Քեյթ Ուինսլեթ. «Լսել, թե որն է կանանց ասելիքը կինոյում»

«Որքանով են կանայք ներկայացված կինոյում» թեմայի շուրջ ֆրանսիացի լրագրող Օգյուստեն Տրապնարը, որը հայտնի է իր պաճուճազարդ և բարձր ոճով, զրուցել է «L’Oréal Paris»-ի միջազգային դեսպան, բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթի հետ: «Brut»-ը անդրադառնում է 2023 թվականի այդ զրույցին:

Նա խաղում էր Ռոուզ Դևիդ Բուկերին Ջեյմս Քեմերոնի 1997 թվականի լեգենդար «Տիտանիկ» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Լեոնարդո Դի Կապրիոն: Այդ տարիներին քսանամյա Քեյթ Ուինսլեթն իր քաշի պատճառով լրատվամիջոցների կողմից Լինչի դատաստանի էր ենթարկվում: Այդ ժամանակից ի վեր նա պայքարում է, որ կանայք ներկայացված լինեն կինոաշխարհում:

 

Քեյթ Ուինսլեթ -Երբ «Տիտանիկ»-ից հետո ես հայտնի դարձա, երբ դուք արտաբերում եք իմ անունը, հիմնականում մարդիկ առաջին հերթին մտածում են «Տիտանիկի» մասին. «Ախ, այո, դա նա է, ով շատ է խոսում մարմինը պատկերելու մասին»: Բայց եթե ես այդպես եմ վարվում, պատճառն այն է, որ միջազգային լրատվամիջոցներն ինձ ստորացրել են իմ քաշի պատճառով, երբ ես ընդամենը քսան տարեկան էի: Կարծում եմ, որ իրավիճակը փոխվել է, և դա հիանալի է, քանի որ այժմ երիտասարդ դերասանուհիներն իսկությամբ իրավունք ունեն լինել ինչպիսին կան՝ մտնել ստեղծագործական տարածք, օգտվել այս բոլոր հետաքրքիր կերպարներից և իրենց չզգալ այն անտանելի լարված ուշադրության կենտրոնում, ինչպես դա չափից ավելի հաճախ պատահում էր, երբ ես ավելի երիտասարդ էի: Իհարկե, հիմա կան սոցիալական ցանցեր, և միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կքննադատեն, բայց այն ժամանակներում, երբ չկային սոցիալական ցանցերը, կար միայն խոշոր մամուլը,

նրանք կարող էին շատ անբարյացակամ լինել, մի բան, որն այսօր այլևս չի լինի:

Օգյուստեն Տրապնար -Դա Ձեզ խի՞ստ է վիրավորել:

Քեյթ Ուինսլեթ -Շատ: Դա սարսափելի է: Դա զարհուրելի է: Մարդիկ իրենք իրենց ասում են, որ հիմա, երբ դուք հայտնի եք, պետք է դրանից փառավորվեք: «Նորմալ է, որ դուք խելքը կորցնեք փառքից»: Ոչ, դա նորմալ չէ: Ես 21, 22 տարեկան էի, և անհնարին էր պատրաստ լինել դրան: Սրանք այն հմտությունները չեն, որոնք ուսուցանվում են: Այսպիսով, ես սովորեցի իմ իսկ պատասխանատվությամբ: Բայց, անկասկած, դա ինձ շատ ավելի ուժեղ և կենսունակ դարձրեց:

Օգյուստեն Տրապնար -«L'Oréal Paris»-ի հիմնած «Lights On Women» (LOR) մրցանակը, որի դեսպանն եք Դուք, նպատակ ունի քաջալերել նոր սերնդի կինոգործիչ կանանց՝ օգուտ քաղել իրենց տրվող հնարավորություններից և իրենց սպասելիքներն արդարացնել: Ի՞նչն է Ձեզ ավելի ուժեղ դարձնում՝ որպես կին և դերասանուհի:

Քեյթ Ուինսլեթ -Անկեղծ ասած, սրանք այլ կանայք են, այլ արտիստուհիներ: Քանի որ դժվար է լինել ստեղծագործական տարածությունում, այնտեղ բերել քո բոլոր թուլությունները և ամբողջ փորձը, և դրանք օգտագործել արվեստի գործ ստեղծելու նպատակով: Բայց դա այն է, ինչը մենք բոլորս ենք անում: Այսպիսով, երբ շրջապատված ենք այլ կանանցով, որոնք զբաղված են նույն բանով, ապա դա շատ էմանսիպացնող է: 

Օգյուստեն Տրապնար -Իսկությամբ, Դուք ոգեշնչվե՞լ եք որևէ կերպարից կամ որևէ դերասանուհուց, դիտելով նրանց խաղը որպես երիտասարդ հանդիսատես:

Քեյթ Ուինսլեթ -Ինձ միշտ ոգեշնչել են Հելեն Միրենը, Ջուդի Դենչը և Էմմա Թոմփսոնը, այս բոլոր կանայք, որոնք իսկապես ապրել և հավատարիմ են մնացել իրեք իրենց, միաժամանակ կատարելով անհավատալի աշխատանք և համակվելով այն մարդկանց ապրումներով, որոնց հետ աշխատում են: Դա շատ կարևոր է ինձ համար: Եվ նաև լավ լիդեր լինելը՝ քանի որ դա նույնպես անհրաժեշտ է, երբ դերասան ես: Հենց ա՛յդ անձինք են ինձ ոգեշնչում։

Օգյուստեն Տրապնար -Իսկ Ձեր խաղացած կերպարնե՞րը, Քեյթ: Նրանք նույնքան Ձեզ ավելի ուժե՞ղ են դարձրել:

Քեյթ Ուինսլեթ -Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ երբեմն իմ կյանքի որոշակի պահին հայտնվում է մի կերպար, և հետո ես ինքս ինձ ասում եմ. «Հա, դա ինձ իսկապես օգնեց, ինձ թույլ տվեց արտահայտել այն հույզերը կամ որևէ մի բան, որը ես նույնիսկ չէի բնորոշել»: Իմ կերպարների մեջ միշտ ինձնից մի փոքրիկ մասնիկ կա: Եվ մշտապես կա նաև մի փոքրիկ բան, որը նրանք թողնում են իմ հոգում: Եվ միշտ չէ, որ դա ինչ-որ լավ բան է, հարցրե՛ք ամուսնուս:

Օգյուստեն Տրապնար -Այն, ինչն ինձ ապշեցնում է էկրանին Ձեր մարմնավորած կանանց կերպարներում, նրանց բարդությունն է: Դա հազվադեպ երևույթ է կինոյում՝ հաջողված և բարդ կանացի կերպարներ:

Քեյթ Ուինսլեթ -Ավելի ու ավելի քիչ: Կար ժամանակ, երբ գրեթե երբեք այդպես չէր լինում։ Երկու-երեք տարին մեկ գրվում էր մի լավ դեր, ու մենք լսում էինք այն բոլոր դերասանուհիների անունները, որոնք փորձում էին այն ստանալ՝ պայքարել էր պետք։ Հիմա այդ պայքարն այլևս չկա, քանի որ մենք տեսնում ենք, որ դերերը անհամեմատ ավելի շատացել են: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ մշակույթն աստիճանաբար փոխվում է, և մենք ուզում ենք կանանց մասին ավելի շատ պատմություններ լսել, քան նախկինում: Ես նաև կարծում եմ, որ մենք ուզում ենք պատմություններ լսել իմ տարիքի՝ 45-55 տարեկան կանանց մասին: Սա դերասանուհու կյանքի լավագույն շրջանն է։ Անհավանական բովանդակության նյութեր կան. ոչ միայն կինոթատրոններում, այլև Netflix-ում, Hulu-ում, HBO-ում՝ այս բոլոր արտակարգ հարթակներում: Շատ ու շատ բաներ կան, արդեն գրված և անընդհատ ստեղծվող հիանալի սերիալներ, դա շատ է ոգևորում:

Օգյուստեն Տրապնար -Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ խաղարկային կինոն ի զորու է փոխել հասարակությանը՝ ստիպելով գնալ դեպի ավելի մեծ հավասարություն:

Քեյթ Ուինսլեթ -Կարծում եմ, որ խաղարկային կինոն կարող է օգնել, եթե մենք ճիշտ պատմություններ ենք պատմում: Կանանց պատմած պատմությունները, կանանց գրած և նկարահանած ֆիլմերն այնպիսինն են, որ իրողություն կարող են փոխել: Կարծում եմ, որ պետք է սթափվել և լսել, թե որն է կանանց ասելիքը կինոյում: Մինչև մենք դա չանենք, մենք հավասարության չենք հասնի: Մշակութային փոփոխություն է անհրաժեշտ:

Օգյուստեն Տրապնար -Երբ որպես դերասանուհի աշխատում էիք կին ռեժիսորների հետ, մասնավորապես մտքիս գալիս է Ջեյն Քեմփիոնը, ի՞նչ էր փոխվում դրանից: Ի՞նչ է փոխվում Ձեզ համար, երբ Ձեզ կին ռեժիսոր է ուղղորդում և երբ Ձեզ դիտում են կանացի հայացքի լույսի ներքո:

Քեյթ Ուինսլեթ -Դա ուրիշ բան է: Ես չգիտեմ, թե ինչպես բացատրել այդ ամենը: Կա աշխատանքային փորձի անբաժանելի մաս կազմող կանանց համերաշխությունը: Մենք իսկապես այն տպավորությունն ուենք, որ միասին ինչ-որ բանի միջով ենք անցնում, դա գործընկերություն է, ավելի մեծ, քան տղամարդ ռեժիսորների հետ:

Օգյուստեն Տրապնար -Դերասանուհի լինելը ոչ միայն դերեր խաղալն է, այլև հայտնի լինելու փաստն ընդունելը: Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում ինչպե՞ս եք արել, որ կարողանաք կառավարել հաջողության անցանակալի ազդեցությունները:

Քեյթ Ուինսլեթ -Հիմա ես գնահատում եմ դրանք: Բախտս բերում է, որ ես մշտապես ուշադրության կենտրոնում չեմ: Իմ անձնական կյանքն արտակարգ պաշտպանված է: Բարեբախտաբար, ես այնքան չեմ զգում այդ բացասական հետևանքները, որքան զգում էի 25 տարի առաջ: Հիմա ես պարզապես երախտապարտ եմ: Ես հիանալի կարիերա ունեմ, երջանիկ  եմ, որ ունեմ սիրող ընտանիք, հոյակապ ամուսին և ես պաշտում եմ իմ մասնագիտությունը: Այնպես որ, ես իսկապես ինձ երջանիկ եմ զգում:

 

Թարգմանությունը՝ Նունե Գալստյանի