Փոքրիկ պատմություններ

* * *

Ինչ տարօրինակ, ինչ անասելի տարօրինակ է, որ պատի հետեւում, հենց այս պատի, հատակին մարդ է նստած՝ կարմրագորշ սապոգներով երկար ոտքերը ձգելով եւ չար հայացքով։

Բավ է լոկ պատի մեջ անցք բանալ եւ նայել նրան եւ իսկույն կերեւա, թե ոնց է նստած այդ չար մարդը։

Բայց պետք չէ նրա մասին մտածել։ Ի՞նչ է նա։ Արդյոք նա երեւակայական դատարկություններից մեզ մոտ չված մեռյալ կյանքի մասնիկ չէ՞։ Ով էլ նա լինի, Աստված նրա հետ։                                                                

 

* * *

Երբ քունը փախչում է մարդուց, իսկ մարդը, տխմարավարի ոտքերը ձգելով, պառկած է մահճակալին, իսկ կողքի սեղանին տկտկում է ժամացույցը, եւ քունը փախչում է ժամացույցից, այդժամ մարդուն թվում է, որ իր առջեւ լայն բացվում է վիթխարի սեւ պատուհանը եւ այդտեղից պետք է դուրս թռչի նրա նրբագորշ մարդկային հոգին, իսկ անկենդան մարմինը, տխմարավարի ոտքերը ձգելով, կմնա մահճակալին պառկած, եւ ժամացույցը կղողանջի իր խուլ ղողանջով․ «ահա եւս մի մարդ քնեց», եւ ահա այդ պահին լայն կբացվի վիթխարի եւ լրիվ սեւ պատուհանը։

Օկնով ազգանունով մարդը, տխմարավարի ոտքերը ձգելով, պառկած էր մահճակալին եւ ջանում էր քնել։ Բայց քունը փախչում էր Օկնովից։ Օկնովը պառկած էր բաց աչքերով եւ սոսկալի մտքերը դոփում էին նրա ընդարմացած գլխում։

 

* * *

Հիմա կպատմեմ, թե ինչպես ես ծնվեցի, ինչպես մեծացա և ինչպես մեջս ի հայտ եկան հանճարի առաջին նախանշանները։ Ես երկու անգամ եմ ծնվել։ Ահա թե ինչպես է դա պատահել։

Հայրս ամուսնացել է մորս հետ 1902 թվականին, բայց ինձ ծնողներս լույս աշխարհ են բերել միայն 1905 թվականի վերջին, քանի որ հայրս ցանկացավ, որպեսզի իր երեխան անպայման Ամանորին ծնվի։ Հայրս հաշվարկեց, որ հղիությունը պետք է ապրիլի 1-ին լինի և հենց այդ օրը մոտեցավ մորս երեխա բեղմնավորելու առաջարկով։

Առաջին անգամ հայրս մոտեցավ մորս 1903 թվականի ապրիլի 1-ին։ Մայրս վաղուց էր այդ պահին սպասում և սաստիկ ուրախացավ։ Բայց հայրս, ինչպես երևում է, կատակելու բարձր տրամադրություն ուներ և չդիմացավ ու մորս ասաց․ ապրիլի մեկդ շնորհավոր։ Մայրս խիստ նեղացավ և այդ օրը հորս իրեն մոտ չթողեց։ Ստիպված էր մինչև հաջորդ տարի սպասել։

1904 թվականին, ապրիլի 1-ին, հայրս սկսեց կրկին մոտենալ մորս միևնույն առաջարկով։ Բայց մայրս, հիշելով անցած տարվա դեպքը, ասաց, որ հիմա ինքն արդեն էլ չի ուզում հիմար դրության մեջ մնալ, և նորից հորս իրեն մոտ չթողեց։ Որքան հայրս գազազեց, ոչինչ չօգնեց։

Եվ միայն մի տարի անց հորս հաջողվեց մորս համոզել և ինձ բեղմնավորել։

Այսպիսով բեղմավորումս կատարվեց 1905 թվականի ապրիլի 1-ին։ Սակայն հորս բոլոր հաշվարկները տապալվեցին, քանի որ ես վաղածին դուրս եկա և ժամկետից չորս ամիս շուտ ծնվեցի։

Հայրս այնպես գազազեց, որ ինձ ընդունող մանկաբարձուհին, շփոթվեց և սկսեց ինձ հետ խցկել այնտեղ, որտեղից ես հենց նոր ելա։

Դրան ներկա մեր մի ծանոթ, Ռազմա-բժշկական ակադեմիայի ուսանող, հայտարարեց, որ ինձ հետ խցկել չի հաջողվի։ Սակայն չնայած ուսանողի խոսքերին, ինձ, այդուհանդերձ, խցկեցին, բայց, ճիշտ է, ինչպես հետո պարզվեց, խցկելը խցկեցին, բայց շտապելով՝ ոչ այնտեղ։

Այդժամ սարսափելի իրարանցում սկսվեց։

Մայրս բղավում է․

-Ինձ տվեք երեխայիս։

Իսկ նրան պատասխանում են․

-Ձեր երեխան, -ասում են, -ձեր ներսում է։

-Ո՞նց-, բղավում է մայրս, -ո՞նց է երեխան ներսումս, եթե ես հենց նոր նրան ծնեցի։

-Բայց, -ասում են մորս, -միգուցե դուք սխալվում եք։

-Ո՞նց եմ, -բղավում է մայրս, -սխալվում։ Մի թե՞ ես կարող եմ սխալվել։ Ես ինքս տեսա, որ երեխան հենց նոր անկողնու վրա էր։

-Դա ճիշտ է, -ասում են մորս,-բայց գուցե նա ինչ-որ տեղ է սողացել։

Մի խոսքով, իրենք էլ չգիտեն, թե մորս ինչ ասեն։

Իսկ մայրս բղավում և իր երեխային է ուզում։

Ստիպված եղան փորձառու բժիշկ կանչել։ Փորձառու բժիշկը զննեց մորս և ձեռքերը  թափահարեց, բայց, այդուհանդերձ, կշռադատեց և մորս մեծ բաժին անգլիական աղ տվեց։

Մորս փորը քշեց, և այդպիսով ես երկրորդ անգամ աշխարհ եկա։

Այդժամ հայրս նորից գազազեց․ որպես թե, սա, իբր, դեռ չի կարելի ծնունդ կոչել, թե սա, իբր, դեռ մարդ չի, այլ՝ ավելի շուտ կիսով չափ սաղմ, և նրան կամ նորից պետք է հետ խցկել, կամ՝ ինկուբատոր նստեցնել։

Եվ ահա ինձ ինկուբատոր նստեցրին։

 

Ինկուբացիոն շրջան

Ինկուբատորում ես նստեցի չորս ամիս։ Հիշում եմ միայն, որ ինկուբատորն ապակե, թափանցիկ և ջերմաչափով էր։ Ես ինկուբատորի ներսում բամբակի վրա էի նստած։ Էլ ոչինչ չեմ հիշում։

Չորս ամսից ինձ հանեցին ինկուբատորից։ Դա արեցին հենց 1906 թվականի հունվարի 1-ին։ Այդպիսով, ես կարծես երրորդ անգամ ծնվեցի։ Ծննդյան օրս սկսեցին համարել հենց հունվարի 1-ը։

Մի անգամ Պետյա Գվոզդիկովը քայլում էր սենյակով։ Նա շատ էր ձանձրանում։ Գետնից ինչ-որ թղթի կտոր բարձրացրեց, որ աղախինն էր վայր գցել։ Թուղթը թերթի կտոր դուրս եկավ։ Անհետաքրիր էր։ Պետյան փորձեց կատվին բռնել, բայց կատուն պահարանի տակ մտավ։ Պետյան գնաց նախասենյակ հովանոցի հետևից, որպեսզի հովանոցով քշի կատվին պահարանի տակից։ Բայց երբ Պետյան վերադարձավ, կատուն արդեն պահարանի տակ չէր։ Պետյան կատվին փնտրեց բազմոցի տակ և սնդուկի հետևում, բայց կատվին ոչ մի տեղ չգտավ, փոխարենը սնդուկի հետևում Պետյան մուրճ գտավ։ Պետյան վերցրեց մուրճը և սկսեց մտածել՝ դրանով ինչ արտասովոր բան անի։ Պետյան մուրճով հարվածեց գետնին, բայց ձանձրալի էր։ Այդժամ Պետյան հիշեց, որ նախասենյակի սեղանին մեխերով տուփ է։ Պետյան գնաց նախասենյակ, տուփից մյուսներից երկար մի քանի մեխ ընտրեց և սկսեց մտածել, թե դրանք ուր մեխի։ Եթե կատուն լիներ, իհարկե հետաքրքիր կլիներ կատվի ականջը մեխել դռանը, իսկ պոչը՝ շեմքին։ Բայց կատուն չկար։ Պետյան տեսավ դաշնամուրը։ Եվ ահա ձանձրույթից մոտեցավ և երեք մեխ մեխեց դաշնամուրի կափարիչին։

 

* * *

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով բաժակի մեջ։ Ջուրն իսկույն սևացավ։ Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը և ակնապիշ նայեց բաժակին։ Ջուրը շատ սև էր։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը կակղեց։

Այդժամ արթնացավ Անդրեյ Սեմյոնովիչի շունը։ Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ պատուհանին և մտքով ընկավ։

Հանկարծ ինչ-որ մեծ և մուգ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի մոտով և պատուհանից թռավ։ Այդ Անդրեյ Սեմյոնովիչի շունը թռավ և ագռավի պես սուրաց հանդիպակաց տան տանիքին։ Անդրեյ Սեմյոնովիչը պպզած նստեց և ոռնաց։

-Ի՞նչ է ձեզ հետ կատարվում, դուք հիվա՞նդ եք,-հարցրեց Պոպուգաևը։

Անդրեյ Սեմյոնովիչը լռում և ձեռքերով դեմքն էր տրորում։

Պարոն Պոպուգաևը նայեց սեղանին դրված բաժակի մեջ։

-Մեջն ի՞նչ է լցրած։

-Չգիտեմ,-ասաց Անդրեյ Սեմյոնովիչը։

Պոպուգաևը վայրկենապես անհետացավ։ Շունը նորից պատուհանից թռավ, պառկեց իր նախկին տեղն ու քնեց։

Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ սեղանին և բաժակից թափեց սևացած ջուրը։

Եվ Անդրեյ Սեմյոնովիչի հոգին պայծառացավ։

 

* * *

Անտոն Գավրիլովիչ Նեմեցկին խալաթով վազում է սենյակով։ Նա կողովը թափահարում, մատով այն ցույց է տալիս և շատ, շատ ուրախ է։

Անտոն Գավրիլովիչը զանգը տալիս է, ծառան մտնում և հողով տակառ է բերում։

Անտոն Գավրիլովիչը տուփից հանում է բակլայի պտուղները և տնկում հողով տակառի մեջ։ Հենց Անտոն Գավրիլովիչն էլ ձեռքերով հիանալի շարժումներ է անում։

Հողով տակառից ծառ է աճում։

 

* * *

Մի գեր մարդ նիհարելու միջոց հորինեց։ Եվ նիհարեց։ Կանայք սկսեցին կպռճկվել նրան՝ հարցնելով՝ ո՞նց է նիհարել։ Բայց նիհարածը կանանց պատասխանում էր, որ տղամարդուն նիհար սազում է, իսկ կանանց՝ ոչ, որ, իբր թե, կանայք պետք է գիրուկ լինեն։

Եվ նա խորապես ճիշտ էր։

 

Ռեաբիլիտացիա            

Չպարծենալով, կարող եմ ասել, որ, երբ Վոլոդյան հարվածեց ականջիս և թքեց  ճակատիս, ես այնպես նրան բռնեցի, որ նա դա երբեք չի մոռանա։ Արդեն հետո ես հարվածեցի նրան պրիմուսով, իսկ արդուկով հարվածեցի նրան երեկ։ Այնպես որ նա բնավ իսկույն չմահացավ։ Կեսօրին նրա ոտքը կտրելս ապացույց չէ։ Այդժամ նա դեռ ողջ էր։ Իսկ Անդրյուշային ես սպանեցի պարզապես իներցիայով, և դրանում ես ինձ չեմ կարող մեղադրել։ Ինչո՞ւ Անդրյուշան ու Ելիզավետա Անտոնովնան ձեռքիս տակ ընկան։ Նրանց ո՞վ ասաց դռնից դուրս թռչեն։ Ինձ մեղադրում են արնախմության մեջ, ասում են, որ ես արյուն եմ խմել, բայց դա ճիշտ չէ․ ես լիզել եմ արյան լճակներն ու հետքերը․ իր, թեկուզև չնչին, հանցագործության հետքերը վերացնելը մարդու բնական պահանջն է։ Նաև ես չեմ բռնաբարել Ելիզավետա Անտոնովնային։ Նախ և առաջ, նա արդեն աղջիկ չէր, իսկ երկրորդ, ես գործ ունեի դիակի հետ, և նա ստիպված չի լինի բողոքել։ Ի՞նչ այն բանից, որ նա ահա-ահա պետք է ծներ։ Ես երեխային էլ դուրս քաշեցի։ Իսկ այն, որ նա առհասարակ համարյա մեռել էր, դա հո իմ մեղքը չէ։ Բայց ես նրա գլուխը կտրեցի, դրա պատճառը նրա բարակ վիզն էր։ Նա ստեղծված չէր այս կյանքի համար։ Ճիշտ է, որ ես սապոգով գետնին ցրիվ տվի նրանց շնիկին։ Բայց դա արդեն լկտիություն է ինձ շան սպանության մեջ մեղադրելը, երբ այդտեղ կողքը, կարելի է ասել, երեք մարդկային կյանք է ոչնչացված։ Երեխային ես չեմ հաշվում։ Դե լավ․ այս ամենում (ես կարող եմ համաձայնվել) կարելի է իմ կողմից որոշակի դաժանություն տեսնել։ Բայց հանցագործություն համարել այն, որ ես նստել և կղկղել եմ զոհերիս վրա, դա արդեն, կներեք, անհեթեթություն է։ Կղկղելը բնական պահանջմունք է, և, հետևաբար, ամենևին ոչ հանցավոր։ Այսպիսով, ես հասկանում եմ պաշտպանիս անհանգստությունը, բայց, այդուհանդերձ, լիակատար արդարացման հույս եմ տածում։ 

 

Ասպետը

Ալեքսեյ Ալեքսևիչը իսկական ասպետ էր։ Այսպես, օրինակ, մի անգամ, տրամվայից տեսնելով՝ ինչպես մի կին սայթաքեց ուղեսյան վրա և դրամապանակից վայր գցեց սեղանի լամպի ապակե կափարիչը, որն իսկույն էլ կոտրվեց, Ալեքսեյ Ալեքսևիչը, ցանկանալով օգնել այդ կնոջը, որոշեց ինքազոհողության դիմել և, թռնելով ողջ թափով սլացող տրամվայից, ընկավ և քարի վրա ձևեց ամբողջ մռութը։ Մի ուրիշ անգամ, տեսնելով, ինչպես մի կին, ցանկապատի վրայից մագլցելով անցնելիս, շրջազգեստով կառչեց մեխից և այնպես լռվեց, որ վերևից նստած ցանկապատի վրա, չէր կարողանում ոչ հետ, ոչ առաջ շարժվել, Ալեքսեյ Ալեքսևիչն այնպես անհանգստացավ, որ անհանգստությունից լեզվով սեղմելով կոտրեց հետևի երկու ատամները։ Մի խոսքով, Ալեքսեյ Ալեքսևիչը ամենաիսկական ասպետ էր, դե և ոչ միայն կանանց հանդեպ։ Չտեսնված թեթևությամբ Ալեքսեյ Ալեքսևիչը կարող էր զոհել իր կյանքը Հավատի, Արքայի և Հայրենիքի համար, ինչն էլ ապացուցեց 14-թվականին, գերմանական պատերազմի սկզբում, երրորդ հարկի պատուհանից «Հանուն Հայրենիքի» բղավոցով դուրս ցատկելով։ Ինչ-որ հրաշքով Ալեքսեյ Ալեքսևիչը ողջ մնաց, թեթև վնասվածքներով պրծավ, և շուտով, որպես հազվագյուտ-ջերմեռանդ հայրենասեր, ուղարկվեց ճակատ։

Ճակատում Ալեքսեյ Ալեքսևիչը չտեսնված վեհ զգացումներով էր աչքի ընկնում և ամեն անգամ, երբ «դրոշ», «շեփոր» կամ անգամ պարզապես «ուսադիրներ» բառերն էր արտասանում, նրա դեմքով գորովանքի արցունք էր հոսում։ 

16 թվականին Ալեքսեյ Ալեքսևիչը ազդրերից վիրավորվեց և հեռացվեց ճակատից։

Որպես առաջին կարգի հաշմանդամ Ալեքսեյ Ալեքսևիչը չէր ծառայում և, օգտվելով ազատ ժամանակից, թղթին էր հանձնում իր հայրենասիրական զգացումները։

Մի անգամ, Կոնստանտին Լեբեդևի հետ զրուցելիս, Ալեքսեյ Ալեքսևիչը իր սիրելի արտահայտությունն արեց․

-Ես տուժել եմ հանուն Հայրեինիքի և կոտրել ազդրերս, բայց գոյում եմ հետին ենթագիտակցությանս համոզմունքի ուժով։

-Այ քեզ հիմար,- ասաց Կոնստանտին Լեբեդևը։ -Ամենամեծ ծառայությունը հայրենիքին կմատուցի միայն ԼԻԲԵՐԱԼԸ։

Չգիտես ինչու այդ խոսքերը Ալեքսեյ Ալեքսևիչի հոգու մեջ խոր տպավորվեցին, և ահա 17 թվականին նա արդեն իրեն «հանուն հայրենիքի ազդրերը վնասած լիբերալ» է անվանում։

Հեղափոխությունն Ալեքսեյ Ալեքսևիչը հիացմունքով ընդունեց, չնայած թոշակից զրկվելուն։ Որոշ ժամանակ Կոնստանտին Լեբեդևը նրան եղեգնաշաքարով, շոկոլադով, պահածոյացրած սալով և կորեկաձավարով էր ապահովում։ Բայց, երբ Ալեքսեյ Լեբեդևը հանկարծ անհայտ է ուր կորավ, Ալեքսեյ Ալեքսևիչը ստիպված էր ելնել փողոց և ողորմություն խնդրել։ Սկզբից Ալեքսեյ Ալեքսևիչը ձգում էր ձեռքը և ասում․

-Ողորմեք, հանուն Քրիստոսի, իր ազդրերը հանուն հայրենիքի վնասածին։

Բայց դա հաջողություն չբերեց։ Այդժամ Ալեքսեյ Ալեքսևիչը հայրենիք բառը փոխեց հեղափոխությամբ։ Բայց դա էլ հաջողություն չբերեց։ Այդժամ Ալեքսեյ Ալեքսևիչը հեղափոխական երգ հորինեց և, փողոցում հեռվից նկատելով մարդու, որն, իր կարծիքով, ունակ էր ողորմութուն տալու, առաջ քայլ արեց և, հպարտորեն, արաժանապատվությամբ, գլուխը ետ թեքելով, սկսեց երգել․

 

Բարիկադներ

մենք բոլորս կգնանք

Հանուն ազատության

մենք բոլորս կխեղվենք և կմահանանք:

 

Եվ ճարպկորեն, լեհերի պես կրունկով դոփելով Ալեքսեյ Ալեքսևիչը ձգում էր գլխարկը և ասում․

-Ողորմություն տվեք, հանուն Քրիստոսի։

Դա օգնում էր, և Ալեքսեյ Ալեքսևիչը հազվադեպ էր անուտելիք մնում։

Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց ահա 22 թվականին Ալեքսեյ Ալեքսևիչը ծանոթացավ ինչ-որ Իվան Իվանովիչ Պուզիրյովի հետ, որը Սենայի շուկայում արևածաղկի յուղ էր վաճառում։ Պուզիրյովն Ալեքսեյ Ալեքսևիչին հրավիրեց սրճարան, նրան իսկական սուրճ հյուրասիրեց և ինքը, կարկանդակները ճպճպացնելով, ինչ-որ բարդ ձեռնարկում շարադրեց, որից Ալեքսեյ Ալեքսևիչը հասկացավ միայն, որ ինքն էլ պետք է ինչ-որ բան անի, ինչի դիմաց էլ Պուզիրյովից ուտելու արժեքավոր մթերքներ կստանա։ Ալեքսեյ Ալեքսևիչը համաձայնվեց, և Պուզիրյովն իսկույն, իբրև քաջալերանք, նրան սեղանի տակ երկու տուփ թեյ և «Ռաջա» ծխախոտ տվեց։

Այդ օրվանից Ալեքսեյ Ալեքսևիչն ամեն առավոտ գալիս էր շուկա Պուզիրյովի մոտ և, նրանից ծուռ ստորագրություններով և անթիվ կնիքներով ինչ-որ թղթեր ստանալով, սահնակներ էր վերցնում՝ եթե ձմեռ էր, կամ, եթե ամառ էր՝ մեքենա և, Պուզիրյովի ցուցումով, ուղևորվում էր տարբեր հիմնարկներ, որտեղ, թղթերը ներկայացնելով, ինչ-որ արկղեր էր ստանում, որոնք բեռնում էր իր սահնակներին կամ բեռնասայլակին և երեկոյան տանում էր Պուզիրյովի տուն։ Բայց մի անգամ, երբ Ալեքսեյ Ալեքսևիչը իր սահնակներով հասավ Պուզիրյովի տանը, նրան մոտեցան երկու մարդ, որոնցից մեկը ռազմական շինելով էր, և հարցեց նրան․

-Ձեր ազգանունը Ալե՞քսև է։

Հետո Ալեքսեյ Ալեքսևիչին նստեցրին ավտոմեքենա և տարան բանտ։

Հարցաքննություններին Ալեքսեյ Ալեքսևիչը ոչինչ չէր հասկանում և շարունակ միայն ասում էր, որ ինքը տուժել է հանուն հեղափոխական հայրենիքի։ Բայց, չնայած դրան, տաս տարվա աքսորի դատապարտվեց իր հայրենիքի հյուսիսային կողմերը։ 28 թվականին ետ դառնալով Լենինգրադ, Ալեքսեյ Ալեքսևիչը զբաղվեց նախկին արհեստով և, Վոլոդարսկու պողոտայի անկյունում կանգնելով, արժանապատվորեն գլուխը ետ գցեց, կրունկներով դոփեց և երգեց․

 

Բարիկադներ

մենք բոլորս կգնանք

Հանուն ազատության

մենք բոլորս կխեղվենք և կմահանանք։

 

Բայց երկու անգամ էլ չհասցրեց դա երգել, երբ նրան ծածկված մեքենայով տարան ինչ-որ տեղ Ադմիրալտեյստվայի ուղղությամբ։ Էլ նրան չտեսան։

Ահա քաջակորով ասպետ և հայրենասեր Ալեքսեյ Ալեքսևիչի համառոտ պատմությունը։

 

Նամակներ

Թանկագին Նիկոնոր Անդրևիչ, ստացա նամակդ և մեկեն հասկացա, որ այն քեզանից է։ Սկզբից մտածեցի, որ այն հանկարծ քեզանից չէ, բայց հենց բացեցի, մեկեն հասկացա, որ այն քեզանից է, բայց և մտածում էի, որ այն քեզանից չէ։ Ուրախ եմ, որ վաղուց ամուսնացել ես, քանի որ երբ մարդն ամուսնանում է նրա հետ, ում հետ ուզում էր ամուսնանալ, ուրեմն, նա հասել է իր ուզածին։ Եվ ահա շատ ուրախ եմ, որ ամուսնացել ես, քանի որ, երբ մարդն ամուսնանում է նրա հետ, ում հետ ուզում էր, ուրեմն, հասել է իր ուզածին։ Երեկ ստացա նամակդ, և մեկեն մտածեցի, որ այն քեզանից է, բայց հետո մտածեցի, որ այն, կարծես, քեզանից չէ, բայց բացեցի և տեսնում եմ՝ հաստատ քեզանից է։ Շատ լավ արեցիր, որ գրեցիր ինձ։ Սկզբից չէիր գրում, իսկ հետո հանկարծ գրեցիր, թեև էլ ավելի շուտ՝ մինչև որոշ ժամանակ չգրելը, նույնպես գրում էիր։ Ես իսկույն, նամակդ ստանալուն պես, անմիջապես հասկացա, որ այն քեզանից է, և, ուստի, շատ ուրախ եմ, որ արդեն ամուսնացել ես։ Այլապես, եթե մարդը ուզեց ամուսնանալ, ապա պետք է ինչ էլ լինի ամուսնանա։ Ուստի շատ ուրախ եմ, որ վերջապես ամուսնացել ես նրա հետ, ում հետ և ուզում էիր ամուսնանալ։ Եվ շատ լավ արեցիր, որ գրեցիր ինձ։ Նամակդ տեսնելուն պես, շատ ուրախացա, և մեկեն անգամ մտածեցի, որ այն քեզանից է։ Ճիշտ է, երբ բացում էի, առկայծեց այսպիսի միտք, որ այն քեզանից չէ, բայց հետո, այդուհանդերձ, որոշեցի, որ քեզանից է։ Շնորհակալություն, որ գրեցիր։ Շնորհակալ եմ քեզ և շատ ուրախ եմ քեզ համար։ Դու, գուցե թե, գլխի չես ընկնում՝ ինչու եմ ես այդքան ուրախ քեզ համար, բայց քեզ մեկեն կասեմ, որ ուրախ եմ քեզ համար այն պատճառով, քանի որ ամուսնացել ես, և հենց նրա հետ, ում հետ և ուզում էիր ամուսնանալ։ Իսկ դա գիտես, շատ լավ է ամուսնանալ հենց նրա հետ, ում հետ ուզում ես ամուսնանալ, քանի որ հենց այդժամ էլ հասնում ես քո ուզածին։ Այ հենց այդ պատճառով այդքան ուրախ եմ քեզ համար։ Ինչպես նաև ուրախ եմ և այն բանի համար, որ ինձ նամակ գրեցիր։ Ես դեռ հեռվից հասկացա, որ նամակը քեզանից է, իսկ ձեռքս վերցնելուն պես, այսպես մտածեցի՝ հանկարծ և քեզանից չէ։ Իսկ հետո մտածում եմ․ դե ոչ, իհարկե քեզանից է։ Ինքս բացում եմ նամակը և միևնույն ժամանակ մտածում․ քեզանի՞ց է, թե՞ քեզանից չէ։ Դե, իսկ երբ բացեցի, տեսնում էլ եմ, որ քեզանից է։ Շատ ուրախացա և որոշեցի նույնպես քեզ նամակ գրել։ Շատ բանի մասին պետք է ասել, բայց տառացիորեն ժամանակ չկա։ Ինչ հասցրեցի, գրեցի քեզ այս նամակում, իսկ մնացածը հետո կգրեմ, թե չէ հիմա բոլորովին ժամանակ չկա։ Լավ է, համենայնդեպս, որ դու ինձ նամակ գրեցիր։ Հիմա ես գիտեմ, որ վաղուց ամուսնացել ես։ Նախկին նամակներից էլ իմացա, որ ամուսնացել ես, իսկ հիմա նորից տեսնում եմ․ միանգամայն ճիշտ է, ամուսնացել ես։ Եվ շատ ուրախ եմ, որ ամուսնացել ես և ինձ նամակ գրել։ Մեկեն, նամակդ տեսնելուն պես, այդպես էլ հասկացա, որ նորից ամուսնացել ես։ Բայց, կարծում եմ, լավ է, որ նորից ամուսնացել ես և ինձ այդ մասին նամակ գրել։ Գրիր ինձ հիմա, թե ով է նոր կինդ և ինչպես այդ ամենը գլուխ եկավ։ Բարևիր նոր կնոջդ։

 

Հեքիաթ

Կար չկար Սեմյոնով անունով մի մարդ։

Գնաց մի անգամ Սեմյոնովը զբոսնելու եւ թաշկինակը կորցրեց։

Սեմյոնովը սկսեց թաշկինակը փնտրել եւ գլխարկը կորցրեց։

Սկսեց գլխարկը փնտրել եւ կուրտկան կորցրեց։ Սկսեց կուրտկան փնտրել եւ սապոգները կորցրեց։

-Դե,- ասաց Սեմյոնովը, -այսպես ամենը կկորցնես։ Ավելի լավ է տուն գնամ։

Գնաց Սեմյոնովը տուն եւ մոլորվեց։

-Չէ, ասաց Սեմյոնովը, ավելի լավ է ես մի քիչ նստեմ։ Նստեց Սեմյոնովը քարերին եւ քնեց։

 

Գրիգոր Ֆերեշեթյան