«Մայրերու հրեշտակներ»
Մի օր, երբ աշխարհը քնած էր խոր քնով, և լույսն ու մութը կռիվ ունեին իրար հետ, հրեշտակներն իջան երկիր՝ երկինք տանելու հայոց մայրերին: Նախ նրանց տարան, որովհետև Աստծո կամոք որդիներն են հիշատակ պահողները երկրի երեսին:
Հայոց ջարդի ուրույն մեկնաբանություն է «Մայրերու հրեշտակները», որտեղ ամեն ինչ հոգու ոլորտներին հատուկ չափորոշիչներով է հոլովվում ու փորձում ամբողջացնել նուռը՝ որպես ցրված որդիներին կրկին գիրկն առած մայրության խոսուն խորհրդանիշ:
Եվ այդպես, մի օր, երբ աշխարհը քնած էր խոր մութի մեջ, հրեշտակներն իջան երկիր՝ երկինք տանելու հայոց մայրերին: Ահա այդ պահին երկնքում ձևավորվեց նրանց հիշատակի աստղը, որն ամեն գիշեր այցելում է մայրերին կորցրած որդիներին, զրուցում նրանց հետ ու պատմում մայրական սիրո հավերժության մասին: Անցնելով լուսային չափումների միջով՝ ահա աստղից մի լույս է իջել Թադևոս Տոնոյանի սրտին, զրուցել է նրա հետ մայրերի հրեշտակների մասին:
Բոլորիս ճամփան վերադարձ է հետ՝ դեպի գիրկը մեր մայրերի... Իր մոր՝ Մանիկ Տոնոյանի հիշատակին և եղեռնի օրերին անմեղ զոհերի հոգիները փրկող հրեշտակներին ընծայագրված Թադևոս Տոնոյանի «Մայրերու հրեշտակներ» գրքույկը, որը Կայծակ Վանիկյանի նկարազարդումներով լույս էր տեսել 1997 թվականին և քառալեզու (իսպաներեն թարգմանությունը՝ Ասյա Խաչատրյանի, անգլերեն թարգմանությունը՝ Մերուժան Հարությունյանի, ռուսերեն թարգմանությունը՝ Գուրգեն Բարենցի) վերահրատարակվել 2016-ին, մի ինքնատիպ երկխոսություն է կյանքի ու մահվան, ոգու ու հիշատակի, հավերժության ու ունայնության, մութի ու լույսի մասին։
Նռնահատի արցունքներ: Ահա գեղեցիկ մի խորհրդանիշ պատկեր, որ ապրված է որպես որդիական հեկեկանք: Որդիների արցունքները ինչո՞ւ են նռնահատի: Որովհետև նռնասիրտ են հայոց մայրերը: Մութ ու լույսի պայքարի մեջ որդիների վրա հակված նռենիների պես են հայոց մայրերը՝ ջարդի բերանն ընկած, մի թրահարվածով ճեղքված կարմիր նռան պես են մայրերի սրտերը:
Փակվող կոպերուն տակ
Դեռ կ’ ապրին մայրերը նռնենիներուն պես,
Ու մինչ ի ծեգ
Երկնադարձ ուղին կը շշնջան
Նռնահատի արցունքներով բողբոջած
Իրենց զավակներուն:
Թադևոս Տոնոյանը բացահայտում է անտեսանելին տեսնելու և հարատևի, լույսի, նուրբ ոլորտների հետ շփվելու գաղտնիքը, որի ճանապարհը երկնքի խորաններում ապրող մայրն է ցուցանում, հրեշտակ մայրը, անհանգիստ մայրը, լույսից եկած ու դեպի լույսն ուղեկցող մայրը, դեպի Աստծո տունը դարձող մայրը: Այո, մայրերը գիտեն մխիթարել զավակներին: Նրանք շատ հաճախ, գիշերվա մեջ, զավակների հետ զրուցում են լույսի մասին, ասել է թե` հենց իրենք իրենց մասին.
Զավա՛կս,
Ով որ ալ ըսե, թե ես մեռած եմ,
Մի՛ հավտար,
Ես կ’ապրիմ,
Եվ ի հավաստումն այս խոսքերուս՝
Այս գիշեր պիտի արև ծագե,
Արևը հիշատակի:
Սուրբ է մոր խոսքը, սրբացած է մայրը... սուրբ է՝ աշխարհի որ կողմում էլ լինի, աշխարհի որ լեզվով էլ հնչի, քանի որ հողեղեն չէ, այլ հոգեղեն է, իսկ «Հոգիները կ’ուսանեն լոկ ճախրանքներ ու թռիչք...»: Մահկանացու անհատն իր հիշատակով է հավերժանում, հավերժանում է այն անհատը, ով իր մեջ հուշ է կրում։ Մի հիշատակ կա՝ հավիտյանս հավիտենից... մոր հիշատակը։
Մոր հիշատակի մարմնահողն անգամ հրաշագործ է, ու այն կավե սափորի մեջ առած բանաստեղծի հոգին հրեշտակի թևեր է զգում՝ հասկանալով սեփական հիշատակի հողի ճակատագրի կարևորությունը ու հուշ թողնելու, իր հողն ունենալու պատասխանատվությունը («Հիշատակի հող»)։ Մոր նկատմամբ ունեցած խորին սիրով է համակված Տոնոյանի ամեն մի բանաստեղծություն, բայց բանաստեղծը համոզված է՝ պետք է լուռ սիրել, քանի որ կա մեծն ճակատագիրը.
Ճակատագրերը կը կրկնվին,
Ու ես կը վախնամ,
Կը վախնամ անոնց համար,
Ում հետ նույն աստղը
Դեռ պիտի առաջնորդե ինծի... («Իմ տոհմին մեջ»)։
Գիշերամութի մեջ առկայծող հիշատակն է, որ բանաստեղծի համար լուսավոր ճանապարհի ուղենիշ է դառնում։ Հուշի լույսը համախմբում է ծանոթ-անծանոթ, պայծառ վախճան ունեցած բոլոր ոգիներին։ Բանաստեղծն էլ անհանգստանում և հոգում է սեփական վախճանը պայծառ տեսնելու համար. «Ե՜ս ալ ապրիմ աստղալույսին հանգույն» («Հիշատակն է»)։
Թադևոս Տոնոյանը մի առանձին խորհուրդով, խորին զգացողությամբ է դիտարկում գիշերամութի՝ լուսաբացի անցման գործընթացը, լողում նրա շերտերի մեջ: Այդժամ վերանում է երկնի ու երկրի միջև առկա սահմանը ու «նռնենի» մայրերը երկնադարձ ուղին ցուցանելու են գալիս իրենց զավակին, հրեշտակակերպ հեռանում լուսաբացի հետ, որ գիշերը ետ գան, բոց տան, մոխրանան՝ նռնենու ճյուղերից կախ թողնելով «...նռնահատի արցունքներով կաթկթացող աչքերը որբերու...» («Ճզմած նուռերուն պես»):
Կյանքից հեռանալը ավարտ չի, այլ գոյության մի կերպից անցում է մյուսին։ Բանաստեղծը քննում է կյանքի ու մահվան ճամփաբաժանը` չմոռանալով փառք տալ հիշատակի հողին։ Նա պարզ տեսնում է՝ ճորտն ու մշակը, բանաստեղծն ու քերթողը դեպի Տիրոջ «երկնային գահն» են ընթանում՝ հոգեղեն աշխարհին հուշի թևով միանալով («Մարդոց հողեր»)։ Միայն որբերն են, որ խղճի վրա ծանրացած խորունկ կարոտի ցավով են լցնում բանաստեղծի սիրտը.
...Չե՜մ ուզեր մեռնիլ.
Կարոտնամ պիտի անոնց
Հողի խորքեն ու երկինքեն... ։
Բանաստեղծի գիշերը մղձավանջ է դառնում, երբ կարմիր հագած մայրերը որպես «ջահեր ու լուսաբաց» իր մոտ են գալիս ու իրենց որբերն ուզում.
Ինծմե որբե՜րն իրենց կ’ուզեն,
Որբերն իրենց` ինծմե՜, ինծմե՜... («Մեգ–մղձավանջ»):
Որբանալը հանցանք կարծող որբերի աղիողորմ ճիչերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին, «Դուն մայր չունիս» խոսքերը դաշույնի հարվածի պես խրվում են հոգու մեջ («Մայրերու հրեշտակներ») բայց, անմիջապես, ի պատասխան իր վախերի ու հույզերի, նա լսում է մոր փարատող ձայնը ու համոզվում, որ բոլոր որբուկների հոգիներն իրար մոտ են, նրանց մայրերն էլ «իրարու քով» են («Բարեխոսելու Աստծուն քով»)։
Մարդկային մոլորյալ արարածների, մահվան տենդին սովորող մարմինների, արյան հոսքերի ու «պաղ բազկեն» սպանված մատաղացու գառների քաոսում և նույնիսկ լռության մեջ բանաստեղծը վստահ է՝ վերից հսկող կա: Արարիչն է, հսկում է «աշխարհական ամեն վիհ», ու վստահ է, որ մոլորյալները հոգի ունեն, իսկ հոգին կարող է ճախրել «առավոտի ծովուն մեջ», ձուկ դառնալով դեպի մայրը լողալ, դեպի «Արևը հիշատակի»: Վերջինս, սակայն, ոչ բոլորին է շողում։ «Վերին Կյանքին» հավերժ անհաղորդ կմնան «Ասիական գորշ գայլը քոչվոր», որ կյանքի հավերժական գերին է մինչև տարաժամ մահը, քանզի զուրկ է արժանիքներից, հեռու հուշ -հիշատակից («Անդրաշխարհը հայոց ազգին»)։
Թադևոս Տոնոյանի «հուշաշխարհի» ճանապարհի եզրերին հավետ կանգնած են երկուսը՝ ճանապարհողն ու դիմավորողը, ու նրանց միջև մայրական ոգին է, որ թեպետ անդարձ հեռացած, բայց տխրությամբ է ճանապարհում պատրանք - կյանքը լքող իր զավակին։ Երանելի է նա «Որուն կը ճանապարհեն ու կը դիմավորեն նաև...», -գրում է հավերժության բանալին գտած բանաստեղծը («Ճանապարհողներ, դիմավորողներ»): «Հագուրդները կարոտի» բանաստեղծության մեջ գրողն արդեն տեսնում ու ապրում է դիմավորման պահը.
...Դիմավորեն մեզ պիտի, մեզ ընդառաջ պիտ վազեն
Մեր մայրերը՝ ձեռքերուն նշխար մը հաց, լույս մը թագ։
Հարկավոր է միայն հավատալ, որբացած զավակների պես հավատալ
Աստվածամորը... ու կկատարվի գիշերվա հրաշքը, ու որբուկներն իրենց մայրերի գիրկը կվերադառնան։ Տոնոյանի վրձնած հրաշք-գիշերվա պատկերը մոգական է. «աստղաթափ լաց կ’ըլլան համաստեղություններ պայծառ...» («Բարի երթաք»): Խաչերով ու նռնենիներով է պատված երկնային ու երկրային ոլորտներոմ քայլողի ճանապարհը, ուր դեռ խակ նռան հյութը քամած, ինքզիրենք խաչ հանածների սուտ ցավը տանջում է նրբազգաց հոգուն, բայց սպասումի արդյունքը քաղցր է՝ Տերն է գալու («Խաչ ու նուռ»):
Բանաստեղծը փորձում է երկու աշխարհների միջև գտնել ճշմարիտն ու իրականը։ Նա որոնում է կյանքի գաղափարը սրտերում կամ ոտքերի տակ ապրող երկրների գոյության մեջ ու իր որոնումների պատասխանին տիրապետող է տեսնում անդրաշխարհում պայծառ շողացող լույս դարձած հոգիներին («Պայծառորեն»): Թռչնակի երգը, թիթեռի ճախրանքը, ձկան լռությունը, աստղերի փայլը... երևույթներ են ապրելու մասին, որ հուշ թողնելով մեծացնում են կյանքի ու մահվան առնչությունը.
«Ի՜նչպես
Ի՜նչպես մեծցավ առնչությունը մահվան,
Որ ապրողներն այսչափ շա՜տ կը հիշեն ապրելու մասին,
Իսկ մեռածները մոռցա՜ն, մոռցա՜ն...» («Ապրելու մասին»)։
Սրտամաշ կարոտ կա բանաստեղծի հոգում.
...Մորս կարոտցեր եմ, կը հասկընա՞ք,
Կը հասկընա՞ք, անո՜ւշ ու պաղ հող կ’ուզեմ,
Մորս գի՛րկը կ’ուզեմ...» («Անուշ ու պաղ»):
Սրտամաշ կարոտ, բայց և հավատ` պայծառ ու լուսավոր վերածնունդին, սպասումի ու հույսի արդյունքում երևացող շողին: Մի օր ինքն էլ միանալու է այդ լույսերին՝ գնալով ետ՝ դեպի երկինք.
Օր մ’ալ ինծի պիտ տանի Ետ՝
Որպես ընծա երկնի վանքին.
Իմ շիրիմս ալ պատրանքին պես
Խաբե պիտի իմ զավակին...
Շիրիմները, այնինչ, պարապ,
Ու մայրերով լի՜ է երկինք...»։
Պատարագի ձայնն է փոխանցում գրողը վերին ոլորտներից, երգեհոնի ձայնը, որ ձևավորվել է հուշագրություններից, իսկ երգը հուշ է խնկում պայծառացած մայրերի ձայնով.
Ձայներն իջնին, պիտ դառնան մոմերու խումբ համաստեղ,
Մեզի լույսով ընդգրկեն մեր մայրերու աչքերուն... («Սգախոհ»)։
Բանաստեղծը զգում է ու զգուշացնում, որ մոտեցել է համընդհանուր զոհաբերման պահը, ու վեր ճախրած մայրերն սպասում ու աղոթք են անում ՀՈՂԻՆ վերադարձող ու դարձի եկող իրենց զավակների ժամանման պահի համար։ «Հիշատակի արև»ն իր հավատի «ձուկ»ը դարձրած «Աղունակներ կը հղեմ հագուրդներուն կարոտի Երկիրը, ուր կը հասնի հավերժության նռնենին»,- գրում է Թադևոս Տոնոյանը, ու երբ ճաքած նռան սուտակի պես պայծառ հատիկները լույս կտան, իր աղունակները ետ կգան «Թագ բերեն մեջ որբության պայծառ, պայծա՜ռ ապրողին» («Աղունակներ»):
Բանաստեղծի հավատամքը մեկն է`ապրել մեզանից հեռացած և բանաստեղծական գեղեցիկ պատկերով խորհրդանշված նռնենի մայրերի օրհնության մեջ և Տիրոջ ողորմածությամբ:
Ես Տիրոջը կը սպասեմ`գա,
Ինծի խչմար տա իր խաչեն:
Ֆելիքս Բախչինյան