Քաղաքը, աղջիկը և տղան

Տղան ծառի արմատ նկարեց,
Աղջիկը՝ շիվեր ու տերև,
Քաղաքը կանաչ գորգ փռեց,
Արևը աչքով արեց.
Գարնան ժպիտը ծորաց թեթև։

Երկնքից խնձոր ընկավ,
Տղան չհասցրեց բռնել, շտապում էր,
Աղջիկը խնձորը ձեռքին
Քաղաքի գրկում՝

Պատերազմ էր…

Պատերազմները խանգարում են ապրել,
Որդի պես մտնում են կյանքիդ մեջ
Եվ աղավաղելով արտաքինը՝
Խեղաթյուրում են ներսդ՝ ոսկորներիցդ սկսած,
Ավարտ չկա՝ քայքայման,

(Երբ խնձորը կծում ես,
Նախ՝ բերանումդ ես զգում տհաճ դառությունը,
Հետո՝ աչքերիդ մեջ ծանրանում է որդը,
Որը նպատակասլաց ավերում է քո բաժինը),

Պատերազմները քո բաժին կյանքը
Քո փոխարեն վատնում են՝ դաժանորեն հեշտ,
Վախենալու չափ անտարբեր,
Խորշելու չափ անպարկեշտ:

Պատերազմները մահացու են,
Անգամ վերադարձները
նման են հրաժեշտների՝
Անվստահ, երկչոտ, անհավատալի:

Որդը բավականին երկար
Ճանապարհորդեց,
Կյանքի ստվերը մնաց ավերակների մեջ,
Հետո ավերակներն էլ փլվեցին,
Ճանապարհը դարձավ անհասցե ընթացք:

Աղջիկը չգիտեր՝ ինչ վերցներ հետը,
հիշեց, որ կարմիր կոշիկ էր գնել
և չէր հասցրել հագնել,
ավելին՝ թողել էր աշխատանքի վայրում,
Պատերազմն անսպասելի բռնկվել էր,
Աղջիկն հազիվ իրեն էր տուն հասցրել.
Ամեն զարկի հետ՝ զարկվելով,
Ամեն զարկվելուց՝ գոտեպնդվելով,
Վախի հետ կռիվ տալով,
Մերթ վազելով, մերթ՝ դանդաղելով։

Հիշողությունը ծանր շրխկաց,
Հուշերը այս ու այն կողմ ցրվեցին,
Տուփը դատարկ էր, ամբողջովին դատարկ,
Նախորդ օրերից ոչինչ չէր մնացել,
Դատարկությունը ծվարել էր ներկայի
ոտքերի տակ
Եվ լիզում էր նրա ցեխոտ կոշիկները։

Աղջիկը մտավ աշխատասենյակ՝
Թախիծը հեգում էր՝ հրաժեշտ, կարոտ,
հայացքով շոշափեց գրքերը,
օրագրային գրառումները.
Անցյալի սիրտը տրոփեց նրա ափերում,
Սառը քրտնիքից՝ անակնկալ դողաց,
հետո հավաքեց ներկայի փշրանքները,
վերցրեց իր նոր կարմիր կոշիկը,
կապույտը նոր չէր՝ դրեց պահարանի մեջ,
շրջանակից հանեց սեղանին դրած լուսանկարը,
որը նվիրել էին՝
Նրբագեղ գեղեցկուհուն մակագրությամբ,
Տեղավորեց պայուսակի մեջ
և հեռացավ՝ հետ չնայելով,
պատուհան, դուռ, աստիճան
նրան հետ էին կանչում,
իսկ նա աչքերը փակել էր
և կույրի նման ձեռքերով շոշափելով՝
հրաժեշտ էր տալիս հուշերին:

Աղջիկը, հոգու ծանրությունը ուսած,
Հապճեպ հասավ քաղաքի սիրտը,

Հրապարակում հավաքվել էին
Տուն-տեղ կորցրած,
Մազապուրծ փրկված
Կանայք՝ ծեր ու ջահել,
երեխաներ՝ խեղճ ու անտեր,
Նրանք իրենց անցյալն ու ներկան
ճամպրուկի մեջ տեղավորած
Օրերով սպասում էին տրանսպորտի՝
Աղոթելով, որ հանկարծ մահվան ստվերը չերևա,

Որոշ տեղեկությունների համաձայն՝
ավտոբուսները հրապարակում կլինեն,
Որ բնակչությանը տեղահանեն,

Տեղահանել բառը ծանր քարի պես
Շրխկում էր՝ խոռոչ բացելով
Առանց այն էլ՝ վերքերով պատված
աղջկա հոգու ներսը:

Ինչո՞ւ…, ո՞ւր…, ինչպե՞ս...
Հարցախեղդ ժամանակներ էին:

Ավտոբուսներ չկային,
Կառավարության շենքում խառնաշփոթ էր,
ոչ մեկը ոչինչ չգիտեր,
իմացողներն էլ՝ եզրահանգումներ էին անում
լսածից,

Աղջիկը, մոլոր քայլերով,
Անելանելի, անմխիթար մտքերի մեջ
խորասուզված,
Շտապում էր տուն,
ճանապարհին հիշեց, որ հեռախոսը
Կարմիր խաչի գրասենյակի բակում
լիցքավորման է դրել,
Սարսափեց՝ ռազմադաշտում գտնվող
Սիրած տղայի մասին լուր չունենալու
անհանգստությունից,
Վերցրեց աշխարհի հետ հաղորդակցվելու միակ միջոցը,
Եվ խորասուզվեց ժամանակի ու տարածության
անորոշության մեջ։

Երբեմնի մարդաշատ քաղաքը կիսադատարկ էր,
խանութներն ու շուկան՝ փակ,
Ինչ-որ մարդիկ շրջում էին փողոցներում՝
Ստվերախիտ մտքերով,
Չարչրկված արտաքինով,
Քաղաքի խեղճությունը լցվել էր
բնակիչների աչքերի մեջ,
Թափվել հագուկապի վրա։

Տղան վերադարձավ՝ հոգում ավերակներ,
Անգերեզման դիեր,
Կիսատված մտքեր,
չավարտված ճակատամարտեր։

Աբողջ գիշեր
Գնալն ու մնալը մենամարտեցին,
Մարտը տանուլ տվեց գնալը,

Աղջիկը պահարանից վերցրեց
կապույտ կոստյումը,
որն հագել էր գրքի շնորհանդեսին,
հագավ սպիտակ կոշիկներ,
ընտրեց փոքրիկ սպիտակ պայուսակ,
որ շատ տեղ չզբաղեցնի,
կարմիր կոշիկները դրեց պայուսակի մեջ
Եվ դուրս եկան:

Օրերը մղկտում էին ցավից,
Խռովքը սրտաճմլիկ շարժումներ անելով՝
Կորչում է ծառուղու խորքերում,
Այնտեղ՝ ծառերի բներում, ապրում են
Տխրությունը, Սպասումը, Հավատը:
Մերկապարանոց նազանքը
Ծառերի ճյուղերի արանքից ակնապիշ
նայում է դատարկվող քաղաքին,
Իսկ քաղաքը մեջքը ճկել
Զգույշ ճանապարհում է անպաշտպան
Բնակչությանը՝
Պատվով, առանց հրաժեշտի:
«Կգան, կգան, կգան»,- արձագանքեցին
դուռ, պատուհան,
Բանալին անձայն պատսպարվեց
Դռան և պատի արանքում.
Խիղճը՝ խեղճացած,
կաթ-կաթ ծլլաց՝ քրտնինքի պես սառը,
սրթսրթալու նման՝ դաժան:

Հրաժեշտն անխուսափելի է,
Վերադարձը՝ երանելի։

Տղան ծառի արմատ էր նկարել,
Աղջիկը՝ շիվեր ու տերև,
Քաղաքը կանաչ գորգ էր փռել,
Արևը աչքով էր արել,
Գարունը ժպտալու փոխարեն
Արյան շիթեր է նկարել։

 

Ալիսա Բաղդասարյան