«Դուք ժառանգել եք ֆրանսիայի քաղաքացիությունը, իսկ մենք այն վաստակել ենք»

«Մանուշյան…» թատերական վավերապատում
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկն այս տարի տրվեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (2025 թ, մարտի 14-ին)՝ Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան…» պիեսի Սաթէ Խաչատրյանի բեմադրությամբ: Ոչ միայն ներկայացումը, այլև մարտի 14-18-ը Հայաստանում ընթացող Մանուշյանական շաբաթը «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության գաղափարը և նախաձեռնությունն էր, որն իրականացվեց «ԱՐՏ-ԻՄԱԺ» կազակերպության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Այս էլ որերորդ անգամ միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը և միության տնօրեն Էդգար Մանուկյանը Հայաստանը վերածում են Հայ-Ֆրանսիական համագործակցության խաչմերուկի և հերթական հնչեղ թատերական և մշակութային իրադարձությունը կայացնում:
Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանին նվիրված շաբաթն ընդգրկում էր «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի և Սաթէ Խաչատրյանի թարգմանությամբ «Մանուշյան…» պիեսի հրատարակության շնորհանդեսը, միևնույն պիեսի բեմադրությունը Արտաշատի թատրոնում՝ հայ դերասանների մասնակցությամբ, Մանուշյանի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ցուցադրություն, մանուշյանական ցուցադրություն ԳԱԹ-ում, Մանուշյանին նվիրված գիտաժողով, որի նիստերն ընթացան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում և Մատենադարանում, որտեղ էլ տեղի ունեցավ շաբաթվա հանդիսավոր փակումը: Այս ընդգրկուն նախաձեռնությունը, հատկապես Միսաք և Մելինե Մանուշյանների պանթեոնիզացիայից հետո, տեղին ու սպասված էր Հայաստանում, և շաբաթն էլ նպատակ ուներ վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելու հայ-ֆրանսիական պատմամշակութային երկխոսությունը։
Մեզ բնավ այլևս չի զարմացնում Սաթէ Խաչատրյանի՝ մարզային թատրոնների ընտրությունն իր բեմադրությունների համար: Մշակութային ապակենտրոնացումը «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության մշակութային քաղաքականության առանցքում է: Բեմադրիչը համոզված է, որ մարզային թատրոններում լուրջ ջանքերի արդյունքում կարելի է արժանահիշատակ բեմադրություններ ունենալ: Այս են հաստատում Սաթէի բեմադրությունները, և արդեն երկար տարիներ գոյություն ունեցող «մարզային թատրոն է, պահանջկոտ չլինենք» մտայնությունը ջախջախում: Հիշենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում Զելլերի «Որդին» պիեսի Ս. Խաչատրյանի բեմադրությունը՝ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ համատեղ, Գյումրու Վարդան Աճեմյանի թատրոնի «Սպասում» ներկայացումը՝ բեմադրված ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսի հիման վրա և ֆրանսիացի ժամանակակից այլ հեղինակների պիեսների մարզային բեմադրություններ, որոնք իրականացվել են Գորիսում և Գավառում՝ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության նախաձեռնությամբ:
«Մանուշյան» բեմադրության պրեմիերան նախ տեղի է ունեցել 2024-ի նոյեմբերին Ֆրանսիայի Բուրգուան Ժալիո քաղաքի «Ժան Վիլար» թատրոնում՝ ֆրանսիացի դերասանների կատարմամբ, օրերս նաև՝ Դեսինի «Տոբոգան» թատրոնում: Այս բեմադրության հիմքում ընկած պիեսը վավերագրական հարուստ նյութի վրա է գրվել: Ազգությամբ հրեա ֆրանսիացի վավերագրող, վիպագիր Շոշանա Բուխոբզայի առաջին պիեսն է՝ Սաթէ Խաչատրյանի պատվերով կյանքի կոչված, որը գրելու համար հեղինակն օգտվել է Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրայի և Կենտրոնական արխիվում եղած արխիվային նյութերից: Բեմադրիչն էլ ընտրել է թատրոնի՝ վավերագրական նյութն առանց թատերային հնարանքների, գեղարվեստական լուծումների կամ էֆեկտների հանդիսատեսին ճշգրիտ հասցնելու սկզբունքը, ներկայացման այս տեսակը տարածված է ժամանակակից եվրոպական թատրոնում:
