«Նրանք ի՞նչ են ուզում այդ մարդուց»

Սերգեյ Փարաջանովը, որն աշխատում էր «Նռան գույնը» ֆիլմի վրա, դրամատիկ վիճակի մեջ էր ընկել. հանրապետության ղեկավարությունը, դիտելով պատրաստի կինոնկարը, դժգոհ էր մնացել: Նրան թվացել էր, թե կինոնկարը միստիկ է, անհասկանալի, որը պատկերացում չի տալիս Սայաթ-Նովայի անհատականության և ստեղծագործության մասին:

Փարաջանովն էլ իր հերթին էր հանրապետության ղեկավարությանը բարձրաձայն մեղադրել անգիտության մեջ՝ նրանց անձը վիրավորելով: Դրանով առաջ էր բերել ղեկավարության նոր ցասումը:

Հայաստան գալուց առաջ աշխատելով Կիևի կինոստուդիայում՝ Փարաջանովը, իր բնավորությանը համապատասխան, նույն ձևով արտահայտվել էր Ուկրաինայի ղեկավարության հասցեին, և գործն ավարտվել էր նրանով, որ Կենտկոմի առաջին քարտուղարի ջանքերով նա հեռացվել էր աշխատանքից: Այս անգամ էլ գործը հասել էր այնտեղ, որ պատրաստվում էին նրան հեռացնել «Հայֆիլմից»:

«Նռան գույնը» կինոնկարը ստեղծելիս Փարաջանովը մի քանի անգամ հեռագրեր ու զեկուցագրեր էր ուղարկել ԽՍՀՄ Պետկինո՝ իր պահանջները համեմելով այդ կազմակերպության ղեկավարությանը վիրավորող մականուններով:

…Պետկինոյի նախագահը մի անգամ որոշում է կինոնկարը ցույց տալ հանրապետության առաջատար ստեղծագործական աշխատողներին և, եթե նրանք չհավանեն, ապա հենվելով նրանց կարծիքի վրա՝ դադարեցնել աշխատանքը: Փարաջանովի շուրջ օղակը սեղմվում է նաև բուն ստուդիայում:

Կինոնկարի դեմ ելան ստուդիայի կուսբյուրոն և մի քանի առաջատար ռեժիսորներ: Այն դիտելու համար հրավիրել էինք գրողների, նկարիչների, երգահանների, դերասանների, բանասերների, սայաթնովագետների: Մինչև ցուցադրումը ես կարողացա մի քանի նախադասություն փոխանակել որոշ հրավիրվածների, այդ թվում՝ Պարույր Սևակի հետ, բացատրեցի իրավիճակը՝ նկատի ունենալով, որ Սևակը ոչ միայն բանաստեղծ է, այլև սայաթնովագիտության մեջ ճանաչված հեղինակություն է, չէ՞ որ նրա դոկտորական դիսերտացիան Սայաթ-Նովային էր նվիրված:

Կինոնկարը դիտելիս նկատվում էր, թե ոմանք ինչպես էին միմյանց հաղորդում իրենց դժգոհությունը: Իսկ իմ կողքին նստած անվանի գրողներից մեկը պարզապես ասաց. «Ես այսպիսի արվեստ չեմ հասկանում»: Պետք է ասել, որ ներկաներին այս կամ այն կերպ հայտնի էր, որ խոսքը միայն կինոնկարին չի վերաբերում: Զգացվում էր, որ նրանց մեծ մասին հայտնի է Փարաջանովի նկատմամբ եղած վերաբերմունքը հատկապես մոսկովյան ղեկավարության կողմից: Այդ հանգամանքը շատերին կանգնեցրել էր ոչ հաճելի իրավիճակի առջև:

Իսկ ինչպես անցավ կինոնկարի քննարկումը, ինձ թվում է՝ քիչ դեր չխաղաց Պարույրի ելույթը: Նա առաջին ելույթ ունեցողներից մեկն էր: Նրանից առաջ հանդես եկողները թեև կինոնկարը գովեցին, բայց չկարողացան նրա առավելությունները հիմնավորել: Սևակը կինոնկարն ընդունեց անառարկելիորեն: Նա բառացիորեն ասաց.

-Դուք ցանկանում եք, թե չէ, կինոնկարը ձեր դուրը գալիս է, թե չէ, միևնույն է, Փարաջանովն աշխատում է հենց այսպես: Փարաջանովի ֆիլմն այլ կերպ լինել չի կարող: Այն կարող է միայն այսպիսին լինել: Կընդունեք նրա արվեստը, թե չեք ընդունի, ձեր գործն է: Ես այն ընդունում եմ:

Այնուհետև հանդես եկան միայն նրանք, ովքեր պաշտպանեցին կինոնկարը, իսկ ընդդիմախոսները գերադասեցին լռել:

Այդ ճանապարհով (ի պատիվ մեր մտավորականության) հնարավոր եղավ փրկել նորարարական կինոնկարն ու նրա հեղինակին:

Երբ դահլիճից դուրս եկանք, մյուսների նման Պարույրը ևս շնորհավորեց Փարաջանովին և, բարձրացնելով ձայնը, դիմեց շրջապատին.

-Նրանք ի՞նչ են ուզում այդ մարդուց: Ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ նա հանգիստ աշխատի: Ինչո՞ւ են ուզում անպայման թաղել տաղանդավոր աշխատանքը:

 

Լաերտ Վաղարշյան

 

«Հայաստան», 15.08.1996 թ.