Մեզ պակասում են «երկարագուլպա Պեպպի»-ները

Բոլորս ծնունդով մանկությունից ենք: Ընտանիքը, հասարակությունը, դպրոցը ամենքիս «կոտրում» ու հղկում են յուրովի՝ ներազդելով մեր գենետիկ կոդի վրա, ձևավորվում է անհատը: Ժամանակակից ծնողները երեխաներին հնարավորինս անցնցում մանկություն ապահովելու նպատակով ուսումնասիրում են մանկական հոգեբանություն, փորձում ընկերական փոխհարաբերություններ ձևավորել երեխաների հետ, թույլ են տալիս փոքրիկ որոշումներ կայացնել, արտահայտել   կարծիք և թելադրել ճաշակ: Երեխայի իրավունքները հարգելիս՝ զուգահեռաբար պետք է փոքրիկ պարտականություններ դնել նրանց ուսերին: Անհրաժեշտ է ապահովել երեխաների բազմակողմանի զարգացումը, ինչը կնպաստի հետագայում առողջ հասարակության կայուն անդամ դառնալուն: Այս գործում անփոխարինելի դեր ու նշանակություն ունի արվեստը: Հաճելիորեն պետք է նշել, որ թատրոնների քաղաքականությունը նույնպես այս իմաստով փոխվել է, և մանկական ներկայացումներն այլևս որպես ձեռքի հետ արվող ցերեկային թեթև բեմադրություն չեն դիտարկվում: Հանդիսասրահում կան երեխաներ, որոնք  իրենց կյանքում առաջին անգամ են առնչվում թատերարվեստի հրաշքին: Երբեք, ոչ ոք առաջին տպավորություն ստանալու երկրորդ հնարավորություն չունի: Երեխան կամ կսիրի թատրոնը, կամ՝ ոչ:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացման առաջնախաղ էր՝ Հասմիկ Սուվարյանի առաջին ռեժիսորական աշխատանքը: Շուրջ երկու տասնամյակ թատրոնում աշխատելով որպես դերասանուհի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտուի Գյումրու մասնաճյուղում ղեկավարելով դերասանա-ռեժիսորական կուրսեր, նա որոշել է ընդունել թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի առաջարկն ու հանդես գալ որպես   բեմադրության հեղինակ: Ներկայացման գրական հիմքը շվեդ մանկագիր  Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպի» վեպի բեմականացումն է: Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1945թ Ինգրիդ Վան Նյումանի նկարազարդումներով: Ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել և բեմադրվել է: Ինչպես ֆիլմում, այնպես էլ անիմացիոն էկրանավորման տարբերակների մեծ մասում նկատվում է Ինգրիդ Վան Նյումանի նկարազարդման ազդեցությունը: Բացառություն չէր նաև գյումրեցի փոքրիկների դատին հանձնաված ներկայացման բեմական միջավայրը՝ բեմում դասավորված դեկորները՝ ստվարաթղթե տները հեքիաթի գրքի նկարազարդումներ էին հիշեցնում: Ինքնատիպ և հետաքրքիր լուծում էր բեմանկարիչ Անի Ռաշոյանի և դեկորատոր ­­­­­­­­­­­­Հակոբ Պողոսյանի մտահղացման ծնունդ կենտրոնական դեկորը՝ գլխավոր հերոսուհու՝ Պեպպիի տունը, որը կարծես գունավոր հրթիռ լիներ: Դեկորի այս խորհրդանշական կերպն արդարացված է, քանի որ Պեպպին հայտնվում է պայթյունի ձայնից հետո և մինչև ներկայացման երկրորդ հատվածը  չի բացահայտվում, թե ո՞վ է, ե՞րբ ու որտեղի՞ց եկավ ու սկսեց ապրել այստեղ: Տպավորություն է, որ լուսնից, կամ ինչ-որ այլ մոլորակից է ընկել: Պեպպիի դերում դուբլորային սկզբունքով զբաղված են Սոֆի Սարգսյանն ու Սեդա Մկրտչյանը: Առաջնախաղին բեմում Սոֆի Սարգսյանն էր: Նորավարտ, երիտասարդ դերասանուհին աշխատանքային առաջին թատերաշրջանից սկսած զբաղված է գրեթե բոլոր ներկայացումներում: Բնատուր արտիստիզմի, գեղեցիկ ձայնի և պլաստիկայի շնորհիվ դեռ ուսանողական տարիներին Սոֆին գրավեց մասնագետների ուշադրությունը, և արդեն մասնագիտական կրթություն ստանալով, նա վստահ մուտք գործեց թատրոն:

«Երկարագուլպա Պեպպի» կերպարի ծնուդնը հուզիչ նախապատմություն ունի: Գրքի գաղափարը ծնվել է, երբ Աստրիդ Լինդգրենի դուստրը՝ Կարինը, հիվանդացել և հոսպիտալացվել է: Աղջկան զբաղեցնելու և գոտեպնդելու նպատակով մայրը հորինում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես շատ ուժեղ այս աղջնակի կերպարը, ապա տարբեր պատմություններ հյուսում նրա շուրջ: Իսկ Պեպպի անունը հենց Կարինն է առաջարկել, այսպես շվեդերեն անվանում են չարաճճի ու քմահաճ փոքրիկներին: Վստահաբար կարող ենք նշել, որ դերասանուհին գիտեր իր կերպարի ստեղծման պատմությունը և ամբողջությամբ տիրապետում էր նյութին: Մարմնավորելով գլխավոր հերոսուհուն, դերասանուհին իր կերպարի հետ ենթատեքտային աշխատանք էր կատարել: Կան երևույթներ, որոնց մասին ծնողները դժվարանում են խոսել երեխաների հետ: Այդ «բարդ թեմաներից» է մահը: Պեպպիի մայրը մահացած է, նա մորը երազներում է տեսնում: Այս հանգամանքը շատ նրբորեն է ներկայացված: Ներկայացման առաջին հատվածում Պեպպին  հպանցիկ խոսում է այս մասին, իսկ արդեն ֆինալին մոտ մենք ականատես ենք լինում լեցուն ու հուզիչ մենախաղի: Սարգսյան-Պեպպին տանիքին նստած, հայացքն աստղազարդ երկնքին հառած խոսում է մայրիկի հետ: Տխուր ու թույլ կարող են լինել բոլորը, դա դատապարտելի չէ: Կորուստներից ապահովագրված չէ ոչ ոք: Այս գաղափարները, եթե իրենց հայեցումը գտնեն փոքրիկների գլխում, ապա ներկայացումը հետագայում հոգեհուզական հնարավոր ցնցումից զերծ կպահի իր հանդիսատեսին: Փոքրիկներն ավելի պատրաստ կլինեն ընկալելու կյանքում հնարավոր կորստի և մահվան դրվագները: Պեպպին ազնիվ է նույնիսկ երբ ստեր է հորինում: Այս դրվագներում դիմախաղի և ձայնի ձգված հնչերանգի միջոցով նա կարծես նախապես ասում է՝ «սա սուտ է», չնայած տեսարանի ավարտին ասում է նաև բառացի: Եթե տվյալ տեսարաններում Սարգսյանի խոսուն դիմախաղը տեղին է, ապա ամբողջ ներկայացման ընթացքում խիստ շեշտադրված աչքերի ու շուրթերի մանկական արտահայտությունը թերևս ավելորդ էր: Անկախ այդ հանգամանքից ավելի լավ Պեպպի դժվար է պատկերացնել:

Բեմում յուրաքանչյուր գործող անձ տեսակ ու գույն է, ինչն ավելի էր շեշտադրվել զգեստների ձևավորման հեղինակ Լուսինե Խաչատրյանի աշխատանքի արդյունքում: Դպրոցի տնօրեն Ֆրեկեն Ռոզենբլյումի մռայլ «մոխրագույն» էությունը ներկայացված է վարդագույն երանգավորմամբ, և այս դիսոնանսն օգնել է դերասանուհի Ջեմմա Ադամյանին: Մարմնավորելով հեքիաթի գլխավոր հակահերոսին նա ստացել էր ուսուցչի հավաքական կերպար, որը «…շտապենք տուն, որ առավոտյան շտապենք աշխատանքի…» առօրյայով է ապրում, այս կյանքը պարտադրում համաքաղաքացիներին և տեղ չի թողնում փոքրիկ երջանկությունների համար: Ռեժիսոր Հասմիկ Սուվարյանի հետ համագործակցելով դերասանուհին կերտել էր ներկայացման ամենահյութեղ կերպարը: Կերպավորում, որ չունի բացթողում, մշակված է ամեն մանրուք՝ քայլվածք, ժեստեր, դիմախաղ, կրկնվող ձայնարկություն, որ հատուկ է ուսուցիչներին: Մարմնավորումն այնքան անթերի է, որ բարդ է ճանաչել դերասանուհուն: Ֆրեկեն Ռոզենբլյումին սովորաբար ուղեկցում են ուսուցիչներ Ֆրեկեն Լորենը /Ասպրամ Բաղդասարյան/ և Ֆրեկեն Լաուրենը /Ադելինա Հարությունյան/: Այս տիպարները չունեն ֆաբուլա, և եթե Ֆրեկեն Լորենն իր հոգու խորքում արթնացնում է չարաճճի երեխային, անցնելով Պեպպիի ու նրա ընկերների շարքերը և խախտում հավասարակշռությունը, ապա Ֆրեկեն Լաուրենն ամբողջ ներկայացման ընթացքում տնօրենի հավատարիմ ուղեկիցն է: Նույնիսկ այս ածանցյալ կերպարը՝ զուրկ ինքնուրույն գծից, ներկայացման գունապնակում իր երանգն էր գտել:

Լինելով մանկական ներկայացում, «Երկարագուլպա Պեպպի»-ն իր ուղերձն ունի նաև մեծերին՝ հատկապես ծնողներին: Մանկական չիրագործված երազանքների իրագործումը շատ ծնողներ փորձում են կյանքի կոչել երեխաների միջոցով՝ արդյունքում փակուղում թողնում երեխային, որը «երազանքների ճամպրուկում» թողնելով իր նվիրական իղձերը, զբաղված է չսիրած գործով: Գայանե Մանուկյանի մարմնավորած «մայրը» ունի երգչուհի դառնալու չիրագործված երազանք, որը վանդակում փակված թռչնակի նման սկսում է արթնանալ ու ճախրել, երբ բոլորը քնած են: Նրա որդին՝ Թոմը, ջութակի դասեր է վերցնում ու կաշկանդվում անգամ ինքն իրեն խոստովանել, թե ինչ է իրապես երազում:

Տե՛ր կանգնեք ձեր երազանքներին, նրանք հենց այնպես չէ, որ հենց ձեր հոգին են շոյում, ուրեմն հենց դուք եք, որ պիտի ապրեցնեք նրանց: Բայց և ձեր երեխաների «թևերը մի՛ կոտրեք» եթե անգամ նրանց ապագայի պատկերացումները ձեզ անհեթեթ թվան:

 

Վանուհի Սեթոյան

...