Մեկը պիտի այրվի, որ մյուսների ուղին լուսավոր լինի
Հոմերոս, Գալիլեո Գալիլեյ, Անդրեա Բոչելլի, Սթիվի Ուանդեր… Տարբեր բնագավառներում համաշխարհային ճանաչման ու հաջողության հասած այս անձանց միավորում է մի ֆիզիկական ընդհանրություն: Այս աշխարհահռչակ անհատները շրջապատող աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում դրսևորվելու համար ունեին միայն 4 ակտիվ զգայարան, նրանք բոլորը տեսողության խնդիր ունեին: Աշխարհը նրանց չէր ճանաչի, եթե ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորություն չունենային, եթե փակված լինեին հատուկ ինչ-որ հաստատությունում և իրենց կյանքի ժամանակը սպառեին առաց լայն հասարակությանը ինտեգրման և իրենց տաղանդի բացահայտման ու հանրահռչակման հնարավորության:
Իսպանացի հեղինակ Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» հոգեբանական դրամայի հերոսներն ի ծնե կույր դեռահասներ են, որոնք ապրում են հատուկ նրանց համար նախատեսված ու աշխարհից կտրված մի հաստատությունում: Անհատներ, որոնց փորձում են վերածել մոխրագույն զանգվածի, ներշնչել, որ իրենց աշխարհն այս պատերի սահմաններում է սկսվում ու ավարտվում: Կեղծ երջանկության և ներդաշնակության մթնոլորտը խաթարվում է գլխավոր հերոսի՝ Իգնասիոյի, մուտքով:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի ռեժիսորական որոնումների առանցքում այս ստեղծագործությունը հայտնվել էր դեռ տարիներ առաջ: 2014 թվականին Հարությունյանն այս պիեսը բեմադրել է ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղում՝ որպես դիպլոմային աշխատանք: 2024թվականին նյութը ստացավ գեղարվեստական նոր որակ: Հետաքրքրական է, որ պրոֆեսիոնալ թատրոնի բեմում նույնպես մեծ մասամբ ուսանողներ են, և ներկայացման առաջնային արժեքը թերևս այն փորձն ու դպրոցն է, որն անցնելու հնարավորություն է տրվում երիտասարդներին:
Բեմական արտահայտչակերպում պիեսը ստացել է «Խավարի առաքյալները» վերնագիրը: «Առաքյալներ» բառն անմիջապես իմաստը թեքում է դեպի քրիստոնեություն, դեպի Քրիստոսի աշակերտները, որոնք քարոզեցին ու լուսավորեցին խավարում ապրող մի ամբողջ քրիստոնյա աշխարհ: Բեմավիճակներում նույնպես հանդիպում ենք սրբապատկերներ հիշեցնող տեսարանների:
Բեմական տարածությունը կառուցված է մեկ ամբողջական եռակողմ հսկայական դեկորով: Սա պայմանականորեն դասասենյակ է: Ազատ տարածություն որտեղ ոչինչ չի խանգարի չտեսնող սաներին անկաշկանդ, ինքնուրույն քայլել առանց ձեռնափայտի: Ձեռնափայտ չօգտագործելու օրենքը ավելի կառավարելի է դարձնում առանց այն էլ խոցելի դեռահասներին: Նրանք նաև ակնոց չեն կրում, ինչը հուշում է, որ հազվադեպ են արևի լույսի ներքո հայտնվում: Այստեղ տեքստի և իրադրության հակասություն ենք նկատում. տեսարաններից մեկում սաները խոսում են զբոսանքի ժամի մասին, որպես առօրյա գրաֆիկի մշտական մաս: Նման անհամապատասխանություն է նաև ուսուցիչների կույր ձևանալու տեսարանները: Արդարացավա՞ծ է արդյոք չտեսնողների դասասենյակում միակ տեսնողի հայացք սառեցնելը: Կույրերին հատուկ ժեստերը թերևս հասկանալի է, բայց հայացքը՝ ոչ:
Ներկայացումը սկսվում է Լիլիթ Խառատյանի բավականին պրոֆեսիոնալ կենդանի երգեցողությամբ, ինչն ուղեկցվում է Արինա Արարատյանի խոսուն պարային բեմադրությամբ: Սա պարզապես էսթետիկ պարային համար չէ, բեմադրությունը շրջանաձև մետաղյա առանցքի վրա էր կառուցված, բարդ ֆիզիկական հնարքներով, իսկ սինխրոն շարժումները հոգեբանական ժեստեր են: Հենց այս դրվագների համար Արինա Արարատյանը ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակի արժանացավ: Ներկայացում ներկայացման մեջ տեսարան է. հաստատության սաները ներկայանում են իրենց ծնողներին երաժշտական-պարային բեմադրությամբ: Ապա հաստատության տնօրենը, (դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյան) որն, ի դեպ, նույնպես կույր է, հանդես է գալիս ազդեցիկ ելույթով. «Մարմնի ճրագը աչքն է, երբ քո աչքը առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, երբ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավարում կլինի, ուրեմն զգույշ եղեք, որ ձեր մարմնի լույսը չխավարի»:
Ըստ հանդիսատեսին տրվող ինֆորմացիայի, կույր են նաև հաստատության սաների հետ աշխատող ուսուցիչները, տեսողունակ է միայն տնօրենի կինը՝ տիկին Սառան (դերակատար Գայանե Մանուկյան): Ամբողջ ներկայացման ընթացքում տպավորություն է, որ ի տարբերություն երիտասարդների, փորձառու արտիստները, որոնք հանդես են գալիս ուսուցիչների դերերում վատ են խաղում, և միայն ֆինալում պիտի պարզվի, որ նրանց խնդիրը կրկնակի բարդ է՝ խաղալ կույր ձևացող:
Ամբողջ ներկայացումը հյուսված է «կույր» ու «չտեսնող» հոմանիշների իմաստային նրբերանգների շահարկման վրա: Կարծես թե տարբերություն չկա, բայց հաստատության օրենքների կարևոր կետերից է կույր բառը չգործածելը: Առաջին հայացքից ամեն բան իդեալական է. բոլորը ներդաշնակ են, ժպտում ու ծիծաղում են, անկաշկանդ քայլում են իրենց ծանոթ տարածությունում, անգամ զույգեր են ձևավորվել, էլ ի՞նչ է պետք, սա մի փոքրիկ դրախտ է մեծ ու դժբախտ աշխարհում: Հենց այս գաղափարախոսությունն են քարոզում ու ներարկում այս դպրոցի սաներին, և քանի դեռ երկրորդ միտք չկար, նրանք սպունգի պես կլանում էին թելադրված մտքերը՝ ընդունում, որպես միակ ու բացարձակ ճշմարտություն: Ապրում են առանց որևէ բարոյա-գաղափարական ձգտումների:
Մարդն իր բնույթով անհաշտ է ցանկացած կորուստի հետ, շատ ավելի հեշտ է երբեք չունենալը, քան կյանքի ինչ-որ փուլում կորցնելը: Եվ շատ էլ էական չէ կորսվածը գումար է, անձ, թե, օրինակ, տեսողություն, ինչպես այս ստեղծագործության հերոսի դեպքում. Իգնասիոն ի ծնե կույր չի եղել, նա վթարի հետևանքով է զրկվել աչքի լույսից: Նրա ներկան լուսավորված է անցյալի աղոտ ցոլքով: Նոր իրականությանը հաշտվել նա չի ուզում և ոչ մի պահ չի դադարում հիշել լուսավոր օրերն ու երազել նորից տեսնելու մասին: «Հիմա, երևի իրենց ամբողջ հրաշագեղությամբ երկնքում փայլում են աստղերը» խոսքերը հնչում են ու քանդում տարիներ շարունակ ներարկված կեղծ ճշմարտությունը. «Կուրությունը թերություն չէ, այլ աստվածային շնորհ»: Իգնասիոն քանդում է իմաստային պատերը, իսկ ամբողջ ներկայացման ընթացքում նրա հակակշիռը՝ Էդգարը (դերակատար Սարգիս Հարությունյան) ֆինալում քանդում է այս շինության պատերը և թույլ տալիս, որ լույսը ներս թափանցի:
Լյուդվիգ Հարությունյանը ներկայացումը բեմադրել է դուբլյորային սկզբունքով. Իգնասիոյի դերում փորձառու դերասան Արսեն Միքայելյանն ու Կառլեն Բարսեղյանն են: Արսեն-Իգնասիոն ավելի հասուն է գիտակից, ապրված ու անդառնալի կորուստը լիարժեք ընկալող կերպար է: Կառլեն-Իգնասիոն էմոցիոնալ է, տաքարյուն, մանր ժեստերն ու դիմախաղն ավելի ակտիվ է, նա, իհարկե, գիտի, որ էլ երբեք չի տեսնելու, բայց գերադասում է մնալ երազող:
Տարիներ առաջ Հայաստանում նույնպես գործում էին հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության համար նախատեսված հատուկ դպրոցներ: Պատճառաբանվում էր, որ սա հասարակական անհրաժեշտություն է: Այստեղ հաճախողներ երեխաները կտրված էին հասարակությունից և ինտեգրման հնարավորություններ գրեթե չունեին: Այսօր գործում է ներառական կրթական համակարգը: Փոփոխությունը միանշանակ չընդունվեց ո՛չ լայն հասարակության, ո՛չ մանկավարժական կոլեկտիվների, ո՛չ էլ անգամ նման երեխաների ծնողների կողմից: Այս ներկայացումը նաև կրթա-դաստիարակչական նշանակություն ունի: Թատրոնը իրականության բարոմետրն է. հանդիսատեսը հնարավորություն ունի տեսնելու նմանատիպ հաստատությունների իրական գործառույթն ու ազդեցությունը: Թատրոնի բարոյա-հասարակական դերը երբեմն գերակշռում է գեղարվեստականին: Նաև այդ արտագեղարվեստականն է թատրոնի խարիսխը: Մտավոր կուրությամբ տառապող հասարակության աչքերը բացելուն է միտված այս ներկայացումը՝ որպես հասրակական գիտակցությունը դաստիարակող երևույթ:
Վանուհի Սեթոյան