Մի երկարակյաց փարիզյան կատակերգություն

19-րդ դարից սկսած թատերական ավանդույթ է, որ օգոստոսին ամբողջ թատերախումբն արձակուրդում է: Այս չգրված օրենքը սկիզբ է առել Եվրոպայում, ապա կիրառություն գտել նաև Ռուսաստանում, կովկասյան երկրներում և տարածվել ամբողջ աշխարհում: Թատերաշրջանի ավարտին, վերլուծելով ամբողջ թատերաշրջանը, թատրոնների գեղարվեստական խորհուրդը վճռում է, թե հաջորդ թատերաշրջանում որ ներկայացումները պետք է շարունակեն բեմ բարձրանալ, իսկ որոնք այլևս զբաղեցնեն արխիվային դարակները՝ իրենց տեղը զիջելով սպասվող առաջնախաղերին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կա մի կատակերգություն, որը համառորեն չի լքում բեմը. Կլոդ Մանյեի «Բլեզ» դրությունների կոմեդիան, որը բեմում ստացել է «Փարիզը վտանգավոր քաղաք է» վերնագիրը: Սա 159-րդ թատերաշրջանում հանդիսատեսին ներկայացված վերջին կատակերգությունն էր: Եթե դիտարկենք խաղացանկում կատակերգության անհրաժեշտության խնդրի հայեցակարգով, ապա նախորդ տարիներին եղել են կատակերգություններ, որոնք ավելի ուշ են բեմադրվել և ավելի շուտ լքել խաղացանկը: Այդ թվում հանդիպում ենք նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի մի քանի այլ կատակերգական բեմադրությունների, հետևաբար այս ներկայացումը բեմում պահողը հանդիսատեսն է: Իսկ թե ինչն է հանդիսատեսին այսչափ գրավում փորձենք բացահայտել բազմաբևեռ քննությամբ:
«Բլեզը» գրվել է 1959թ և անմիջապես թարգմանվել ու բեմադրվել եվրոպական առաջատար թատրոններում: Հայաստանում այս կատակերգությունն առաջին անգամ բեմ է բարձրացել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիակական թատրոնում՝ 1980ականներին: Մանյեի հերոսները հայ հանդիսատեսի հետ հայերեն խոսեցին 2012 թվականին: Երկու առաջատար թատրոններ (Երևանի Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) զուգահեռ բեմադրեցին այս կատակերգությունը: Մի դեպքում փորձառու ռեժիսոր, ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի, մյուս դեպքում՝ երիտասարդ ու խոստումնալից բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանի (այժմ թատրոնի գեղարվեստական ղեկավար) ռեժիսորական ձեռագրերով:
Հետաքրքրական զուգադիպությունը Հրաչյա Գասպարյանը պատահական չի համարում, քանի որ Կլոդ Մանյեն թատրոնի լեզուն ու պահանջը լավ հասկացող դրամատուրգ է: Ճիշտ է, գործը մեծահասակների համար է, համեմված 18+ դրվագներով, բայց զերծ է գռեհկությունից, ինչն էլ այն մնայուն է դարձնում:
«Գռեհիկ արվեստ միշտ էլ եղել է, բայց պատմության մեջ հիշողություններ չկան այդ արվեստի մասին, քանի որ մարդը հոմո սափիենս է( homo sapiens), պրիմատ (primate) չէ»: Հրաչյա Գասպարյան
Փարիզը՝ նրբաճաշակության, բարձր արվեստի, թանկարժեք օծանելիքի, սիրո խորհրդանիշ է համարվում: Սակայն այս արտաքին փայլի ներքո թաքնվում է քաղքենիությունը, շահամոլությունն ու խաբեությունը, ինչն էլ ներկայացնում է Փարիզում ծնված և այս քաղաքի էության բոլոր շերտերին քաջածանոթ Մանյեն իր գործում: Հերոսներին զավեշտալի ու անհեթեթ իրադրութունների մեջ գցելով ծաղրում և բացահայտում է նրանց իրական էությունն ու մտադրությունները: Դրական հերոսներ ու հակահերոսներ չկան, կան իրադրություններ, որոնք ծիծաղաշարժ կարգավիճակում են դիտարկում յուրաքանչյուրին:
Վերլուծության առանցք բերելով Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությունը՝ արժե նշել, որ առաջնախաղից մինչ վերջին բեմել ներկայացումը և՛ դերասանական կազմի, և՛ որոշ տեսարանների փոփոխության է ենթարկվել: Բայց, քանի որ ներկայացման հենասյուները դրամատուրգիան և ռեժիսուրան են, կատարված փոփոխություններն առանձնակի չենք շեշտադրի: Ռեժիսորն իր առաջ տեքստի հաղթահարման խնդիր չի դրել, այլ դրա հետ աշխատել է նրբորեն, պահպանելով որպես կայուն հիմք՝ իր բեմադրական լուծումները կենտրոնացնելով բեմավիճակների, գունալուսային գամմայի և երաժշտական ձևավորման շուրջ: Մանյեի տեքստը կոմպոզիցիոն այս գործիքներով հղկվել և մատուցվել է հանդիսատեսի դատին:
Վարագույրը բացվում է Զազի «Ժը վու» (Zaz «Je veux») երգի հնչյունների ներքո, բեմում անթափանց ապակյա պատերի հետևում գործող անձիք են: Հերթով յուրաքանչյուրը լուսավորվում է վառ գույնով և տեսանելի դառնում: Ստվերները պարային շարժումներով կարծես հանդիսատեսին ողջունում և լույսի հանգչելով նրանց հիշողության մեջ թողնում են կերպարի վիզուալ արտացոլքը: Պարի և գույնի միջոցով կարծես ներկայացվում է յուրաքանչյուրի խառնվածքն ու էներգիայի գույնը: Անմիջապես թելադրվում է ներկայացման ռիթմն ու մթնոլորտը: Դեռ չի հնչել առաջին երկխոսությունը, իսկ դահլիճն արդեն գերուշադրությամբ ու ժպիտով է արձագանքում:
Փարիզի փայլուն կյանքով հրապուրված՝ հեռավոր գյուղից այստեղ է ժամանում մի աղջնակ՝ Մարին: Նա միակն է, ով գործում է շիտակ, ասում ճշմարտությունն ու ազնիվ է իր բնույթով: Եթե ներկայացման առաջին հատվածում հերոսուհու այս հատկանիշները զավեշտալի էին մյուս գործող անձանց և հատկապես գլխավոր հերոսի՝ Բլեզի համար, ապա ֆինալում այդ նույն թափանցիկ էությունը գրավեց նրա սիրտն ու Փարիզը լքելու վճռի առիթը դարձավ:
Գլխավոր դերերում ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Գաբոյանը և Դիանա Մացոյանն են: Լավագույն արտիստներն, իհարկե, իրենց պրոֆեսիոնալիզմով ծածկում են տարիների հետքը, ինչի կարիքը առաջնախաղի ժամանակ չկար:
Մացոյան-Մարին խոշոր քայլվածքը, անփույթ կեցվածքն ու արտահայտված դիամախաղն է դրել իր կերպարի կառուցման հիմքում: Մարմնավորելով ազնիվ, հիմարիկ գյուղի աղջկա, նա որոշ տեսարաններում մոտենում է գերխաղի սահմանին, բայց չի հատում այն:
Գաբոյան-Բլեզը կոկիկ ու զուսպ խաղաոճով հյուսում է իր գործողությունների շղթան:
Մյուս գործող անձիք գույներ են, որոնք իրենց մուտք ու ելքով երանգավորում են տեսարանն ու թույլ չեն տալիս, որ բեմը խամրի:
Ներկայացման լավագույն տեսարանը ֆինալն է: Բլեզն ու Մարին փախչում են վտանգավուր Փարիզից՝ գյուղում նորոգված կյանք կառուցելու վճռով: Մյուս բոլոր գործող անձիք միաժամանակ բեմում են անպատեհ դիպվածով և անպարկեշտ կերպարանքով: «Ի՞նչ ես անում այստեղ, այս տեսքով» խոսքերով միմյանց հանդիմանում են ապա կիսաշրջան կազմում: Հարությունյանն այս տեսարանը կառուցել է Զազի «Նի ուի, նի նօն» (Zaz «Ni Oui Ni Non») երգը խաղարկելով: Գործող անձիք հերթով մատնանշում են իրար ու ժեստերի լեզվով ամոթանք տալիս: Ապա մոտենում են բեմի եզրին, դահլիճը լուսավորվում է, նրանց հայացքներն ուղղվում են դահլիճ:
Այն փաստը, որ ներկայացումը ստացված ու սիրված է, կասկածից վեր է: Բայց կհանդիպե՞նք արդյոք «Փարիզը վտանգավոր քաղաք է» վերնագրին 160-րդ հոբելյանական թատերաշրջանի խաղացանկում, դժվարանում եմ հստակ պատասխանել:
Առաջնախաղերը մշտապես ուղեկցվում են տոնական տրամադրությամբ, իսկ երբ է ներկայացումը վերջին անգամ բեմական լույսերի ներքո, հաճախ ոչ ոք, անգամ դերակատարները հստակ չգիտեն: Գիտի միայն ինքը՝ թատրոնը:
Վանուհի Սեթոյան