Արտաշատի թատրոնի բեմի ձևավորումը զուսպ է, հորիզոնական դեկորը կրճատում է բեմի խորքը՝ կինովավերագրության սկզբունքով առաջ բերելով ծավալվող իրադարձությունները: Դեկորի աջ հատվածը ոստիկականական գրասենյակի հարցաքնությունների սենյակի պարզ կահավորանք է ներկայացնում, իսկ ձախ հատվածը պարզապես պատ, որ հետագա տեսարանում լուսավորության շնորհիվ անսպասելիորեն թափանցիկ դառնալով՝ հանդիսատեսի համար բացում է, երևացնում է բեմի երկրորդ հարթությունը, այն է՝ մեկուսարանը, որտեղ բանտարկված են հերոսները՝ Մանուշյանն ու իր զինակիցները: Ճշգրիտ միջավայր ու ժամանակաշրջանին բնորոշ բեմական կոստյումներ, որ հանդիսատեսին տեղափոխում են 1940-ականներ, նացիստական սարսափազդու ժամանակաշրջանը՝ առանց գեղարվեստական «պաճուճանքի» (բեմանկարիչ` Բենժաման Լըբրըտոն, բեմական կոստյումները՝ Էդգար Մանուկյանի): Սա ևս ընդգծում է ներկայացման կինեմատագրաֆիկ, վավերագրական ոճը:
Մի փոքր սյուժեի մասին: Ներկայացումը պատմում է Մանուշյանի և նրա ղեկավարած դիմադրության շարժման անդամներից չորսի կյանքի վերջին օրերի մասին: Պիեսը հյուսված է հարցաքննությունների միջոցով, որոնց ընթացքում բացահայտվում են թե՛ պատմությունը, թե՛ անհատականություններ և մարդկային բնավորություններ, թե՛ Դիմադրության անդամների ՝ Ֆրանսիային նվիրվածությունը, թե՛ ուղերձներ հայրենասիրության, նվիրումի, կամքի մասին: Մանուշյանն ու իր ընկերները դիմանալով անմարդկային կտտանքների՝ աներեր են մնում այնքան ժամանակ, մինչև բացահայտվում է, որ ընկերներից մեկը՝ Ժոզեֆ Դավիդովիչն ամենայն մանրամասնությամբ մատնել է իրենց և Դիմադրության մյուս մարտիկների ռազմավարությունը: Այս միջադեպից հետո Մանուշյանը հորդորում է բանտախցի իր ընկերներին խոստովանել եղածը՝ այսպիսով սկուտեղի վրա դնելով իրենց կյանքերը՝ փրկելու համար շարժման մյուս մասնակիցներին, որոնք դեռ ազատության մեջ են և դեռ կարող են փրկել Ֆրանսիան նացիստական բռնարարների ճանկերից:
ՌԱՅՄԱՆ - Դու կարծում ես, որ մեր մահն ինչ-որ բանի կծառայի՞։
ՄԱՆՈՒՇՅԱՆ - Դիմադրության ուրիշ մարտիկնե՛ր էլ ոտքի կկանգնեն ազատության համար։ Մենք զինվորնե՛ր ենք… մեր պայքարը շարունակվում է։ Ես վստա՛հ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդն ու Ազատության բոլոր մարտիկները կպատվեն մեր հիշատակը։
Ի վերջո, 1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանն ու նրա 22 մարտընկերները նացիստների կողմից դատապարտվում են մահվան՝ դառնալով ֆաշիզմի դեմ հաղթանակի սիմվոլներ: Սակայն նեկայայացման ավարտի մասին մի փոքր ավելի ուշ:
Բեմում ոստիկանական բաժանմունքի հարցաքննությունների ՝սենյակում կոմիսար Պիեռ Գոթըրին (Մարատ Խաչատրյան) և տեսուչ Գաստոն Բարաշանը (Հարություն Մինասյան) հերթով հարցաքնությունների են կանչում պիեսի չորս գործող անձանց և դաժան կտտանքների միջոցով, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների փորձված մեթոդներով հերոսներից ջանում են կորզել ինֆորմացիա՝ ցանցի գործունեության մասին: Դերասաններ Դավիթ Բադասյանը՝ Սպարտակո Ֆոնտանոյի դերում, Արմեն Թովմասյանը՝ Ժոզեֆ Դավիդովիչի, Վյաչեսլավ Հայրապետյանը՝ Մարսել Ռայմանոնի, և Լաուրա Ստեփանյանը Օլգա Բանչիկի, Ասատուր Ասատրյանը ոստիկանի դերերում խաղում են հավաստի, համոզիչ: Բեմադրիչը կարևորում է նաև մարդկային դիմագծի բացահայտումը էքստրեմալ իրավիճակներում, որն էլ հաղորդում են դերասանները ռեալիստական, հոգեբանական խաղի միջոցով:
