Մելքոնյանական գունապնակը արդյունաբերության մեջ

Խորհրդային Միության փլուզումից հետո անգործության մատնված գործարանների տարածքներն ակամա վերածվեցին պատմությունն ու ժամանակն արտացոլող տեսաժապավենների, որոնք այլևս չեն պատկերում երբեմնի արտադրական եռուզեռը, մեքենաների ձայնն ու աշխատավորների շարժումը։ 1990-ականների տնտեսական անկումը գործարանները վերածեց լքված տարածքների։ Մեքենաները ժանգոտեցին, արտադրական սրահները դատարկվեցին, իսկ պատերին մնացած որմնանկարները՝ ստեղծված մեծ նվիրումով ու հաճախ բացառիկ գեղարվեստական որակով, մնացին առանց խնամքի։ Շատերը վնասվեցին խոնավությունից, փոշուց, քանդվող շենքերից։ Մյուսները պարզապես ծածկվեցին անտարբերության վարագույրով։ Ցավոք, այսօր այդ որմնանկարները վկայում են ոչ միայն անցյալի գաղափարախոսության, այլև մեր մշակութային հիշողության հանդեպ ցուցաբերվող անփութության մասին։ Դրանք միաժամանակ պատմական փաստաթղթեր են և գեղարվեստական արժեք, որի կորուստը հավասարազոր է մշակույթի մեկ ամբողջ շերտի վերացմանը:
Խորհրդային մշակութային քաղաքականության կարևոր մաս էր արտադրական տարածքների գեղարվեստականացումը։ Գործարանները, կոմբինատներն ու արտադրական համալիրները պետք է դառնային ոչ միայն աշխատանքի, այլև գաղափարախոսության տարածքներ։ Այդ պատճառով պատերը ծածկվում էին մեծածավալ որմնանկարներով, խճանկարներով ու դեկորատիվ-մոնումենտալ հորինվածքներով։ Արվեստագետների առջև նպատակ էր դրված փառաբանել աշխատանքը, գիտությունը, տեխնիկան, կոլեկտիվ ստեղծագործ ոգին։
Սակայն գաղափարախոսական այս «պատվերների» մեջ հաճախ ծնվում էր շատ ավելի մեծ արժեք`անկեղծ արվեստ։ Շատ հեղինակներ իրենց անհատական գեղարվեստական լեզուն արտացոլում էին այդ պատերին՝ արդյունաբերական թեմաները վերածելով փիլիսոփայական ու պոետիկ հորինվածքների։
Երևանի «Ալմաստ» գործարանը բացառություն չէր խորհրդային տարիներին ձևավորված այդ մշակույթի մեջ։ 1964 թվականին հիմնադրված գործարանի տարածքում 1970-ական թվականներին ակտիվ ստեղծագործական եռուզեռ էր․ պատերը նկարազարդվում էին բազմաբովանդակ ու յուրօրինակ որմնանկարներով։ Երիտասարդ նկարիչները՝ սիրով ու նվիրվածությամբ, գործարանի պատերին հաղորդում էին նոր կյանք ու բովանդակություն՝ վերածելով դրանք գեղարվեստական հարթակի։
Գեղարվեստական մոտեցումները տարբերվում էին՝ երբեմն դինամիկ ու կերպարային, երբեմն էլ խորհրդանշական ու աբստրակտ ոճով, սակայն բոլորի հիմքում ընկած էր միևնույն գաղափարը՝ գործարանը պետք է դառնար ոչ միայն արտադրության, այլև մշակույթի տարածք։ Գործարանի պատերին արված մեկ տասնյակից ավելի որմնանկարները ևս 1990-ական թվականներին արժանացան նույն ճակատագրին՝ մատնվելով անտարբերության ու մոռացության: Բարեբախտաբար, տարիներ հետո դրանք հայտվում են հոգատար ձեռքերում և ապամոնտաժելու և այլ տարածք տեղափոխելու անհեռանկար ճակատագրին չեն արժանանում: Այսօր գործարանի տարածքը վերածվել է ժամանակակից գրասենյակային, ստեղծագործական տարածքի և ժամանակին մեծ նվիրումով ու սիրով ստեղծված որմնանկարներն ու խճանկարները համահունչ միաձուլվել են այդ միջավայրին:
Նկարիչ Աշոտ Մելքոնյանը ևս մասնակցել է «Ալմաստ» գործարանի պատերի գեղարվեստական ձևավորման աշխատանքներին և նրա հեղինակած որմնանկարն աչքի է ընկնում իր նուրբ ու խորհրդանշական լուծումներով․ այն վեր է արդյունաբերական թեմատիկ աշխատանքի բովանդակությունից և հարազատ է Աշոտ Մելքոնյանի կախարդական-պոետիկ աշխարհընկալմանը։
Կենտրոնում բարձրանում է ծառը՝ լուսաշող, ամբողջովին ծածկված գունավոր տերևներով։ Այն կյանքի խորհրդանիշն է՝ արմատներով ամուր կառչած հողին, իսկ ճյուղերը խոյանում են դեպի վեր։ Ծառն ակամա դառնում է հենարան և հովանոց, որի շուրջը տարածված է բուսական ու կենդանական աշխարհը և պատկերը վերածում է հեքիաթային տիեզերքի։ Ծառի տակ պառկած է մայրը մանկան հետ, իսկ նրանցից քիչ հեռու տարածվում է խոտածածկ դաշտը, փոքրիկ ծառերն ու ծաղկած թփերը։ Մարդիկ ու կենդանիները պատկերված են հեռվում՝ պարզեցված ձևերով, կարծես այս երազային տեսարանում երկրորդական դերակատարներ լինեն։
Գունային լուծումները մեղմ են՝ ոսկեգույնի, դեղնավունի ու մոխրագույնի նուրբ անցումներով՝ առանց կտրուկ շեշտադրումների ու սուր հակադրությունների․ տեսարանը «լցված» է արևի մեղմ լույսով: Այս խամրած, գրեթե երազային գունապնակը ստեղծում է ժամանակից դուրս իրականության զգացում։
Այս որմնանկարում ևս Մելքոնյանի առօրյայից անդին՝ ներգրավված են պատմական հիշողության և ազգային ոգու շերտերը։ Ալմաստ գործարանի որմնանկարում էլ նրա գեղարվեստական խոսքը զուգակցում է արդյունաբերության հզորությունը և մարդկային ստեղծագործ ոգին՝ դարձնելով պատը ոչ թե զուտ դեկոր, այլ տիեզերական տեսարան, որտեղ մարդն ու իր աշխատանքը հավասարվում են լույսի ուժին։
Այս որմնանկարը ևս իր մեջ խտացնում է Մելքոնյանի գեղարվեստական աշխարհընկալման ամենանուրբ շերտերը՝ բնություն, մարդ, երազ և լռություն՝ միահյուսված մեկ ամբողջության մեջ։
Նույնիսկ գաղափարախոսական «պատվերների» ու արդյունաբերական միջավայրի պարտադրող միջավայրի պարագայում Մելքոնյանը հավատարիմ է մնացել պոետիկ ռեալիզմին՝ պատը վերածելով ոչ թե գաղափարախոսական կարգախոսների տարածքի, այլ՝ խորհրդավոր ու գեղարվեստական մաքրությամբ լցված միջավայրի։
Մարիաննա Մանուչարյան

