Մհեր Մկրտչյանի «Արտիստական» թատրոնն այսօր

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: 20-րդ դարի հայ բեմի և էկրանի մեծագույն արտիստը կդառնար 95 տարեկան: Չկա մի հայ ով չի ճանաչում «մեր Ֆրունզիկին», չի դիտել հայտնի ֆիլմերը, անգիր չգիտի թևավոր խոսքեր դարձած մեջբերումները: Չունի նախընտրելի կերպար ու սիրելի արտահայտություն:
Դերասանի կյանքում յուրաքանչյուր դեր զավակ է, որ ծնվում է գաղափարից, երկար մնում սաղմնային վիճակում, ապա ծնվում ներկայացման առաջնախաղին, կամ ֆիլմի առաջին ցուցադրությանը և հավերժ մնում արտիստի հետ: Մհեր Մկրտչյանն այս իմաստով «բազմազավակ» է: Բայց նրա մեծագույն ժառանգը «Արտիստական» թատրոնն է՝ բեմարվեստում նրա տեսակի ու գաղափարների սերմանման օջախը:
«Արտիստի ամբողջ օրը՝ ցայտաղբյուրից ջուր խմելիս, թե փողոցում քայլելիս, մտքում կամ իր նոր դերերն է, կամ երեկոյան խաղացվելիք կերպարը»: Մհեր Մկրտչյանն այսպես է մեկնաբանել իր թատրոնն «արտիստական» անվանելու հիմքերը:
Թատրոնը բացվել է 1986թ Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի ռեժիսորն ու հացթուխի դերակատարը Մհեր Մկրտչյանն էր: Ճիշտ է, նա բախտավորություն չունեցավ երկար տարիներ ղեկավարել իր հիմնած թատրոնը, բայց այն այսօր հպարտորեն կրում է իր հիմնադրի անունը և վերածնված ու վերազինված, սերնդափոխված ու կատարելագործված շարժվում է արվեստ ստեղծելու և ճաշակ թելադրելու ուղիով: Այսօր «Արտիստական» թատրոնի խաղացանկում կարող է իր նախընտրած ներկայացումը գտնել ցանկացած հանդիսատես: Յուրաքանչյուր թիրախային խումբ կգտնի իր սրտի բեմադրությունը, բայց այս բազմաձևության մեջ կա մի հիմնական գիծ՝ արվեստն իր վեհության և բարձրության մեջ է թե՛ մանկական, թե՛ պոետիկ,՛ թե կատակերգական, թե՛ հոգեբանական բեմադրություններում:
Մհեր Մկրտչյանի 95-ամյակի առիթով թատրոնում սպասվում է Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» տրագիկոմեդիայի առաջնախաղը. այն բեմադրել է հրավիրյալ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը: Բեմադրության գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Տաթևիկ Մելքոնյանը: Առաջնախաղի նախապատրաստական աշխատանքաներին զուգահեռ թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Մհեր Մկրտչյանի հայրենի Գյումրում՝ ներկայացնելով «Եվ եղավ սեր» պոեզիա-ներկայացումը՝ Գայանե Անդրեասյանի բեմադրությամբ ու Տաթևիկ Մելքոնյանի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրաման:
Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրամայի Տաթևիկ Մելքոնյանի բեմադրությունն այս գարնան ամենաքննարկվող թատերական իրադարձությունն էր: Եթե միջին վիճակագրական հանդիսատեսը թատրոնից դուրս է գալիս «հետաքրքիր էր, բայց շատ բան չհասկացա» մտատանջությամբ, ապա թատրոնի գիտակ հանդիսատեսի համար սա «իսկ ինչո՞ւ ոչ», «ինչ էլ հետաքրքիր էր զուգորդել…» հարցադրումների ու եզրահանգումների աղբյուր է: Գուցե սա է պատճառը, որ ի սկզբանե, ստեղծագործական կազմը նախատեսել է, որ փոքրաթիվ հանդիսատես կարող է դիտել բեմադրությունը:
Մարդն իր կյանքն ու իրականությունը սովոր է տեղավորել տարածաժամանակային խորանարդում: Այն իրողությունը, որ մենք երազներ ենք տեսնում, ապագա պատկերացնում, կամ անցյալը վերհիշում, գիտենք բոլորս: Բայց այս երևույթները, կարծես ապրելու բաղկացուցիչ մասերը չեն, այլ մի ուրիշ իրականություն: Սրանք անտեսվում են, մեր գիտակցականի կողմից անկառավարելի լինելու պատճառով, բայց չեն դադարում գոյություն ունենալ: Մենք անկախ մեզանից քուն մտնելիս երազ ենք տեսնում, երանելի ապագայի տեսլական պատկերացնում, կամ հնարավոր կորուստներից տագնապում ու ճգնաժամային հոգեվիճակում հայտնվում: Մարդկային կյանքի այս զուգահեռ իրականությունը թերևս միայն հոգեբանների ու արվեստագետների համար է ամենաիսկական իրականություն:
Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրամայի հերոսուհին՝ Աննան (Տաթև Հովակիմյան) ամուսնու մահվանից հետո, սկսում է նրան կասկածել դավաճանության մեջ և սկսում է փնտրել իր կասկածները հիմնավորող փաստարկներ, գտնում ենթադրյալ սիրուհու հասցեն, այցելում նրան, համոզվում իր կասկածների մեջ ու սպանում նրան: Հաջորդ տեսարանում սիրուհին՝ Լոռա Դամը (Վալենտինա Դավիթավյան) ողջ է ու անվնաս: Մեկ այլ տեսարանում ողջ է նաև Աննայի Ամուսինը՝ Պիեռը (Հարություն Հովհաննիսյան): Զելլերի սյուժետային գիծը խճճված կծիկ է հիշեցնում. որտեղ է տարածաժամանակային խորանարդում տեղավորվող իրականությունը, որտեղից են սկսվում մտացածինն ու հիշողության արտացոլումը: Իսկ եթե քննել սկսենք, ոչ թե կենտրոնանալով առաջին տեսարանի, ասել է թե հանդիսատեսի գիտակցության մեջ դրոշմվող առաջին ազդակից, այլ վերնագրից: «Եթե դու մեռնեիր» ոչ թե «Քո մահվանից հետո»…
Հնարավոր է, որ այն ինչ ընկալվում է որպես փաստ՝ Աննայի երևակայությունն է: Իսկ որտեղից է այս միտքը ծնվում, չէ՞ որ ամեն ինչ իր սերմն ունի, այդ թվում և հղացող միտքը: Իսկ աղբյուրը Դանիելն է (Թելման Խաչատրյան), որը Պիեռի ամենամտերիմ ընկերն է, և սիրահարված է Աննային: Տեսարաններից մեկում Աննան ու Պիեռը տուն են վերադարձել Պիեռի մանկության ընկերների հետ անցկացրած ընթրիքից և Պիեռը, ի միջի այլոց, կնոջը պատմում է, թե Դանիելն ինչպես է հիանում նրանով: Երկխոսության թեման աստիճանաբար թեքվում է դեպի Պիեռի հնարավոր դավաճանությունը և հնչում է Աննայի «…պատկերացնում էի ինչ կլիներ, եթե դու մեռնեիր…»:
Ռեժիսորը Զելլերի խճճված տեսրանները չի ջանացել հստակեցնել, այլ համապատասխան բեմական, կամ ավելի ճիշտ թատերական (ներկայացումը ոչ թե բեմում է, այլ թատրոնի նախասրահում) միջավայրում է տեղավորել: Խճանկարի սկզբունքով բեմադրված են առանձին տեսարաններ, որոնք իրար են հաջորդում ու վերածվում ներկայացման: Միջավայրը բարձրաճաշակ է դարձնում դասական վոկալ կտորներով երաժշտական ձևավորումը, վերածծննդի ժամանակաշրջանի քանդակների ու նկարների պատկերումը դերասանական քարացած տեսարանների միջոցով, բեմական ձևավորման մեջ օգտագործված գեղանկարչական դիմանկար- շերտավարագույրը, ֆինալային տեսարանի մոմակալը՝ վառվող մոմերով:
Հաշվի առնելով կոլաժային բնույթն արդարացված էին նաև մահճակալի կամ լոգարանի գործածությունը:
Ներկայացումները ոչ բեմական տարածություն տեղափոխելը նորարարական ու ժամանակակից է համարվում: Թատրոն մետրոյում, գնացքի վագոնում, փողոցում, տանիքում… ինչո՞ւ: Երբ սկսնակ թատերախումբ կամ նախագծային թատրոն է նման միջավայրում բեմադրություններ կատարում, ինչ-որ իմաստով հասկանալի է, բայց արժե՞ արդյոք թատրոնի բեմն ազատ թողնել ու տեղափոխվել նախասրահ:
Ներկայացումը հաջողված է, և դրա գեղագիտական արժեքը բնավ նորարարական լուծումներով պայմանավորված չէ: Գուցե մի փոքր քիչ քննարկվեր, եթե իրական պատուհան, փողոցի տեսարան ու մեքենա չօգտագործվեր, բայց որպես արվեստի գործ, մեր համեստ կարծիքով, բեմարվեստի ստեղծագործությունը բեմում լինելուց չէր տուժի:
Վանուհի Սեթոյան
