Մի թռչնիկ նստեց յասամանի ծառին

***
Մի թռչնիկ նստեց յասամանի ծառին, յասամանը ծլնգաց։
Դու ժպտում էիր տաք։ Այտիդ արցունքը մատովս վերցրի, ոնց որ յասամանի թերթիկ լիներ․․․
***
Էլի սիրուն բաներ եղան․ դե գարուն էր, շատ բան պիտի սիրուն լիներ․․․
Կանաչու մարգը խշխշաց, տեսանք՝ քութոն մտել է մեջը, ոտքներիս է քսմսվում․․․
Վա՜յ, քութո՜, քութո՛․․․
***
Կռացա, մի ծիլ ռեհան քաղեցի, դրեցի ականջիդ հետևը։
Քութոն վազեց փախավ ուրախ-ուրախ։ Գնաց ընկավ ջրափոսը էդ ծուռթաթիկը։
-Արի՛, արի՛, ա՜յ քութո․․․
***
-Բարև՛ ձեզ,- մեղրը բոքոնին քսած՝ անուշ անելով անցավ Բաբկենչիկը։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, էս ի՜նչ գարուն էր․․․ երբ թռչնիկ նստեց յասամանի ծառին, յասամանն էլ ծլնգաց։ Ոնց որ ասեր․«Տեսեք՝ հիմա ի՜նչ կինո է սկսվում»․․․
***
Մեր տնից էն հին կինոլենտը որ գտել էի, բերել կապել էի մարգի եզրով։ Էն հին վինիլները հանել շարել էի ծաղկանոցի շուրջը գույնզգույն։
***
-Ջրերը տարան,- նկատեցիր դու, երբ առուների քչքչոցը պակասեց։
-Էս բիբարի ջուրը կիսատ մնաց,- հեռվից գոռաց Մաթոս պապը ձեռը թափ տալով։
-Բան չկա, Մաթո՛ս պապի, կտան, հո չե՞ն թողնի...
***
Ծառին թիկնած՝ յասամանի թերթեր էինք ուտում։
Կեղևն էիր շոյում ծառի։ Ծաղիկներից էինք խոսում, գույներից։
-Ջրերը տվին,- ասիր, երբ առուն նորից քչքչաց։
***
Էլի ու էլի սիրուն բաներ եղան․ դե գարուն էր ոսկեգույն․․․
Նշան Աբասյան