Լեո Լեո Վարդանյանի «Խորը Կարմիր»-ը՝ գույնի բացարձակ գերիշխանություն
 
            
             
             
            Վերջին քսան տարիների իր ստեղծագործական պրպտումների և ներհայեցողության համապատկերով Լեո Լեո Վարդանյանը ներկայանում է Ժամանակակից արվեստի թանգարանում՝ նոր անհատական ցուցահանդեսը վերնագրելով «Խորը Կարմիր»: Երկու տասնյակ տարիների ստեղծագործական ընթացք և ցուցադրված 52 գործ, քանի որ ընդգրկուն և մեծածավալ այս շարքից նկարիչը շատ գործեր պարզապես հանել է: Հետադարձ հայացքով գնահատելով անցած քսան տարիները, Լեո Լեո Վարդանյանը նշում է՝ պարբերաբար ակամա վերադարձել է կարմիրին, որը նկարչի ենթագիտակցության մեջ հիմնարար գույն է և ընդգծված մոգական խորություն ունի: Եվ միանգամայն օրինաչափ է, որ նոր ցուցադրական հայեցակարգով նկարիչը Կարմիրի այնպիսի տիեզերական ընդգրկում է ստեղծել, որն ամբողջության մեջ գույնի նրբերանգների, բազմազանության և տարատեսակների իսկական հայտնություն է:
Ցուցադրական այս ինքնօրինակ նախագիծն իր ամբողջության մեջ խիստ անձնական մոտեցումների և կատարելության ձգտման արդյունք է: Նկարիչը կարմիրի մեջ խտացրել է դեռ մանկությունից եկող զգայական ազդակներն ու վիզուալ պատկերները, որոնք հետագայում մի ամբողջ հեղինակային շարքի էին վերածվելու. «Առաջին անգամ սիրահարվեցի կարմիրի խորությանը, երբ մայրս բալի կոմպոտ էր պատրաստում։ Ես երբեք չէի շտապում խմել այն՝ հիանում էի նրա խորությամբ։ Մանկուց զգում էի, որ գույնը միայն տեսողական երևույթ չէ, այլ ավելին՝ մարմին, հիշողություն, գիտակցություն։ Այս շարքը նման է մի ընթացքի, որտեղ գույնը խտանում է տարածության մեջ և ճեղքում մակերեսը։ Այստեղ կարևորը կարմիրի ագրեսիվ ուժը չէ, այլ նրա հմայիչ խորությունը։ Ես պեղել եմ կարմիրը որպես ժամանակի տարր. այն կարող է լինել խիտ, թափանցիկ, տաք՝ նույնիսկ այրող։ Սա մի տարածություն է, որտեղ դու չես նայում, այլ մտնում ես՝ ինչպես հիշողության, հոտի, տաք օդի, ինչ-որ մեկի լուռ ներկայության կամ բացակայության մեջ»։
Իր մտորումների առանցքում պահելով Կարմիրի անսահմանության գաղափարը նկարիչն անընդմեջ ընդլայնում է անկեղծության ու ինքնաբացահայտումի սահմանագիծը՝ գիտակցելով անսահմանը՝ առանց կորցնելու սեփական փորձը։ «Խորը Կարմիր»-ի օրինակով Լեո Լեո Վարդանյանը վերահաստատում է, որ մեկ գույնը կարող է ընդգրկել ոչ միայն մարդկային հույզերը, այլև ոգեշնչումներն ու ներշնչանքները։ Եվ այդ նույն Կարմիրի մեջ հեղինակը վերագտել է իր Ռեմբրանդին, Վելասկեսին կամ այն բացահայտում է երգեհոնային երաժշտության և թավջութակի մեջ. «Բանից պարզվում է, որ այդ մի գույնի մեջ ժամանակին դու Ռեմբրանդին սիրել ես, Ռեմբրանդի խորը կարմիրն ես սիրել: Ասենք, սիրել ես Վելասկեսին, որովհետև նա էլ է ունեցել այդ խորը կարմիրը։ Այսինքն՝ ինքը քո նախասիրությունների մեջ նույնիսկ միավորող ուժ ունի: Հասկանում ես, որ երգեհոնային երաժշտության մեջ կա խորը կարմիր, նաև՝ թավջութակի մեջ ու բացահայտում ես, որ խորը կարմիրն էնքան ընդգրկուն է, որ ինչ-որ մի մատրիցայի մեջ ահագին բացում է քո անձի որոշակի մի մեծ մի շերտ»:
Լեոն «Խորը կարմիր»-ի ոչ միայն հեղինակն է, այլև ցուցադրական նախագծի համադրողը և անգամ լուսային ձևավորողը, ուստի բնավ պատահական չէ, որ հայեցակարգն իր ամբողջության մեջ՝ անգամ աննշան դետալները, օրինաչափորեն փոխկապակցված են միմյանց և կարևոր հեղինակային հղումներ ունեն. «Այս ամբողջ դասավորումները հիշեցնում են մոլորակների շքերթ, ասենք, մի հատ մեծ մոլորակ, հետո կողքը մի հատ արբանյակ, տիեզերքի սահմանային վիճակն է: Էսպես, այս գործերը շատ լրջորեն նախազգուշացնում են ինչ-որ տիեզերական գրավիտացիոն խախտումների մասին: Այսինքն՝ կարմիրը իր նախասկզբնական թրթիռով ու իր ամբողջ ուժով, իր ամբողջ հմայքով և խորությամբ ցույց է տալիս իր ոչ ագրեսիվ, այլ թաքուն, շատ խորը տիեզերական խորությունը։ Այսինքն, խորը կարմիրն այն գույնն է, որ մարդու գիտակցության մեջ կա՝ որպես տիեզերական նախասկիզբ, բայց ինքը թողնում է քեզ մարդկային որևէ թրթիռի վրա, ինքը չի կորցնում քեզ, որ մնաս զգացմունքիդ մեջ, մնաս հույսիդ մեջ, մնաս քո մարդկային տաքության մեջ, բայց նաև տիեզերքի հետ»։
Բազմաշերտ Կարմիրի այս շարքում բնապատկերային մի քանի գործեր հիշեցնում են շերտավարագույրից ներթափանցող մայրամուտի լույսը և դարձյալ ընդլայնում գույնի և մասնավորապես՝ Կարմիրի մեր ընկալումների սահամանագիծը՝ այն հասցնելով գույնի բացարձակ գերիշխանության:
Նունե Ալեքսանյան