Շուշանիկ Թամրազյան. «Նորից վերադարձել ենք էշնոզին»

Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջև» վեպը հայերեն
«Նաիրի» հրատարակչությունը հայ ընթերցողների գնահատմանն է ներկայացնում ժամանակակից ֆրանսիական գրականության ամենահետաքրքիր հեղինակներից մեկի՝ Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջև» վեպը՝ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ: Էշնոզը, որն այսօր Ֆրանսիայի առաջատար վիպագիրներից է, Գոնկուրյան մրցանակի մրցանակակիր, նախկինում ևս թարգմանվել է հայերեն. 2010-ին «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը հայերեն տպագրել է Էշնոզի «Ռավել», իսկ 2014-ին՝ «Նաիրի» հրատարակչությունը՝ «14» վեպերը՝ դարձյալ Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ: «ArtCollage»-ը Ժան Էշնոզի նոր թարգմանության և «Նաիրի» հրատարակչության թարգմանական նոր նախագծերի մասին զրուցել է գրքի թարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր և «Նաիրի» հրատարակչության «Ժամանակակից ֆրանսիական արձակ» մատենաշարի պատասխանատու Շուշանիկ Թամրազյանի հետ:
-Շուշանիկ, արդեն մեկ տասնամյակից ավելի է, որ «Նաիրի» հրատարակչությունն իր թարգմանական մատենաշարերով հետևողականորեն անդրադառնում է ժամանակակից ֆրանսիական արձակին և պոեզիային։ Ի՞նչ արդյունք է արձանագրել հրատարակչությունն այդ տարիների ընթացքում:
-«Նաիրի» հրատարակչությունը ժամանակակից ֆրանսիական արձակի և պոեզիայի թարգմանության երկու մատենաշար ունի, որոնց մեկնարկը տրվել է 2011-12 թվականներին: Մեզ համար շատ կարևոր, կասեի խորհրդանշական իմաստ ունեցող մատենաշարեր են, որոնք մենք, ի հեճուկս բոլոր տեխնիկական, նյութական դժվարությունների, փորձել ենք տարիների ընթացքում պահել՝ իհարկե սակավ, բայց շատ բարձր հեղինակներով և շատ բարձր գործերով: Օրինակ, ֆրանսիական ժամանակակից պոեզիայի շրջանակում հպարտությամբ կարող եմ ասել, որ «Նաիրի» հրատարակչությունը տպագրել է Իվ Բոնֆուայի արձակը և պոեզիան: Ֆրանսիական և՛ արձակի, և՛ արվեստի փիլիսոփայության, և՛ պոեզիայի փիլիսոփայության, թարգմանաբանության, կարելի է ասել, ամենանուրբ և ինքնատիպ դեմքերից մեկն է Իվ Բոնֆուան, որն, ի դեպ, հատուկ մի տեքստ է նվիրել հայ ընթերցողին, որի վերնագիրը շատ խոստումնալից է և առեղծվածային, երբ իմանում ենք, որ հեղինակը երբևէ ոտք չի դրել Հայաստան, և, այնուամենայնիվ, որոշել է գրել մի տեքստ, որը վերնագրված է «Հայաստանյան իմ հիշողությունները»:
Նույն մատենաշարով մենք մի շատ հավակնոտ ծրագիր ձեռնարկեցինք: Հրատարակեցինք Ժերար դը Ներվալի արձակը, որի պոեզիան մասամբ Աբրահամ Ալիքյանի տաղանդի շնորհիվ հայտնի էր հայ ընթերցողին, սակայն այնքան նուրբ արձակը, որն ամբողջովին արձակ բանաստեղծություն է. այնտեղ մի բառի տեղը փոխում ես, և փլուզվում է տեքստը, տեքստի հնչողությունը, և դա հնարավորություն է տալիս իսկապես խոսելու արձակ բանաստեղծության մասին: Եվ ուրեմն մենք տարիներ շարունակ հերթով, հետևողականորեն թարգմանեցինք նաև Ժերար դը Ներվալին:
Վերադառնամ ֆրանսիական ժամանակակից արձակին: Այո, այդ մատենաշարով մենք լույս ենք տեսցրել Կլոդ Սիմոնին, որը Նոբելյան մրցանակակիր է և ժամանակակից ֆրանսիական արձակի 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տարիների ամենաինքնատիպ և հզոր ձայներից մեկը: Նա երկխոսում է Դոստոևսկու հետ, չափազանցված չէ սա ասել, իսկապես երկխոսում է Դոստոևսկու հետ իր երկերով, իր հերոսներով, իր երկերի լուսանցքներում և դոստոևսկյան լեյտմոտիվներով, որոնք անընդհատ թափառիկ կերպարների, կերպավորումների նման վերադառնում են նրա երկերում՝ «Քամին», ստեղծագործության մեջ, «Ակացիա»-ում, «Խոտը» վեպում:Մենք հրատարակեցինք Կլոդ Սիմոնի «Ակացիա»-ն, որում ինքնակենսագրական հենքը շատ հարուստ է, և հեղինակի իսկապես ամենախոշոր երկն է:
-Բայց դեռ 2010-ին «Ակտուալ արվեստ»-ի տպագրած Ժան Էշնոզի «Ռավել»-ից հետո, 2014-ին «Նաիրի»-ի նույն մատենաշարով արդեն իսկ թարգմանել և հրատարակել էիք «14-ը», ինչը տարիների ընթացքում այդ հեղինակի հանդեպ Ձեր անփոփոխ հետաքրքրության վկայությունն է: Ինչո՞ւ հենց այդ գործը:
-Ինչպես վերնագիրը, հավանաբար, հուշում է՝ Առաջին աշխարհամարտի մասին է, բայց շատ տարօրինակ, շատ անսպասելի տեսանկյունից է պատկերվում մեզ պատերազմը, ոչ թե որպես ապամարդկային երևույթ, այլ մարդու կազմաքանդման, ընդհանրապես կամազրկման հետևողական մի գործընթաց։ Ընդհանրապես ֆրանսիական գրաքննադատությունը հաճախ է Ժան Էշնոզին վերագրում շեղակի հայացքի առկայությունը: Եվ իսկապես այդպես է, կարդում ես որպեսզի այնտեղ ողբերգական ճակատագրեր տեսնես, զոհվող հերոսների գեղեցկությունը, սխրանքները և տեսնում ես, որ գրեթե ոչ մի տեղ, անգամ մի սողանցք թողնված չէ մարդուն: Գործում են մեքենաները և մեխանիզմները՝ դեռևս 1914 թվականին, համենայն դեպս, սա Էշնոզի տեսանկյունն է, բայց այդ ամենի մասին գրում է շատ խորքից նաև, ոչ թե ուղղակի կամայական տենդենցիոզ խաղերով՝ պարզապես զվարճանալու համար և իր հերոսներին, և մարդուն, ընթերցողին ծաղրելու համար: Եթե այդպես լիներ, երբևէ «Նաիրի»-ին նման հեղինակի չէր ընտրի իր այդ շատ պատասխանատու մատենաշարի շրջանակներում։
-Եվ հիմա, տասնամյա դադարից հետո, նորից վերադառնում եք էշնոզին, այժմ արդեն «Դաշնամուրի առջև» վեպին: Ինչո՞վ է այս վեպն առանձնահատուկ էշնոզի գրականության մեջ և ինչո՞վ գրավեց ՁԵզ:
-Այո, նորից վերադարձել ենք էշնոզին: Վեպը շատ բազմաշերտ է, ինչպես և Էշնոզի բոլոր վեպերը, և ամենատարբեր մեկնաբանություններ կարող է գտնել ընթերցողի մոտ։ Ես կխոսեմ թարգմանչի և ընթերցողի իմ ապրումի մասին։ Ինձ համար վեպն առաջին հերթին արվեստագետի մենության մասին է, մենակ արվեստագետի հայացքից ծնվող յուրօրինակ մի ֆանտազիա-էքսպրոմտ, որն, ի վերջո, վերածվում է արվեստագետի նկատմամբ հասարակության, և որքան էլ որ զարմանալի չէ, նախախնամության ձեռնարկած հաշվեհարդարի բեմականացմանը: Շատ ողբերգականորեն և միաժամանակ զավեշտալի ելևեջումներով Էշնոզը փուլ առ փուլ ցույց է տալիս, թե ինչպես անգամ նախախնամությունը ձեռնամուխ է լինում արվեստագետի հետ իր այդ անխնա հաշվեհարդարը տեսնելու գործին։ Մաքս Դելմարը, որ հռչակավոր և վիրտուոզ դաշնակահար է և անվերջ իր իմպրեսարիոյի քննախույզ հայացքի ներքո սուրում է համերգից համերգ, ի վերջո լքելու է ողջերի աշխարհը որպեսզի տեղափոխվի հանդերձյալ աշխարհ, յուրօրինակ մի տեսակավորման կենտրոն, որն ավելի շուտ համակենտրոնացման ճամբար է հիշեցնում: Այստեղից էլ սրընթաց վայրէջք է կատարելու դժոխք, որը ոչ այլ ինչ է, քան վերադարձ քաղաքային դժոխք, ուրվականակերպ մի Փարիզ, որտեղ Մաքսը հայտնվում է հատուկ նշանակմամբ։
-էշնոզը, որը շատ նուրբ ոճաբանի և գրական փորձարարությունների սիրահարի համբավ ունի, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ թեմայի խաղարկումներով:
-Այս երկի լուսանցքներում շատ նուրբ հարցեր են աստիճանաբար հստակ որոշակիանում ընթերցողի համար: Օրինակ, մարդու և նրա հասարակական կարգավիճակի, նրա հասարակական դերի պայմանականությունը, մարդու իրական ինքնության և նրա հասարակական դիրքի միջև բացվող վիհի մասին խորհրդածությունը: Ինձ թվում է, որ ամենահետաքրքիր կետերից մեկն այն է, որ Ժան Էշնոզը մեզ ստիպում է մտածել դժոխքի մասին. ի՞նչ է դժոխքը ժամանակակից մարդու համար: Ցավոք սրտի, այստեղ մենք ականատես ենք լինում ժամանակակից հասարակության մեջ այնքան մեծ տարածում ունեցող կամազրկման, դիմազրկման տարատեսակ սցենարներին, որտեղ, ի վերջո, մարդը ոչ միայն հանգում է ինքնաօտարման տարբեր բաղադրատոմսերի, այլ վերածվում է սեփական ուրվականին: Եվ էշնոզը, կարծես, տխուր ժպիտով, երբեմն էլ դառը սարկազմով ստիպում է ընթերցողին մտածել, թե որքան հեշտ է մարդը հաշտվում դժոխքում ապրելու հեռանկարի հետ, երկրային, քաղաքային դժոխքի հետ և ինչքան սահուն և աննկատ է լինում այդ անցումը։ Այնտեղ մի ամբողջ մաս կա, որը նվիրված է այդ հանդերձյալ կյանքի բեմականացմանը, նկարագրությանը, ըստ էության, քավարանն է, որտեղ տեղի է ունենալու ահեղ դատաստանի շատ տպավորիչ մի ծաղրերգություն, սարկաստիկ ծաղրանմանություն: Այդ գրասենյակներն իրենց ողորկ փայլեցված կահույքով, ցուցափեղկերով, մեֆիստոֆելյան ժպտատեսիլ պատգամախոսները, որոնք մեղմախոս, փայլեցված հայացքներով, ժպիտներով և ձևակերպումներով Մաքսին առաջարկում են ընտրել իր ճաշացուցակը, սակայն նա զրկված է գլխավորից, այլևս դադարել է տնօրինել իր կյանքը և ընտրություն կատարել:
-Եվ, իհարկե, պետք է խնդրեմ որ խոսեք Էշնոզին թարգմանելու դժվարությունների ու խնդիրների մասին:
-Կասեմ, որ Էշնոզը շատ քմահաճ հեղինակ է, նախ պատկանում է նոր վեպին հաջորդած հեղինակների սերնդին, վիպագիրների այն սերնդին, որոնք յուրովի վերադարձան պատումին, հերոսին, ժամանակագրությանը, այսինքն դասական վիպագրության բոլոր այն ատրիբուտներին, որոնք նոր վեպի վիպասանները փորձել էին կազմաքանդել։ Եվ ի՞նչն է դժվար թարգմանելի դարձնում Ժան Էշնոզին: Նա երբեմն իր մի վեպի շրջանակներում կարող է վիպական տարբեր կոդեր օգտագործել, ինչպես օրինակ այս վեպում. մղձավանջային, ֆանտաստիկ պատումից անցնում է արկածային գրվածքին, արկածային վեպի սրընթաց ռիթմով է գրված ամբողջ վեպը: Եվ միաժամանակ սկսած երկրորդ մասից, որտեղ մենք տեղափոխվել ենք հանդերձյալ կյանք, վայրկյան անգամ պատումը չի դադարում լինել մղձավանջային, բայց այդ մղձավանջն այնքան սրընթաց է և արկածային, որ այստեղ շատ կարևոր է թարգմանչի նուրբ լսողությունը, որպեսզի մղձավանջը չդառնա չափից դուրս ճնշող և պաթետիկ:
Հետո լեզվական տարբեր շեշտեր են օգտագործված, Էշնոզի առանձնահատկությունը վաղուց ի վեր այն է, որ նա ուրիշի ուղղակի խոսքը ներառում է հեղինակի խոսքի մեջ, առանց դասական կետադրության անթացուպերի։ Բնականաբար, ես պահպանել եմ հեղինակային կետադրությունը, բայց այստեղ կա մեկ այլ խնդիր, ուրիշի ուղղակի խոսքի մեջ, երբ հերոսներից մեկը զրուցում է Մաքս Դելմարի հետ կամ Մաքսն իր թիկնապահ Բեռնիի հետ է զրուցում, խոսակցական լեզվի տարրեր կան, ժողովրդական խոսվածքի, որոնք զետեղված են հենց հեղինակի խոսքի մեջ։ Հեղինակն ինքը դա արել է շատ վարպետորեն, թարգմանիչը պետք է կարողանա նույն վարպետությամբ թարգմանել, որպեսզի այդ առանձին խոսակցական տարրերը շատ չառանձնանան և չգռեհկացնեն խոսքը, համոզիչ լինեն, չվերածվեն կոլորիտային գռեհկության, որը շատ-շատ հեռու է էշնոզից։ Այ սա եղել է շատ դժվար, բառի քմահաճ կիրառություններ, ասենք, այստեղ ճարմանդները նշանավորում են դաստակները, երբեմն նույնիսկ մտածել եմ, որ ընթերցողը կարող է կարդալ և նրա առաջին արձագանքը կարող է շատ կտրուկ լինել: Դա կարող է վատ թարգմանության տպավորություն թողնել, բայց արհեստականությունը, որը հեգնանքն է Էշնոզի, հեղինակինն է և ես այն պահպանել եմ։ Նախորդ գործերից մեկում, օրինակ, «Ռավել»-ում՝ «երկինքը կրում է գունատ արև, երկինքը պարունակում է գունատ արև», շատ երկար մտածեցի այդ նախադասության մասին, ինչպես հայերեն ես պահում այդ արհեստականությունը, բայց մնամ հայերենի լեզվամտածողության շրջանակներում: Եվ ի վերջո ես հավատարիմ մնացի հեղինակին և «երկինքը կրում էր գունատ արև» և ոչ թե «երկնքում երևում էր կամ ուրվագծվում էր գունատ արև», որովհետև այդտեղ հեղինակի ներքին ուղերձը, ներքին բովանդակությունը ամբողջովին ամփոփված է այդպիսի նյարդային ցատկերի մեջ՝ դեպի արտաքին, դեպի մակերես, շպրտել ամեն ինչ դեպի մակերես:
-Եվ որը կլինի «Նաիրի»-ի թարգմանական մատենաշարի հաջորդ հեղինակն ու գիրքը:
-Կարծում եմ, որ մենք նորից կվերադառնանք Բոնֆուային:
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի