Լուսինե Սարգսյան. «Ճանապարհ, որ հնարավոր չէ անցնել առանց սիրո»
«ArtCollage»-ի զրուցակիցն է ճանաչված պարուհի, «Բարեկամություն» համույթի մենապարուհի, բալետմայստեր Լուսինե Սարգսյանը: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ Լուսինե Սարգսյանի կյանքն ու ստեղծագործական ճանապարհն անխզելիորեն կաված են դասական պարի հետ, որը նրան հնարավորություն է ընձեռել հանդես գալ ոչ միայն որպես մենապարուհի, այլև զբաղվել պարային բեմադրական աշխատանքով, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը կիսել իր սաների հետ:
Նունե Ալեքսանյան -Ընդունված է համարել, որ բալետն ընտրություն է հետագա ամբողջ կյանքի համար: Գիտեմ, որ շատ վաղ տարիքում եք կատարել ձեր ընտրությունը: Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք բալետը:
Լուսինե Սարգսյան -Բալետի պարուհու մասնագիտությունն ինձ համար ընտրել է մայրս։ Պետք է ասեմ, որ մեր հարևանն էր Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը, որը հետագայում դարձավ Եվրոպայի լավագույն թատրոններից մեկի մենապարողը։ Նրան տեսնելով՝ մայրս խնդրեց, որ նա մի փոքր պարապի ինձ հետ, որպեսզի ես էլ փորձեմ ընդունվել պարարվեստի ուսումնարան։ Եվ դա վճռորոշ եղավ իմ մասնագիտական կողմնորոշման համար: Այդպես էլ սկսվեց բալետային արվեստում իմ ճանապարհը։ Ես ընդունվեցի Երևանի պարարվեստի ուսումնարան և արդեն առաջին իսկ օրվանից սիրահարվեցի բալետին, պարին, այդ նրբագեղ արվեստին, նաև այդ հիանալի շենքին և այնտեղ տիրող յուրահատուկ ստեղծագործ մթնոլորտին։
Ն.Ա. -Դուք Երևանի պարարվեստի ուսումնարան ընդունվեցիք 90-ականների ամենաբարդ և ծանր շրջանում, երբ երկիրը սոցիալ-տնտեսական ցնցումների մեջ էր և, Երևանն էլ թաղված էր խավարի ու ցրտի մեջ: Բայց ես, օրինակ, հրաշալի հիշում եմ, թե ինչ դժվարությամբ, ծանր գնով և ինչպիսի ահռելի ջանքերի շնորհիվ էր Թերեզա Գրիգորյանը պահպանում կրթօջախի անխաթար գործունեությունը: Հիմա մտածում եմ, որ դա իսկական սխրանք էր, այդ անմարդկային պայմաններում պահպանել դասական պարի կրթօջախը: Դուք ինչպիսի՞ հիշողություններ եք պահպանել այդ շրջանից:
Լ.Ս. - Ես շատ լավ եմ հիշում իմ ուսանողական տարիները։ Այո, դրանք բավականին դժվար տարիներ էին՝ ցուրտ ու մութ: Սակայն ամեն անգամ, երբ մտնում էինք ուսումնարան, թվում էր՝ բոլոր դժվարությունները մնում են ուսումնարանի պատերից դրուս։ Այնտեղ արդեն ամբողջությամբ գերիշխում էր արվեստի մթնոլորտը, որը մեզ ուժ էր տալիս շարունակելու։ Իհարկե, դժվարությունները շատ էին, հատկապես՝ ձմռանը։ Պարասրահները մեծ էին, տաքացման պայմանները՝ սահմանափակ, իսկ այսօրվա հարմարությունները պարզապես չկային։ Հատակը փայտյա էր, և մենք այն ջրում էինք, որպեսզի չսայթակենք, արդյունքում այն ավելի էր սառչում, բայց նույնիսկ այդ պայմաններում մեր սերն ու նվիրումը պարի հանդեպ հաղթահարում էին ցանկացած խոչընդոտ։ Ես նաև բախտ եմ ունեցել աշխատելու Թերեզա Գրիգորյանի հետ, որը մեզ դասավանդում էր դերասանի վարպետություն։ Նա շատ խստապահանջ էր, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց հոգատար։ Նրա խստության մեջ միշտ մեծ սեր ու պատասխանատվություն էր զգացվում:
Ն.Ա. -Գիտեմ,որ երկար տարիներ եղել եք Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանի սանուհին և շատ բան եք սովորել նրանից: Բայց ենթադրում եմ, որ համաշխարհային բալետում կան անուններ, որ մեծապես ոգեշնչել են ձեզ և նրանցից էլ ինչ-որ բաներ սովորել եք: Ո՞ւմ անունները կառանձնացնեիք բալետի մեծերի շարքում:
Լ.Ս. - Այո, շատ աստղեր կան, որոնցից ես ոգեշնչվել եմ և մինչև օրս շարունակում եմ հետևել համաշխարհային բալետի մեծ արտիստների ստեղծագործությանը։ Բայց եթե խոսեմ հատկապես այդ տարիների մասին, նախևառաջ, իհարկե, կարող եմ առանձնացնել Մայա Պլիսեցկայաին, Աննա Պավլովային և Սիլվի Գիլյեմին: Նրանց արվեստը, բեմական ներկայությունը և հզոր արտիստիզմը միշտ մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա։ Հետագայում ես շատ-շատ ոգեշնչվել եմ նաև Ագրեպինա Վահանովայով, որն ուներ հայկական արմատներ: Իրականում դասական բալետի ուսուցման ամբողջ համակարգը Սանկտ Պետերբուրգում մեծապես կապված է նրա անվան հետ։ Երբ սկսեցի դասավանդել, շատ ավելի խորությամբ սկսեցի ուսումնասիրել նրա մեթոդը, հետաքրքրվել նրա աշխատանքով և նրա կողմից ստեղծված դասական պարի համակարգով։
Ն.Ա. -Եթե չեմ սխալվում, քոլեջն ավարտելուց անմիջապես հետո՝ սկսած 2003 թվականից, շուրջ 10 տարի աշխատել եք «Բարեկամություն» համույթում: «Բարեկամության» դեպքում անունն արդեն իսկ արժեհամակարգ ու բարձր պրոֆեսիոնալիզմ է թելադրում: Խնդրում եմ պատմեք ձեր ստեղծագործական ճանապարհի այդ շրջանի մասին: Ինչպե՞ս անցաք այդ տասնամյա ճանապարհը:
Լ.Ս. -Այո, քոլեջն ավարտելուց անմիջապես հետո՝ 2003 թվականից, սկսեցի աշխատել «Բարեկամություն» համույթում, և այդ շրջանը տևեց շուրջ տասը տարի։ Կարող եմ վստահությամբ ասել, որ այդ տարիները չափազանց մեծ դերակատարություն ունեցան իմ մասնագիտական կայացման մեջ։ «Բարեկամություն»-ը պարզապես համույթ չէ․ դա արժեքների, մասնագիտական կարգապահության և բարձր պրոֆեսիոնալիզմի դպրոց է։ Այնտեղ յուրաքանչյուր օր լի էր աշխատանքով, պահանջկոտությամբ և մշտական աճի ձգտումով։ Այդ տասնամյա ճանապարհը անցավ շատ հագեցած ու բովանդակալից․ հյուրախաղեր, փառատոներ, նոր ներկայացումներ ու մենապարեր: Ժամանակի ընթացքում ես ոչ միայն զարգացա որպես պարուհի, այլ նաև սկսեցի ավելի խորը հասկանալ բեմի լեզուն: Եվ այսօր մեծ երախտագիտությամբ եմ հիշում այդ տարիները, որովհետև հենց «Բարեկամություն»-ում ձևավորվեց իմ մասնագիտական հիմքը և իմ վերաբերմունքն արվեստի նկատմամբ։
Ն.Ա. -Թերևս դա է վկայում նաև այն փաստը, որ «Բարեկամություն» համույթում ստեղծագործելու վերջին տարիներին նաև աշխատել եք որպես բալետմայստեր: Ի՞նչ փորձառություն էր դա ձեզ համար:
Լ.Ս.- Բալետմայստերի աշխատանքն ինձ համար շատ կարևոր և պատասխանատու փուլ էր։ Այդ ընթացքում ես իսկապես շատ բան սովորեցի, հատկապես շնորհիվ այն իրողության, որ հնարավորություն ունեցա աշխատելու Նորայր Մեհրաբյանի հետ։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր փորձ ինձ համար մեծ դպրոց էր։ Ես ուշադիր լսում էի նրա խորհուրդները, փորձում էի յուրացնել ամեն մանրուք։ Սակայն նա մի շատ կարևոր և հիանալի հատկություն ուներ․ երբեք չէր սահմանափակում։ Նա միշտ ուղղություն էր տալիս, կիսվում իր փորձով, բայց վերջում անպայման ասում էր. «Սա իմը չէ, քոնն է, արա այնպես, ինչպես դու ես զգում»։ Այդ մոտեցումն ինձ համար շատ կարևոր էր և գնահատելի, որովհետև նա վստահում էր, հնարավորություն էր տալիս ազատ ստեղծագործել և գտնել իմ սեփական լեզուն բեմում։ Կարող եմ ասել, որ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահ մեծ հաճույք էր ինձ համար, և ես մինչև այսօր երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ սովորել եմ նրանից։
Ն.Ա. -Ձեր տարերքն, իհարկե, դասական պարն է, բայց ձեզ հոգեհարազատ է նաև դասականի ու ժողովրդականի ներդաշնակումը։ Ինչպիսի լուծումներ եք գտել այդ ներդաշնակությունը կատարելության հասցնելու համար:
Լ.Ս. -Այո, միանգամայն համաձայն եմ: Իմ տարերքը դասական պարն է, բայց ինձ համար կարևոր է նաև դասականի և ժողովրդականի ներդաշնակումը։ Ես պահպանում եմ դասական տեխնիկան, բայց բեմադրությունների միջոցով մտցնում եմ ժողովրդական տարրերը՝ ստեղծելով շարժում և պատմություն, որտեղ հանդիսատեսը կարող է զգալ երկուսի ներդաշնակությունը։ Բեմադրությունն ինձ համար գործիք է, որի միջոցով դասականն ու ժողովրդականը միահյուսվում են բնականոն և հուզիչ կերպով՝ արդյունքում հասնելով արվեստի իսկական կատարելության։
Ն.Ա. -Երբ արդեն ճանաչված ու կայացած պարուհի էիք, կարևոր որոշում կայացրեցիք, որը կտրուկ փոխեց ձեր ստեղծագործական ճակատագիրը: Դուք ընդունվեցիք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ընտրելով պարարվեստի ռեժիսուրա բաժինը: Ի՞նչ նոր հնարավորություններ ընձեռեց ձեզ բեմադրողի կարգավիճակը:
Լ.Ս. - Ես դպրոցից հետո ինստիտուտ եմ ընդունվել տասը տարի անց և ոչ մի վայրկյան չեմ զղջում այդ որոշման համար։ Այդ ժամանակ ես արդեն շատ ավելի հասուն էի, ավելի գիտակից ու նպատակասլաց իմ որոշումներում։ Ինստիտուտն ինձ շատ կարևոր հմտություններ ու գիտելիքներ տվեց։ Առաջին հերթին հենց այնտեղ ես բացահայտեցի, որ կարող եմ բեմադրել։ Իմ մեջ ծնվեց մեծ սեր բեմադրության հանդեպ և բացվեցին նոր հեռանկարներ ու ճանապարհներ։ Ես հասկացա, որ կարող եմ ոչ միայն պարել, այլև ստեղծել բեմադրություններ՝ սկսելով զրոյից։ Դա մի գործընթաց է, որտեղ դու ընտրում ես երաժշտությունը, ընտրում ես կատարողներին, ստեղծում ես սյուժեն և այդ ամենը կյանքի ես կոչում պարի միջոցով։ Այդ ստեղծագործական ճանապարհն ինձ համար դարձավ իսկական կախարդանք, մի հրաշալի գործընթաց, որին ես անկեղծորեն սիրահարվեցի։
Ն.Ա. -10 տարի առաջ դուք սկսեցիք դասավանդել հարազատ կրթօջախում՝ որպես դասական պարի ուսուցչուհի: Մասնագիտական վարպետության ու հմտությունների ի՞նչ գաղտնիքներ եք փոխանցում ձեր սաներին, և որն է դրանցից գլխավորը:
Լ.Ս. - Ես իմ աշակերտներին փոխանցում եմ ոչ միայն այն մասնագիտական գաղտնիքները, որոնք տարիների ընթացքում եմ ձեռք բերել՝ երկար և հանգամանորեն ուսումնասիրելով մեր արվեստի պատմությունը, հետևելով տարբեր մասնագետների և նաև շատ կարդալով։ Բայց ինձ համար ամենակարևորը մեկ ուրիշ բան է․ ես միշտ նրանց ասում եմ՝ սիրեք այն, ինչով զբաղվում եք։ Դասական պարը չափազանց բարդ ու պահանջկոտ արվեստ է, և առանց սիրո այդ ճանապարհը հնարավոր չէ անցնել։ Եվ երկրորդ կարևոր խորհուրդը, որ միշտ տալիս եմ աշակերտներիս՝ շատ կարդալ և մշտապես զարգանալն է։ Կատարելագործվել ոչ միայն դահլիճում, այլ նաև բեմից դուրս՝ գրքերով, ուսումնասիրությամբ և մշտական ինքնազարգացմամբ։
Ն.Ա. -Այսօրվա չափազանց արագ փոփոխվող աշխարհում դասական բալետը շատ նորարարական փոփոխությունների է ենթարկվում: Ի՞նչ եք մտածում բալետային փոխակերպումների մասին:
Լ.Ս. -Իհարկե, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է փոխվում, և բալետն էլ չի կարող դուրս մնալ այդ փոփոխություններից: Ես շատ դրական եմ վերաբերվում բալետային փոխակերպումներին, որովհետև արվեստը պետք է զարգանա, շնչի ու համաքայլ լինի ժամանակի հետ։ Բայց միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ այդ փոփոխությունները պետք է արվեն շատ զգույշ և նրբանկատորեն։ Դասական բալետը շատ ամուր հիմք ունի, կայուն ավանդույթներ, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, և շատ կարևոր է չկորցնել այդ մաքրությունն ու հիմքը։ Իմ կարծիքով ամենաճիշտ ճանապարհը հավասարակշռությունն է՝ պահպանել դասականի արժեքներն ու տեխնիկան, բայց միևնույն ժամանակ բաց լինել նոր գաղափարների, նոր ձևերի ու փորձերի համար։ Այդ դեպքում բալետը ոչ միայն չի կորցնի իր էությունը, այլ նաև կշարունակի զարգանալ ու հետաքրքիր մնալ նոր սերունդների համար։
Ն.Ա. -Այժմ ապրում և ստեղծագործում եք Միացյալ Նահանգներում: Այս պահին ի՞նչ նախագծի վրա եք աշխատում և ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:
Լ.Ս. -Այո, հիմա ապրում և ստեղծագործում եմ Միացյալ Նահանգներում, և այս փուլն ինձ համար շատ հետաքրքիր ու կարևոր ստեղծագործական շրջան է։ Ամերիկայում աշխատելը նաև մի նոր փորձություն է, որի մեջ ես հաճույքով եմ ներգրավվել։ Այստեղ ամեն օր նոր բացահայտումներ եմ ունենում, հատկապես՝ տեղի հայության հետ աշխատելու ընթացքում։ Այս պահին աշխատում եմ մի քանի նոր ստեղծագործական գաղափարների վրա և շարունակում եմ նաև իմ մանկավարժական գործունեությունը աշակերտների հետ՝ փոխանցելով նրանց իմ փորձը և մոտեցումները։ Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ունեմ շատ հետաքրքիր նախագծեր, որոնց մասին սակայն դեռ վաղ է խոսելը, դեռ չեմ ուզում դրանք ամբողջությամբ բացահայտել, բայց շուտով արդեն կսկսեմ դրանք կյանքի կոչել։
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի