Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն

Մի դրամայի պատմություն

Թեև Սալոմեի պատմությունն Օսկար Ուայլդին հիացրել էր դեռ 1880-ականների սկզբից, սակայն նա իր մեկ գործողությամբ պիեսը սկսեց գրել միայն 1891 թվականին՝ Փարիզում և այն ավարտեց հաջորդ տարի՝ հունվարին։ Ուայլդի՝ ֆրանսերեն գրելու առաջին փորձը ոգեշնչեց հռչակավոր դերասանուհի Սառա Բեռնարին, որը ծրագրում էր այն բեմադրել Լոնդոնում՝ 1892 թվականին։ Ինքը՝ Բեռնարը, որի ոտքերի տակ Ուայլդը հայտնի սպիտակ շուշաններ էր սփռել, պետք է մարմնավորեր Սալոմեին։ Փորձերի ընթացքում, սակայն, պատվիրատու Լորդ Չեմբերլենն արգելեց «Սալոմե»-ի բեմադրությունը՝ հին օրենքի պատճառով, համաձայն որի արգելվում էր աստվածաշնչյան կերպարների պատկերումը բեմում:

Օսկար Ուայլդը փոխեց Սալոմեի ավանդական աստվածաշնչյան պատմության ուղղությունը, բայց բուն սյուժեն թողեց նույնը։ Սալոմեն՝ Հերովդիայի և Հերովդես Անտիպասի խորթ դուստրը, արծաթե սկուտեղի վրա պահանջում է Յոքանանի գլուխը (նույն ինքը՝ Հովհաննես Մկրտիչը)՝ որպես վարձատրություն իր խորթ հոր համար յոթ վարագույրների պարը կատարելու համար:

Ուայլդը  շեշտը դնում է Սալոմեի վրա՝ որպես անսահման գեղեցիկ և հզոր կնոջ՝ օգտագործելով ֆրանսերենի նրբերանգների բոլոր շերտերը՝ դրամայի էությունը բարձրացնելու համար: Սալոմեն, զայրացած, որ Յոքանանը մերժել է իր բուռն ցանկությունները, օգտագործում է իր կանացի նենգությունը՝ պահանջելով սպանել Յոքանանին և իրեն բերել նրա գլուխը: Պիեսի գագաթնակետն այն տեսարանն է, որտեղ Սալոմեն համբուրում է գլխատված Յոքանանի արյունոտ բերանը։ Պատմության Ուայլդի տարբերակը հետագա բոլոր ժամանակներում ոգեշնչման  աղբյուր դարձավ շատ թատերական գործիչների և նկարազարդողների համար:

Թեև 19-րդ դարի վերջում բեմում աստվածաշնչյան կերպարներ պատկերելու արգելք էր գործում, բայց տպագիր ստեղծագործությունների դեպքում նման սահմանափակում չկար։ «Սալոմե»-ն առաջին անգամ տպագրվել է ֆրանսերեն, Փարիզում՝ 1893 թվականին: Օսկար Ուայլդն անմիջական մասնակցություն է ունեցել նաև գրքի կազմի ընտրության հարցում՝ շապիկի համար նախընտրելով թափանցիկ մանուշակագույնը, որպեսզի համապատասխանի իր սիրելիի՝ լորդ Ալֆրեդ Դուգլասի ոսկեզօծ մազերին:

Չնայած հանգամանքին, որ պիեսը դեռևս արգելված էր բրիտանական բեմում, Ուայլդը 1893-ին վճռականորեն առաջ մղեց անգլերեն թարգմանության հրատարակությունը: Այն տպագրվեց 1894-ի սկզբին, որտեղ վերնագրի էջում թարգմանչի անունն ակնհայտ կերպով բաց էր թողնված։ Սկզբում Ուայլդը խնդրեց Ալֆրեդ Դուգլասին թարգմանել այն, բայց նա այնքան թերագնահատեց իր սիրելիի՝ ֆրանսերենի ըմբռնումը, որ արդյունքում չհրապարակեց այդ տարբերակը։ Զայրույթից ու վեճից խուսափելու համար Ուայլդը պիեսի սկզբում Դուգլասին նշեց որպես թարգմանիչ։

«Սալոմե»-ն Անգլիայում չի ներկայացվել մինչև 1905 թվականի մայիսը: Այն բեմադրվեց Ուայլդի մահից հետո: Միայն թատերական ակումբների անդամներին տոմսեր գնելու թույլտվությունը շրջանցում էր օրենքը, որը դեռևս արգելում էր հանրային ներկայացումը: Թերևս տոմսերի պահանջարկը մեծացնելու համար Սառա Բեռնարի անունը դրվում է թռուցիկի մեջ, թեև նա որևէ առնչություն չուներ այս ներկայացման հետ:

***

Ֆրանսերեն տեքստը հասանելի է, քանի որ այն հանրային սեփականություն է: Լորդ Ալֆրեդ Դուգլասին վերագրվող անգլերեն թարգմանությունը ներառված է Օսկար Ուայլդի ամբողջական ստեղծագործություններում: Մեկ այլ թարգմանություն, որն, ըստ էության, Լորդ Ալֆրեդ Դուգլասի ուղղագրված տարբերակն է, պահպանվել է Օսկար Ուայլդի անունով: Երկու տարբերակների միջև տարբերություններն էական են։

Հարկ է անդրադառնալ նաև Ռիխարդ Շտրաուսի օպերային, որը գրվել է 1915 թվականի դեկտեմբերի 9-ին: Շտրաուսը բուն պիեսը գիտեր ֆրանսերեն, և նա թարգմանել ու կրճատել է այն՝ դարձնելով գերմաներեն։ Շտրաուսը նաև օգտագործում է տեքստի հնչողությունը՝ այն իր երաժշտության մեջ փոխարկելու համար:

Այնուամենայնիվ, տեքստի երաժշտականությունը ոչ միայն ձայնային և ռիթմիկ նախշեր է ստեղծում: Այն կարող է ունենալ ավելի լայն իմաստ՝ շարահյուսական երաժշտականություն, իմաստային երաժշտականություն և հետևաբար՝ խորհրդանշական երաժշտականություն: Այնուհետև բոլոր երաժշտական տարրերը միավորվում են: Շտրաուսն օգտագործում է այս օրինաչափությունները՝ ստեղծելու համապարփակ երաժշտական աշխարհ:

Օսկար Ուայլդի տարբերակը չափազանց բիրտ է, մի քիչ վայրի, գուցե նույնիսկ դաժան, թեև տեքստի պոեզիան չափազանց նուրբ է:

Սալոմեն ոչ միայն կանգնած է՝ ամփոփված ինքն իր մեջ, այլև բնորոշվում է նրանով, թե ինչպես են իրեն նայում։ Կողքին կանգնած կինը, որը նույնացվում է Հերոդիասի կամ պարզապես պատահական վկայի հետ, պիեսի հենց սկզբից, օգտագործելով Սալոմեին կցված լուսնային փոխաբերությունը, շատ վատ ավարտի ազդարարողն է։ Նա բացարձակ հոռետես է, որը ենթարկվում է իշխանություններին և հարգում է բոլոր կանոններն ու օրենքները։ Նա անընդհատ երիտասարդ սիրիացուն խորհուրդ է տալիս դադարել նայել Սալոմեին։

Յոքանանն աստվածային ձայնն է, որն ասում է մեզ, որ այս աշխարհը կավարտվի աղետով: Պիեսում Յոքանանը կարող է մարմնավորել Սալոմեի հորը, որը տասներկու տարի անցկացրել է ջրամբարում և խեղդամահ արվել այնտեղ։ Սալոմեի ժամանումից առաջ այս մասին նշում են զինվորները։ Այս դրվագը Շտրաուսն ամբողջությամբ հանել է:

Սալոմեն տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարումով: Նման խանգարում ունեցող անհատականությունը պետք է շոշափի, հաշվի և հավասարակշռի առարկաները՝ դրանք դնելով մի տարածության մեջ, որը կարող է լինել և՛ տարածական, և՛ ժամանակային, ինչը նշանակում է, որ ժամանակն ու տարածությունը նույն բնույթն ունեն նրա համար։

Հպվելու անհրաժեշտությունը բացարձակապես ակնհայտ է հենց սկզբից։ Նա լսում է Յոքանանի ձայնը։ Նա ցանկանում է տեսնել նրան և տեսնել այդ ձայնի հետ կապ ունեցող տղամարդուն։

Պիեսի վերջում, երբ նա վերջապես գլուխը կունենա, կդիպչի դրան, կշոյի, կգրկի, շատ առումներով սիրով կզբաղվի դրանով, կցնծա իր հաղթանակով։

Սալոմե․ «ես համբուրեցի քեզ, Յոքանան, ես համբուրեցի քո բերանը. . . Ես համբուրեցի քո բերանը» (W’s Salome, 36):

***

Քիչ են անգլիական պիեսները, որոնք ունեն այսքան յուրօրինակ պատմություն։ 1892 թվականին գրված այս պիեսին թատրոնում անդրադարձավ տիկին Բեռնարը, որից հետո այն անմիջապես արգելվեց գրաքննիչի կողմից: Օսկար Ուայլդը, իրեն բնորոշ հեգնանքով, անմիջապես հայտարարեց ազգությունը փոխելու իր մտադրության մասին, որը, տարօրինակ կերպով, միայն Իռլանդիայում լուրջ ընդունվեց:

Գրքով տպագրվելուց հետո որոշ գրաքննադատներ ծաղրեցին «Սալոմե»-ն, և պետք է նշել, որ ավելի դաժան գրախոսություններից առնվազն երկուսը անհաջողակ դրամատուրգների գրչին էին պատկանում, մինչդեռ բոլոր նրանք, ում ֆրանսերենը երբեք չի անցել նվազագույն մակարդակից, ուրախ էին, որ այդ պատկառելի դասական դպրոցում իրենց կրթության մեջ մի անկասկած առավելություն էր հայտնվել՝ հարմար առիթ, որով կարող էին հարվածել «Սալոմե»-ին և նրա հեղինակին:

«The Times»-ը, թեև արժեզրկեց դրաման, այդուհանդերձ, նշեց, որ հեղինակը մեծ գործ է արել՝ ֆրանսերեն պիես գրելով, որը թատրոնում կարող է օգտագործել մադամ Բեռնարը, որից հետո Ուայլդը նամակ հղեց «The Times»-ին:

«The Times»-ի խմբագրին՝ 

Պարո՛ն,

Իմ ուշադրությունը գրավեց «Սալոմե»-ի վերաբերյալ ակնարկը, որը հրապարակվել է ձեր սյունակներում անցյալ շաբաթ: Անգլիացի քննադատների կարծիքն իմ ֆրանսերեն ստեղծագործության վերաբերյալ ինձ քիչ է հետաքրքրում։ Ես գրում եմ Ձեզ, պարզապես թույլ տվեք անճշտությունը շտկել, որը ձեր կողմից էր նշվել։

Այն փաստը, որ այժմ բեմի մեծագույն ողբերգակ դերասանուհին իմ պիեսում նկատել է այնպիսի գեղեցկություն, որ ցանկացել է բեմադրել այն, ինքն էլ ստանձնել հերոսուհու դերը, ամբողջ բանաստեղծությանը և իմ արձակին տալ իր անհատականության հմայքը և ֆլեյտայի նմանվող իր ձայնի երաժշտականությունը, բնականաբար, միշտ հպարտության և հաճույքի աղբյուր կլինի ինձ համար, և ես անհամբերությամբ սպասում եմ, որ տիկին Բեռնարը ներկայացնի իմ պիեսը Փարիզում՝ արվեստի այդ վառ կենտրոնում, որտեղ հաճախ են ներկայացվում կրոնական դրամաներ։ Բայց իմ պիեսը ոչ մի իմաստով գրված չէ մեծ դերասանուհու համար: Ես երբեք պիես չեմ գրել ոչ մի դերասանի կամ դերասանուհու համար, ոչ էլ երբևէ կանեմ դա: Գրականության մեջ նման աշխատանքը արհեստավորի համար է՝ ոչ թե արվեստագետի։

Ձեր հնազանդ ծառա,

Օսկար Ուայլդ:

***

Երբ լորդ Ալֆրեդ Դուգլասը «Սալոմե»-ն թարգմանեց անգլերեն, նկարազարդող Օբրի Բերդսլին կիսեց Ուայլդի նկատմամբ կուտակված չարախոսությունները։
1905 թվականի մայիսին «Նոր բեմ» ակումբի «Սալոմե» բեմադրությունից հետո  դրամատիկական քննադատները կրկին խիստ արտահայտվեցին՝ ափսոսանք հայտնելով, որ պիեսը հանվել է անհայտությունից: Սակայն այս քիչ հայտնի դրաման երկար տարիներ դարձավ եվրոպական գրականության մաս։ Այն պարբերաբար կամ ընդհատումներով բեմադրվում է Հոլանդիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և թարգմանվել է եվրոպական բոլոր լեզուներով, ներառյալ չեխերենը: Այն ընդգրկված է գերմանական բեմերի խաղացանկում, որտեղ  ավելի հաճախ է ներկայացվում, քան անգլիացի գրողի ցանկացած պիես՝ Շեքսպիրից հետո։

1896-ին Ուայլդը դեռ բանտարկված էր, երբ Լուին Պոն առաջին անգամ բեմադրեց պիեսը Փարիզի «Libre» թատրոնում՝ Լինա Մունցի գլխավոր դերակատարմամբ։ Այս միջադեպին բավականին հուզիչ անդրադարձ կա մի նամակում, որը Ուայլդը գրել է ինձ Ռեդինգից.

«Խնդրում եմ, հայտնեք թե որքան գոհ էի, որ իմ ստեղծագործությունը կատարվեց և իմ երախտագիտությունը փոխանցեք Լուին Պոյին: Ամոթի ու խայտառակության այս խառնակ ժամանակներում ինձ դեռ արվեստագետ համարողներ կան։ Կուզեի ավելի շատ հաճույք զգալ, բայց թվում է, թե ես մահացած եմ բոլոր նմանատիպ զգացմունքների համար, բացի տառապանքից և հուսահատությունից: Այնուամենայնիվ, խնդրում եմ Լուին Պոյին տեղյակ պահեք, որ ես շնորհակալ եմ այն պատվի համար, որը նա շնորհել է ինձ: Պատասխան նամակով փորձեք պարզել և գրել ինձ՝ ինչ են ասել Լեմատրը, Բաուերը և Սարսին «Սալոմե»-ի մասին»։

Նշվում է, որ Ուայլդը շփոթում է Հերովդես I Մեծին (Մատթեոս XI. 1), Հերովդես Անտիպասին (Մատթեոս XIV. 3) և Հերովդես Ագրիպպային (Գործք Առաքելոց XIII), բայց շփոթությունը միտումնավոր է, քանի որ միջնադարյան առեղծվածներում Հերովդեսն ընդունված է որպես ոչ պատմական կերպար, և այս քննադատությունը նույնքան արժեքավոր է, որքան այն մարդկանց քննադատությունը, որոնք  ջանասիրաբար նշում են Բերդսլիի ծրագրերի անախրոնիզմները: Ինչ վերաբերում է «Սալոմե»-ին և դրա հեղինակին առաջադրված գրագողության մեղադրանքին, կհամարձակվեմ նշել անձնական հիշողություն.

Ուայլդը մի օր բողոքեց ինձ, որ հայտնի վեպում ինչ-որ մեկը գողացել է իր գաղափարը։ Ի պաշտպանություն մեղավորի, ես նշեցի որ Ուայլդն ինքը անվախ գրական գող էր: «Իմ սիրելի ընկեր,- ասաց նա՝ իրեն բնորոշ ընդգծված շեշտադրությամբ,- երբ ուրիշի այգում տեսնում եմ հրեշավոր կակաչ՝ չորս հրաշալի թերթիկներով, ես նետվում եմ հրեշավոր կակաչ աճեցնել՝ հինգ հրաշալի թերթիկներով, բայց դա պատճառ չէ, որ ինչ-որ մեկը գա ու տանի իմ կակաչը և աճեցնի այն՝ ընդամենը երեք թերթիկներով»․ սա, իհարկե, Օսկար Ուայլդն էր։

Ռոբերտ Ռոս

Աղբյուրներ՝ Անգլիայի Օքսֆորդի համալսարանի կազմում գործող քոլեջ(հրապարակված 2018թ․հունիսի 19), Ժակ Կուլարդո (գրաքննադատ), Ռոբերտ Ռոս

Թարգմանությունը ՝ Լյուսիլ Ջանինյանի