Պոլ Վալերի. Երեք ստեղծագործություն «Խառնուրդ» ժողովածուից

Երազ
Պարզ դաշտում ինչ-որ կին ինձ հետ։ Մենք տեսնում ենք պարզ, լքված շինություն: Ջուրը հոսում է դեպի լայն բացված դուռը. քառակուսի սանդղահարթակի վրա պարզ ջուրը, որը հազիվ հաղթահարեց դռան շեմը, հոսում է աստիճաններով, ծածկում դրանք և անցնում խորքը: Կինն ինձ տանում է իր հետ: Մենք քայլում ենք բավականին բարձր ջրի միջով ու իջնում։ Ջրի էջքը մեզ տանում է դեպի այն դուռը, ուր մենք հանդիպում ենք կեսօրին ու մի հսկայական լճի վրա, ուր ջուրը հոսում է: Լիճը պարզ է, զարմանալիորեն թափանցիկ, խորախոր։ Մենք լողում ենք շատ պարզ ու շողշողուն կանաչ ջրում՝ լուսաշեկ: Մենք տեսնում ենք լողորդների մարմինները: Ես ահ ու հիացմունք եմ զգում այս պարզ խորությունից, ուր սրունքներն ապշեցուցիչ ազատություն և սպիտակություն ունեն: Խորքում երևում է վառ կանաչ երկիրը՝ ոսկեզօծ մեղմիկ արևով, հանդարտ, խարտյաշ ավազով։
Հիշողություն
Իմ կյանքի որոշ իրավիճակներում պատահել է, որ բանաստեղծական աշխատանքն ինձ համար «աշխարհից» առանձնանալու միջոց է եղել։
Ես այստեղ «աշխարհ» եմ անվանում միջադեպերի, հանդիպումների, հարցումների ու պահանջների ամբողջությունը՝ ամեն տեսակի և սաստկության, որը հանկարծակիի է բերում միտքը՝ չլուսավորելով ինքն իրեն, ինչը հուզում է, տարակուսում, տեղափոխում այն կարևորագույնից դեպի փոքրագույնը…
Վատ չէ, որ որոշ տղամարդիկ ուժ ունեն ավելի շատ կառչելու ու կարևորելու հեռավոր տասնորդական կոտորակի կամ ստորակետի դիրքի որոշումը, քան ամենաաղմկահարույց նորությունը, ամենանշանակալի աղետը կամ հենց իրենց իսկ կյանքը:
Ինձ մտածելու տեղիք է տալիս այն, որ չափածոյի կառուցման մեջ պայմանական ձևերի պահպանման առավելություններից մեկը բաղկացած է բացառիկ ուշադրությունից առ մանրուքը, որը զարգացնում է այս կարգը, երբ այն հղի է շարունակական երաժշտականության ու հարատև կատարելության կախարդանքով, որն էլ պիտի (որոշ ընթերցողների կարծիքով) առաջարկի ճշմարիտ բանաստեղծություն։
Արդյունքն արձակի բացակայությունն է, այն է՝ խզումը։ Հեռանալ կամայականությունից, փակվել դիպվածայինից, քաղաքականությունից, իրադարձությունների անկարգությունից, կերպի-եղանակի տատանումներից. փորձեք ինքներդ ձեզնից դուրս բերել մի աշխատանք, որը որոշակիորեն ավելի պատվական է, քան կարելի է ակնկալել։ Ուժ գտնել բավարարվելու համար՝ միայն երկարատև ջանքերի գնով ու հակադրել խանդավառ մի փնտրտուք, սովորաբար աննկատ հրապուրանքին, և զանազանություն՝ նույնիսկ պաթետիկ, որ գալիս է այլուրեքից․ սա ինձ հաճույք է պատճառում: Չեմ ափսոսում այն չորս տարիների համար, որոնք ամեն օր ծախսեցի՝ փորձելով լուծել տաղաչափության հետ կապված շատ խիստ խնդիրներ։
Համընդհանուր տառապանքի, նեղ սրտերի, պրկված դեմքերի, լարված մտքերի, ինքնապարփակ լռության մեջ, նորություններով, սպասումներով, հիասթափություններով, անմիտ ենթադրություններով ամայացած ժամանակ էր այդ: Ի՞նչ անել այս ցնցող հանգամանքներում, երբ մենք լոկ կարող էինք դիմանալ, և երբ մեզ զրկեցին որևէ գործողությունից, որն արձագանքում էր աշխարհիս կատաղի դարաշրջանի արտասովոր հուզմունքին:
Պահանջվողը, թերևս, ոչ այլ ինչ էր, քան ամենասին ու նուրբ հետազոտությունները, նրանք, որոնք վերաբերում են միաժամանակ կազմված լեզվի բազմաթիվ արժեքների նուրբ համակցություններին, որպեսզի արթնացնեն, ինչպես նրանք պահանջում են, ողջ կամքը և ամբողջ քմահաճությունն այս կամքի մեջ, որը կարող էր պաշտպանել մտքի մի հատվածը՝ անհանգիստ սպասումների, ռեզոնանսների, աղմուկների, երևակայությունների և աբսուրդի վարակիչ հետևանքներից։
Ես ինձ համար ստեղծեցի հուսազուրկ պոեզիա, որը չուներ այլ վերջ և գրեթե ոչ մի օրենք, քան իմ օրերի մի հատվածում ինձ հետ ապրելու կերպ հաստատելը։ Ես տերմին չեմ մտածել, և դրա մեջ բավականաչափ պայմաններ եմ դրել անսահմանափակ աշխատանքի նյութ գտնելու համար։
Այս անվերջ համաձայնությունն ինձ սովորեցրեց ավելին, քան մեկ բան։ Ես լավ գիտեի, որ աշխատանքը երբեք չի ավարտվում առանց որևէ գործողության, ինչպիսիք են հոգնածությունը, համաձայնությունը, կատարելու պարտավորությունը կամ մահը, քանի որ այն ստեղծողի կողմից աշխատանքը պարզապես ներքին փոխակերպումների հաջորդական վիճակ է: Որքա՞ն հաճախ ենք ցանկանում սկսել մի բան, որը հենց նոր թվում էր ավարտված: Քանի անգամ եմ նայել սրան, որն ուրիշների աչքերին էի պատրաստվում հանձնել, որպես ցանկալի աշխատանքի անհրաժեշտ նախապատրաստություն, որը ես միայն այն ժամանակ սկսեցի տեսնել իր հնարավոր հասունության մեջ, և որպես շատ հավանական և շատ ցանկալի պտուղ, նոր սպասման և գործողության՝ ամբողջությամբ պատկերված իմ զորության մեջ: Կատարված իրական աշխատանքն ինձ այն ժամանակ մահկանացու մարմին թվաց , որը պետք է զբաղեցներ այլակերպված և փառավոր մարմնի տեղը:
Բայց և այնպես նորոգությունների և կայուն զարգացումների այս ռեժիմի կիրառման մեջ ես հասկացա մտավոր կյանքի համակարգի մեծ օգուտները, որոնք կտրված էին ուրիշների ճաշակի վերաբերյալ որևէ շահարկումից: Պոեզիայի խնդիրները պետք է լուծվեին նախապես մտածված ու ամրագրված պայմանների կատարմամբ, ինչպես երկրաչափության դեպքում։ Սա ստիպեց ինձ չփնտրել «էֆեկտներ» (օրինակ՝ մեկուսի «գեղեցիկ ոտանավորներ») և շատ հեշտությամբ զոհաբերել դրանք, երբ դրանք միտքս են գալիս։ Ես ձևավորեցի հրաժարվելու սովորություն և մի քանի այլ սովորություններ։ Ի մասնավորի, սովոր էի, որոշ ժամանակ անց, բաղկացուցիչ մտքի գործողությունների անսովոր փոփոխությանը։ Բազմիցս խորհել եմ, թե ինչն են, ճշմարտացիորեն կամ սխալ, փիլիսոփաներն անվանում մտքի «բովանդակություն»՝ (ավելի լավ կլինի խոսել արտահայտությունների բովանդակության մասին) ձևի նկատառումներով։ Ես վերցրի, եթե կուզեք, միտքը որպես «անհայտ», և որքան անհրաժեշտ էր մոտավոր հաշվարկներով, քայլ առ քայլ առաջացա դեպի «նա»։
Առավոտ
I
Ոչինչ ինձ ավելի չի հուզում, քան ամառային առավոտները:
Այս աշխարհը սառը կապույտ է, նկարված է ոսկով, ոսկով և գիշերով, ոսկով գիշերվա վրա: Այս ամոթխածությունը, որ արևն սկսում է քաշել-հանել անդորրությունից: Պահ կա, երբ թվում է, թե գիշերը երևում է լույսի մեջ, ինչպես միտքն արթնանալով, առաջին պարզությամբ, ցույց է տալիս ծնունդը, չգոյությունն ու երազները: Գիշերային մերկություն, դեռ լավ չհագնված։ Երկնային նյութն արտասովոր քնքշություն ունի. Մենք մոտիկից զգում ենք այս աստվածային թարմությունը, որը քիչ անց կվերածվի ջերմության:
Մենք զգում ենք հոգնածություն աշխատանքից առաջ, տխրություն՝ մեկ օրով մեր մեծ մարմին վերադառնալու, հույս, ապրելու պարզություն, խոստում և խոստման ունայնություն: Այս ամենը միախառնված (նկարված է միամիտ նկարի պես, որտեղ ի մի են բերվում կերպարի տարբեր գործողությունները) հանգստության և մաքրության մեջ: Ողջ խեղճ կյանքը բյուրեղի մեջ: Դա նաև մելանխոլիկ ծուլությունն է, որը նախորդում է մեծ արարքներին և գործողությունների ուժին: Օրվա մեջ մտնելու վախ, դող ծովի առաջ, տխրություն՝ ոսկյա և աստվածային: Սիրուն և հույսին այլևս չհավատալու խաղաղ հուսահատություն:
Առաջին հերթին, լուռ կոչ դեպի այն, ինչ կլինի, ինչ կարող է լինել:
Ողջույն հրեշտակից, որը հայտնում է, որ մենք պտղավորված ենք մեծ նոր օրով։ Բաշխում։
II
Ողջունում ենք մոտեցող աշխուժությանը՝ հորանջելով։ Մարմինը ճապկտում է, պտտվում ու հետ շրջվում, գալարում ու լարվածություն է փնտրում, որը ստիպում է ճանաչել իր մեջ իր տեղը, պատրաստվածության վիճակը և այն, որը դուրս է մղում դարանակալվածը:
Նպատակն ամբողջը վերականգնելն է, ցրել տեղային իներցիաներն ու հակազդեցությունները։
Միտքը նույնպես շերտավորվում է, և իր խնդիրները, և իր տագնապները, իր բոլոր տեսակի ժամադրությունները: Աստված կամաց-կամաց թաքնվում է գործերում, հիշողությունների ներքո, շարքում ... իրողությունների։
Թարգմանությունը՝ Սահակ Գալոյանի