Մետաքսյա Սիմոնյան-100

Մանկապատանեկան հուշիկներ

Այս տարի լրանում է մարդկության երբեւէ ծնած ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի ծննդյան 100-ամյակը։ Այս տարի, փետրվարի 21-ին լրանում է նաեւ մեր ժողովրդի երբեւէ ծնած ամենագեղեցիկ (եւ տաղանդավո՛ր) դերասանուհիներից Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակը։ Մանկությանս եւ պատանեկությանս տարիներին նրա անունը մշտապես հնչում էր մեր տանը՝ Սունդուկյանի անվան թատրոնում կանանց հանդերձարանի վարիչ աշխատող Արուս տատիկիս եւ նույն թատրոնում որոշ ժամանակ գրական մասի վարիչ աշխատած հորս շնորհիվ։ Տատիկս Մետաքսյա Սիմոնյանի անձնական զգեստավորողն էր, նրա առաջին ընկերը ներկայացումին հաջորդող ուրախ եւ տխուր պահերին, ուստիեւ աշխատանքից վերադառնալիս կասեր, օրինակ, «Մետաքսյան էսօր շատ լավ խաղաց, ներկայացումից հետո ինձ հո չփաթաթվե՜ց», «Էսօր էլի Մետաքսյան խաղի ժամանակ չկարողացավ ծիծաղը զսպել, վարագույրը ստիպված իջեցրին» կամ՝ «Մետաքսյան էսօր բեմում ծնկների վրա քայլում էր, ցավացրեց»… Մի անգամ էլ պատմեց, որ Մետաքսյայի ծննդյան անունը եղել է Մառլենա, որ փոխել են՝ դերասանուհու ծննդավայր Աշխաբադից Երեւան տեղափոխվելուց հետո։ Իսկ մի անգամ նախանձով լսեցի հորս պատմածը, թե ինչպես է նա այդ օրը Նոր տարվա երեկոյին պարել ու օդ թռցրել գեղեցիկ դերասանուհուն…

1987 թվականի օգոստոսի 13-ի օրագրային գրառմանս մեջ գրել եմ. «Մետաքսյա Սիմոնյանն էլ չկա… Ինչպիսի՛ ցավալի նորություն։ Բաբկեն Ներսիսյան, հետո՝ Արուս Ասրյան, իսկ հիմա՝ Մետաքսյա Սիմոնյանը։ Հերթով գնում են։ Իսկ մնացողնե՞րն ովքեր են։ Ի՞նչ է լինելու թատրոնի վիճակը…»։ Շարունակության մեջ ներկայացրել եմ նրա հետ կապված հուշ-պատառիկներ, որոնց հիման վրա էլ շարադրում եմ դերասանուհու 100-ամյակի այս հարգանքի տուրքս…

Նրա կերպարով հմայվել եմ դեռ մանկուց։ Ես ու քույրիկս երբեմն միասին թերթում էինք Գրիգոր Զարեյանի «Մետաքսյա Սիմոնյան» գրքույկը եւ «Սունդուկյանի անվան թատրոն – 50» պատկերագիրքը։ Այս ալբոմում մի շարք թատերական գործիչներ տատիկիս ընծայագրել էին, ու հատկապես հիանում էինք Մետաքսյա Սիմոնյանի լուսանկարներով, մասնավորապես՝ Նինայի դերում («Դիմակահանդեսը»)։ Եվ հատկապես ուրախ էինք նրա ընծայագրի համար. «Թանկագին Արուսին ամենաջերմ եւ բարի ցանկություններով. Մետաքսյա. 29.10.72»։ Ուստիեւ պատահական չէ, որ մի անգամ ֆլոմաստերով նկարեցի Մետաքսյա Սիմոնյանին, և տատիկս այդ նկարը տարավ, նվիրեց դերասանուհուն։ Իսկ բեմում առաջին անգամ նրան տեսել եմ 1980 թվականին, «Խաթաբալա» ներկայացման մեջ Նատալյայի դերում։ Թիֆլիսեցի գեղեցկուհին՝ վառվռուն տարազների մեջ, անմիջապես գերեց ընդամենը իննամյա մանչուկիս։ Մինչեւ հիմա ունկերումս է նրա զրնգաձայն արտասանած առաջին նախադասությունը ՝ «Էստի Մարտիրոսյանի տուն չկա…»։ Ներկայացումից հետո ծառայողական ավտոբուսն աշխատողներին տուն էր տանում, եւ որքա՛ն ուրախացա, երբ դիմացիս նստարանին նստեցին  Մետաքսյա Սիմոնյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը (որի Զամբախովը նույնպես անջնջելիորեն տպավորվեց իմ մեջ)։ «Խաթաբալան» այնքան էի հավանել, որ նույնիսկ փորձեցի դպրոցի երկարօրյա խմբում այն «բեմադրել»…

Ու թեև այդ տարիներին Սունդուկյանի երկացանկում Մետաքսյա Սիմոնյանի մասնակցությամբ ներկայացվում էին նաեւ «Մադամ Սան-Ժենը», «Ապուշը» եւ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» բեմադրությունները, մերոնք չգիտես ինչու որոշեցին, որ դրանք ինձ համար «մեծական» են, ու այդ ներկայացումներն այդպես էլ չդիտեցի։

Հաջորդ անգամ Մետաքսյա Սիմոնյանին տեսա հինգ տարի անց՝ «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ։ Այն դիտեցի երեք անգամ, առաջին անգամ՝ 1985-ի հունիսի 1-ին։ Վաթսունն անց դերասանուհին (ասում են, թե նա, շատ արտիստուհիների պես, փաստաթղթերում փոքրացրել է իր տարիքը) դարձյալ շենշող էր կոմսուհի Ռոզին Ալմավիվայի դերում։ Բեմն իրենով էր լցնում, ներկայացմանը մասնակցող երիտասարդ աղջիկները նրա կողքին ասես խամրում էին։ Տուն գալով՝ կրկին նկարեցի նրան, այս անգամ՝ գուաշով։ Սա արդեն համեմատաբար հասուն գործ է, ուստի նվեր ստանալով այն՝ դերասանուհին տատիկիս միջոցով ինձ ուղարկեց այդ երեկո իր ստացած ծաղկեփունջը։

Տարիներ անց իմ նկարած այդ երկու գործերը վերագտա Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող Մետաքսյա Սիմոնյանի արխիվում… Անակնկալ էր երկրորդ նկարի դարձերեսին տեսնել դերասանուհու ձեռագիրը՝ ընծայագրված իրեն իմ անունից. «Սիրելի Մետաքսյային, Արծվի Բախչինյանից, 8-րդ դասարան»։

Երրորդ եւ վերջին անգամ նրան տեսա Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ է վերջանում» կատակերգության բեմադրության մեջ։ Արդեն նկատելի էր, որ ոտքերի խնդիր ունի, բայց, միեւնույն է, խաղը գերազանց էր… Երբ ավարտից հետո քույրիկիս հետ մտանք ավտոբուս, առաջին շարքում նստած տիկին Մետաքսյան մեզ ժպտաց ու հարցրեց՝ «Ո՞ւմն են այս լավ բալիկները»։

-Չես ճանաչո՞ւմ,- ասաց թատրոնի աշխատողներից Նազիկը,- Արուսի թոռն է, որ քեզ նկարել է…

-Մի՞թե,- ուրախացավ դերասանուհին և բռնեց ձեռքս։- Ես քո նկարը մի լավ տեղ, պատին եմ կպցրել…

Այն ժամանակ ես չափազանց ամոթխած դեռահաս էի։ Ձայն չհանեցի, լեգենդար դերասանուհու հպումից հաստատ շիկնեցի ու շտապեցի առանձնանալ ավտոբուսի վերջում։

-Ի՛նչ լուրջ տղա է,- ասաց տիկին Մետաքսյան։

Հետո տատիկս պիտի հանդիմաներ, թե ինչու հանկարծ այդպես լրջացա ու հեռացա։ Կողքս նստեց դերասանուհի Նոնա Պետրոսյանն ու երկար զրուցեց հետս (նրան նույնպես նկարել էի ու նվիրել, որից, ինչ խոսք, նա նույնպես շոյված էր)։

Մետաքսյա Սիմոնյանը քույրիկիս նստեցրեց իր կողքին, համբուրեց ու սկսեց հարցուփորձ անել… Նա շուտ իջավ, Թումանյան փողոցում՝ ձեռքի ծաղկեփունջը նվիրելով քրոջս։ Հիշում եմ մայթի վրա հեռացող նրա սպիտակ կերպարանքը։ Ես եւ Նոնա Պետրոսյանի աղջիկը նայում էինք նրա հետեւից։ Երեւի երկուսս էլ նույն բանն էինք մտածում, որ մեր աչքի առջեւ հայ թատրոնի մեծերից է։ Այդպես տեսա Մետաքսյա Սիմոնյանին վերջին անգամ…

Տխրեցի, երբ մի օր տուն գալով՝ տատիկս ասաց, որ Մետաքսյան հիվանդության պատճառով այլեւս բեմ չի բարձրանալու։ Իսկ նրա մահվան իրողությանը պարզապես անհնար էր հավատալ… Այդ օրերին սպասում էինք, թե Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության «Ժամանակ» ծրագիրը կհաղորդի այդ մասին, չէ՞ որ Մետաքսյա Սիմոնյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի էր։ Ոչինչ էլ չասացին… բայց չէ՞ որ ամիսներ առաջ այդ նույն «Ժամանակը» ողջ Միությունով մեկ հայտարարեց նույնպես ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վերիկո Անջափարիձեի մահվան մասին։ Գոնե մեր Մետաքսյան էլ նրա պես ապրեր 89 տարի…

Ամփոփելով՝ չեմ կարող կրկին ցավով չնշել, որ մեր ազգային անհեռանկարության պատճառով մենք այսօր զրկված ենք Մետաքսյա Սիմոնյանի թատերական լավագույն դերակատարումները դիտելու վայելքից։ Այո՛, պահպանվել է մի հատված նրա Նինայից՝ Արբենին-Փափազյանի խաղընկերությամբ, էլի ինչ-որ բաներ… բայց շա՞տ դժվար կլիներ ծայրեծայր նկարահանել նրա մասնակցությամբ եթե ոչ բոլոր, ապա լավագույն բեմադրություններից գոնե մեկը։ Ճիշտ է, դերասանուհին նկարահանվել է 12 կինոնկարներում, սակայն, ցավոք, դրանցից եւ ոչ մեկը չի կարելի դասել նրա լավագույն թատերական դերակատարումների շարքը։ Մետաքսյա Սիմոնյանը նաև ասմունքող էր (հիշում եմ Պարույր Սեւակի «Մոր ձեռքերի» նրա արտասանությունը). իսկ պահպանվե՞լ են արդյոք նրա ասմունքի տեսագրություններն ու ձայնագրությունները…

 

Արծվի Բախչինյան

Լուսանկարներ

Մետաքսյա Սիմոնյանը Նինայի դերում («Դիմակահանդես») Արծվի Բախչինյան (7 տարեկան) - «Մետաքսյա Սիմոնյան» (թուղթ, ֆլոմաստեր) Արծվի Բախչինյան (14 տարեկան) - «Մետաքսյա Սիմոնյանը կոմսուհու դերում, «Ֆիգարոյի ամուսնությունը» (թուղթ, գուաշ)
... ...