Մի «ԽԵԼԱՀԵՂ SEANCE» Կամերային ներկայացումների փառատոնում

Եթե մի քանի տարի առաջ մշակութային և հատկապես թատերական գրեթե բոլոր միջոցառումները կենտրոնացված էին Երևանում, ապա այսօր մարզերի բնակիչները ևս հաճախ աշխույժ թատերական իրադարձությունների կենտրոնում են հայտնվում: Ամենամյա թատերական փառատոներ են անցկացվում Գյումրիում, Վանաձորում և այս տարի նաև՝ Կապանում: Արդյունքում հանրապետության հյուսիսային և հարավային մարզկենտրոնների հանդիսատեսն առանց կիլոմետրեր հաղթահարելու հնարավորություն է ունենում վայելելու մայրաքաղաքի և այլ մարզերի թատրոնների լավագույն ներկայացումները: Փոխվել են նաև մարզային թատրոնների բեմադրություններից որակական պահանջները, ինչի վկայությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության մրցութային անվանակարգերում այս թատրոնների մրցանակներն են:
ՀԹԳՄ մշակութային ապակենտրոնացման քաղաքականությունը Կապանը շուրջ 8 օր վերածել էր թատերական տոնակատարության մեծ ու շքեղ բեմահարթակի: Առիթը Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հոբելյանն էր. թատրոնը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն հիմնադրվել է 1935թվականին, Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն: Առաջին նորամուտն Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար Ոգի» ստեղծագործության բեմադրությունն էր:
Նախատեսված էր Կապանում միանգամից երկու խոշոր թատերական իրադարձություն անցկացնել՝ «Կամերային ներկայացումների փառատոն», իսկ թատրոնի միջազգային օրը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Բարդ և պատասխանատու նախաձեռնությունն ի կատար ածվեց արվեստասերների և նվիրյալների ջանադիր աշխատանքի արդյունքում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Կապանի թատերասեր հանրությանը ներկայացավ փառատոնի 3-րդ օրը՝ անգլիացի դրամատուրգ Նոել Քոուարդի «ԽԵԼԱՀԵՂ SEANCE» լիրիկական կատակերգությամբ, որը բեմադրել է Ռաֆայել Ասատրյանը: «Նորի որոնման ճանապարհին շատ կարևոր են փառատոները, որոնք ինչ-որ իմաստով փորձի փոխանակում են, ինչ-որ իմաստով թատրոնների հանրահռչակման միջոց, և մենք մեծ ոգևորությամբ ենք գնում»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, որը մարմնավոում է ներկայացման գլխավոր հերոսին՝ Չարլզին:
Սա Գյումրու թատրոնի 159-րդ թատերաշրջանի առաջին ներկայացումն է, և գյումրեցի հանդիսատեսն արդեն հասցրել է ջերմ ծափահարություններով ընդունել բեմադրությունը: Թյուր կարծիք կա, թե կատակերգություն բեմադրելը կամ խաղալը ավելի հեշտ է, քան որևէ ծանրակշիռ դրամա: Գյումրու թատրոնի խաղացանկում կատակերգություն չէր եղել արդեն 5 թատերաշրջան, քանի որ թատերախումբը վստահություն ունի, որ որակյալ կատակերգական բեմադրություն ստեղծելն իրականում բարդ գործընթաց է: Մնալ դասական կատակերգության պահանջների շրջանակներում, միաժամանակ հանդիսատեսին ժպիտ և ծիծաղ պարգևելով, մտորելու տեղ թողնել՝ սա է խնդիրը: Մերօրյա կատակերգություններում հաճախ ենք տեսնում լիաթոք ծիծաղող հանդիսատեսին, բայց որպես կանոն այդ քրքիջը սկետչային լուծումների և ֆարսի վերածված բեմադրության արդյունք է:
«ԽԵԼԱՀԵՂ SEANCE»-ը մի կատակերգություն է, որում զավեշտալի իրադրությունները մատուցված են էսթետիկ լուծումներով: Վարագույրի բացվելու պահից մինչև ներկայացման ավարտը հանդիսատեսը ձանձրանալու ոչ մի պահ չունի: Ներկայացումը գունեղ է, կերպարները՝ վառ, տեմպոռիթմն՝ աշխույժ, իսկ լուծումներն անկախատեսելի: Կարևոր է նշել, որ սա այն դեպքն է, երբ թեթևությունն ինքնանպատակ չէ:
«Ես այս ներկայացումն առանձնացնում եմ այն իրողությամբ, որ նոր դեմքեր կան, երիտասարդական թարմ և ստեղծագործական կազմ», - նշում է Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:
Ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը թատրոնի միջին սերնդի ներկայացուցիչ է, և դերաբաշխման խնդրին մոտեցել է կառուցողական սկզբունքով. կատարյալ փոխըմբռնման մթնոլորտում են աշխատում ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Գաբոյանը, Ռաֆիկ Խառատյանը, երկար տարիների բեմական փորձ ունեցող դերասանուհիներ Հասմիկ Սուվարյանը, Ադելինա Հարությունանն ու վերջին տարիներին թատրոն մուտք գործած երիտասարդները՝ Լիլիթ Խառատյանը, Սոֆյա Սարգսյանն ու Սեդա Մկրտչյանը:
Ներկայացման գլխավոր հերոսը՝ Չարլզը, գրող է, որը կորցրել է ոգեշնչման աղբյուրը: Իրավիճակը փրկելու նպատակով նա որոշում է դիմել գուշակի, որի «seance»-ից հետո հայտնվում է տարիներ առաջ մահացած Էլվիրան՝ Չարլզի առաջին կնոջ ուրվականը, որին, ի դեպ, տեսնում է միայն Չարլզը:
Իրադրությունը լարվում է, երբ Էլվիրան իմանում է Չարլզի ներկա կնոջ՝ Ռութի գոյության մասին: «Այս տանը մեկ կին պետք է լինի և դա ես եմ» ուրվականի վճռականությունը նրան համակրելի է դարձնում հանդիսատեսի համար: Սուվարյան Հասմիկ-Էլվիրան աննյութեղեն կրակ է, նրա ոգեղեն կերտվածքը կարեկցանք կամ ափսոսանք չի ներշնչում, քանի որ պարադոքսալ տեսակ է: Հասկանալի է, որ մահացել է երիտասարդ տարիքում, բայց այնքան կենսախինդ է, որ ողջերին է ապրել սովորեցնում: Նա կարողանում է վերադարձնել ամուսնու ստեղծագործելու մղումը, նրա ակտիվ կյանքն ու ժպիտը, բայց տանուլ է տալիս Չարլզի ներկա կնոջը, քանի որ մարդը միտք է, հոգի ու մարմին: Ռեժիսորը շատ նուրբ տեսարանով շեշտել է Էլվիրայի ֆիզիկական չգոյությունը. ամուսինները փորձում են գրկախառնվել, բայց չի ստացվում: Ուրվականը կիսաթափանցիկ սպիտակ թեթև զգեստով է, լուսային ձևավորումն ու ամպային էֆեկտն ամբողջացնում են տպավորությունը (զգեստների հեղինակ՝ Լուսինե Խաչատրյան, նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի): Սա միակ տեսարանն է, որը թախիծ ու ափսոսանք է ներշնչում: Բեմադրիչը հետաքրքիր ռեժիսորական լուծում է ընտրել՝ ուրվականը կարողանում է իրեր տեղաշարժել: Նա տան տիրուհու իրավունքով սկսում է բույսերի դասավորությունը փոխել, խմիչք լցնել ու բաժակը ձեռքին շրջել. այս ամենը տեսնում է տան աշխատողը՝ Էդիթը (Սեդա Մկրտչյան): Երիտասարդ դերասանուհին այնքան գրագետ է կառուցում իր էտյուդային կտորը, որ ճշմարտացի տպավորություն է գործում: Հանդիսատեսը հավատում է, որ նա տեղաշարժվող բույսեր և օդում պտտվող բաժակ է տեսնում: Տեսարանները շատ արագ են հաջորդում իրար, իհարկե, կան դրվագներ, որոնց բեմադրման մասնագիտական բացատրություն դժվար է գտնել: Օրինակ գուշակ-Սոֆիայի մարմնամարզիկի ճկունության ցուցադրումը: Բայց նույն տեսարանում կային նաև մի քանի շատ դիպուկ ու նուրբ լուծումներ: Հետաքրքրական էր ներմուծված կերպար Մինին (Ասպրամ Բաղդասարյան), որը գուշակի օգնականն էր և ի հակադրություն կերպարի անվանը ֆիզիկական բավականին խոշոր կառուցվածք ունի հատկապես գուշակ-Սոֆիայի կողքին:
Ներկայացման առանձնահատկություններից է հստակ հերոսներ ու հակահերոսներ չստեղծելու փաստը: Յուրաքանչյուր գործող անձ գույն է, որ գալիս ու իր երանգն է ավելացնում Չարլզի մոխրագույն կյանքին: Վառ գույները գերակշռում են նաև հագուստների ձևավորման մեջ, ինչը, սակայն, դիսոնանս չի առաջացնում, քանի որ բեմի ձևավորման երանգները մեղմ են:
Կյանքն այսօր ու հիմա է, ապրել է պետք՝ վայելելով ու գնահատելով այն: Կորուստներն անխուսափելի են, պետք չէ արժևորել ու ափսոսել կորցնելուց հետո: Պետք չէ ապրել, մոռանալով մահկանացուի մեր բնույթը: Կյանքի փոթորիկներն էլ են սիրո արժանի՝ նրանցով է գնահատվում հետագա խաղաղությունն ու ներդաշնակությունը: Սրանք ուղերձներ են, որ ուղեկցում են հանդիսատեսին, գուցե և ուղղորդում վաղվա օրն այլ կերպ ապրել:
Վանուհի Սեթոյան