Նորա Արմանին խոսում է արևմտահայերեն՝ եվրոպական ֆիլմում

Հոկտեմբերի սկզբին Երևանի Կինոյի տանը Հայաստանի կինոգործիչների միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Նյու Յորքում եւ Փարիզում ապրող հայ դերասանուհի Նորա Արմանիի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ըստ Համացանցի կինոշտեմարանի (IMDb)՝ Նորա Արմանին հանդես է եկել մոտ 30 ֆիլմում և հեռուստածրագրերում (ինչպես նաև միջազգային բեմերում): Երևանյան ծրագրում ընդգրկված էին Արա Երնջակյանի «Ժամկետը՝ յոթ օր» (1991, Հայաստան), Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» (1994, Հայաստան), և Ռաքս Ռինեկանգասի «Վերջին ցանկությունը» (2024, Ֆինլանդիա-Իսպանիա) ֆիլմերը:

Ճանաչված դերասանուհուն հանդիպեցինք՝ վերջին ֆիլմում նրա դերակատարման վերաբերյալ զրուցելու…

Արծվի Բախչինյան-Սիրելի՛ Նորա, շատ ուրախ եմ քեզ տեսնել Ռաքս Ռինեկանգասի «Վերջին ցանկությունը» ֆիլմի կանացի գլխավոր դերում: Նրա գլխավոր հերոսը գնում է մի վանք՝ կատարելու իր հանգուցյալ թատերական ուսուցչի ու բարեկամի վերջին ցանկությունը՝ երեք անգամ կարդալ Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի յուրաքանչյուր էջը։ Դու մարմնավորում ես Դոստոևսկու գլխավոր հերոսուհուն բավական անհավանական ձևով՝ ոչ այնքան ֆիզիկապես, որքան ներկայացված գաղափարներով: Ստանձնելով դերը, վերընթերցեցի՞ր վեպը: Եվ ընդհանուր առմամբ՝ Դոստոևսկին այն հեղինակների՞ց է, որոնք մոտ են արվեստագետի քո տեսակին:

Նորա Արմանի-Ֆիլմի իմ հերոսուհին ավելի շատ Դոստոևսկու կերպարների խորհրդանշական մեկնաբանությունն է, քան իրական կենդանի մարմնավորումը: Իրականում ֆիլմն օգտագործում է վեպը, բայց նրա պատմությունը չէ. այն ծառայում է վեպի փիլիսոփայությանը և դեպքերին՝ համեմատելու մեր շրջակա աշխարհի հետ: Այս համեմատություններն արտացոլվում են ֆիլմի հերոսի կյանքում: Չնայած որ ծանոթ եմ վեպին, այդ հազար էջանոց ստեղծագործության վերընթերցումը, բացի բնական հետաքրքրությունից և գրական առումով վերապատրաստումից, ֆիլմին շատ չէր օգնի: Փոխարենը ես ամբողջությամբ վստահեցի բեմադրիչի մեկնաբանությանը՝ այն, ինչ նա ցանկանում էր, որ իմ կերպարն անի ու ասի, և ամբողջությամբ ներգրավվեցի այդ փորձառության մեջ։

Ա.Բ.- Ֆիլմը փոխանցում է հզոր մի ուղերձ, որ մեր անհանգիստ ժամանակներում՝ լի պատերազմներով և մարդկության՝ տեխնոլոգիայից աճող կախվածությամբ, մեծ գրականությունը կարող է ծառայել որպես առողջացում կամ փրկություն…

Ն.Ա.- Ճիշտ է: Ռաքս Ռինեկանգասը Ֆինլանդիայում հայտնի գրող, նաև լուսանկարիչ եւ կինոգործիչ է: Նրա վեպերից մի քանիսը հրատարակված են Ֆրանսիայում և այլ երկրներում: Նրա հավատը գրականության ուժի եւ գրքերի կյանքի կարևորության նկատմամբ այնքան ամուր է, որ վերջին չորս ֆիլմերը հիմնված են գրքերի և գրականության թեմայի վրա: «Վերջին ցանկությունը» դրանցից է, և նրա հիմքում ընկած փիլիսոփայությունը հետևյալն է՝ մեծ գրականությունը պատկանում է մարդկությանը և չպետք է քաղաքականացված լինի: Հակառակը՝ նրա էջերում մարդկության փրկությունն է: Այս ֆիլմից հետո Ռինեկանգասի նոր ֆիլմը՝ «Ջուքբոքսը», որն այս տարի էկրան բարձրացավ, ներշնչված է Նոբելյան մրցանակակիր Պետեր Հանդկեի նույնանուն վեպից: Այդ ֆիլմում ես նույնպես գլխավոր դեր եմ կատարում: Ցավոք, սոցիալական ցանցերի լայն տարածման պատճառով, գրքերը մեր կյանքում աստիճանաբար իրենց տեղը կորցնում են, և «Վերջին ցանկությունը» ազդանշան է մարդու համար՝ հիշեցնելու կարևոր արժեքների մասին:

Ա.Բ.- Ընդհանուր կարծիք կա, որ այսօր Արևմուտքում Դոստոևսկին և մյուս մեծ ռուսական մշակութային արժեքները քիչ են արժևորվում: Այնուամենայնիվ, Ռինեկանգասի ֆիլմը հակառակն է ապացուցում: Ավելին, ֆիլմում անգամ նշվում է, որ այսօր «Արևելքի բռնակալը» ճնշում է որոշ ռուսական արժեքներ սեփական երկրում: Այս համատեքստում, ինչպե՞ս կգնահատես «Վերջին ցանկությունը» ֆիլմի ներդրումը արդի հանդիսատեսի համար Դոստոևսկու գրական ժառանգության պահպանման կամ վերածնման գործում:

Ն.Ա.- Ֆիլմը իսպանա-ֆիննական համատեղ արտադրություն է, նրա ֆինն բեմադրիչ Ռաքս Ռինեկանգասը սերտել է ռուսերեն ու ռուս գրականություն և նշում է, որ Դոստոևսկու մեծ ստեղծագործությունները, փաստորեն, պատկանում են աշխարհի քաղաքակրթությանը: Այսօր Արևմուտքում կա որոշ միտում՝ քաղաքական պատճառներով նվազեցնել այն կարևոր գրական աշխատանքների նշանակությունը, որոնք նպաստել են մարդկության զարգացմանն ու փիլիսոփայությանը: Նշեցի, որ մեծ գրականությունը պետք է վեր կանգնի քաղաքականության «մութ խաղերից», և հենց դա է ֆիլմի գաղափարը: Ռուսաստանը կարող է վարել պատերազմ, որին Արևմուտքը լիովին դեմ է, սակայն դա պատճառ չէ ռուսական գրականությունն արգելելու կամ նրա կարևոր ներդրումները մարդկային մտքից ջնջելու համար: Սա շատ սահմանափակ ու սահմանափակող մոտեցում է: Հուսանք, որ ֆիլմը կփոխի այդ դիրքորոշումը: Հայաստանում հանդիսատեսը շատ լավ արձագանքեց, քանի որ նրանք բանիմաց են և ծանոթ են ռուս մեծ հեղինակների գործերին:

Ա.Բ.- Մենք սովոր ենք քեզ տեսնել քեզ բնորոշ ջերմ ժպիտով, որը կարծես դարձել է արվեստագետի քո ստորագրությունը: Սակայն «Վերջին ցանկությունը» ֆիլմում ժպիտ չկա, փոխարենը քո դեմքի խոշոր պլանով կադրերը՝ դիմացից և կիսադեմից, բացահայտում են բազմաշերտ հույզեր: Ինչպե՞ս հասար խորության և ուժգնության այդ փոխանցմանը՝ առանց քո սովորական արտահայտչականության:

Ն.Ա.- Շատ հետաքրքիր հարց է, եւ ուրախ եմ, որ տվեցիք: Լինելով դերասանուհի, հատկապես Հոլիվուդում աշխատելիս, հաճախ ընկնում ենք «գեղեցիկ ու քնքուշ» լինելու թակարդը: Բայց դա ինքնին բավական մակերեսային է: Ես երբեք ֆիլմերում «գեղեցիկ փոքրիկ արարած» չեմ եղել, նույնիսկ երբ իրականում այդպիսին էի (ծիծաղում է): Սակայն երիտասարդ տարիքում նման ուժեղ ու խորաթափանց կանացի կերպարներն իմ երկացանկի մաս չէին կազմում: Ուրախ եմ, որ հասունանալով, ինձ համար բացվում է նոր ճանապարհ՝ ստեղծելու ուժեղ կանանց կերպարներ, որոնք կարող են բացահայտել բազմաշերտ զգացմունքներ: Դերը պատրաստելով՝ ես պարզապես խորասուզվեցի պատմության մեջ, լսեցի բեմադրիչին և վստահեցի, որ իմ սեփական փորձառությունը՝ ոչ միայն որպես դերասանուհի, այլեւ որպես ավանդույթ և պատմություն ունեցող հայ կին, օգտակար կլինի: Ուրախ եմ, որ նկատեցիք այդ փոփոխությունը և ընդգծեցիք այն:

Ա.Բ.- Հետաքրքիր է, որ ֆիլմի երևանյան առաջնախաղը համընկավ Կարպիս Սուրենյանի՝ «Կարամազով եղբայրների» փայլուն թարգմանչի 100-ամյա հոբելյանին: Ռինեկանգասի ֆիլմը միավորում է տեսողական պոեզիան եւ փիլիսոփայությունը, նկատելի է Տարկովսկու ազդեցությունը: Ի՞նչ առանձնահատուկ բան կար Ռինեկանգասի հետ աշխատելու և այս ֆիլմում աշխատելու գործընթացում:

Ն.Ա.- Ռաքսն այն բեմադրիչներից է, որոնք շատ չեն խոսում, բայց գիտեն թե ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Նա պատմում է ամենօրյա կյանքի տարբեր կողմերի, իր փորձառությունների, նախասիրությունների, իր վրա տպավորություն թողած պատմությունների մասին և վստահ է, որ դերասանները նույնպես կկիրառեն իրենց փորձառությունը: Ես սիրում եմ այս աննկատ, բայց զգայուն մոտեցումը դերասանների նկատմամբ: Էկրանին կերպար ստեղծելը շատ նուրբ գործընթաց է. տեսախցիկը շատ զգայուն է և կարող է ներթափանցել հոգու խորքը: Եթե մենք զգացմունքային ճիշտ վիճակում չենք կամ մեր կյանքի որոշ կողմերը տեղափոխում ենք նկարահանման հրապարակ, տեսախցիկը դա տեսնում է և ցույց է տալիս էկրանին: Ապահով մթնոլորտ ստեղծելը Ռաքսի ուժեղ կողմն է: Մենք դառնում ենք մեկ ընտանիք նրա փոքր թիմի հետ: Ամեն առումով լիակատար վստահություն է: Նա սիրում է պատմել Ինգմար Բերգմանի մասին, որը հայտնի էր իր սակավամարդ լուռ դրամաներով եւ Դևիդ Լինի մասին, հայտնի «Դոկտոր Ժիվագո» և «Լորենս Արաբիացին» ֆիլմերով: Երբ Լինը հարցրել է Բերգմանին, թե քանի՞ մարդ կա իր թիմում, Բերգմանը պատասխանել է. «Մի քանի ընկեր»: Երբ նա իր հերթին հարցրել է Լինին նրա թիմի մասին, Լինը պատասխանել է. «Հարյուրավոր թշնամիներ»: Ռաքսը պաշտպանում է Բերգմանի մոտեցումը, ինչը ես նույնպես շատ եմ սիրում:

Ա.Բ.- «Վերջին ցանկությունը» կինոնկարում դու մարմնավորում ես Դոստոևսկու հերոսուհի Ագրաֆենային կամ Գրուշենկային, բայց խոսում ես արևմտահայերեն՝ խորապես խորհրդանշական մի ընտրություն: Պատկերացնում եմ, որ նախաձեռնությունը քոնն էր՝ դերը կատարելու հայերեն, չնայած Դոստոևսկու կերպարները խորը արմատներ ունեն ռուսական հոգևորության եւ հոգեբանության մեջ: Ինչպե՞ս է սեփական մշակութային ժառանգությունը կրող լեզվով խաղալն ազդում այլ մշակույթի և դարաշրջանի կերպարի հետ քո կապի վրա:

Ն.Ա.- Ռաքս Ռինեկանգասը սիրում է, որ իր հերոսները խոսեն տարբեր լեզուներով: Այո՛, Գրուշենկան ռուս է, բայց քանի որ այդ կերպարը պարզապես գործի փիլիսոփայությունը խորհրդանշորեն ներկայացնող մեկնաբանություն է, կարևոր չէ, որ նա ռուսերեն խոսի։ Ռաքսն ինձ առաջարկեց օգտագործել իմ իմացած լեզուներից մեկը: Ես ընտրեցի արևմտահայերենը, որն ինձ ամենամոտ, իմ մայրենի լեզուն է: Ռաքսին գաղափարը շատ դուր եկավ: Մայրենի լեզվով խաղալն առավել անկեղծ և ուժեղ կապ է ստեղծում կերպարի և գործի հետ: Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2010 թվականից արևմտահայերենը հայտարարել է «վտանգված լեզու»: Ամեն անգամ, երբ այն օգտագործում ենք, մենք երկարացնում ենք նրա գոյությունը:

Ա.Բ.- Ռաքս Ռինեկանգասը քեզ հետ քննարկե՞լ է փիլիսոփայական կամ խորհրդանշական պահեր՝ կապված Դոստոևսկու հերոսուհու հայերեն խոսքի հետ: Եթե այո, ինչպե՞ս է այդ երկխոսությունն ազդել քո մեկնաբանության վրա:

Ն.Ա.- Նա ցանկանում էր գործածել մի լեզու, որը կհնչեր միաժամանակ արտասովոր և խորը, որով քչերն են խոսում, որպեսզի բառերը չխանգարեն պարզ հույզերին կամ չստեղծեն պատնեշներ իրական իմաստին հասնելու համար: Կարևոր չէ՝ կերպարը պատկանում է այլ մշակույթի կամ դարաշրջանի կամ խոսում է տարբեր լեզվով իրականության մեջ, որովհետև, ինչպես ասացի, ֆիլմը ճշգրտորեն չի ներկայացնում Դոստոևսկու գործը, այլ սոսկ ներշնչված է նրանից: Մայրենի լեզվով խաղալը խորացրեց կապը ստեղծագործության մարդկային գործոնի հետ: Չնայած թատրոնում ես բազմիցս խաղացել էի արևմտահայերեն, հատկապես սկզբնական տարիներիս, սա առաջին դեպքն էր, երբ հնարավորություն ունեցա էկրանի կերպար ստեղծել արևմտահայերեն: Սա մեծ փորձառություն էր ինձ համար:

Շնորհակալ եմ ձեր խորաթափանց հարցերի համար, որոնք ստիպեցին ինձ կանգ առնել և մտածել, որոշ դեպքերում՝ հստակ սահմանել այն իրավիճակները, որոնք ես ի սկզբանե գործի էի դնում բնազդով: Այժմ, ձեր շնորհիվ, դրանք մուտք են գործել իմ գիտակցության մեջ և կարող են կիրառվել իմ ապագա գործերում...

 

Հարցազրույցը՝ Արծվի Բախչինյանի