Փակի՛ր ափերդ

Փակի՛ր ափերդ, փակի՛ր, սիրելի՛ս... 

Մինչև լուսաբաց սեր է հնչելու, 

Ադամամութին ինձ գրկելու ես, 

Ու թաց վարսերիս բույրն ես շնչելու... 

 

Փակի՛ր աչքերդ, Արևագա՛լս,

Տես ինձ ու ծովը, և թռչուններին...

Այգալույսի հետ թռչունները այդ՝

Ափերիցս՝ քո ԱՓ են թռչելու...

 

***

Անթև 

 

Լճերի վրա մաղում է անձրև, 

Կռինչ է թողնում կռունկների չուն,

Իրար է խառնել խաշամ ու տերև՝

Խանձված վարսերով, հոգնած մի աշուն։ 

 

Ցրտից դողացող, վտիտ մի արև

Նայում է լճի գունատ հայելուն, 

Օրերը այստեղ անդեմ են, անձև, 

Վաղուց ստվերներն, էլ չե՛ն երկարում։ 

 

Վառոդի հոտը աշխարհ է բռնել, 

Այստեղ ամեն օր սերեր են մորթվում,

Աղավնիները՝ գլխատված, անթև, 

Հաղթանակի տեղ՝ մահ է ու արյուն։ 

 

Ծառը բացել է իր կուրծքը կեղև, 

Նրա թաց վերքից հավատ է ծորում, 

Թավշե մի եղեգ՝ թևաբեկ, թեթև, 

Ճկվել է քամուց, բայց չի խոնարհվում... 

 

Լճերի վրա մաղում է անձրև, 

Երկինքն է լքում կռունկների չուն,

Իրար է խառնել ոսկեգույն ու սև՝

Խռիվ վարսերով, լքված մի աշուն...

 

***

Ես իմ սերն եմ սիրում 

Վ. Տերյան 

 

Դու սիրում ես ինձ,

Ես՝ քո սերն եմ սիրում, 

Աշուն է, ձմեռ է, գարուն...

Դեպի ինձ ճանապարհն 

ՈՒ բացվող նոր օրը

Լուսավոր թախիծ են բերում... 

 

Դու սիրում ես ինձ,

Ես՝ քո սերն եմ սիրում. 

Ձմեռ է, գարուն է, աշուն...

Անձրևոտ փողոցներն

Ու դեղին մայթերը

Ձուլվում են իրար, երկարում... 

 

Դու սիրում ես ինձ,

Ես՝ քո սերն եմ սիրում,

Երկինքը ոսկի է մաղում...

Ամենուր բույրեր են, 

Ամենուր գույներ են,

Աշուն է, աշուն է, աշուն...

 

*** 

Անապատ

 

Ես քո աղջիկն եմ ճերմակ՝

Բույրերով հիրիկների,

Քամիներով անապատի

Ու դեղնաշեկ հատիկների չափ

ավազների՝ քոնն եմ ես...

Դու լույս հունցող ձեռքն ես երկնքի,

Ով շաղախում է իմ ամուր լեռների

փխրուն խաղաղությունը... 

Եվ ինձ տրտմություն է բերում

կիսադեմն անծանոթ լուսնի,

Որ խոնավ շուրթերով համբուրում է երկնքի կուրծքը 

Ու տոթ գիշերի մեջ ալարկոտ շորորալով՝ 

կախվում ոտնաթաթերիս տակ սահող

անսահմանության վրա... 

Արևելյան բայաթիների այս երկրում

Իմ ներսում կարոտի հայրեններ են ծնվում. 

Մեզ բաժանող տարածության ու ժամանակի 

տեղապտույտ խառնարանում

Ես անվերջ թափառող բեդվին աղջիկ եմ՝

բույրերով հիրիկների,

Դեղնավուն անապատի սամումներով անսանձ 

և ուղտերին բարձված երազանքներով հակինթե...

 

*** 

Վաղը 

 

Կմեկնեմ նորից խոնավ իմ կղզին... 

Կվերցնեմ լուսաբացին երգող թռչնի դայլայլը,

Անտառի՝ արմատածածկ,

Ինձնից խռով արահետով

Հետուառաջ կանեմ երկար...

Կնստեմ մի պահ նստարանին,

Որ աչքերիս գույնն ունի,

Եվ կրկին կատեմ ինձ, հետո կսիրեմ...

Կհիշեմ քեզ... 

Ծառի մամռակալած բունը կմաքրեմ ափով...

Կհանեմ մի քանի սուր ասեղ՝ սրտիս պահոցից, 

Ու սիրու՜ն, սիրուն ժանյակ կգործեմ՝

Մուգ կանա՜չ, կանաչ, փխրուն մամուռից...

Դրանով կզարդարեմ տխրությունս,

Ու կներեմ հեռացածներին...

Ու կհաշտվեմ ինքս ինձ հետ...

Եվ այդ պահին խոստանում եմ

Սիրել կյանքը...

 

***

 

ՈՒ ցավո՜ւմ է 

 

Սրտիս ամենասիրուն կտորը... 

Այն, որ քեզ մոտ էր... 

Այն, որ քեզ պետք չէր... 

Էլ՝ պետք չէ։ 

Այն, որ... 

Վերադարձրիր այն օրը...

Նետեցիր ոտքերիս տակ… 

Վերցրել եմ։ 

Ու չի ձուլվում... 

Ու օտար է... 

Եվ... Ցավո՜ւմ է... 

 

***

 

Լուսաբացին 

 

Ես հիմա ամպի թև եմ թափանցիկ, 

Անձրևի համբույրն՝ այտերիս վրա, 

Արևի մի շող դիպավ հպանցիկ, 

Եվ հողի խորքից երգեր վեր ելան... 

 

Ու վերից լույսեր իջան դարձդարձիկ, 

Փռելով շուրջը՝ գույներ ցիրուցան

Շողը չգտավ ճամփան տունդարձի, 

Երկնքի հոնքին դարձավ ծիածան։ 

 

Ականջ դրեցի վաղ լուսաբացին՝

Սահելով ուսին կաթնաթույր լեռան, 

Երդիկից ելավ բույրը թարմ հացի, 

Լսվեց մայունը նոր ծնված գառան։

 

*** 

 

Հրաժեշտ 

Ճայն ականջիս շշնջաց,

Որ իմ մասին ես հարցրել... 

Նա չգիտեր, որ ձկների լռությամբ՝

Ալիքներին հրաժեշտի երգեր եմ գրել...

 

*** 

 

Լուսնոտ 

 

Գիշերը լռություն է բերում:

Դու այնտեղ՝ հեռվում,

Դու մենակ, անինձ,

Դու՝ հուսահատված... 

 

Հյուսիսից քամիներ են սուրում.

Ես՝ այստեղ՝ ինձ մոտ,

Ես՝ արդեն քեզ խորթ, 

Ես՝ օտարացած... 

 

Երկնքից գունատ լույս է ծորում.

Մենք՝ երկու լուսնոտ,

Մենք՝ լույսին շատ մոտ, 

Մենք՝ իրար գտած...

 

***

 

Անտարբերություն

 

Երբ վերջին հավատներդ հրաժեշտի

Համբույրներ են հղում քեզ, 

(Օդային, սեթևեթ)... 

Երբ այլևս սրտով չես գրկում ոչ ոքի՝

Նրան, երկրորդին, երրորդին...

Ազատություններից մեկն է գրկում քեզ, 

Ամենափշոտն՝ իր անտարբեր ձեռքով, 

Ինչպես Նա, ինչպես երկրորդը, երրորդը, 

Ինչպես արևը, լուսինը, աստղերը, 

Որ լուսատուներ են, բայց և անհաղորդ՝

Նման երկրորդին, երրորդին, 

Նման այն մեկին (որ Նա էր)...

Նման՝ ինձ... 

 

Աննա Դավթյան