Նայելով կրակին

Ատաղձագործի տանը կացին պահելու մասին կա տարածված սխալ պատկերացում, որ այն թույլ չի տալիս աշխատել: Միաժամանակ սեփական փոս ունենալը ձեզ կարող է հաճույք պատճառել: Միստր Օ’ Դոնովանը Դուբլինում ունի մեկ փոս, մի քանիսը Դուբլինում ունեն Օ’ Նիլը, Մալոյը, Դալիսը: Հանգստյան օրերին (իսկ հանգստյան օրերը բավարար են) պարոն Օ’ Դոնովանին միայն պետք է իր բահով նստեր 17 կամ 47 համարի ավտոբուսը եւ քշեր դեպի իր տորֆի փոսը. այդ ճանապարհորդությունն արժե վեց պենսե, մի քանի սենդվիչ եւ մի գավաթ թեյ, որոնք նա պահում է իր պայուսակում: Նա կարող է կոտրել այդ տորֆը, իսկ բեռնատարը կամ սայլակը այդ տորֆը կարող են հասցնել քաղաք: Այլ կոմսություններում ապրող նրա հայրենակցի համար ամեն ինչ ավելի դյուրին է. տորֆն աճում է նրա տան մոտ, իսկ արեւոտ օրերին մերկ, կանաչ եւ սեւ գծավոր բլուրները նույնքան նկատելի են, որքան բերքահավաքի օրերին: Այստեղ մենք «վայելում» ենք այն դարավոր խոնավությունը, որը թույլ է տվել տարածվել մերկ ժայռերի, լճերի եւ կանաչ արոտավայրերի միջեւ. տորֆը` երկրի միակ բնական հարստությունը, որը դարերով զրկված է եղել իր անտառներից, միշտ չէ, որ ստացել է իր հանապազօրյա սնուցումը, բայց գրեթե ամեն օր տեղացող անձրեւի ժամանակ թեկուզ մի փոքրիկ ամպ էր գոյանում, որն արեւոտ օրերին լողում էր եւ հեգնախառն քամվում սպունգի ձեւով: 

Այդ շագանակագույն թանձրուկները չորանում են յուրաքանչյուր տան հետեւում գտնվող մեծ վառարաններում, տորֆի կույտը հաճախ տարածվում է տանիքին, քանի որ այնտեղ միշտ ապահով է: Բուխարու կրակը, կարմիր բոցը լիզում են մուգ բլիթները`թողնելով թեթեւ, առանց հոտի մոխիր, որը գրեթե սիգարետի մոխիր է հիշեցնում, իսկ սեւ Բրազիլիայում վեր է խոյանում սպիտակ գագաթը:

Բուխարին ավելորդ է դարձնում ամենաքիչ հաճելի (եւ նույնքան անփոխարինելի) թեմաներից մեկի մասին հաղորդակցվելը: Մոխրամանը հյուրը թողնում է սիգարետի հոտով ներծծված տանը, իսկ տանտիրուհին ժամանակին դատարկում է այդ գարշահոտ թասերը, որոնց վրա դեռ մնացել էր գրեթե կպչուն, սեւ-մոխրագույն կեղտը: Զարմանալի է, որ ոչ ոք դեռ չի ուսումնասիրել հոգեբանությունը խորությամբ եւ չի հայտնաբերել կիպպոլոգիայի ճյուղը, իսկ տնային տնտեսուհին, երբ փորձում է ի մի բերել մասնատված ժամանակը, կարող է մի կողմ նետել մնացած ամեն ինչ եւ մի քիչ զբաղվել հոգեբանությամբ: Ահա նրանք պառկած են կիսով չափ ծխած վիճակում, կոպտորեն ջարդված սիգարետների մնացորդները ձեռքին, եւ ով ժամանակ չի գտնում, ժամանակի դեմ իզուր կռվում է իր սիգարետով: Էրոսը ֆիլտրի վրա մուգ կարմիր եզրագիծ է թողել, ծխամորճ ծխողն` իր բարյացակամությունը: Այնտեղ ընկած են ծխողների շղթաների սեւ, փխրուն, չոր մնացորդները, եւ ով թույլ է տալիս, որ կրակը մոտենա իր շուրթերին մինչեւ հաջորդ սիգարետը վառելը, թույլ կտա մի քանի կոպիտ հանցանշաններ հավաքել`որպես քաղաքակիրթ հաղորդակցության արդյունք: Որքա~ն ջերմ է բուխարին, որը ջնջում է բոլոր հետքերը` թողնելով միայն թեյի գավաթներ, մի քանի բաժակ շնապս, բուխարու շիկացած միջուկը, որի շուրջ տանտերը մերթ ընդ մերթ տորֆի նոր, սեւ կտորներ է կուտակում:

Նույնիսկ սառցե տուփերի, Հռոմ կատարած ուղեւորությունների, «Հումորի ոսկե  գրքերի», մեքենաների եւ ամուսնության նախաձեռնությունների մասին գրքույկներն են անիմաստ թվում. այս հոսքը, որը տագնապից ուռչում է փաթեթավորված թղթերով, թերթերով, տոմսերով, ծրարներով, այստեղ կարող է անմիջապես վերածվել բոցի, մի քանի կտոր փայտի, որոնք դուք վերցրել եք լողափով քայլելիս: Կոնյակի արկղի կտորը, ծովեզրը ողողող սեպը չոր, սպիտակ եւ մաքուր են: Պարզապես մի լուցկի մոտեցրեք խարույկին, եւ կտեսնեք, որ բոցը բռնկվում է, իսկ ժամանակը, ժամը հինգից մինչեւ կեսգիշեր ընկած ժամանակահատվածը, այնքան արագ կլանում է կրակի հանդարտ բոցը: Մարդիկ այստեղ միմյանց հետ հանգիստ են խոսում. ով փորձի այստեղ բղավել, կարող է ընկալվել որպես հիվանդ կամ ծիծաղելի: Այստեղ կարելի է ճեմել խարույկի մոտ գտնվող եվրոպական դպրոցի շուրջը, այն դեպքում, երբ Մոսկվան չորս ժամ մթության մեջ է, Բեռլինը` երկու ժամ, իսկ Դուբլինը` կես ժամ: Ծովի վրա դեռ պայծառ շող է ընկել, եւ Ատլանտյան օվկիանոսը կտոր առ կտոր հեռանում է Եվրոպայի արեւմտյան ծայրամասերից: Քարի կտորները թափվում են ծովը, մամռոտ առվակները լռելյայն դուրս են բերում եվրոպական մութ երկիրն Ատլանտյան օվկիանոսից, իրենց մեղմ ճողփյունով նրանք տասնամյակների ընթացքում զարտուղի ճանապարհով ամեն մի կտոր դուրս են քաշում բաց ծովից:

Զբոսանքի դուրս եկած աշակերտներն ամաչելով նոր տորֆ են լցնում կրակի վրա, հետո նկարում են մանրազնին շերտավորված կտորներ, որոնք նախատեսված են դոմինոյի կեսգիշերային խաղը լուսավորելու համար, ռադիոյի սանդղակն են փնտրում`ժամանակը որսալու համար, սակայն միայն ազգային օրհներգի հատվածներն են լսվում: Լեհաստանը դեռ կորած չէ (թագուհին օրհնել է). Մաասը[1] եւ Մեմելը[2], Ադիջեն[3] եւ Բելթը[4] դեռեւս սահմանակից են Գերմանիային (սրա մասին չեն խոսում եւ չեն երգում, բայց այդ բառերը, ինչպես անմեղ մեղեդին, դրոշմված են երգեհոնի գլանի վրա): Երեխաները դեռեւս կապված են հայրենիքին այնպես, ինչպես արիստոկրատները` լապտերին: Կանաչ տեսադաշտը դանդաղ փայլում է, եւ բոցը եւս մեկ անգամ լիզում է տորֆը:

Այնտեղ դեռ մի ժամ ժամանակ կա, շիկացած միջուկի վերեւում տորֆի չորս կտորներն են, անձրեւն այսօր ուշ է գալիս, գրեթե ժպտալով, անաղմուկ ընկնում է ճահճի, ծովի մեջ:

Վերադարձող հյուրերի շարժիչների ձայնը հեռվից տարածվում է ճահիճների վրա սփռված լույսերի միջով, որոնք արդեն խորը ստվերում են, մինչդեռ լողափում եւ ծովի վրա դեռ երեւում են լույսի շողերը: Մթության մեջ գմբեթը շարժվում է դեպի հորիզոնը, հետո փակվում է պահարանի վերջին անցքը, թեեւ խավարը դեռ տիրապետող չէ. այդ ժամանակ Ուրալում լույսն է առկայծում, իսկ Եվրոպան այնքան ընդարձակ է, որքան` ամառային կարճ գիշերը:

 

 Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

(«Իռլանդական օրագիր» գրքից)

 

[1] Մաաս- գետ Ֆրանսիայում, Բելգիայում եւ Նիդերլանդներում:

[2] Մեմել (գերմ.)- քաղաք Լիտվայում, հնագույն քաղաքներից է, չսառչող նավահանգիստ` Բալթիկ ծովի ափին:

[3] Ադիջե (գերմ. Etsch)- երկրորդ ամենաերկար գետն է Իտալիայում: Այն բարձրանում է Հարավային Տիրոլի լեռներից, հոսում է Ադիջեի հովտով եւ Հյուսիսային Իտալիայի հարթավայրով եւ հասնում Լագունա Վենետայից հարավ` դեպի Ադրիատիկ ծով` Միջերկրական ծովի կողային ավազան:

[4] Բելթ-կամուրջ Դանիայում: