Պաղեստինյան թեման փառատոնային ֆիլմերում

Վերջերս Երևանում տեղի ունեցած «Ոսկե Ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի ծրագրում հայ հանդիսատեսի դատին ներկայացվեցին տարվա ականավոր և մշակութային տեսանկյունից ամենատարաբնույթ ֆիլմերը, որոնք յուրաքանչյուր կինոսիրողի հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրելու այսօրվա բազմաբովանդակ կինոաշխարհը: Յոթնօրյա ցուցադրությունների մեկնարկը տրվեց Ջաֆար Փանահիի՝ այս տարի Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» ստացած «Մի պարզ պատահար» ֆիլմով: Եվ թե՛ այդ, թե՛ հաջորդ օրերին երևանյան կինոթատրոնների էկրաններ բարձրացած ֆիլմերը հայ հանդիսատեսին իրապես գրավեցին թեմատիկ լայն ընտրությամբ և, իհարկե, արդիականությամբ: Կային ֆիլմեր, որոնք, գեղարվեստական արժանիքներից և մշակութային առանձնահատկություններից զատ, փառատոնի շրջանակում աչքի էին ընկնում հենց իրենց այժմեականությամբ, ինչպես, օրինակ, «Դանդաղ այրվող հողի երգեր» (ռեժիսոր Օլհա Ժուրբա, 2024 թ.), «Այո» (ռեժիսոր Նադավ Լապիդ, 2025 թ.), «Ժուկով-ժամանակով Գազայում» (ռեժիսոր Արաբ Նասեր, Տարզան Նասեր, 2025 թ.), «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (ռեժիսոր Սեպիդե Ֆարսի, 2025 թ.): Չենք սխալվի, եթե ասենք, որ վերոնշյալ ֆիլմերում արծարծվող, ինչպես նաև մեր օրերում ամենաարդիական թեմաներից է պատերազմը, կամ ճիշտ կլինի ասել՝ պատերազմի արհավիրքը: Համաշխարհային կինոռեժիսորներն աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին օգտագործելով գեղարվեստականությունը կամ էլ վավերագրական ճշմարտացիությունը՝ չեն դադարում հիշեցնել ոչ միայն պատերազմի սարսափների, արհավիրքների, այլև բուն պատերազմի անհեթեթության մասին. մի անհեթեթություն, որը մեծաքանակ զոհեր է պահանջում...
Համաշխարհային դասական կինեմատոգրաֆում բազմիցս արծարծված հակապատերազմյան թեման («Դոկտոր Սթրեյնջլով, կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել և սիրեցի ատոմային ռումբը», «Ապոկալիպսիսն այսօր», «Գնա և նայիր»...) այժմ Նասեր եղբայրներն են մերօրյա հանդիսատեսի համար բացահայտում իրենց «Ժուկով-ժամանակով Գազայում» գեղարվեստական կինոկատակերգությամբ, որի մասին առանձին կխոսենք, ինչպես նաև կանդրադառնանք «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» վավերագրական ֆիլմին: Ժամանակավրեպ չի լինի այս երկու փառատոնային կինոնմուշներն իրենց արդիականությամբ դիտարկել պաղեստինյան թեմայի համատեքստում: Թե՛ քաղաքական, թե՛ մշակութային ասպարեզում պաղեստինյան խնդիրն ամենավիճելի, տեղ-տեղ նույնիսկ պրովոկացիոն թեմաներից է, որը չի կարող չառաջացնել տարակարծություններ ու տեսանկյունների բախումներ:
Բազել Ադրայի՝ 2024 թվականին նկարահանած «Չկա այլ երկիր» ֆիլմը, որը 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել, դրա վառ ապացույցն է: Ֆիլմը, որը պատմում է սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի տեղահանման մասին, ոչ միանշանակ գնահատականների են արժանացրել կինոքննադատները: Օրինակ, Անտոն Դոլինն այս ֆիլմը համարում է «քաղաքական ակցիա», այլ ոչ թե «գեղարվեստական ձեռքբերում»[1]: Հետաքրքրական է, որ ամերիկյան, մասամբ նաև՝ միջազգային կինոհանրությունը գրեթե միշտ եղել է իսրայելամետ, երբ խոսքը վերաբերել է մշակույթին, սակայն պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին, կարծես, փոփոխության է ենթարկվել համընդհանուր քաղաքական կողմնորոշումը, որն էլ դարձել է տարակարծությունների պատճառ: Եթե կինոգործիչներն անցյալում իրենց վրա ստվեր էին գցում՝ աջակցելով Պաղեստինին, ապա այսօր բնական է դիտվում այն փաստը, որ երկու հակառակորդ կողմերն էլ իրենց համակիրներն ունեն կինոասպարեզում: Եվ չնայած դրան՝ իսրայելական կողմը քննադատությամբ է հանդես գալիս յուրաքանչյուր պաղեստինամետ դիրքորոշման նկատմամբ: Իսրայելի մշակույթի նախարար Միկի Զոհարը «Չկա այլ երկիր» ֆիլմի հաղթանակը 97-րդ «Օսկարում» անվանել է «կինոաշխարհի համար տխրալի պահ»2:
Այժմ փորձենք հասկանալ, թե այս ամբողջ քաղաքական քաոսում ինչպես են ընկալվում 22-րդ «Ոսկե Ծիրանում» ընդգրկված ու պաղեստինյան թեմայի համատեքստում մեր կողմից ուսումնասիրության համար ընտրված երկու ֆիլմերը և գեղարվեստական ինչպիսի ձեռքբերում են ներկայացնում իրենցից: Նախ կխոսենք «Ժուկով-ժամանակով Գազայում» ֆիլմի մասին: Անդրադառնալով վերնագրին՝ պետք է ընդգծել, որ իմաստային առումով կա թարգմանական անճշտություն: Անգլերեն բնագիրը՝ «Once upon a time in Gaza»-ն ուղիղ հղում է անում իտալացի նշանավոր կինոռեժիսոր Սերջիո Լեոնեի երկու հանրահայտ ֆիլմերին («Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում»): Քանի որ Նասեր եղբայրները մտադրվել են իրենց ֆիլմը նկարահանել «սպագետի-վեսթերն» ժանրի ոճային առանձնահատկություններով, դրանով էլ, ըստ երևույթին, պայմանավորված է «Once upon a time in Gaza» վերնագիրը: Թեպետ «Ժուկով-ժամանակով Գազայում»-ը հեռու չէ իր բնագրից, բայց դրա փոխարեն ավելի ստույգ կլիներ պահպանել բառացի թարգմանությունը՝ «Մի անգամ Գազայում», որը կարտացոլեր Նասեր եղբայրների հարգանքի տուրքը Սերջիո Լեոնեին:
Արաբ և Տարզան Նասերները, որոնց ֆիլմը Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում արժանացել է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին, ծնունդով Գազայից են: Եղբայրները մտադրված են եղել երգիծանքի լեզվով ցույց տալ իրենց հայրենիքում տիրող սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական ճգնաժամը: Ի դեպ, ինչ վերաբերում է «Ժուկով-ժամանակով Գազայում»-ի կատակերգական բաղադրիչին, ապա հարկ է հիշատակել ֆիլմի երևանյան ցուցադրությունը, որը տեղի է ունեցել Կինոյի տան փոքր դահլիճում, որի մոտ խմբված հանդիսատեսը, դեռևս ծանոթ չլինելով ֆիլմի բովանդակությանը, կարծել է, թե կինոդիտման ընթացքում ունենալու է զգացմունքային ծանր ապրումներ: Փոխարենը՝ հանդիսատեսը, որը տրամադրված էր հուզմունքի պահեր ապրելու, անսպասելիորեն սկսում է ծիծաղել ֆիլմի առաջին իսկ րոպեներից:
Անդրադառնալով սյուժեին՝ փորձենք հասկանալ, թե ինչի մասին է ֆիլմը, որը մեկ բառով կարելի է բնորոշել իբրև տրագիկոմեդիա: Ֆիլմի գլխավոր հերոսն է Ուսամա անունով մի թմրավաճառ, որն ապրում է ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայում և վարելով անօրինական գործունեություն՝ փորձում է հաղթահարել իր սոցիալական դժվարին կացությունը: Ուսամայի, ինչպես նաև նրա հայրենակիցների կյանքի ցածր որակն ու կենսական խնդիրները պայմանավորված են Իսրայելի կողմից Գազայի շրջափակմամբ և արտաքին աշխարհի հետ պաղեստինցիների հաղորդակցության բացակայությամբ: Թմրանյութերի վաճառքի հարցում Ուսամային օգնում է Յահյա անունով մի երիտասարդ, որի հետ նա ընկերանում է, և երկուսն էլ, քողարկվելով ֆալաֆելի (արաբական կերակրատեսակ) պատրաստման և առաքման գործով, թմրադեղերը տարածում են սենդվիչների մեջ թաքցրած: Ուսամային բռնելով հանցագործության պահին՝ նրան ձերբակալում են ու տեղափոխում ոստիկանական բաժանմունք: Ոստիկանապետը, որի հետ Ուսաման վաղուց է ծանոթ, նրան առաջարկում է ուրիշներին ձերբակալելու իրավական հիմք ապահովող մատնության թուղթ ստորագրել: Ուսաման, ելնելով իր սկզբունքներից, հրաժարվում է այդ բանն անել: Ոստիկանապետը մի քանի զինյալների հետ ներխուժում է ֆալաֆելի պանդոկ և սպանում Ուսամային, իսկ Յահյան, որը թաքնված է պահարանում, ականատես է լինում ամեն ինչին:
Այդտեղից էլ, կարելի է ասել, սկսվում է «վեսթերնը»: Վրեժով լցված երիտասարդ տղան ցանկանում է գտնել և սպանել Ուսամային վերացրած մարդասպանին: Տարիներ անց նրան առաջարկում են մի մարտաֆիլմում նկարահանվել: Այնտեղ նա պետք է հանդես գա պաղեստինցի ապստամբի դերում: Ըստ սյուժեի՝ այդ ապստամբն, իր զինված խմբավորման հետ միասին, ահաբեկչական գործունեություն է իրականացնում սիոնիստների դեմ: Այդ քարոզչական ֆիլմի մարտական տեսարանները նման են հոլիվուդյան մարտաֆիլմերի տեսարաններին: Գազայի իշխանությունների հետ զրույցում այդ ֆիլմի ռեժիսորն ասում է, որ իրենց կինոարտադրությունը կոչվելու է «Գազավուդ»:
Ֆիլմի մեջ ֆիլմն ընդգծում է «Ժուկով-ժամանակով Գազայում»-ի կատակերգական տրամադրությունը: Դրանով, կարծես, ծաղրանքի է ենթարկվում քաղաքական քարոզչությունը, որով գրեթե ամեն օր «սնուցվում է» ՀԱՄԱՍ-ի ձեռքերում պատանդված Գազայի ժողովուրդը: Նկարահանվող մարտաֆիլմը ՀԱՄԱՍ-ի քարոզչական գործիքներից մեկն է, որով ահաբեկիչները մտադիր են բարձր պահել ժողովրդի «մարտունակությունը»: Չնայած դրան՝ ժողովրդի մեջ բացակայում է միասնականությունը: Տեսարաններից մեկում, որտեղ ընթանում են մարտաֆիլմի նկարահանումները, իսրայելցու դերակատարը ոտքով հրում է պաղեստինցի պատանու դերակատարին: Վերջինիս հորը, որը տեսախցիկի հետևում կանգնած հետևում էր նկարահանումներին, դուր չի գալիս, թե ինչպես են վարվում իր զավակի հետ, և նա գոռգոռալով մտնում է կադր: Նկարահանող խումբը փորձում է զսպել տղայի գազազած հորը: Իսրայելցու դերակատարն էլ իր հերթին հրաժարվում է Պաղեստինի դրոշը գետին գցել՝ պնդելով, որ իսրայելցու դերը կխաղա, բայց իր երկրի դրոշը երբեք վայր չի գցի: Ի պատասխան նրա այդ ազգասիրական հայտարարությանը՝ շենքի բնակիչները, որոնք հետևում էին նկարահանման գործընթացին, միահամուռ ծափահարում են: Նկարահանման հրապարակում առկա այդ քաոսային վիճակը փոխաբերական իմաստով խորհրդանշում է Գազայի ժողովրդի մեջ տիրող պառակտվածությունը, որն ամեն կերպ փորձում են քողարկել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:
Ֆիլմի մեջ ֆիլմի կատակերգական տարրերից է նաև բուտաֆորիական զենքերի բացակայությունը Գազայում, ինչի պատճառով նկարահանող խումբն իսկական զենք-զինամթերք է օգտագործում: Հենց այդ զենքերից մեկի կրակոցից էլ նկարահանման ժամանակ մեռնում է Յահյան, երբ արձակված փամփուշտը, դիպչելով այստեղ-այնտեղ, ի վերջո խոցում է Յահյայի ճակատը: Նախքան մեռնելը Յահյան հասցնում է լուծել Ուսամայի մահվան վրեժը՝ ճակատագրի բերումով հանդիպելով նրան սպանած ոստիկանապետին: Յահյան և ոստիկանապետը, կովբոյական ֆիլմերի ոճով, միմյանց վրա են ուղղում զենքերը: Դա տեղի է ունենում ֆալաֆելի պանդոկում, որտեղ Յահյան վնասազերծում է իր հակառակորդին, հետո կապում նրան աթոռին, ապա պայթեցնում ամբողջ պանդոկը:
Ֆիլմում ներկայացվող այս բոլոր աբսուրդային իրադարձություններն ուղեկցվում են Իսրայելի կողմից Գազան շրջափակելու, սահմանային պատ կառուցելու մասին քաղաքական լուրերով։ Մինչ ՀԱՄԱՍ-ը զբաղված է «Ալլահ Աքբար» բղավելով և Իսրայելի հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելով՝ սիոնիստները համարյա ամեն օր ռմբակոծում են Գազան, ինչի արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը: Սա ոչ այլ ինչ է, քան բռնապետություն, որն, իհարկե, չի կարող արդարացնել Իսրայելի կողմից բնակելի շենքերի ռմբակոծություններն ու խաղաղ բնակչության սպանությունները, բայց ոչ էլ կարող է հավերժ անպատիժ մնալ՝ ՀԱՄԱՍ-ին թույլ տալով զոհաբերել սեփական ժողովրդի բարօրությունն ու ներքաշելով նրան անվերջանալի պատերազմների մեջ: Ինչ-որ մի օր դա պետք է ավարտվի: Հենց այդ է ասվում ֆիլմի ֆինալում, որտեղ տեսնում ենք, թե ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն ինչպես են «Ալլահ աքբար» գոռալով՝ «նահատակ» Յահյայի դիակը մի փողոցից մյուսը տանում: Ֆիլմն ավարտվում է «It will end» լուսագրով, այսինքն՝ ամբողջ այդ մղձավանջն ինչ-որ մի օր ավարտվելու է:
Ոմանք կարող են պնդել, որ այս ֆիլմը նկարահանվել է իսրայելական քարոզչության տեսանկյունից, կամ, մինչև անգամ, «Իսրայելի պատվերով»: Բայց ակնհայտ է, որ Նասեր եղբայրները նպատակ չեն ունեցել սատարելու հակառակորդ կողմերից որևէ մեկին: Կիրառելով ստեղծագործական ազդեցիկ միջոցները՝ երգիծանքն ու հումորը, նրանք պարզապես արտահայտել են իրենց ցավը կորսված հայրենիքի և պառակտված երկրի համար: Դա այն երկիրն է, որը ոչնչացնում են ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամիները:
Եթե «Ժուկով-ժամանակով Գազայում» ֆիլմում պաղեստինցի ժողովրդի ողբերգությունը տեսնում ենք երգիծանքով քողարկված, ապա բոլորովին հակառակ պատկերն է Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» վավերագրական ֆիլմում: Նախքան դրան անդրադառնալը հիշատակենք «Ոսկե Ծիրանում» ընդգրկված ևս մի ֆիլմ՝ Օմար Միսմարի 2024 թվականին նկարահանված «Խելահեղ խոժոռմունքը»: Այս վավերագրական կինոնկարում հիշատակվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, բայց բուն գործողությունը տեղի է ունենում Բեյրութի գեղեցկության սրահում, որտեղ հաճախորդները բոտոքսի ներարկումներ են ստանում և զուգահեռ զրուցում քաղաքականությունից: Փորձագետ վերլուծաբանների պես նրանք դատողություններ են անում համաշխարհային քաղաքականության և Լիբանանի ապագայի վերաբերյալ: Նրանք հոգ են տանում իրենց արտաքինի մասին այն ժամանակ, երբ ընթանում է իսրայելա-լիբանանյան հակամարտությունը, և գեղեցկության սրահից դուրս տեղի են ունենում ռմբակոծություններ: Պատահական չէ, որ ֆիլմի ժանրը բնորոշվում է իբրև «բոդի-հորոր»: Պատերազմական սարսափների փոխարեն մենք տեսնում ենք մարդու դեմքին կատարվող սարսափները, որոնք արտահայտվում են մաշկի մեջ ասեղների մխրճումով և դիմային ծամածռություններով: Ինչպես և «Ժուկով-ժամանակով Գազայում» ֆիլմում, այստեղ նույնպես առկա է երգիծանքը: Ռեժիսորը ծաղրում է մարդկային անտարբերությունը, ինչը նույնքան սարսափելի է, որքան պատերազմը:
Ինչ վերաբերում է «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» ֆիլմին, որն արդեն ամբողջությամբ պաղեստինյան թեմայով է, ապա այստեղ ոչ թե հերոսներ են, որոնք հավաքական իմաստով ներկայացնում են ամբողջ ժողովրդի դիմապատկերը, այլ մեկ հերոսուհի, որի աչքերով մենք տեսնում ենք Գազայում բնակվող պաղեստինցիների ամբողջ ողբերգությունն ու կոտորածը: Ֆիլմի ռեժիսորը՝ իրանուհի Սեպիդե Ֆարսին, հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո սկսում է ուսումնասիրել Գազայի ժողովրդի դժվարին ապրուստը, և այդ գործում նրան օգնում է Ֆաթիմա անունով 24-ամյա մի պաղեստինուհի: Ֆաթիման իր ընտանիքի տասը անդամների հետ ապրում է փոքրիկ բնակարանում, ամեն օր ստիպված է ականատես լինել Իսրայելի ռմբակոծություններին և փլատակների տակ հայտնվող իր ծանոթների, հարևանների մահվանը:
Այս վավերագրական ֆիլմն ամբողջությամբ կառուցված է ռեժիսորի ու Ֆաթիմայի ընկերական զրույցների վրա, որոնք իրականացվում են տեսազանգերի միջոցով: Ֆաթիմայի մասին մենք տեղեկանում ենք, որ նա երբեք դուրս չի եկել Գազայից, սակայն երազում է ճամփորդել։ Նա բավականին բանիմաց է, գիտի գրականություն և կինո։ Նա հարցնում է ռեժիսորին, թե, արդյո՞ք, դիտել է «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը։ Ռեժիսորը միտումնավոր ասում է, որ չի դիտել, որպեսզի Ֆաթիման ոգևորված խոսի դրա մասին։ Ֆաթիման մեջբերում է անում ֆիլմից`ասելով, որ հույսը շատ վտանգավոր բան է: Բայց և այնպես, Ֆաթիմայի նման շատ ու շատ պաղեստինցիներ ապրում են այդ «վտանգավոր» հույսով՝ չդադարելով հավատալ, որ պատերազմը շուտով ավարտվելու է, և այլևս զոհեր չեն լինելու:
Ռեժիսորի այն հարցին, թե ինչպես է Ֆաթիման իրեն զգում, վերջինս ամեն անգամ դրական պատասխան է տալիս: Նա չափազանց ժպտերես է, կյանքի հանդեպ անսահման սիրով լի: Չնայած ամենօրյա ռմբակոծություններին և սպանություններին, նա չի ընկճվում: Նրա դեմքից չանհետացող ջերմագին ժպիտը, կարծես, մի ուղերձ է ամբողջ աշխարհին, որ ինչ էլ լինի, երբեք չպետք է վհատվել, տխրել:
Թեպետ ՀԱՄԱՍ-ը սիոնիստների հետ միասին կրում է պատերազմի սանձազերծման անմիջական մեղավորությունը, այնուամենայնիվ, դրանից չի նվազում Ֆաթիմայի հայրենասիրությունը, և նա հպարտորեն հայտարարում է, որ, անկախ ամեն ինչից, իրենք կարողացան աշխարհին ապացուցել, որ ընդունակ են կռիվ տալու և պայքարելու հանուն իրենց երկրի:
Լուսագրերի միջոցով մենք տեղեկանում ենք ,որ անցնում են ամիսներ, իսկ ավերված շենքերի ու զոհերի թիվը միայն ավելանում է։ Գրեթե մեկ տարի են տևում Սեպիդե Ֆարսիի ու Ֆաթիմայի զրույցները: Այդ ընթացքում Ֆաթիման ռեժիսորին պարբերաբար ուղարկում է ավերված շենքերի, փլատակների և սպանվածների լուսանկարներ: Հենց այդ լուսանկարներն են դառնում Ֆաթիմայի աչքերը, որոնցով մենք տեսնում ենք Գազան...
Երբ մեկ տարի հետո տեղի է ունենում ռեժիսորի և Ֆաթիմայի հերթական տեսազանգը, պաղեստինուհին ուրախանում է՝ իմանալով, որ ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Սեպիդե Ֆարսին հույս է հայտնում, որ Ֆաթիման նույնպես կկարողանա գալ Ֆրանսիա: Ավա՜ղ, դա տեղի չի ունենում: Ֆաթիման Իսրայելի հերթական ռմբակոծությունից զոհվում է իր ընտանիքի վեց անդամների հետ միասին: Սա իրապես անսպասելի և ցնցող ֆինալ է, որն է՛լ ավելի է ընդգծում ֆիլմի ողբերգականությունը: Ֆաթիմայի մահը մարտիրոսություն է դառնում հանդիսատեսի աչքերում:
Հաշվի առնելով, որ վերջին տասնամյակում արդիական թեմաները դարձել են առաջնակարգ կինոփառատոների առանցքային չափանիշներից մեկը՝ այս առումով, վստահորեն, կարելի է ասել, որ պաղեստինյան թեմայի կամ պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծվող ֆիլմերը բոլոր հնարավորություններն ունեն դեռ երկար ժամանակ լինելու հանդիսատեսի ուշադրության կենտրոնում: Մենք դա արդեն տեսանք վերոնշյալ փառատոնային ֆիլմերի օրինակով, և ասվածն ամփոփելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացությանը. որքան էլ քաղաքական թեմաներով տարատեսակ կարծիքներ և անհամաձայնություններ լինեն, կինոն, այնուամենայնիվ, կատարում է իր առաքելությունը: Ինչպես տարածված կարծիքն է փաստում, կինոն քաղաքականություն է, և մեր անհանգիստ ժամանակներում այդ ընկալումն ավելի է սրում հետաքրքրությունը կինոյի հանդեպ: Ամեն ինչ կախված է մատուցման ձևից: Ոչ այդքան կարևոր է, թե ովքեր են նկարահանում, որքան այն, թե ինչպես են նկարահանում, և, ի վերջո, ինչն է գրավում հանդիսատեսին...
Հղումներ՝
[1] А. Долин, Meduza, «Оскар» за лучший документальный фильм получила картина «Нет другой земли», снятая авторами из Палестины и Израиля Они не кинематографисты, а активисты — и по их работе это заметно, https://meduza.io/feature/2025/03/07/oskar-za-luchshiy-dokumentalnyy-film-poluchila-kartina-net-drugoy-zemli-snyataya-avtorami-iz-palestiny-i-izrailya, (հասանելի է՝ 02, 08, 2025):
2 О. Мамиконян, Forbes, Глава Минкульта Израиля назвал печальным вручение «Оскара» фильму «Нет другой земли», https://www.forbes.ru/forbeslife/531931-glava-minkul-ta-izraila-nazval-pecal-nym-vrucenie-oskara-fil-mu-net-drugoj-zemli, (հասանելի է՝ 02, 08, 2025):
Արամ Դովլաթյան


