոետը նվիրել է Հայոց Ցեղասպանությանը:
***
Լա Մինոր
Ապրիլի 24, ողբալի դու օր,
Ես քո անունն եմ դրել լա մինոր...
Այդ օրը դահիճն իր յաթաղանով
Հոշոտեց, մորթեց հայերին անօգ...
Եվ անիծում եմ ես հուր - հավիտյան
Այդ դժնի օրը ցեղասպանության:
Հուշարձանի մոտ ահա քարացել,
Հոգուս սպիտակ վարդերն եմ բացել:
Ապրիլի 24, ողբալի դու օր,
Հոգուս ջութակն է լալիս լա մինոր...
***
Սարդարապատի զանգերը
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի:
Ասես մարդկային արցունքները ջինջ
Խտացել այստեղ, դարձել են պղինձ:
Խտացել այստեղ, փոխվել են երգի
Ժամանակի մեջ ու տիեզերքի:
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի:
Արարատ լեռան հայացքի տակ ծեր
Բիրտ յաթաղանն էր վայրի շառաչում...
Բայց բարբարոսը, ո՛չ, չէր հասկացել,
Որ վերքերից են վարդերը աճում:
Մի բուռ հայ մնաց և ահեղ մի ցավ,
Մի բուռ հայ մնաց և ոխ մի շաչուն...
Բայց մարդասպանը, ո՛չ, չհասկացավ,
Որ վերքերից են վարդերը աճում:
Եվ արնոտ հողում Սարդարապատի
Բռնկվեց կռվի վարդը սրբազան...
Եվ դահիճներն այն նենգ ու տմարդի
Զարմանքով հանկարծ այդ վարդը տեսան...
Տեսան վարդն ահեղ ու սարսափելի,
Որ արցունքից ու բոցից էր աճում...
Եվ նա, ով մահն էր բերում հայերի,
Ինքը գալարվեց մահվան սև մահճում:
Ազգասպանության ահավոր հնձից
Փրկվեց արնաքամ մի բուռ հայություն,
Արարատ լեռան զորավոր շնչից
Նա ոգի առավ, առավ հարություն:
Ես անիծում եմ եղեռն ու նախճիր,
Ես անիծում եմ գործերը մահվան,
Փառաբանում եմ այս վարդերը հիր
Եվ այս զանգերը վերածնության...
Զանգերն են զնգում
Սարդարապատի...
Պղնձե զանգը
Նման է վարդի...
Սև գործերի դեմ՝
Լուսավոր զանգեր...
Հանգեր են ասես,
Երգի,
Հավատի,
Հարության հանգեր...
Սարդարապատում
Հնչում են զանգեր...
***
Խազեր
Մի՛ լա, Հայաստա՛ն: Կարող եմ հանկարծ
Ես էլ արտասվել...
Իմ կաղնին էլ են դարերում այն չար
Հողմերը ծեծել:
Կայծակի զարկից շատ է կորցրել
Նա տերև ու ոստ,
Հողմերը նրա սաղարթն են ցրել
Ու ճյուղերն ըմբոստ:
Ասում եմ բավ է, պետք չէ արտասուք,
Չարտասվենք էլ զուր...
Ես քեզ քնարս եմ քնքշորեն պարզում,
Իսկ դու ձեռքդ տուր:
Եվ գրկենք իրար ու եղբայրական
Սիրով ջերմանանք:
Արնաքամ եղել, չի լռել սակայն
Քո սիրտը անմահ:
Սիրտդ, որ հին է, ինչպես Տրոյան,
Ինչպես հառնումը,
Իսկ լաց լինողը անցյալդ է միայն,
Որ դեռ արնում է...
***
Մի լա Հայաստան
Մի՛ լա, Հայաստա՛ն, ծանր է իմ սրտին
Քո կոմիտասյան հառաչը տխուր...
Դեռ բոցկլտում է արեգակը հուր,
Եվ բոցկլտում է ժողովուրդն այս հին:
Գիտեմ, թե մի օր հազար ու հազար
Զոհերիդ աճյունն իրար գումարվի,
Գոյանա պիտի սրբազան մի սար,
Որ Արարատին կհավասարվի:
Եթե քո թափած արցունքը վարար
Գետերի փոխվեր ու Սևան հոսեր,
Սևանը կելներ ափերից իր քար
Եվ օվկիանոսի ձայնով կխոսեր:
Թե միանգամից ողբերդ բոլոր
Եվ հառաչանքիդ ձայները տխուր
Ելնեին դեպի երկնային ոլորտ,
Պատռվեր պիտի Աստծո սիրտը խուլ:
Ասա՛, ուրեմն, այդ ի՞նչ ուժ ունի,
Ինչպե՞ս դիմանա իմ սիրտը չնչին
Բիրտ հարվածներին այդ սուր դաշույնի
Եվ կոմիտասյան երգի հառաչին:
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի