Լույսի և բարու երգիչը

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ առիթով «ArtCollage»-ն իր  ընթերցողներին է ներկայացնում լիտվացի մեծ պոետ, թարգմանիչ և էսսեիստ Էդուարդաս Մեժելայտիսի «Լույսի և բարու  երգիչը» էսսեն՝ Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ: Սևակ-Մեժելայտիս թարգմանական տանդեմի արդյունքում հայերեն հնչեցին Մեժելայտիսի  և լիտվերեն՝ Սևակի լավագույն գործերը: Մեժելայտիսը մեծ ջերմությամբ ու սիրով է գրում  Սևակի մասին:

 

***  

 

 

Պարույր Սևակի հետ իմ ծանոթությունն այնքան էլ սովորական չէր, բայց, միաժամանակ, շատ սովորական ու բնական էր մեզ՝ 20-րդ դարի մարդկանց համար։ Նախապես իմացել էի, որ Հայաստանում՝ պոեզիայի այդ երկրում, տաղանդավոր թարգմանություններ են արվել լիտվական նորագույն պոեզիայից։ Այս թարգմանությունները դարձել էին երևույթ, որի մասին շատ էր գրվել ու խոսվել։ Ես շատ էի ուզում ծանոթանալ այդ երիտասարդ բանաստեղծի հետ, որը լիտվացի բանաստեղծներին թարգմանել էր հայերեն։ Բայց այն ժամանակ ծանոթությունը տեղի չունեցավ։ Պարբերական մամուլում ես հետևում էի այդ բանաստեղծի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակվող բանաստեղծություններին։ Դրանք ինձ թվում էին նոր ու հետաքրքիր։ Բայց այդ ժամանակ դրանք շատ չէին, այդ պատճառով էլ բանաստեղծի մասին լրիվ պատկերացում ես չկարողացա կազմել։

...Իսկ Պարույր Սևակն ու ես ծանոթացանք ոչ սովորական հանգամանքներում, երկրից շատ բարձր` օդանավում։ 20-րդ դարի ռեակտիվ թռչունը, լայնորեն բացած իր աստեղային թևերը, մեզ տանում էր Բուդապեշտ, ուր պիտի պոեզիայի շուրջ տեղի ունենար ասուլիս՝ աշխարհի տարբեր երկրների բանաստեղծների միջև։

Ամուր սեղմելով ձեռքս՝ իմ ուղեկիցը ներկայացավ, և մեր միջև անմիջապես լուրջ խոսակցություն սկսվեց։ Տպավորությունն այնպիսին էր, որ ինքնաթիռում սուրճ խմելով` մենք ասես շարունակում էինք երեկվա կիսատ մնացած զրույցը։ Մեզ արդեն վաղուց էին միացրել հարազատ կապերը, մոտիկ հայացքները, համանման չափանիշներն ու ստեղծագործական որոնումները։

Ես կողքից նայում էի իմ զրուցակցին, նրա յուրօրինակ դեմքին, նրա փայլատակող աչքերին, խիտ, խռիվ սև մազերին և փորձում էի վերհիշել, թե որտեղ եմ տեսել այդ դեմքը։ Ես երկար ժամանակ փորփրում էի հիշողությունս, բայց ապարդյուն։ Հանկարծ մտաբերեցի Վերածննդի վարպետների մի քանի կտավները։ Սկզբում ինձ թվաց, թե այդ դեմքը ես տեսել եմ Վերոնեզեի կտավի վրա. այդպիսի մի գանգրահեր երիտասարդ, հողի բարիքներով ծանրաբեռնված սկուտեղով, մոտենում է հարսանեկան սեղանին։ Նա մարդկանց խնդություն է բերում, և այդ պատճառով նկարիչն իր կտավում նրան պատկերել է առաջին պլանի վրա։ Այդ է նաև իսկական բանաստեղծի կոչումը։ Հետո ես հիշեցի ևս մի կտավ, այս անգամ արդեն՝ Ռուբենսինը։ Խաղողի որթերով փաթաթված, արևից ու գինուց կարմրած, անտառի ուրախ Պանը կարծեք կյանքի վայելք է սփռում։ Իմ զրուցակիցը հիշեցրեց ինձ նաև ռուբենսյան գանգրահեր Պանին։

Պարույր Սևակի անձնավորության մեջ, ինձ թվում է, ինչ-որ անտիկ բան կար. դա նկատվում էր նրա դեմքին, և՛ խոսելու ձևի մեջ, և՛ նրա լայն հոգում։ Այդ տպավորությունն էլ ավելի որոշակի դարձավ, երբ ես ծանոթացա նրա տաղանդավոր բանաստեղծական ստեղծագործությանը և հենց իր հետ։ Հայկական պոեզիայում Պարույր Սևակը եղել է խիզախ ու ինքնատիպ մարդ։ Այդպիսի մարդկանց սովորաբար անվանում են նորարար։ Ինչպես ժամանակին եղել են մեծ մարդասեր Նարեկացին կամ իմաստուն ռեալիստ Հովհաննես Թումանյանը, ինչպես ավելի ուշ՝ պոեզիայի կախարդ Ավետիք Իսահակյանը կամ հեղափոխական բոցաշունչ բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Բայց նոր ու խիզախ արժեքավոր խոսք պոեզիայում կարելի է ասել միայն այն ժամանակ, երբ լավ յուրացված է մարդկային ողջ պատմության փորձը։ Պարույր Սևակը ոչ միայն բանաստեղծ էր, այլև գիտնական։ Նաև՝ վերլուծող։ «Կարոտի տարրալուծումը» բանաստեղծության մեջ նա մեզ բացել է իր բանաստեղծական լաբորատորիայի վերլուծական մեթոդը.

 

Ես կարոտն եմ ուզում տարրալուծել

Քիմիկոսի նման, որ հասկանամ

Բնությունը նրա և խորհուրդը խորին։

 

Այսպիսով, Պարույր Սևակը մոտենում է ժամանակակից պոեզիայի մեթոդին, նրան հատուկ լաբորատոր տարրալուծմանը։ Վերլուծական դարը պահանջում է նաև վերլուծական խոսք։ Բանականությունը մարզում է ժամանակակից բանաստեղծի սիրտը։

Սևակի ստեղծագործական լաբորատորիայում գիտնականը լրացրել է բանաստեղծին, իսկ բանաստեղծը՝ գիտնականին։ Սիրտն ու միտքը խոսել են միևնույն լեզվով։ Սևակը բառիս բուն իմաստով ժամանակակից բանաստեղծ էր։ Նրա դինամիկ, խիստ ժամանակակից բառի ետևում կանգնած է մարդկության պատմական ու գեղագիտական ողջ հարուստ փորձը։ Եվ առաջին հերթին, իհարկե, իբրև սոցիալիստական մարդասիրության ներկայացուցչի, մտածողության ազգային կերպն արդեն համամարդկային փորձի մի մասն էր, այնպես, ինչպես ողջ ազգային մշակույթը։ Իմիտացիան նրա համար կլիներ կեղծ ազգային էժանագին սուռոգատ, նա չէր պատկերացնում իր ստեղծագործությունը սահմանափակված ու մեկուսացած։ Նրա սրտին մոտիկ են և՛ ալեհեր Արարատը, և՛ Վոլգայի տարերքը, և՛ սաթե Բալթիկան։ Նրան մոտիկ են և՛ Միսիսիպին, և՛ Հռենոսը, և՛ հեռավոր Կիլիմանջարոն։ Նրա ամենամեծ սերը Հայաստանն է, բայց նաև բովանդակ աշխարհը։ Աշխարհում ոչ մի բան օտար չի նրան, ամեն ինչ նրան հուզում է, ամեն ինչ կարևոր է ու մոտիկ։ Նրա քնարերգության մեջ դժվար չէ նկատել գենետիկական ազդակները, որ գալիս են հանճարեղ Նարեկացու փիլիսոփայական խորհրդածություններից, Սայաթ-Նովայի և հայկական միջնադարի մյուս քնարերգուների տաղերից, ինչպես նաև Եղիշե Չարենցի նորարարական ստեղծագործությունից։ Բայց այնտեղ հնչում են նաև Պուշկինի բանաստեղծական քնարի լարերը, զգացվում է Ուիթմենի բանաստեղծական ազատությունը, տրիբուն Մայակովսկու հասարակական ավանդույթների և Ռիլկեի մտորումների ազդեցությունը։ Ոսկու այդ հատիկները նա վերաձուլել է իր լաբորատորիայում՝ ստանալով ինքնատիպ բանաստեղծական մի ձուլվածք։ Նա, ինչպես ասել է Պոլ Էլուարը, մեկ մարդու հորիզոնից գնում է դեպի բոլոր մարդկանց հորիզոնը։ Պարույր Սևակը, հայկական բանաստեղծական խոսքի համար ճանապարհ հարթելով դեպի լայն աշխարհ, շարունակեց իր նախորդների ավանդույթները։ բայց եթե դուք ուզում եք հասկանալ նրա բանաստեղծական խոսքը, զգալ շքեղ կոլորիտը և լսել նրա երաժշտությունը, ապա անհրաժեշտ է ճանաչել նաև բուն Հայաստանը։ Դա զարմանալի երկիր է. նրա քարերն ու ջրերը, այգիներն ու դաշտերը շնչում են հավիտենությամբ։ Դա բարեբեր այն երկիրն է, որի վրա ճախրեցին աստվածաշնչյան Նոյի տապանից՝ Արարատից բաց թողնված հինավուրց առասպելների աղավնիները՝ ձիթենու կանաչ ընձյուղը կտուցներին։ Եթե իսկապես ինչ-որ ժամանակ աշխարհում եղել է ոսկեդար, և իսկապես ծաղկել են Եդեմական այգիները, ապա նրանց մեծ մասը, հավանաբար, այստեղ` Արարատյան դաշտում է եղել։ Վերջապես, անհրաժեշտ է, թեկուզ մոտավորապես, իմանալ այդ ժողովրդի բարդ, հերոսական պատմությունը, նրա մշակույթը։ Զարմանալի չէ, որ Հայաստանը մեր օրերում փառաբանվում է իր բանաստեղծություններով։ Որպեսզի աճեն այդ բանաստեղծները, հազարամյակներ շարունակ մշակութային և պատմական հող է պատրաստվել։ Նրանք ժառանգորդներն են հարստագույն մի գրականության։ Եվ մի՞թե մշտապես նոր չեն բանաստեղծական հին ավանդույթները հայ ժամանակակից լավագույն բանաստեղծների ստեղծագործություններում։ Իմ ծանոթությունը Հայաստանի հետ եղել է ծանոթություն մի հրաշալի աշխարհի հետ։ Ես մինչև այժմ փորձում եմ գուշակել հին խաչքարերի՝ քարե այդ հիերոգլիֆների առեղծվածը։ Մինչև այժմ ես չեմ բաժանվում Նարեկացու գրքից. նրա «Մատյան»-ն ինձ հիշեցնում է ծանր վիրավոր, բայց ծաղկի պես լուսավոր ու մաքուր հոգու ճիչ միջնադարյան անապատում։ Մեծ Կոմիտասի մեղեդիներում ես լսում եմ հայ ժողովրդի ողբը։ Իսկ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի գունեղ կտավները ինձ ապշեցնում են երևակայության թռիչքով։

Սոցիալիստական նոր Հայաստանը, նրա արվեստը ես կարողացա ճանաչել այդ երկրի ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններով, ինչպես նաև Պարույր Սևակի բանաստեղծություններով։ Եվ ինձ համար շատ է հասկանալի այդ բանաստեղծի խոստովանանքը.

 

Ա՜խ, իմ հայրենի՛ք...

Դու՝

Հազարամյա իմ ազգանո՛ւնը...

... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ...

Ես քո մամուռն եմ՝

Հինավուրց ու նոր քո կամուրջների

քարերի վրա...

 

Երբ ես լսում եմ Սևակի քնարի ոսկյա լարերի ղողանջը, իմ հիշողության մեջ հառնում են այդ երկրի անկրկնելի գույները, արթնանում է նրա խաղողի այգիների բույրը, և հնչում են նրա հոգեպարար երգերը։ Դա երջանիկ ու բանաստեղծական մարդկանց երկիր է, իսկ Արարատը նրա Օլիմպոսի գագաթն է։ Այստեղից էլ ողջ հայկական պոեզիայի մասշտաբը, այստեղից էլ իմ ընկերոջ՝ Պարույր Սևակի պոեզիայի մասշտաբայնությունը։ Հայաստանն ունի ընդօրինակման արժանի մեծեր։

Ի՞նչն է ամենից ավելի զարմացնում, և ի՞նչն է ամենից ավելի հիացնում հայ բանաստեղծի ստեղծագործության մեջ։ Ինձ թվում է` ինչ-որ առանձնահատուկ, ես կասեի՝ սևակյան հայացքը մարդու նկատմամբ։ Դա հստակ, նուրբ և շրջահայաց զգայունություն է։ Բարեկամական կարեկցանքն է յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Դա հստակ, նուրբ և շրջահայաց զգայունություն է։ Դժվարին պահերին վերընթերցում ես Սևակի բանաստեղծությունները, և հոգիդ թեթևանում է։ Նա բուժում է։ Նա ձեռք է մեկնում մարդուն, նրան է տալիս իր ուրախությունը և վարակում բանաստեղծական տրամադրությամբ։ Նա կատարում է այն, ինչ պարտավոր է կատարել յուրաքանչյուր իսկական բանաստեղծ. նա մարդուն մարդկայնացնում է։ Եվ դրա համար մենք հատկապես շնորհակալ ենք բանաստեղծից։ Ալեքսանդր Բլոկը բանաստեղծի կոչումը այսպես է բնորոշել.

 

Он весь-дитя добра и света,

Он весь-свободы торжество!

 

Հենց նույնը կարելի է ասել մեր թանկագին Պարույրի մասին։ Բլոկյան այս երրորդությունը՝ բարություն, լույս և ազատություն, փիլիսոփայական մի եռանկյունի է, որ ընկած է Սևակի բանաստեղծության հիմքում։ Որ կողմից էլ որ մենք նայելու լինենք, ամեն անգամ մեր դեմ կանգնում է հանգեցնել բանաստեղծական այդ հստակ երկրաչափությանը։ Այդպիսին է նրա տրամաբանության ճարտարապետական կառուցվածքը։ Սևակը աշխատել է ինչպես մաթեմատիկոսը, ինչպես ճարտարապետը, ինչպես նախագծողը։ Զարմացնում է նրա հաշվարկի ճշգրտությունը, նրա բանաստեղծական երկրաչափության բացառիկությունը։ Այդ երկրաչափական եռանկյան բուն կենտրոնում, անշուշտ, կանգնած է մարդը։ Բանաստեղծը մարդուն զննում է շատ մոտիկից, նրան տեսնում է կարծես «ափի մեջ»։ Բանաստեղծը մեզ է թողել իր գիրքը հենց այդ վերնագրով։ Փաստորեն դա եղել է նրա փիլիսոփայական բանաձևը և բանաստեղծական հավատամքը։ Նա լավ է զգացել սրտի բաբախումը յուրաքանչյուր մարդու` ականջը դնելով ուղղակի նրա կրծքին։ Եվ ինչի մասին էլ որ խոսել է, նրա բանաստեղծական լեզուն մշտապես եղել է զգայուն, մարդկային ու հարուստ։ Եվ ծրագրային բանաստեղծությունները, ինչպիսիք են օրինակ, «Ուզում եմ», «Հիանում ու հրճվում եմ», «Ատում եմ», «Խոստանում եմ», և նրանք, որոնց մեջ բացահայտվում են մարդկանց առօրյա և միաժամանակ էական հոգսերը, լեցուն են մարդկային խոր բովանդակությամբ։

 

Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,

որ կարապը ապրի երգով։

Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի,

ոչ թե իզուր՝ ծովի վրա,

Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի,

ոչ թե օձեր ու մողեսներ...

 

հայտարարել է բանաստեղծը իր «Ուզում եմ» ծրագրային բանաստեղծության մեջ։ «Փոստային լեզվով» բանաստեղծությունը նույնպես տոգորված է հումանիստական խոհով.

 

Ես մարդ եմ կոչվում, եթե ոչ - ասե՞մ-

Պիտի կոչվեի հեռագըրատուն,

Որ ունի... լոկ մի հեռագըրավար։

 

Աշխարհի բոլո՜ր, բոլո՜ր ծայրերից

Անծանոթ, անհայտ մարդիկ բյուրավոր

Դարձըրել են ինձ գաղտնարանն իրենց,

Առանց ավելորդ որևէ բառի,

Մինչևիսկ առանց կետադըրության,

Գաղտնիքներն իրենց ինձ են վստահում...

 

Իմանալ նվիրական գաղտնիքները մարդկանց -կապել սիրտը սրտի, մարդուն մարդու հետ -այս է, երևի բանաստեղծի կոչումը։ Մեր օրերում քիչ չի խոսվել ինքնաբավ պոեզիայի մասին, ծայրահեղ անհատապաշտությունը, բնականաբար, ծնում է նաև անհաղորդ պոեզիա, կապերը մարդկանց միջև կտրվում են, և ոչ մի կերպ չես կարող դրանք վերականգնել։ Ավելորդ է դառնում նաև հենց ինքը՝ կապավորը, որի անունն է բանաստեղծ։ Այսպիսով, անհատապաշտական հակահումանիզմը դուրս է մղում բանաստեղծական հումանիզմը։ Իսկ անհատապաշտական հակահումանիզմի համար բանաստեղծի՝ մարդկային սրտերի կապավորի օգնությունն անհրաժեշտ չէ։ Բայց բանաստեղծի դերը Պարույր Սևակի պատկերացմամբ այսօր որևէ չափով չի փոքրացել։ Այդ բանաստեղծությունը բացահայտվում է նաև պոեզիայի կոչման նկատմամբ բանաստեղծի հայացքը։ Նա ճշմարիտ պոեզիայի կողմնակից է, պոեզիա, որ մարդուն պաշտպանում է օտարացումից և փաստորեն, հակամարդկայնությունից։ Հենց սա է այսօր մեր պոեզիայի մարդասիրական առաքելությունը, որի դրոշը բարձրացրել ու տանում են սոցիալիստական դարաշրջանի մարդասերները։ «Ուրիշների ցավն ու խնդությունն իմ սրտին այնքան մոտ է»,- հայտարարել է բանաստեղծը՝ մարդկանց իսկական կապավորը։ Եվ իր հավատամքը նա հաստատել է բազմաթիվ բանաստեղծություններում, որոնց մեջ նա խոսում է մարդկանց ամենօրյա գործունեությունից և փոխհարաբերություններից, որ լի են սիրով ու ինքնահրաժարումով, բուրում են հանապազօրյա հաց ու գինի, կյանք են բուրում։ Ուզում եմ նշել մի շատ գեղեցիկ բանաստեղծություն, որի բանաստեղծական մտքի հիմնական լիցքը ընկնում է «բարև» բառի վրա։ Բանաստեղծությունն այդպես է կոչվում՝ «Բարև»։ Մեզ լավ հայտնի է այդ բառի իմաստը, վաղուց ի վեր ընդունված է, որ մարդ ուրիշ մեկի հանդիպելիս սրտանց մաղթում է նրան բարիք, ողջություն։ Այդ բառի մեջ դարերի իմաստություն է խտացված։ Պարույր Սևակը այդ բառը վերակերտում է իր բանաստեղծական կախարդանքով։ Նա իրեն հանդիպած յուրաքանչյուր մարդու մաղթում է քաջառողջություն, բարեկեցություն։ Եվ ոչ միայն մարդուն. նույնը ցանկանում է և՛ թռչուններին, և՛ ամպերին, և՛ հողին։ Նույնիսկ մահը, լսելով այդ կախարդական բառը, պարտավոր է հասկանալ, որ շատ շուտ է եկել։ Ուրեմն, դա ուղղված է մարդուն, որից հեռանում է մահը։ Ինչո՞ւ է այս բառը այդքան կախարդող։ Ինչո՞ւ է նրա իմաստը այդքան մարդասիրական։ Կարծում եմ, որ ոչ թե չարը, այլ նրա հակադրությունը՝ բարին, ոչ թե մահը, այլ ապրելու ու ստեղծելու կամքն է նրա բարոյաէթիկական հիմքը։ Բանաստեղծը հավատում է, խորապես է հավատում մեր մարդասիրական սկզբունքներին, որոնք կարող են փոխել չարությամբ վարակված աշխարհը, որովհետև մարդկայնությունը հսկայական ուժ է և մարդկանց ձեռքում կարող է հրաշք գործել։ Այդպիսի հրաշքի էլ հավատացել է բանաստեղծը, երբ ասել է. «Մարդն էլ՝ Մարդ դառնար իրոք...»։ Բայց «բարև» բառը մեր բանաստեղծի համար ունեցել է նաև ուրիշ իմաստ.

 

-Բարև,-

Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝

Կնքված անձնագիր ցույց տալու նման,

Կենսագրություն պատմելու նման,

Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։

 

Նրա համար պոեզիան անձնագիր է, կենսագրություն։ Ի՞նչ է այդ նշանակում։ Այդ նշանակում է, որ պոեզիան բանաստեղծի համար խորապես քաղաքացիական գործ է։ Պոեզիան գեղեցիկ խաղ չէ, ինքնանպատակ բան չէ, այլ հասարակական պարտք։ Եվ բանաստեղծին այնպիսի ազատություն է պետք, որ նրան թույլ տար իրականացնելու այդ գործը, իրագործելու իր բանաստեղծական իդեալը, որ բանաստեղծը պատկերացրել է մարդուն ծառայելու մեջ.

 

Բարի երազս՝ ձե՜զ, սիրելինե՛ր,

Ու ձեր մղձավանջն ի՛նձ, ձեր սիրելո՜ւն...

 

Պարույր Սևակը խոր մտածող, փիլիսոփա բանաստեղծ է։ Նրան կարելի է անվանել քնարական մտածող։ Բարդ, բայց ոչ արհեստականորեն բարդացված, նորարարական, բայց ոչ ուլտրաժամանակակից է նա, ունի ճշմարիտ ճաշակ, նրան երբեք չի դավաճանում չափի զգացումը։ Հնարավոր է, որ այս ամենը գալիս է նրա «անտիկ ինտուիցիայից». պայմանավորված է բնածին կուլտուրայով։ Սևակը երգիչն է մտքի, ազատության ու մարդկության։ Նա ինքը խոր մտածող է և ստիպում է մտածել նաև ուրիշներին, ինքը ազատվում է անցյալի նախապաշարումներից և ստիպում է ընթերցողին հետևել իրեն։ Նա ձգտում է մարդկային կատարելության՝ ազնվության, բարության, ինքնազոհության, և նույնը պահանջում է ուրիշներից։ Երբեմն նրա պոեզիան մեզ գերում է ռոմանտիկական անզուսպ պոռթկումով, երբեմն էլ սիրտդ խոցում է դրամատիզմով լեցուն մեղեդիներով։ Մեզ գերում է նրա՝ ժողովրդական թեթև հումորով ու ինքնահեգնանքով տոգորված քնարական հստակ ձայնը։ Բանաստեղծը իրեն հատուկ հեգնանքով հաճախ բացում է իր տառապած սիրտը, իսկ հաճախ էլ նրա պոեզիայում լսվում է զենքի շառաչ։

Սիրային քնարերգությանը լրացնում է նրա բանաստեղծական խոստովանանքը։ Այստեղ է, որ սովորաբար բանաստեղծին դարանում են տարբեր վտանգներ։ Բայց Սևակը այստեղ էլ հեռու է մնում սովորական ծամծմվածությունից. նրա համար սերը առաջին հերթին սեր է մարդու նկատմամբ։ Դա մի մասն է նույն այն մարդասիրության։ Նրա քնարերգությունը բարդ դրամա է։ Նա սիրո մասին ևս գրում է առաջին ձյան պես մաքուր բառերով։ Նրա սերը հնավանդ հեքիաթ է։ Տրիստանի և Իզոլդայի մասին լեգենդ, հինավուրց Շահրազադե.

 

-Իմ սիրտը

Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել,

Իսկ ո՞ւր է հապա,

Ո՞ւր է գիշերը հազարմեկերորդ,

Մինչև վերջ պատմել ինչո՞ւ չես ուզում,

Ինչո՞ւ չես ուզում,

Իմ Շահրազադե։

 

Նրա բանաստեղծությունների վերջին գիրքը խորհրդածություն է լույսի փիլիսոփայական ըմբռնման շուրջ և լույսի բանաստեղծական փառաբանություն։ Գիրքն այդպես էլ կոչվում է «Եղւցի լույս»։ Այս գրքով էլ պսակվում է նրա բանաստեղծական երկրաչափության եռանկյունին։ Իրականացվել է նրա ստեղծագործական իդեալը, նրա բանաստեղծական մտքի կառուցվածքը ավարտված է համաչափորեն։ Լույսը այստեղ զուտ բանաստեղծական փոխաբերություն է։ Հասկանալի է, որ նա հակոտնյան է խավարի։ Լույսի ու ստվերի խաղերով բանաստեղծը կարող է ավելի բացահայտել մեր դարաշրջանի մութ ու լուսավոր կողմերը։ Բանաստեղծի ողջ էությունը, նրա անհանգիստ խառնվածքը ըմբոստանում է չարի ուրվականների, խավարամոլների դեմ։ Դրա համար էլ նրա հոգին բացված է մեծ լույսի առաջ, որը բխում է հավիտենական բարության, ճշմարտության ու գեղեցկության կենսատու աղբյուրից։ Եվ «Եղիցի լույս» գիրքը բացող «Առավոտ լուսո», «Լույս զվարթ» բանաստեղծություններին անհրաժեշտ է նայել` իբրև բանաստեղծական պատկերի, որի հասցեն մեր դրամատիկական ժամանակաշրջանն է, ամբողջ աշխարհը և վերջապես, ողջ տիեզերքը։ Դա բանաստեղծական ապոթեոզ է, որտեղ լույսը, հույսը, խնդությունը պայքարում են ընդդեմ խավարի, հուսահատության ու ցավի։

1971 թվականին Պարույր Սևակը զոհվեց ավտովթարից։ Մեզ մնաց միայն լույսը, որ գալիս է ազնվաբարո մարդուց, և նրա անձնագիրը՝ արյունով գրված հարցաթերթիկը՝ գեղեցիկ պոեզիան։ Նա մեզ թողեց իր բանաստեղծական մտքի` ճարտարապետորեն կատարյալ, համաչափորեն ավարտուն, ստեղծագործական գեղեցիկ ձևավորված հուշարձանը։

 

Թարգմանությունը՝

Ֆելիքս Բախչինյանի

1975 թ.