Մենության պարգևները

Դեպի մենությունդ փախիր, իմ բարեկամ, ես քեզ խայթոտված եմ տեսնում թունավոր ճանճերից: Փախիր այնտեղ, որտեղ խստաշունչ ու թարմ օդն է փչում:
Դեպի մենությունդ փախիր:
Ֆրիդրիխ Նիցշե
***
-Բոլոր գրքերը մենության մասին են, հերիք ա կարդաս, մի քիչ խնայիր աչքերդ,-մի օր ասաց տատս՝ ձեռքիցս առնելով Թոլքինի «Հոբիթը»։
Ինչ-որ անսովոր զգացում ունեցա էդ պահին, կարծես սառը հոսանք անցավ միջովս, հիմա եմ հասկանում. ութնամյա պատանիս առաջին անգամ զգացել էր մենության հպումը...
Մենությունը՝ իմ առաջին եւ հավանաբար վերջին սերը, որ աննկատ բնավորվել էր սրտիս մեջ, անդավաճան մնաց երեսունհինգ տարի, ոչ մի օր առանց իրար չապրեցինք, բայց էդպես էլ չհասկացա ո՞րտեղից եկավ։
Վստահ եմ շատերին է հետաքրքրում այս հարցի պատասխանը։
Ի՞նչ է մենությունը, ո՞րտեղից է այն ծագել։
Մենության հայտնությունն ու իրական էությունը, երևի էդպես էլ կմնա առեղծված բոլորիս համար, իհարկե, կան բազում վարկածներ, բայց դրանցից եւ ոչ մեկը չմեկնեց մենության ֆենոմենը։ Փիլիսոփաները, հոգեբանները, մարդաբանները հոգնեցին գլուխ ջարդելուց, ի վերջո, մենությունը հաղթեց ...
-Գուցե մենությունն է ճշմարիտ փիլիսոփայությունը,- մի օր ասացի փիլիսոփա ընկերոջս ու փոշմանեցի։
Էնպես շշպռեց ու գոռաց վրաս փողոցում, մարդիկ հավաքվեցին, սկսեցի ատել փիլիսոփաներին:
Այդ օրվանից սկսեցի շատ կարդալ, թղթին տալ մտածածս, լսածս, համր ու խաղաղ էր կյանքիս մի շրջան, բայց իմացությունը, որ մարդու մեջ ծնում է իրարամերժ մտքեր, ինձ էլ չշրջանցեց: Մենությունը մերկացնող բազում վարկածներ էի մտմտում, գրոտում, բարեբախտաբար մեծ մասը մոռացա, բայց գլխումս երկուսը մնացին ու մինչեւ չգրեմ՝ չեմ ազատվի դրանցից:
Ըստ առաջին վարկածի՝
Աստված է մենությունը՝ մենության արարիչը, եւ մենք մենութան զավակներն ենք՝ ժառանգորդները։
Բառով՝ մենության առաջին արտահայտչամիջոցով, Աստված արարեց աշխարհը։
Հետո բառը վերցրեց արարչագործության ուժը, ստեղծեց ուրիշ աստվածների, ապա ճկվեց եւ խառնվելով տարբեր ռասսաների թոթովանքներին՝ տրոհվեց ու նոր լեզուներ ի հայտ բերեց։ Ժամանակը բառին տվեց մտածողություն ու ինքնություն, հույզ ու կերպափոխություն։
Բառը, որ մենության առաջին բջիջն էր, դեռ շարունակում է իր էվոլյուցիան, բայց անփոփոխ է մի բան. նրա ստեղծած ամեն նյութ. շունչ ու իրողություն մենության գենոկոդն է կրում իր մեջ: Որքան շատ են մարդիկ հարաբերվում խոսելով, այնքան մեծանում է մենության պարագիծը:
Չհավանեցի՞ք առաջին վարկածը, անցնենք երկրորդ՝ մի քիչ անհեթեթ, բայց հետաքրքրական վարկածին։ Մոսկվայում էի, բուսակերների սրճարանում, երբ հանդիպեցի մի տարօրինակ բուդիստի: Չեմ էլ հիշում ինչ խոսեցինք սկզբում, որ բերանիցս թռցրի թե մենակ եմ ինձ զգում, հսկա քաղաք է: Սա ոգևորվեց, տեղավորվեց կողքիս եւ սկսեց.
-Մենությունը պատրանք է, լսիր, տղա՛, դու երբեք մենակ չես եղել, եւ չես լինի...
Հետո հյութեղ խնձորը կծոտելով՝ շարունակեց.
-Մենություն չկա, հավատա ինձ, հիշիր՝ ոչ-ոք երբեք մենակ չի լինում, մեզ հետ է տիեզերքը, բնությունը, մենք գնալով միշտ մի բան թողում ենք այլոց մեջ։ Մի բան, որ կյանքի է կոչվում…
Այս վարկածն ինձ հուսահատության հասցրեց, ավելի խճճվեցի ճշմարտությունների ու ստի միահյուս լաբիրինթոսի մեջ:
Հետո ուղեղս խոսեց իմ տեղը.
-Ի՞նչու ես քեզ տանջում, եթե ոչինչ չի փոխվում։
Հաճախ չիմանալը ավելի լավ չէ՞,- մտածեցի ու սսկվեցի:
Ճշմարտությունը մշտապես մոտ է, բայց հասու չէ մարդուն, ուստի չարժե գլուխ ջարդել։
Գիտեմ միայն մի բան. մարդը ծնվում է, հասակ է առնում, նրա երկու կեսերը՝ հոգին ու մարմինը մեծանում են, հարաճում են մենության մեջ։ Եւ սրա մասին ինչքան գրքեր գրվեցին.
Մարկեսը գրեց մենության մասին լավագույն վեպերից մեկը, իսկ գուցե մենությունը գրեց նրան, ու ոչ ոք չհասկացավ…
Գուցե մենությունն է ստեղծում մեզ…
Մի օր մարդիկ կգտնեն ամենակարեւոր գիրքը՝ մենության ավետարանը, որ գրել է Աստված…
Մինչ այդ մեզ մնում է միայն խորհրդածել մենության մասին։
Նկատե՞լ եք, որքան շատ են մենության ձոները. գեղանկարիչների, երաժիշտների, գրողների և քանդակագործների, պոետների շնորհիվ մենությունը բազմադեմության շքերթ արեց, ի հայտ եկան մենության բազում դրսևորումներ եւ կոտրվեց այն թաբուն թե մենությունը սեւ-սպիտակ է մռայլ: Կալոն վառ ինքնանկարներ էր անում, գունավորում եւ գեղեցկացնում էր իր մենությունը։ Վելասկեսի դիմանկարներում մենությունն այնքան սքանչելի է, որ ժամանակն ու մարդիկ անզոր եղան ապականել:
Իսկ ի՞նչ է կուբիզմը երբևէ մտածե՞լ եք, Պիկասոյի մենությունն է, հանճարեղ մենությունը: Կինը, նկարչի ոգին էր, նրա մենության երկվորյակը եւ լույսը, որքան շատ էր նա սիրում կանանց, այնքան կորում էր «գեղեցկության կլիշեն»։
Իսկ ի՞նչ է մեծ հաշվով արվեստը, մտածե՞լ եք երբևէ։
Մենության վարիացիա, համաձայն չեք, լավ, կրկին շարունակեմ. սեքսը, սպորտը, պարը, գեղասահքը, սերֆինգը, աղոթքը, մեդիտացիան մերձեցումը, ամենը մենության արգասիք են, սրանք մենության տարատեսակ դրսևորումներն են, դրա շարժումը որ էվոլյուցիա ապրելով վերադառնում է նույն կետին:
Մարդը երբեմն ենթագիտակցորեն, երբեմն անհրաժեշտաբար փախչում է մենությունից՝ ինքն իրենից։
Բայց մարդն ինքը մենությունն է։
Նա հաճախ մոռանում է սա... (Ես եմ Ալֆան եւ Օմեգան, սկիզբն ու վերջը՝ ասաց Փրկիչը՝ մենության ամենախորհրդավոր սիմվոլն ու կրողը։)
Քայլում եմ էլի գիշերով, ի՜նչ գեղեցիկ է խավարի մեջ վերուվարող քաղաքը։
Նայում ու չեմ հագենում. ամեն ինչ ծածկված է մենության շղարշով: Ու հիմա հասկանում եմ, որ մենություն կա ամենաաղմկոտ քաղաքներում, որտեղ մեքենաները կիլոմետրով խցանման մեջ են, մենություն կա հողի մեջ. ուր սնուցվում ու հասակ է առնում կանաչը:
Քայլում եմ ու շարունակում բարձր մտածել, հիմա ռուբիկ-կուբիկ հիշեցնող էս հսկա, թաքնվող շենքերում մարմիններն իրար են ձուլվում, որ անխաթար մնա մենության ակտը: Ուղեղս շարունակում է մտքեր հեղել. մենություն կա բոլոր բառերի, գրքերի, մեղեդիների մեջ, մենությունը որպես արմատ ամենուր է, նրա սերմերը հաճախ խորն են թաղվում, բայց երբեք չեն մեռնում։
Ուրեմն ինչո՞ւ տխրել, շտապում եմ տուն, փակում տանս դուռը, պառկում եմ իմ փոքրիկ սենյակում, գրկում եմ իմ սեւ, կանաչաչյա փափուկ մենությունը, քնքշորեն թաթը դնում է կրծքիս, ողջ գիշեր Չայկովսկի եմ լսում, նայում եմ դուրս՝ երևակայությունս նկարում է Վան Գոգի աստղազարդ գիշերը, երբեմն-երբեմն լսում եմ հաչացող մենավոր շներին, գինի եմ կոնծում ու ողջ գիշեր հաշվում եմ մենության անթիվ պարգևները:
Վարդան Սմբատյան