Մհեր Մկրտչյանն առանց… հողմաղացների

Միամտություն է կարծել, թե մեծ արվեստագետի ստեղծագործական կենսագրությունը սոսկ ձեռքբերումների ու հաջողությունների անընդհատ շղթա է: Իրականությունն այն է, որ ավելի հաճախ դա մի դժվարին ճանապարհ է, որտեղ ձախողումները, չիրագործված ծրագրերը, հարկադիր նահանջները նույնքան օրինաչափ են, որքան տաղանդի հաղթանակը:
Այս մասին մտորելու և դրանում վերստին համոզվելու հերթական առիթն այս անգամ ստեղծեց մեր սիրելի դերասանը՝ Մհեր Մկրտչյանը: Բանն այն է, որ վերջերս վրացական արխիվներն աչքի անցկացնելիս հանդիպեցի ինձ համար զարմանալի ու անսպասելի լուսանկարների շարքի, որտեղ պատկերված էր Մհեր Մկրտչյանը՝ Սերվանտեսի հայտնի հերոսի՝ Սանչո Պանսայի կերպարում: Վստահաբար գիտեի, որ Մկրտչյանը «Դոն Կիխոտ» չի խաղացել ոչ կինոյում և ոչ էլ թատրոնում: Այդ դեպքում ի՞նչ էին նշանակում այդ լուսանկարները և ինչո՞ւ էին դրանք Վրաստանում:
Հարցերիս պատասխանները գտնելն այնքան էլ դժվար չէր: Հայտնի է, որ 1988 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիան հանդիսատեսին էր ներկայացրել «Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը» 9 մասից բաղկացած կինոնկարը, և թեև այնտեղ Մհեր Մկրտչյանը չէր խաղում, սակայն ինձ անծանոթ պատմության թելերը վստահաբար տանում էին դեպի այդ ֆիլմը: Այդպես կարծելու իրավունք էին տալիս ակնհայտ հանգամանքները: Նախ, մի քանի լուսանկարներում Մհեր Մկրտչյանը պատկերված էր Վրաստանի ժողովրդական արտիստ Կախի Կավսաձեի հետ: Հենց Կավսաձեն է այդ ֆիլմում մարմնավորել Դոն Կիխոտի կերպարը: Իսկ մեկ այլ լուսանկարում հիշյալ ֆիլմի բեմադրիչ, բոլորի կողմից սիրված «Զինվորի հայրը» ֆիլմի հեղինակ Ռեզո Չխեիձեն է՝ դարձյալ Մկրտչյանի հետ: Ընդ որում, նրանք ոչ թե պարզապես լուսանկարվել են, այլ կադրում ռեժիսոր Չխեիձեն դերասան Մկրտչյանի հետ քննարկում է տեսարանը, ասել է թե՝ եղել են փորձնական նկարահանումներ, ինչն էլ իր հերթին հուշում է, որ սկզբնապես նախատեսվել է Սանչոյի դերը հանձնել Մհեր Մկրտչյանին, բայց ինչ-ինչ հանգամանքներ ռեժիսորին ստիպել են վերանայել իր ընտրությունը, և, ի վերջո, այդ դերը ստանձնեց երիտասարդ վրացի դերասան Մամուկա Կիկալեյշվիլին: Նկարահանումները կատարվել են 1987 թվականին: Ի դեպ, տեսարանների մեծ մասը նկարահանվել է Ջավախքում:
Այն, որ Մկրտչյանին բախտ չվիճակվեց մարտնչել հողմաղացների դեմ, հազիվ թե արժե դիտարկել իբրև անհաջողություն: Կինոաշխարհում նման դեպքերն ու փոփոխությունները ոչ եզակի են, ոչ էլ արտառոց: Սա ստեղծագործական գործընթացի անխուսափելի և բնական բաղկացուցիչն է, որից զերծ չի մնացել նույնիսկ Մհեր Մկրտչյանի նման մեծությունը: Իսկ թե հատկապես որ ֆիլմերում Մկրտչյանը կարող էր խաղալ, սակայն չի խաղացել, դա արդեն զարմանքի և անսպասելիության միանգամայն այլ պատմություն է:
Օրինակ, դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ 1971-ին Լեոնիդ Գայդայի նկարահանած «12 աթոռ» հանրահայտ ֆիլմի գլխավոր հերոսի՝ մեծ կոմբինատոր Օստապ Բենդերի դերը «յուրացնելու» հավակնորդներից մեկն էլ եղել է Մհեր Մկրտչյանը: Պատմում են, որ նա գերազանց է մարմնավորել Օստապ Իբրահիմովիչի կերպարը, սակայն այն չափից ավելի հայկական է ստացվել: Այդ օրերից պահպանվել է մի լուսանկար, որտեղ Մկրտչյանը բենդերյան հանրահայտ գլխարկով ու շարֆով է:
Էլ ավելի պիտի զարմանաք, եթե իմանաք, որ Մհեր Մկրտչյանի անունը կարող էր հայտնվել «Հաջողության ջենտլմեններ» ֆիլմի տիտրերում, քանի որ սցենարիստը հատկապես Մկրտչյանի համար էր գրել ֆիլմի հերոս Վասիլի Ալիբաբաևիչի դերը: Բայց հանգամանքները նրանց ցանկությունից ավելի զորեղ գտնվեցին, և վերստին դերը բաժին հասավ մեկ ուրիշի:
1987 թվականին էկրան բարձրացավ «Մարդը Կապուցինների փողոցից» կինոնկարը, ու գրեթե ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ ֆիլմում հնդկացիների առաջնորդի դերը սկզբնապես վստահվել էր Մհեր Մկրտչյանին, սակայն նա նկարահանումներին մասնակցել չկարողացավ: Ասում են, որ հրաժարումի պատճառը զբաղվածությունն էր. այդ օրերին Մկրտչյանը նկարահանում էր «Հատակում» ֆիլմը:
Մկրտչյանի չխաղացած դերերի ցանկում անհնար է շրջանցել ևս մեկը, քանի որ դա նախ և առաջ հանճարեղ կինոռեժիսորի հետ աշխատելու բացառիկ հնարավորության բացթողում էր: 1987-ին Սերգեյ Փարաջանովը սկսում է «Աշուղ Ղարիբի» նկարահանումները և ցանկություն է հայտնում ֆիլմի դերերից մեկը տալ Մհեր Մկրտչյանին: Սակայն Մկրտչյանն այդ օրերին ԱՄՆ-ում էր: Ժամանակը սուղ էր: Հնարավորություն չունենալով սպասել դերասանի վերադարձին, Փարաջանովը դերը հանձնում է Գևորգ Հովակիմյանին:
Հովիկ Չարխչյան





