Լուռ ձյուն, գաղտնի ձյուն

Բայց ինչու պետք է դա տեղի ունենար, կամ ինչու պետք է տեղի ունենար հենց այն ժամանակ, երբ տեղի ունեցավ․ նա, իհարկե, չէր կարող ասել, ոչ էլ գուցե մտքով անցներ որևէ մեկից հարցնել։ Նախ և առաջ, դա գաղտնիք էր, մի բան, որը պետք է թաքցներ մորից ու հորից, և հենց այս առեղծվածի մեջ էր թաքնված ամբողջ հմայքը։

Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ, առանց որևէ մեկին ցույց տալու, գրպանումդ մի զարմանալի գեղեցիկ բան ես պահում՝ հազվագյուտ նամականիշ, հին մետաղադրամ, բարակ ոսկյա շղթայի մի կտոր, որը տրորվել է այգում, իսկ դու գտել ես այն ու պահում ես անվերջ աճող ջերմ ու քաղցր զգացումով:

Դա ոչ միայն սեփականություն ձեռք բերելու մասին էր, այլ նաև՝ այն պաշտպանելու։  Ինչ-որ անհասկանալի կախարդանքով, գաղտնիքը դարձավ նրա ամրոցը, որի հետևում նա կարող էր թաքնվել զարմանալի մենության մեջ։ Եվ, ի հավելումն այս ամբողջ տարօրինակության, այս գաղտնիքը գրավել էր տղայի միտքը ու հիմա, դասին նստած, արդեն հարյուրերորդ անգամ էր հայտնվում աչքի առաջ։

Ընթանում էր աշխարհագրության դասի երկրորդ մասը։ Տիկին Ռոբինսոնը մեկ մատով դանդաղորեն պտտեցնում էր սեղանին դրված հսկայական գլոբուսը։ Կանաչ և դեղին մայրցամաքները մեկը մյուսի հետևից լողալով հայտնվում էին, որոնց հետևում էին հնչած հարցերի պատասխանները, իսկ Աստրիթը, աղջիկ՝ ում պարանոցին պեպենների զվարճալի խումբը նման էր Մեծ արջի համաստեղությանը, պատմում էր տիկին Ռոբինսոնին, որ հասարակածն այն գիծն է, որն անցնում է երկրի ուղիղ միջնամասով։

-Ահա թե ինչ, ուրեմն Երկիրը գոտի է կրում։ Կամ ինչ-որ մեկը դրա շուրջը գիծ է քաշել։

-Օ՜հ ոչ, ես նկատի ունեմ․․․

Տղան բոլորի հետ չէր ծիծաղում․ նա միայն թեթևակի ժպտաց։ Հիմա մտածում էր Արկտիկայի և Անտարկտիկայի մասին, որոնք գլոբուսի վրա, իհարկե, սպիտակ էին։ Տիկին Ռոբինսոնը խոսում էր արևադարձների ու ջունգլիների մասին, հասարակածային ճահիճների սաստիկ շոգի մասին, որտեղ թռչունները, թիթեռները և նույնիսկ օձերը կենդանի գոհարների են նման։ Իսկ ինքը մտածում էր այն առաջին առավոտվա, ապա՝ բոլոր մյուս առավոտների մասին․․․

Եվ, այնուամենայնիվ, չդադարելով լսել տիկին Ռոբինսոնին, որն արդեն հասցրել էր տեղափոխվել Հյուսիսային կիսագնդի բարեխառն լայնություններ, փորձեց արթնացնել առաջին առավոտվա հիշողությունը։ Դա տեղի էր ունեցել արթնանալուց մեկ-երկու վայրկյան անց կամ գուցե հենց արթնանալու պահին։ Իսկ ո՞վ կարող է ասել, թե որտե՞ղ է արթնանալու այդ հստակ սահմանված պահը:

Ինչպե՞ս է մարդն արթնանում, անմիջապե՞ս, թե՞ աստիճանաբար։ Այդ առավոտ նա ծուլորեն ձեռքը մեկնեց մահճակալի վերին հատվածի տախտակին, հորանջեց, ապա նորից ընկղմվեց տաք վերմակի տակ՝ երախտապարտ լինելով, որ հենց այդ տեսքով է ժամանել դեկտեմբերյան առավոտը։ Հանկարծ, առանց որևէ պատճառի, նա մտածեց փոստատարի մասին, հիշեց փոստատարին։ Դրանում, թերևս, ոչ մի տարօրինակ բան չկար, չէ՞ որ ամեն առավոտ նա լսում էր, թե ինչպես են նրա ոտնաձայները մոտենում փողոցի ծայրից։ Ոտնաձայները մոտենում էին՝ ավելի ուժեղանալով։ Դրան հետևում էր երկու թակոց յուրաքանչյուր դռանը, ապա՝ փոստատարը քայլերն ուղղում էր դեպի հենց իրենց դուռը, ու սարսափելի ուժգին թակոց էր լսվում, որից ամբողջ տունը ցնցվում էր։

(Տիկին Ռոբինսոնը շարունակում էր բացատրել. «Հյուսիսային Ամերիկայի և Սիբիրի հսկայական տարածքները լի են ցորենի մշակաբույսերով…»։

Աստրիթը մի պահ ձախ ձեռքը դրեց պարանոցի հետևի մասում:)

Հենց այդ առավոտյան, հենց առաջին առավոտյան, աչքերը փակ պառկած, չգիտես ինչու, սպասում էր փոստատարին։ Նա ուզում էր լսել ոտնաձայները, որ թեքվում են փողոցի անկյունից։ Բայց, տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ: Անկյունից ոտնաձայներ այլևս չլսվեցին։ Երբ ոտնաձայները վերջապես լսելի դարձան, փոստատարն արդեն մոտեցել էր առաջին տանը՝ մի փոքր իջնելով փողոցով, բայց ոտնաձայներն անսովոր և տարօրինակ մեղմ էին լսվում, նույնիսկ՝ խորհրդավոր, ու,  թեև նրանց ռիթմը չէր փոխվում, բայց նրանք խոսում էին այլ բանի մասին․ այն ասում էր խաղաղություն, ասում էր հեռավորություն, ասում էր ցուրտ, ասում էր քնել։

Հանկարծ ամեն բան պարզ դարձավ․ գիշերը ձյուն էր եկել, մի այնպիսի ձյուն, որին անհամբերությամբ սպասում էր ամեն տարի։ Դա էր պատճառը, թերևս, որ փոստատարի առաջին քայլերն անլսելի էին, իսկ հաջորդները՝ այդքան հանգիստ: Դե իհարկե։ Ի՜նչ հրաշք։ Ձյունը դեռ չի դադարել, այն կշարունակի տեղալ ամբողջ օրը. Երկար, սպիտակ գծերը կոլորվեն, կսողան փողոցով, հին տների երեսներով, կշշնջան ու կլռեն, սպիտակ եռանկյուններ կկազմեն սալաքարերի միջև, կպառկեն ձնակույտի մեջ և այդպես՝ մի ամբողջ օր՝ դառնալով ավելի ու ավելի խորը, ավելի խորն ու լուռ։

(Տիկին Ռոբինսոնն ասաց. «Հավերժական ձյան երկիր»):

Այս ամբողջ ընթացքում (իհարկե, անկողնում պառկած) նա չբացեց աչքերը՝ լսելով փոստատարի մոտենալը, նրա խուլ քայլերի թփթփոցը, իսկ մնացած բոլոր ձայները՝ դռան կրկնակի թակոց, հեռավոր, ցրտաշունչ ձայներ, սառցաբեկորի տակից եկող զանգի պես բարակ ու թույլ զանգի ղողանջ, ուղղակի անջատվել էին, ասես մի աստիճան հեռու լինեին իրականությունից, ասես ամբողջ աշխարհը պատված լիներ ձյունով։ Եվ երբ, վերջապես, նա ուրախությամբ բացեց աչքերը և հայացքը հառեց դեպի պատուհանը, որպեսզի իր աչքերով տեսնի այս երկար սպասված և այդքան պարզ պատկերացված հրաշքը, հանկարծ տեսավ շլացուցիչ արևի տակ շողացող տանիքներ, հետո ապշած վեր թռավ անկողնուց և դուրս նայեց՝ ակնկալելով տեսնել ձյունածածկ սալաքար, իսկ փոխարենը տեսավ ընդամենը մի սալաքար՝ փայլուն ու մերկ։

Այս տարօրինակ իրավիճակն ուղղակի հարված էր նրա համար․ տեղացող ձյան զգացողությունը չէր լքում նրան ամբողջ առավոտ․ նոր տեղացող ձյան գաղտնի վարագույրը՝ իր և աշխարհի միջև: Իսկ եթե սա երազ էր․.․ բայց ինչպես կարող էր դա երազ լիներ, եթե ինքը քնած չէր։

Ինչպե՞ս էր սա բացատրվում։ Ինչ էլ որ լիներ, պատրանքն այնքան իրական էր ստացվել, որ փոխել էր նրան ամբողջովին։ Հիմա նա այլևս չէր կարող հիշել, թե որ առավոտն էր՝ առաջինը, երկրորդը, կամ գուցե երրորդը, որ մայրը նկատեց իր տարօրինակ պահվածքը։

-Ի՞նչ է պատահել քեզ, փոքրի՛կս,- հարցրեց նա նախաճաշի ժամանակ,-դու կարծես ընդհանրապես մեզ չես լսում․ արդեն երրորդ անգամն է, որ խնդրում եմ ափսեն փոխանցես։

Որքան հաճախ դա տեղի ունեցավ հետո։

 

***

Ինչպե՞ս կարող ես դա բացատրել մորդ կամ հորդ։ Չէ՛, այստեղ ոչինչ անել չես կարող։  Միակ բանը, որ կարող ես անել, ամոթխած ծիծաղելն է, մի փոքր ամաչող ձևանալը, ներողություն խնդրելը և հանկարծակի և որոշ չափով անազնիվ հետաքրքրություն ցուցաբերելը արվածի կամ ասածի նկատմամբ:

Ոչ մայրիկ, այո մայրիկ: Դպրոցում ամեն բան լավ է ընթանում։ Երկրաչափությունը շատ հեշտ է։ Պատմությունը շատ ձանձրալի է։ Աշխարհագրությունը շատ հետաքրքիր է, հատկապես, երբ այն  գնում է դեպի Հյուսիսային բևեռ: Ինչո՞ւ Հյուսիսային բևեռ: Օ, լավ կլիներ հետախույզ լինել։ Հայացքը հառելով իր ափսեի մեջ դրված պուդինգին՝ նա լսեց, սպասեց և ևս մեկ անգամ լսեց, չգիտեր էլ՝ ավելի շատ լսում է, թե զգում այդ լուռ ձյունը։

Պետք է վեր կենալ, գնալ նախաճաշելու, խոսել մոր հետ, գնալ դպրոց, դասերը սովորել, և այս ամենով հանդերձ, փորձել շատ հիմար չթվալ: Ու ինչ, եթե այս ամբողջ ընթացքում փորձում էր քաղել մեկ այլ՝ միանգամայն առանձին գոյության ամբողջ հմայքը, ապա այն, որի մասին հնարավոր չէր հեշտությամբ (եթե ընդհանրապես) խոսել, ինչպե՞ս կարելի է համադրել։

Երեկ վեցերորդ տան մոտ էր փոստատարը, երբ ոտնաձայները լսելի դարձան. ձյունը հիմա շատ ավելի խորն էր, այն ավելի արագ և ուժեղ էր թափվում, նրա թրթռոցի ձայնն ավելի հստակ էր, ավելի հանգստացնող, ավելի համառ:

Ամեն օր ավելի ու ավելի դժվար էր դառնում վեր կենալ անկողնուց, մոտենալ պատուհանին, նայել՝ ինչպես միշտ կատարյալ դատարկ ու անձյուն փողոցին: Ամեն հաջորդող օրն ավելի դժվար էր դառնում նախաճաշի շուրջ ողջունել հայրիկին ու մայրիկին, պատասխանել նրանց հարցրեին, վերցնել գրքերն ու գնալ դպրոց։

Իսկ դպրոցում որքան անսովոր ու դժվար էր հաջող կերպով երկակի կյանք վարելը։

Ձյան ուրվականը, որը թափվում էր արևի պայծառ լույսի տակ, մեղմ ու հաստատուն լողում և պտտվում ու կանգ էր առնում, անխռով հանդիպում էր ձյանը։ Ա՜խ, որքան էր դա դուր գալիս նրան, որքան էր նա սիրում դա։

Այդ գեղեցկությունը կաթվածահար էր անում ամեն բան աշխարհում, այն վեր էր բոլոր բառերից, փորձառություններից և դուրս էր բոլոր երազանքներից։ Նրա կարդացած ոչ մի հեքիաթ չէր կարող համեմատվել այդ գեղեցկության հետ. ոչ մեկը նրան երբեք չէր տվել եթերային գեղեցկության այս արտասովոր համադրությունը։

Սա ի՞նչ բան է։ Ինքն այնտեղ էր, բայց արդյոք ամեն ինչ հենց այն նույն առավոտվա նման էր տեղի ունենում, երբ ինքը դեռ լիովին արթնացած չէր: Եվ նույնիսկ հիմա, մի՞թե փոստատարը դեռ չէր թեքվել փողոցի անկյունից…

 

***

Ճաշից հետո սկսվեց հարցաքննությունը։ Նա կանգնել էր բժշկի առջև՝ լամպի լույսի տակ և լուռ ենթարկվում էր հրահանգներին։

-Հիմա, խնդրում եմ, ասա «Ա՜աա»:

-Ա՜աաա

-Եվ հիմա ևս մեկ անգամ, եթե դժվար չէ:

-Աաա․․․

-Դանդաղ ասա ու ավելի երկար...

-Ա-ա-ա-ա-ա-ա-ա...

-Հիանալի է։

Աստվա՛ծ իմ, ի՜նչ հիմարություն: Սա ի՞նչ կապ ունի կոկորդի կամ սրտի կա՛մ թոքերի հետ։

-Ասա ինձ, քեզ ինչ-որ բա՞ն է անհանգստացնում։

Բժիշկը նորից ժպտաց։ Ի՞նչ պատասխանել նրան: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է պատասխանի նրան: Որքան է հոգնել այս ամենից՝ դիմադրել, զգույշ լինել, ասես անընդհատ կանգնած լիներ վառ լուսավորված բեմի վրա, իրեն զգալով ինչպես մի ձուկ, որին հանել են ակվարիումից ու փորձում են ձեռքով բռնել պոչից։

-Չէ, ինձ ոչինչ չի անհանգստացնում։ Ես ուղղակի մտածում եմ։

-Ինչի՞ մասին։

-Ձյան։

-Ինչի՞ մասին,- հոր ձայնն էր։

-Սիրելի՛ս, ի՞նչ ես խոսում, -մայրն էր։

Բժիշկը միայն նայեց։

Առանց այլ բառ ասելու, տղան շրջվեց և վազեց աստիճաններով վեր։

 

***

Մութը երկար սև ալիքներով էր հայտնվում։ Մերկ սև հատակը նման էր ձյան ալիքների մեջ նետված մի փոքրիկ լաստանավի։ Ձյունը ծիծաղում էր. միանգամից ներս էր լցվում բոլոր կողմերից, ապա ավելի մոտեցավ տղային, երբ վերջինս վազեց ու ցնծալով թռավ իր անկողնու մեջ։

-Լսի՛ր մեզ։ Մենք եկել ենք պատմելու խոստացված հեքիաթը։ Հիշո՞ւմ ես։ Պառկի՛ր։ Փակի՛ր աչքերդ, հիմա, քեզ տեսնելու բան չի մնացել, ո՞վ կարող է տեսնել այս սպիտակ մթության մեջ: Լսի՛ր․․․

Ձյան գեղեցիկ, տարբերվող պարը սկսվեց սենյակի դռան մոտից, հետո այն առաջ եկավ, հարթ նստեց հատակին, այնուհետև շատրվանի նման բարձրացավ առաստաղն ի վեր, օրորվեց, ապա փաթիլների մի նոր հոսք ծիծաղելով ներս լցվեց։ Այն ասում էր խաղաղություն, այն ասում էր սառնություն, այն ասում էր ․․․

Բայց հետո բացվող դռնից մի սարսափելի դաժան լույս ընկավ սենյակով մեկ․ ձյունը հետ քաշվեց։ Ինչ-որ այլմոլորակային մտավ սենյակ, ինչ-որ թշնամական բան: Ասես նա պետք է ձեռք մեկներ դեպի այդ մյուս աշխարհը, որից այնքան քիչ բան էր հիշում։ Նրան ասես հանկարծակի պոկել էին իր մյուս կյանքից։

-Մայրի՛կ, հեռացի՛ր, ես ատում եմ քեզ։

Բայց հետո տատանվող գծերը սվսվալով վեր բարձրացան՝ նմանվելով ծովի հսկայական ալիքի, հետո շշուկը դարձավ ավելի ուժեղ, մոլագար ու կատաղի։

-Լսի՛ր։ Մենք քեզ կպատմենք վերջին, ամենագեղեցիկ և գաղտնի պատմությունը։

Փակի՛ր աչքերդ, հիմա մի փոքր պատմություն կլսես, պատմությունը գնալով ավելի է փոքրանում․ այն ծաղիկի պես բացվելու փոխարեն ներս է գնում՝ դառնալով սերմ, ավելի սառը փոքրիկ մի սերմ․․․ լսո՞ւմ ես, այսպես մենք ավելի մոտ ենք քեզ։                                                                                    Սվսվոցը վերածվեց մռնչյունի, ամբողջ աշխարհը վերածվեց ձյան հսկայական շարժման, բայց հիմա էլ այն շարունակ ասում էր խաղաղություն, ասում էր հեռավորություն, ասում էր ցուրտ է, ասում էր՝ քնել:

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի