«Մաուգլի. ձեր առաջնորդին ձեր մեջ փնտրեք»

Համաշխարհային գրականության մեջ կան արձակ գործեր (հեքիաթ, լեգենդ, պատմվածք, վիպակ և այլն) որոնք շատ ավելի հաճախ են հայտնվում բեմադրող ռեժիսորների հետաքրքության կենտրոնում, քան բազմաթիվ պիեսներ: Այդպիսի օրինակ է Ռեդյարդ Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» հնդկական լեգենդի հիման վրա գրված պատմվածաշարերը, որոնք բազմիցս բեմականացվել, էկրանավորվել և բեմադրվել են աշխարհի տարբեր երկրներում և տարբեր լեզուներով: Չկա մեկը ով չի ճանաչում գայլ մարդուն՝ Մաուգլիին: Մեզ լավագույնս հայտնի է այս գործի մուլտիպլիկացիոն տարբերակը, սակայն քիչ չեն եղել նաև բեմադրությունները հայկական թատրոններում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում «Մաուգլի» եղել էր 1980-ականներին՝ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ: 2021թ-ին երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի առաջարկով, թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը որոշում է բեմական կյանք նվիրել այս լեգենդին: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2021թ-ի դեկտեմբերի 10-ին: Սա Գյումրու թատրոնի 156-րդ թատերաշրջանի 3-րդ առաջնախաղն ու խոշորագույն թատերական իրադարձությունն էր: Ներկայացումը խաղացանկում է արդեն 4 թատերաշրջան: Հայաստանի, հայի ու ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակաշրջանում ծնվեց այս բեմադրությունը: Թավշյա հեղափոխության էյֆորիային հաջորդեց «Քովիդ 19» համաշխարհային համաճարակը, ապա 44-օրյա պատերազմը՝ ցավալի պարտությամբ, և ստեղծվեց մի իրադրություն, երբ արվեստը պիտի հույս ու սպեղանի դառնար: «Մենք ներկայացնում ենք ջունգլիներ, սակայն հանդիսատեսը տեսնելու է մեր այսօրվա իրականությունը» նշել է Բագիրայի դերակատար Հասմիկ Սուվարյանը:
Թատրոնի ստեղծագործական անձնակազմն, իսկապես, քաջ գիտակցում էր, որ պետք է ենթաշերտեր փնտրել և ընտրել յուրօրինակ բեմադրական ոճ՝ հանդիսատեսի հետաքրքրությունը գրավելու և բուն գաղափարը ճշգրիտ մատուցելու համար: Սովորաբար «Մաուգլին» բեմադրվում է որպես մանկապատանեկան ներկայացում, սակայն ոչ այս դեպքում: Առաջնախաղին նախորդող հարցազրույցի ժամանակ մեծ Մաուգլիին մարմնավորող դերասան Արսեն Միքայելյանը նշել է, որ այս բեմադրական մեկնաբանության մեջ յուրաքանչյուրը կգտնի այն ինչ փնտրում է. «Ներկայացումը բազմապլան է բեմադրված՝ երեխան կգտնի իր հեքիաթը, մտածողը կգտնի իր փիլիսոփայությունը, իսկ այն մարդը, որը փնտրում է շարժում, դինամիկա, գունեղ, շքեղ ներկայացում, կգտնի իր փնտրածը»:
Առաջին հայացքից սա լեգենդի կատարյալ բեմական արտացոլքն է, վարագույրի բացվելուն պես հանդիսատեսը հայտնվում է ջունգլիների զարմանահրաշ աշխարհում՝ հսկա ժայռեր, ծառեր, ռեալիստական մորթյա հագուստներով ու դիմակներով դերասաններ, ինչը մի քանի առաջատար մասնագետի մանրակրկիտ և համադրված աշխատանքի արդյունք է: Այս միջավայրը ստեծել են բեմական ձևավորող Գարեգին Եվանգուլյանը, նկարիչ-քանդակագործ Մելս Գևորգյանը, զգեստների հեղինակ Լուսինե Խաչատրյանը և դիմակների դիզայներ Տիգրան Աբգարյանը:
Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը հնարավորինս հավատարիմ է մնացել հեղինակին. ամեն ինչ ընթանում է բոլորին ծանոթ գործողությունների շղթայով, սակայն մի փոքր ավելի ուշադիր դիտելիս, աստիճանաբար նկատվում է հասարակական և անգամ քաղաքական խմորումների անդրադարձը: Ովքե՞ր են մեր իրականության ճղճղան բանդառ-լոգները, կամ քոչվոր շեկ շները, առաջնորդի թուլությամբ ուրախացող դավաճան գայլերն ու ոհմակից դուրս ղեկավար փնտրողները: Ի՞նչ կարող եմ անել ես հանուն իմ «ազատ ցեղի», և, ի վերջո, ե՞րբ և որտե՞ղ ենք սխալվել: Այս հարցադրումներն են պտտվում հանդիսատեսի գլխում թատրոնից դուրս գալու ճանապարհին:
«Մաուգլին» վերջին 20-ամյակի ամենամասշտաբային բեմադրությունն է Գյումրու թատրոնում: Ներկայացման մեջ 60-ից ավելի դերակատարներ են զբաղված, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից և ռեժիսորի օգնական Ռաֆայել Ասատրյանից բացի հատուկ այս ներկայացման մասշտաբային տեսարանների բեմադրման համար թատրոն է հրավիրվել խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը: Ամբողջ ներկայացման ընթացքում չկա մի պահ, երբ մասսայական տեսարանում զբաղված գեթ մեկ դերասան չունենա իրեն առաջադրված հստակ խնդիր: Իրար են հաջորդում բարդ հնարքները, վտանգավոր բարձրության վրա կռվի տեսարանները, սինխրոնիզացված գործողությունները: Հստակ գծագրված միզանսցենից ցանկացած շեղում կարող է վնասվածքի բերել, այս գիտակցությամբ ու պատասխանատվությամբ են բեմում և՛ տարիների փորձ ունեցող արտիստները, և՛ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսանողները:
«Լույսն էր ամենասկզբում, ամենուր ներդաշնակություն էր…» Միստիկ հնչողությամբ ձայնն արտասանում է այս խոսքերը և սկսվում է ներկայացումը, առաջին նախադասությամբ անմիջապես կենտրոնացնելով հանդիսատեսի ուշադրությունն ու հրավիրելով խորհելու լույսի ու խավարի հավերժական պայքարի և մշտապես իրար հաջորդելու օրինաչափության մասին:
«…Ստեղծվեց ջունգլիների սրբազան օրենքը՝ մահ միայն հանուն կյանքի…»: Թվում է հանդիսատեսն օտար երկիր մուտք գործող զբոսաշրջիկ է, որին ծանոթացնում են տեղի օրենքներին: Ապա հնչում են ջունգլիներին բնորոշ ձայնարկություններ ու մեղեդիներ (երաժշտական ձևավորումը` Ռաֆայել Ասատրյանի): Այսպիսով, մինչև առաջին երկխոսությունն արդեն հանդիսատեսը համապատասխան հոգեվիճակում է՝ լարած ուշադրությամբ ու անհամբերությամբ սպասում է գործողությունների ընթացքին: Առաջին տեսարանները կառուցված են հետևյալ սկզբունքով՝ ստատիկ երկխոսություններ, ապա սինխրոնիզացված, դինամիկ գործողություններ որոնք ուղեկցվում են ձայնարկություններով, և տեսարանի վերջում մանուկ Մաուգլիին (Արեն Պետնյակ) փոխարինում է պատանի Մաուգլին (Արտուշ Բաղդասարյան, Ռուբեն Հովհաննիսյան): Նմանատիպ մի անցում է բեմադրված նաև առաջին գործողության վերջում, երբ բեմ է դուրս գալիս երիտասարդ Մաուգլին (Արսեն Միքայելյան):
Ներկայացումը երկու գործողությամբ է, հանդիսատեսը Մաուգլիին տեսնում է երեք տարիքային ժամանակահատվածում: Առաջին գործողության ընթացքում ծանոթանում է բոլոր հերոսներին և հակահերոսներին, հետևում թե ինչպես է Մաուգլին կրթվում որպես «ազատ ցեղի» արժանի ներկայացուցիչ: Գլխավոր հակահերոսի՝ Շեր Խանի (Կարապետ Եղոյան) և Մաուգլիի կոնֆլիկտը սկսվում է առաջին իսկ տեսարանից, սակայն հանդիսատեսի ուշադրությունը չի կենտրոնանում այս հանգամանքի վրա: Առաջնորդ գայլը՝ Աքելան (Տիգրան Գաբոյան) հսկա ժայռաբեկորի գագաթին նստած է արքայավայել կեցվածքով, Մաուգլին խաղում է շագանակագույն արջի՝ Բալուի հետ Արկադի Ղարագուլյան), երբ բեմ է մտնում Շեր Խանը: Միայն արտաքին ազդակը բավական է, որ Մաուգլին լիարժեք պաշտպանության տիրույթում դիտարկվի, իսկ հակահերոսը թույլ ու քիչ վտանգավոր թվա՝ անկախ այն հանգամանքից, որ ոհմակը դեռ Մաուգլիին չէր ընդունել: Սրան գումարվում է Կարապետի դերակատարման մեջ վագրին բնորոշ վեհության ու հզորության բացակայությունը, եթե համեմատենք մյուս գործող անձանց հետ, ապա պակաս շքեղ է նաև նրա բեմական հանդերձանքը: Դրականի ու բացասականի հավասարակշռությունը վերականգնվում է գործողությունների ընթացքում ի հայտ եկող մյուս հակահերոսների շնորհիվ (բանդերլոկներ, դավաճան գայլեր, շեկ շներ), իսկ գլխավոր հակահերոսը առավել վտանգավոր է թվում, երբ Տաբակին (Արսեն Սաղաթելյան) սարսափահար վազում է, լսելով մռնչյունը, կամ Բագիրան հիշեցնում է նրա չհագեցած ախորժակի մասին:
Միջավայրը, հագուստներն ու համապատասխան հնչյունային և երաժշտական ձևավորումն, իհարկե, կարևոր են, բայց այս ամենը կիմաստազրկվեր, եթե արտիստները դերասանական խաղով չկարողանային համոզել, որ այս իրականության ներկայացուցիչներն են: Բեմականորեն մշակված էին ներկայացվող կենդանիներին բնորոշ ժեստերը, մարմնի պլաստիկան, ձայնային ելևէջները: Հասմիկ Սուվարյանի Բագիրան սեթևեթ, բայց հզոր տեսակ է, դերասանուհին կատվազգիներին հատուկ կեցվածքով է ամբողջ ներկայացման ընթացքում, ձայնը համեմված է մլավոց հիշեցնող մեղեդայնությամբ, որը, սակայն, չի խանգարում խոսքի հստակությանը: Արսեն Սաղաթելյանի Տաբակին արագաշարժ է, խոսքի մեջ հևոց է նկատվում, հետաքրքիր է ստվերային տարբերակով հանդես եկող Կաա օձը (Դիաննա Մացոյան) իր՝ սողունին բնորոշ պլաստիկայով և միստիկ ձայնով: Գայլերի դեպքում շեշտադրված է ոհմակի գաղափարը և բեմադրված են պարային խմբային տեսարաններ: Նման մի տեսարանով է սկսվում երկրորդ գործողությունը: Մթության մեջ ոհմակն է լուսավորված աչքերի փայլով: Թվում է մանրուք է, բայց հաճելիորեն զարմացնում է: Սակայն դիմակները որքան հիացնում, նույնքան էլ խանգարում էին, ճիշտ է դերասանների դեմքը ծածկված չէ և բայց տեսնելի է միայն պարտերի հանդիսատեսին: Ամֆիթատրոնից դիմախաղ տեսնել հնարավոր չէ, այն դեպքում երբ որոշ տեսարաններում դիմախաղը շատ կարևոր է:
Մարդը բնության ծնունդ է. «մենք նույն արյունն ունենք՝ ես ու դու». ներկայացումը հիշեցնում է մեզ այս պարզ ճշմարտությունը, որը, թերևս, անտեսում ենք մենք՝ մեր կենսակերպով: Բարձրահարկ շենքերի մեջ մեզ բանտարկելով և գերհագեցած տեխնոլոգիայով շրջապատելով, մենք հեռացել ենք կաթնասունի մեր իրական բնույթից: Մարդն իրեն ներդաշնակ է զգում, երբ բնությամբ է շրջապատված:
Զուգահեռաբար ներկայացումն ընդգծում է մարդու ստեղծագործ էությունը՝ նորը բացահայտելու մշտական ցանկությունը: Տեսարաններից մեկում, երբ Մաուգլին հարցնում է կրակ երևույթի մասին, նրա գլխավերևի սաղարտը կարմիր է լուսավորվում և կրակի լեզուներ հիշեցնում: Մաուգլին վստահեցնում է, որ ըմբռնել է «կարմիր ծաղիկի» արգելքի օրենքը, բայց շոշափում է գլխավերևի դեկորը: Խորհրդանշական ժեստը բացահայտում է մարդու բանական տեսակը: Մարդը բնության մի մասն է, բայց ջունգլիների բնակիչ չի կարող լինել: Եթե գրական հիմքում Մաուգլին դառնում է ոհմակի առաջնորդը, ապա Լյուդվիգ Հարությունյանը նրան հեռացնում է ոհմակից. «Ձեր առաջնորդին ձեր մեջ փնտրեք»:
Վանուհի Սեթոյան, թատերագետ
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի պաշտոնական էջից