Առավել անկոտրում վարք է դրսևորում հատկապես հարցաքննվողներից մեկը՝ ոմն Մանուշյան, որն, ի վերջո, պարզվում է, որ FTP-ների ռազմական հրամանատարն է: Երիտասարդ դերասան Հայկ Սարգսյանը, որը հրավիրյալ դերասան է Հ.Մալյանի անվան թատրոնից, աչքի է ընկնում նաև Մանուշյանի կերպարի արտաքին նմանությամբ: Թվում է՝ նրա ամուր կամքի, հավասարակշիռ պահվածքի առջև դժնի Բարաշանն անգամ ընկրկում է: Ողջունելի է, որ դերասանն ընթացքում չի ընդգծում կերպարի հերոսականությունը, խաղը զուրկ է պաթոսից, չէ՞ որ նա ճշմարտության մարտիկն է, որը պարզապես անսահման նվիրված է Ֆրանսիային: Սակայն նա պետք է կարողանա այդ զգացողությունն ու գնահատականն առաջացնել հանդիսատեսի հոգում: Հուսանք՝ ժամանակի ընթացքում Սարգսյանն էլ ավելի խորությամբ կուսումնասիրի դերի ներքին հոգեբանական հատկանիշներն ու դեպի ավարտ կերպարը կտանի ավելի խոշոր ընդհանրացումների՝ ընդգծելով այս կոթողային կերպարի հերոսական մասշտաբը:
Ներկայացման իրադարձությունների զարգացման ընթացքի համար վճռորոշ դեր է խաղում Դիմադրության անդամներից Դավիդովիչի արարքը, որն, ի տարբերություն մյուս հերոսների, չդիմանալով կտտանքներին, արդեն մատնել էր ընկերներին՝ հայտնելով այնպիսի մանրամասներ, որոնց շնորհիվ հաշված օրերի ընթացքում բերման էին ենթարկել Մանուշյանին ու իր ընկերներին: Հերոսի ծանր հոգեվիճակը մատնում են դերասան Արմեն Թովմասյանի կորացած մեջք, փախչող հայացքը. ասես կքել է մեղքի ծանրության տակ:
Ներկայացումը շեշտադրում է հերոսից դավաճանի վերածվելու խնդիրը: «Ցանկացել եմ դավաճանի կերպարին անդրադառնալ ավելի ամբողջական և խորությամբ. մեկը, ով դիմադրության մարտիկ է եղել, լուրջ գործողություններ է արել, հանկարծ վերածվում է դավաճանի: Սահմանագիծն անցնելով արդյո՞ք նա դադարում է հերոս լինելուց: Մոռանա՞լ նրա հերոսությունը, թե՞ դատափետել՝ թողել եմ հանդիսատեսի խղճին ու դատողությանը»,- ասում է Ս. Խաչատրյանը:
Բեմադրիչն առհասարակ ընտրում է երկու իրականության, երկու ճշմարտության, բեմական երկու հարթության սկզբունքը, և այս երկակիությունը, որ առաջին հայացքից թվում է պարզ, աստիճանաբար վերածվում է բարոյականության ու խղճի մասին հարցադրումների բարդագույն «բեռի»: «Ինձ համար կարևոր է եղել հերոսի հարցը, ինչպե՞ս ենք հասարակ մահկանացուից վերածվում հերոսի, կամ՝ հերոսից դավաճանի և սողունի, այս մետամորֆոզներն են պիեսի հիմքում»,- շարունակում է բեմադրիչը՝ լուրջ մտորումների մղելով հանդիսատեսին:
Ներկայացման ամենատպավորիչ պահերից է հարցաքննությունների սենյակում Դավիդովիչի և Մանուշյանի առերեսման տեսարանը: Ոստիկանները հասկանալով, որ անգամ բանտախցում, ծեծված, կիսամեռ վիճակում, հերոսներն անդրդվելի են և խիստ միասնական, որոշում են բացահայտել Դավիդովիչի մատնիչ լինելը՝ նրանց միջև խժդժություն մտցնելու համար: Սակայն Մանուշյանն այստեղ էլ բացահայտում է առաջնորդին բնորոշ խորագիտություն՝ պահպանելով հանդարտություն և անտարբերություն:
Լարումով է հագեցած նաև տեսարանը, երբ մարտական ընկերներին հայտնի է դառնում դավաճանի ով լինելը. մեկն, ով բանտախցում ժամանակ առ ժամանակ մեղադրում էր ընկերներին դավաճանության մեջ, մեղավորներ փնտրում:
Ներկայացման երկու բևեռներից է նաև երկու ճշմարտության առկայությունը՝ ոստիկանների ճշմարտությունը, որոնք վստահ են, որ գործում են հանուն Ֆրանսիայի՝ վերացնելով ահաբեկչությունը երկրում և Դիմադրության անդամների ճշմարտությունը, որոնք գործում են ի սեր հայրենիքի, ըննդեմ համաշխարհային չարիքի:
ԳՈԹԸՐԻ - Մենք պե՛տք է պատմենք Ֆրանսիային քո հանցախմբի զազրելի արարքների մասին։ Դուք ձեզ հայտարարել եք «ազատության մարտիկներ», բայց դու ղեկավարել ես 56 ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում մահացել է 56 մարդ ու վիրավորվել 600-ը։
ՄԱՆՈՒՇՅԱՆ - Բոլո՛րը գերմանացիներ։
ԳՈԹԸՐԻ-Ես այդ կետը քեզ հետ չեմ քննարկելու։
ՄԱՆՈՒՇՅԱՆ - Բայց այդ կե՛տն է որոշիչը; Այո՛, մենք ազատության մարտիկներ ենք, այո՛, մենք զինվորներ ենք։ Մենք պայքարել ենք Ֆրանսիայի համար, մենք՝ մեծամասամբ օտարազգիներս, և մեզ հենց ֆրանսիական ոստիկանությունն է ձերբակալում ու կտտանքների ենթարկում։
Գրողը լեյտմոտիվ է դարձնում օտարազգի կերպարների կողմից ամենայն անկեղծությամբ հնչող «Ես սիրում եմ ֆրանսիան» արտահայտությունը: Չլինելով ֆրանսիացի՝ նրանք իրենց կյանքից շատ են սիրում այս երկիրը, որն իրենց ապաստան է տվել: Իսկ Մանուշյանի «Դուք ժառանգել եք ֆրանսիայի քաղաքացիությունը, իսկ մենք այն վաստակել ենք» տողերը շամփրում են միտքդ՝ դառնալով ներկայացման գաղափարական առանցքը:
Ինչպես ցանկացած չարագործ, իր ճշմարտությունն ունի նաև Գոթըրին, որն արտահայտվում է նրա մենախոսության մեջ: Սենյակում միայնակ մնացած կոմիսարը հանկարծ հերոսական պոռթկում է ունենում: Մենախոսության ժամանակ Գոթըրի-Մարատ Խաչատրյանը կանգնում է սեղանին, ինչպես մի արձան պատվանդանի վրա՝ ապագայի առջև խոյացած՝ փորձելով արդարացնել իր վարքագծի դրդապատճառները: Սակայն պատմությունը միշտ ընտրում է ճշմարտությունը: Գոթըրիի խոսքերը հնչում են ինչպես ինքնախոստովանանքի խղճուկ պատառիկներ՝ տարերային ինքնահիացումով:
Ներկայացումը կոշտ է, լի բռնության տեսարաններով, առանց ավելորդ հուզական ելևէջների: Անգամ Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության թեմաները արծարծվում են զուսպ և արժանապատվությամբ: «Հող Արթուն» նախագծի հեղինակած երաժշտությունն էլ բեմադրիչը կիրառում է փոքր չափաբաժիններով, այն մեղմորեն ուղեկցում է գործողությունները՝ միայն երբեմն դուրս հորդալով գործողությունների «տողատակից»: Սա «Հող Արթուն» նախագծի հետ Սաթէ Խաչատրյանի երրորդ հաջողված համագործակցոությունն է:
Պիեսի ավարտը ներկայացնում է փաստեր ոստիկանների դատապարտման մասին. «Պիեռ Գոթըրին հերքել է, թե երբևէ դատապարտյալներին տանջանքի է ենթարկել։ Նա դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Պիեռ Գոթըրին ազատ է արձակվել բանտարկությունից հինգ տարի անց։ Բարաշանի դեմ ամենածանր ցուցմունքները եղել են իր ծառայակիցների կողմից։ Բարաշանը դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել»:
Սակայն բեմադրիչը ներկայացումն ավարտում է բնավ ոչ այդ փաստերով: Այլ կարևորում է Մանուշյանի հերոսական և մարդկային դիմագիծը՝ բեմում հնչեցնելով նրա վերջին նամակի պարզ, մարդկային, հուզիչ տողերը՝ ուղղված սիրելի կնոջը՝ Դիմադրության հայտնի գործիչ Մելինե Մանուշյանին: Նա գիտի, որ իր մարտընկերների հետ գնում են մահվան հանուն այն գաղափարների, որոնք նրանց համար ավելի բարձր էին, քան սեփական կյանքը՝ ազատության, հավասարության, մարդկային արժանապատվության: Այս խոսքերը բեմում գործողության միջոցով վերածվում են հավերժական ուղերձի՝ անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ։
Ներկայացումն իր բովանդակությամբ կրթական, ճանաչողական դեր ունի, այն կարևոր իրողություն է նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից: Սակայն էլ ավելի կարևոր է այսօրվա մեր իրականությունում հանցագործության դեմ պայքարի պատմական իրականությունը վերհանելու, ճշգրիտ գնահատականներ տալու, մարդկության պատմության ամենահերոսական էջերից մեկը վերարժևորելու և հայազգի հերոսների անունները երբեք չմոռանալու տեսանկյունից: Հետևաբար ուրախալի է, որ ներկայացումն ընդգրկվել է թատրոնի խաղացանկում:
Անուշ Ասլիբեկյան
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ


