Մտորումներ պատերազմի մասին

Մեկ տարի անց պարզվում է, որ Գերմանիան հաղթել էր ոգով` նախքան զենքը վայր դնելու մասին որոշում կայացնելը, եւ որ նրա թշնամիներն ոգով պարտված են զգացել` նախքան ուժով զինաթափվելը: Ձեր նշանաբանը փոխվել է, այլեւս չի հնչում` «Ընդդեմ ռազմականացման» կարգախոսը: Այժմ հնչում են հետեւյալ կարգախոսները`«Գերմանական օրինակը», «Մենք պետք է ընդօրինակենք Գերմանիային», «Կազմակերպություն»: Նրանք բավականին լրջացել են Գերմանիայի հետ պայքարում, բացահայտ, եւ ոչ առանց մտահոգության, միմյանց ցույց են տալիս «իրավիճակի լրջությունը», եւ հիմա ավելի շուտ կհրաժարվեն լիբերալ-անհատական տատանումներից, կկազմակերպվեն, կռազմականացվեն. մի խոսքով`դառնալով գերմանացի, նրանք ցանկանում են արդարություն հաստատել լուրջ իրավիճակում: Բայց ինչո՞ւ եւ ինչի՞ համար են նրանք պայքարում: Մի՞թե դա ցույց է տալիս, որ հաղթանակն ու գերմանական կանխորոշված ապագան, գերմանական պետության գաղափարն ու մշակութային կերպն արտահայտվում են  «ռազմականացման» եւ ոչ թե «քաղաքակրթության» մեջ, Մանչեսթերի փառքի եւ «անմահ սկզբունքներ»-ի մեջ, մի՞թե դա ցույց է տալիս, որ դեռեւս հաղթելու ակնկալիքով ստիպված ես ընդունել թշնամու գաղափարն այնքանով, որքանով կարող ես դու նրան շրջել իր իսկ դեմ եւ պայքարել: Կգտնվի՞ մեկը, որ հաղթի: Եթե նույնիսկ հաջողվի ֆիզիկապես ճնշել Գերմանիային, ապա այս պատերազմից հետո, աշխարհը, միեւնույն է, գերմանական կերպով կներկայանա: Միայն հուսահատությունից գլուխը կորցրածն է շարունակում վիճել նրա դարձի գալուց հետո: Հերքումից հետո միայն չար կամքի շնորհիվ է հնարավոր պահպանել համառությունը: Հին կայսրությունների կամքն է`միացյալ ուժերով ներքեւ քաշել եւ շնչահեղձ անել Եվրոպայի ժամանակակից եւ պատմական առաքելություն ունեցող ուժին. դա համաշխարհային պատմական մեղք էր, երբ դեռեւս կույր եւ անգրագետ կամքն էր ամեն ինչ թելադրում: Այսօր պայքարի մեջ լինելն ու դրա մասին գիտակցելը հանցագործություն է դիտվում:

Պատերազմի սկզբում հնչող «Մենք պետք է հաղթենք» գերմանական կարգախոսը կրկնակի նշանակություն ուներ: Մի տեսակ ճակատագրապաշտությամբ հայտարարվում էր. «Մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետեւ պատմության ոգին մեզ հետ է»: Բայց նաեւ խորը սարսափ կար հետեւյալ կարգախոսում. «Մեր հաղթանակն ամենադառն անհրաժեշտությունն է, որովհետեւ աներեւակայելի է, թե ինչ կլիներ, եթե մենք չհաղթեինք»: Ռուսների, ֆրանսիացիների եւ անգլիացիների (իրենց ասիական եւ աֆրիկյան օժանդակ զորքերով)` Գերմանիա համատեղ ներխուժման մտադրությունն իրականում այնքան սասրափելի էր` հաշվի առնելով այն ժամանակվա հոգեւոր աշխարհի կարգը, որ համընդհանուր բացականչությունը «Միայն ոչ դա», բխում էր սարսափից  եւ ընդգծված վճռականությունից: Պատկերացումները, որոնք աշխարհը կազմել էր մեր մասին խելահեղ ագիտացիայի միջոցով, եվրոպական հանրության մոլեգին համոզմունքը, որ Գերմանիան պետք է ջնջվի, աննշան բաներ կթվային, եւ երբ աշխարհը խելքի գար, դրանք արդեն ուշացած կլինեին:

Սակայն պատմաբանը, որը կփորձի պատկերացնել, թե ինչ է սպասվում Գերմանիային, որն ավելի թույլ է, իրավունք չունի մոռանալու եւ չխոսելու այն մասին, թե ինչ տառապանքներ է նա կրել իրականում: Քանզի դա ավելին էր, քան երբեւէ սպասվում էր ժողովրդից: Իր ողջ պատմության ընթացքում երբեք ոչ մի ժողովուրդ այդքան վիրավորանք ու տառապանք չի կրել: Նախկինում երբեք չի եղել այն պատկերը, որ մի ժողովուրդ կարող է կործանվել եւ անհետանալ ամբողջ աշխարհի ատելության, զայրույթի եւ արհամարհանքի տարափի տակ, եւ որ դրանից չկարողանա այլ ելք նշմարել: Դրսում ինչ-որ մեկը ժամանակ գտա՞վ` թափանցելու մշակութային ժողովրդի հոգին, որը հավատում էր մարդկության արարչագործություններին եւ մի սարսափելի օր կարող է հռչակվել որպես մարդկության թշնամի: Այդ մարդկությունը, որը մեզ թվում էր, թե բաղկացած է սենեգալցի նեգրերից, մալուխ կտրողներից եւ «Harmsworth»-ի լրագրողներից, համոզված էր, որ մեր անկումն իր բարեկեցության նախապայմանն է: Նա համոզված էր, որ ինքն իրավացի է մեր հարցում, մինչդեռ մեր իրավունքներին վերաբերող տաք զգացմունքներն այրում էին մեր հոգին: Կասկածի որդը չի՞ կրծում ու երբեմն ցավ պատճառում Ձեր հոգուն: Իրոք, ավելի ամուր նյարդեր են պետք`արդարության գերիշխող ուժին հակառակվելու համար, քան`բարձրագույն   ուժին: Կարո՞ղ է մեկն իրավացի գտնվել՝ ընդդեմ բոլորի: Թե՞ օրենքը միայն մեծամասնության իշխանության հավակնությունները չի արտացոլում, այսինքն` այն, ինչ մեծամասնությունն ընկալում է որպես օրենք: Եկեք այսօր ընդունենք, որ եղել են պահեր, երբ հասկացել ենք, որ մենք բոլոր ժամանակներում չցուցաբերեցինք եսասիրական վճռականություն եւ համառություն, որոնք անհրաժեշտ են ընդհանրապես հուզական ճնշմանը հակազդելու համար: Մենք չունենք այն ժողովրդի սառնասրտությունը, որը գոնե մի պահ չի տուժել եղբայրական ազգերի ատելությունից: Միանգամայն հնարավոր է, որ Անգլիան ավելի լավ կարողանար ելք գտնել մեր իրավիճակում: Պատկերացրեք մի ժողովրդի, որը ենթարկվել է այդ զգացմունքային ճնշմանը, որն ուժային մեթոդներով քաղաքականության կողմնակից չէ, այլ` ավելի շուտ բարոյախոս ու փիլիսոփա ժողովուրդ է՝ ոչ թե հանրագիտարանային-լուսավորչական իմաստով, այլ շատ ավելի խնդրահարույց, հոգեւոր, հայեցողական իմաստով, եւ այդ առումով շատ ավելի վտանգավոր է. նա Համլետի ժողովուրդն է, որին տերերը մեծացրել են որպես Ֆորտինբրաս, բայց որը միշտ կրել է եւ կկրի Համլետի ոգին… Բարոյական, սրանով հանդերձ, թերահավատ, համեստ, հոգեպես տարուբերվող ժողովուրդը, որը հակադրվում է ամեն բառին եւ արդարության մասին համընդհանուր պատկերացում ունի, պետք է ավելի շատ տառապեր յուրաքանչյուր ճնշումից, քան մեկ ուրիշը կտուժեր դրանից: Մի ողջ ժողովուրդ, որը պետք է սովորի լինել հանուն իրավունքների արկածախնդիր, հանուն իրավունքների ապստամբ եւ սեփական ճակատագիրը տնօրինող, ստիպված է համակերպվել մի մենության, որը միայն հանճարներին ու հանցագործներին է հասու իրենց անձնական կյանքում: Ե՞րբ է դա զգացվել: Գերմանացի ժողովուրդը պետք է ինքն իրեն խոստովանի, որ եթե ինքը պարտություն կրի, աշխարհի կողմից կարժանանա անսահման արհամարհանքի ու ցնծության, այս դեպքում երբեք արդարության չի հասնի, թեեւ նրանք իրականում անարդար են: «Մենք պետք է հաղթենք»-ը  ցնծագին խոսք է, որը նաեւ ծայրահեղ դառնություն ու մելամաղձություն է պարունակում, ոչ պակաս դառը եւ մելամաղձոտ, քան Ֆրիդրիխ  թագավորինը. «Ուրեմն ի՞նչ է մնում մեզ անելու: Մենք պետք է հաջողության հասնենք»:

«Օրենքը Գերմանիայի հետ է» խոսքը սովորական է հնչում մեր որոշ հայրենակիցների ականջին, նրանք դա համարում են անմիտ եւ անարժանապատիվ: «Գնացեք Անգլիա: Այնտեղ կա անկախություն, տոկունություն, ազատություն`ազգայնական հիստերիայից: Այնտեղ կա օբյեկտիվություն, կան անգլիացիներ, որոնք արդարացնում են Գերմանիային»,- ասում են նրանք: Եվ ի՞նչ: Ի՞նչ հետեւություն պետք է անել սրանից: Հավատալով հոգեւոր ազատությանը`պետք է ասենք, որ այդ անգլիացի ցուցարարներն ու Գերմանիայի ջատագովները սխալվո՞ւմ են: Եթե միայն այդ մարդիկ իրավացի լինեն: Մենք չենք ժխտում, որ նրանց վերապահված դերը հոգեւոր տեսանկյունից հատուցում է: Իրոք, ոչինչ այնպես չի զովացնում ոչ միայն հայրենասեր գերմանացիների սրտերը, այլեւ`նրանց, ովքեր սիրում եւ հարգում են ոգու անկախությունն ավելի, քան այն նամակը, որն անգլիացի գաղութարար, քաղաքական գործիչ Մովատը գրել է «The Stateman» շաբաթաթերթում, եւ որում նա ներկայացնում է, թե գերմանացիներն ինչպիսի պարզությամբ եւ սրամտությամբ են պայքարում անգլիական ինքնավստահության եւ ամբարտավան խնամակալության դեմ: Ոչինչ ավելի չի զովացնում եւ ոչինչ ավելի հարգանքի արժանի չէ: Եթե այդօրինակ տրամաբանությունը թելադրում է, որ մենք, ինքնավստահություն ունենալու դեպքում, կարող ենք հիանալ այդ խիզախ եւ ազնիվ մարդու կերպարով, եւ, որպեսզի հետ չմնանք նրանից հոգեւոր ազատությամբ, պետք է հետեւենք հրահանգավորված կեղծիքին եւ խիզախություն ունենանք ժխտելու Գերմանիայի գոյությունը: Սակայն ինձ թվում է, որ էական է հիշելը`չի կարելի ճշմարտությունից ավելի օբյեկտիվ լինել: Այս տրամաբանությունը, ինչպես տեսնում եք, ինտելեկտուալ առումով չի բխում արժեքավոր թերահավատությունից, որն օրենքը տեսնում է ամենուր եւ ոչ մի տեղ, շատ բան գիտի դրա մասին, բայց այս պատերազմում իրեն ինչ-որ չափով պարտված է զգում: Սակայն պատմությունից առաջ կա ճակատագրի կամքը, ճիշտը եւ սխալը հասկանալու անհրաժեշտությունը, եւ այս պատերազմը երկուսն էլ կապացուցի: Եթե անգլիացիները ցույց են տալիս իրենց ոգու ազատությունը` ճանաչելով եւ բարձրաձայնելով իրենց երկրի անարդարությունների մասին, մենք աննկատ կերպով ի ցույց ենք դնում մեր հնարավորությունները`առանց վախենալու եւ գիտակների բերանով խոստովանելով`իրավունքը Գերմանիայինն է:
 

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի