Մեր ստվերոտ անկյունների լուսարարը

Նախորդ տարի սեպտեմբերի 10-ին անակնկալ կերպով ընդհատվեց մեր մշակույթի նվիրյալներից մեկի՝ գրող, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ և  «Ֆրիտյոֆ Նանսեն» թանգարանի և ինստիտուտ-հիմնադրամի հիմնադիր տնօրեն  Ֆելիքս Բախչինյանի կյանքը: Մի ամբողջ կյանք և հագեցած ստեղծագործական ընթացք նա նվիրել էր գրականությանն անմնացորդ ծառայելուն և բացի իր հեղինակային ստեղծագործություններից, չորս տասնամյակից ավելի զբաղվել հայ-լիտվական գրական-մշակութային կապերով և լիտվական գրականությամբ՝ հայերեն  հնչեցնելով ոչ միայն դասականներին, այլև ժամանակակից լիտվացի  հեղինակներին: Բայց գրող և թարգմանիչ Բախչինյանի կյանքում մի մեծ նվիրումի  պատմություն էր նաև Ֆրիտյոֆ Նանսենի առաքելութան և կերպարի  քարոզչությունը: Տարիներ շարունակ մտավորականն ուսումնասիրել և  հանրահռչակել է նախորդ դարի մեծ հումանիստի, գիտնականի և փայլուն  դիվանագետի գործունեությունը, քարոզել նանսենյան արժեքները և իր իսկ հիմնադրած հայաստանյան «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամ-ինստիտուտի 20-ամյա  գործունեության ընթացքում հայ ժողովրդի երախտապարտ հիշողության մեջ ամբողջացրել մեծ մարդասերի կերպարը: Ֆելիքս Բախչինյանի հիշատակի օրվա  առիթով «ArtCollage»-ի ընթերցողներին առաջարկում ենք ընթերցել Պարույր Սևակին նվիրված նրա հոդվածներից մեկը, որ գտնվել է գրողի ձեռագիր տեքստերում:

 

     ***

Հոգեկան ունայնություն: Քսաներորդ դարասկզբին համաշխարհային գրականությունն անկրկնելի գործերով շարունակեց ահազանգել այս չարիքի մասին:

Նույն ժամանակաշրջանում ստեղծագործող իտալացի նշանավոր գրող Ալբերտո Մորավիան, որի գրիչն իր առաքելությունն էր համարում մտնել մարդկային սոցիալ-հոգեբանական խնդիրների ծալքերը՝ այնտեղ բարոյական կերպարներ գտնելու փնտրտուքով, մատնացույց էր արել իրականության դռները բացելու գրողական բանալիների մի շարք:

«Յուրաքանչյուր գրող,- գրում է Մորավիան,- ունի իրականության իր բանալին: Ըստ Բալզակի՝ դա փողն է. փողի միջոցով նա կարողանում է նկարագրել սերը, հասարակությունը, քաղաքականությունը: Դոստոևսկու բանալին մարդասպանությունն է. նա իսկապես մի տեսություն ունի սպանության մասին, և այդ տեսությունն օգնում է նրան՝ հասկանալու իրականությունը: Իմ դեպքում այդ բանալին սեռն է: Այն օգնում է ինձ հասկանալու քաղաքականությունը, հասարակությունը, ամեն ինչ...»:

Ի՞նչ բանալի էր մարդկային էության դռները բացող քաջազուն հայ գրողի՝ Պարույր Սևակի ափի մեջ, որով նա մոտենում էր անհատին՝ փակ դռների ետևում կարծրացած նրա մութը լուսավորելու համար: Դա բարոյականությունն էր: Բարոյականության փնտրտուքը մարդկային բոլոր հարաբերություններում, սկսած ընտանեկան, պաշտոնական, սիրային, անձնական, հայրենասիրական և կեցության այլևայլ ոլորտներից, մի ամբողջ աշխարհ, որտեղ սկսվում ու ավարտվում է մարդկային կյանքը: Բարոյական արժեքների փնտրտուք, որտեղ փակ դռների խնդիր չկար, Սևակից ճառագող լույսը սուր և հասու շեղբով մտնում էր մարդկային էության խորքերը, և հնչում էր զանգն ու զնգում.

 

Այն եղանակը պարզ ու բարդ,

Որ հնչել է աստվածների ծննդի հետ.

«Լույս, լույս զվարթ»...

 

Բանալին բարոյականության անուն ուներ: Բաց էր մարդկային էության դուռը, բայց քաջասիրտ գրողի՝ հենց իր բարոյական կերպարը թույլ չէր տալիս մտնել բացված դռնից ներս ծածուկ ու կեղծավորաբար, մթության քողի տակ: Շեմից ներս մտնելուց առաջ նա երազում էր՝

 

Սեղմեմ մի կոճակ՝

Եվ մարդկանց հոգում

ծաղիկների պես լույսերը ծաղկեն...

 

Աշխարհի մաքրությունը փնտրող բանաստեղծն առաջին հերթին լույսերն էր վառում, որպեսզի լուսե հեղեղների մեջ այլևս ծածուկ անկյուն չգտնող մութը «թողնի հեռանա», «Արշալույսը գա...»: Քանի արշալույս դեռ կարող էր գալ, և լուսե ինչպիսի նախշեր կարող էին զարդարել հայոց գրական տան ճակատը, եթե ծակ չլիներ մարդկության գրպանը: Իրար դեմ բացահայտ գործող հզորագույն ուժերի կռվազանության արդյունքում մարդ ֆենոմենը մշտապես քայլում է ծակ գրպաններով, որտեղ երկար ժամանակ երբեք չի պահվում «բարոյականություն» անունով բանալին: Եվ դա մի ընթացք է, որի մասին ասված իր բանաստեղծական խոսքի իրական ապացույցը հաստատվեց մեծ բանաստեղծի կյանքի օրինակով:

Բանալին զրնգաց Չանախչի տանող ճանապարհին և կորավ խոտերի մեջ, և միայն հողն էր բարի, որ կորածը գտավ ու իր գիրկն առավ «պառավ մամիկի» պես:

Բայց հողն ի՞նչ անի: Հողն ամեն աշնան փեշը խնձոր լցրած սպասում է նրան, որ ետ գա, համտեսի իր տնկած ծառի պտուղը: Իսկ մենք որոնում ենք կորցրած բանալին՝ թերթելով սևակյան երկերը, բայց և՝

 

...իզուր է,

Չէ, իզուր է որոնումը այն ամենի,

Ինչ դարավոր իր ճամփեքին կորցրել է

Մարդկությունը,

Որի բոլոր գրպանները

Վաղուց մաշված-ծակծկված են...

 

Բարոյականություն անվամբ բանալին կորցնել և գտնելու խաղի մեջ է մարդկությունը, և չի երևում այդ խաղի ավարտը: Մարդկության ամբողջ փորձի համակարգումն է Պարույր Սևակի կյանքն ու պոեզիան, բարոյական կերպարը կորցնելու և գտնելու փորձի համակարգումը:

Այս անգամ էլ դառնալով Ալբերտո Մորավիային՝ տեսնենք, թե ինչպես է բացատրում որևէ գրքի դասական դառնալու երևույթը. «Դասականն այն գիրքն է, որը վերընթերցվում է: Դասական գիրքն ամենահարուստն է ընդհանուր իմաստով: Իսկ ընդհանուր իմաստը մարդկության ամբողջ փորձի համակարգումն է... Ընդհանուր իմաստը դասականին հարաբերում է բոլոր ժամանակների հետ»:

Մարդկության տրորած ճանապարհներին մշտապես գտնվում են երջանիկներ, որոնք՝

 

Ամենևին չփնտրելով,

Այլ ակամա-հանկարծակի

հեգ մարդկության կորուստներից մեկն է

գտնում՝

Արեգակի

Կամ իր աչքի մատնիչ շողի

միջնորդությամբ:

 

Մենք դեռ փնտրում ենք նրան՝ անհատի բարոյական կեցվածքի հախուռն նվիրյալին: Փնտրում ենք, որովհետև նա դեռ կարող էր լինել մեր զրուցակիցն ու խորհրդատուն, մեր ստվերոտ անկյունների լուսարարը:

Իսկ նրանք, որ հետո են տրորելու մեր քայլած ճանապարհները, անկասկած, երջանիկներ են լինելու, որովհետև ակամա ու հանկարծակի են գտնելու մեր կորցրածը:

 

Ֆելիքս Բախչինյան