Քիառոսթամի, Փանահի, Նադերի. «Ոսկե ծիրան»-ի իրանական դիմագիծը

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի երկու տասնամյակից ավելի տարիների պատմության ընթացքում իրանական կինոն մշտապես հայկական փառատոնի ամենատպավորիչ ներկայություններից մեկն է եղել՝ մեծ սահմանափակումների պայմաններում ծնված իր մեծ ազատությամբ, հզոր կինո գեղագիտությամբ ու հումանիզմի հնչեղ ուղերձներով: Բացառություն չէր նաև 22-րդ «Ոսկե ծիրան»-ը, որում իրանական կինեմատոգրաֆիան ներկայացված էր երեք մեծ վարպետների անուններով՝ Աբաս Քիառոսթամի, Ջաֆար Փանահի և Ամիր Նադերի:
Երևանյան փառատոնի հետ Աբաս Քիառոսթամիի բարեկամությունը ձգվեց մեկ տասնամյակից ավելի. Քիառոսթամին հաճույքով էր ընդունում «Ոսկե ծիրան»-ի հրավերները, փառատոնին մասնակցում ոչ միայն իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով, այլև լուսանկարչական ցուցահանդեսով: Եվ բնավ պատահական չէ, որ այժմ, երբ արդեն ինը տարի է, ինչ կինոյի մեծ վարպետը ողջ չէ, երևանյան փառատոնը Աբաս Քիառոսթամիի հիշատակին արժանին մատուցեց Հայաստանի ազգային պատկերասրահում բացված նրա այն լուսանկարների ցուցահանդեսով, որոնք ռեժիսորը դեռ կենդանության օրոք նվիրել էր «Ոսկե ծիրանին»:
Մինչդեռ իրանական կինոյի երկու մյուս մեծերը, որոնք իրենց կինոգեղագիտությամբ հայրենական կինոյի համար ճանապարհ են հարթել դեպի միջազգային կինոաշխարհի ամենահեղինակավոր էկրաններ, հանդիպեցին երևանյան կինոհարթակում: Թերևս մեծ խորհուրդ կար այն իրողության մեջ, որ փառատոնի բացման հանդիսության ընթացքում հենց Ջաֆար Փանահին Փարաջանովյան թալեր մրցանակը հանձնեց Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։ Փանահին այդ պահը վերածեց գեղեցիկ ծիսակարգի՝ հեղինակավոր մրցանակն իր ավագ ընկերոջը մատուցելով ծնկաչոք:
Փանահին Երևան է վերադարձել ընդամենը մեկ տարվա ընդմիջումից հետո, երբ նախորդ տարի իր հայրենիքում՝ Իրանում, 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, նրա առաջին փառատոնային այցը Երևան էր՝ որպես «Ոսկե ծիրան»-ի տարվա պատվո հյուր։ Փանահիի ֆիլմերը, որ ստեղծվում են անհավատալի սահմանափակումների պայմաններում, որպես կանոն, էկրանին հայտնվելուն պես վերածվում են ամենալուրջ կինոմրցանակների հավակնորդների: Իր տարբեր ֆիլմերի համար իրանցի ռեժիսորն արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, Վենետիկի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինալեի «Ոսկե արջ»-ին, Կաննի «Ոսկե կինոխցիկ»-ին, «Ոսկե ծիրան»-ի Փարաջանովյան թալերին: Եվ այժմ նա կրկին Երևանում է՝ հիմա արդեն Կաննի կինոստուգատեսի «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակով և Եվրոպայի ամենանրբաճաշակ կինոփառատոնի մրցանակային հանձնախմբի ամենաբարձր գնահատականը և փառատոնի լսարանը նվաճած «Մի պարզ պատահար» ֆիլմի երևանյան պրեմիերայով:
Փանահին, որ բարեկրթության պարտադրած սիրալիր հայտարարությունների սիրահար չէ, հրապարակավ խոստովանում է՝ այստեղ է, որովհետև երևանյան փառատոնի հրավերը մերժել չի կարող, անգամ անհարմար է զգում մերժման մասին մտածել և ժպիտով է ընդունում այդ իրողությունը չարաշահելու՝ «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրենի խոստումը:
Դեռևս Կաննի կինոփառատոնի թարմ տպավորությամբ հիշում է փառատոնի եզրափակիչ հանդիսությանը նախորդող օրը, երբ անհանգստությունից չէր կարողանում քնել և զանգ ստացավ իր բանտակից ընկերներից, որոնք ասում էին, որ անհամբեր սպասում են իր հաղթանակին։ Եվ կրկին արձանագրում է՝ այդ մեծարժեք կինոմրցանակն իր բանտարկյալ ընկերների, Իրանի ժողովրդի հաղթանակն է և այն նվիրում է մանավանդ իրանցի այն կանանց, որոնք պայքարում են իրենց իրավունքների ու ազատության համար. «Երբ սկսվեց այդ շարժումը, իրանական կինոյի շատ հայտնի դերասանուհիներ, գերաստղեր միացան շարժմանը: ԲՆականաբար, դա անհետևանք չէր մնալու, նրանցից շատերն այսօր գործազուրկ են և չեն կարող աշխատել իրենց սիրելի մասնագիտությամբ, բայց նրանք չեն ընկրկում»:
Փանահիի գնահատմամբ կինոաշխարհում իրանական կինոյի հաղթանակները ոգեշնչում են Իրանի հասարակությանը, լավատեսություն ներշնչում երիտասարդ ստեղծագործողներին, որոնք հավատում են, որ իրենց ձայնն էլ կարող է լսելի լինել. «Նրանցից շատերն ունեն գաղափարներ, բայց մտածում են, թե ով է դրանք դիտելու, ինչպես և որտեղ են ցուցադրելու իրենց ֆիլմերը: Մինչդեռ երբ Աբաս Քիառոսթամին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» ստացավ, կամ Ասղար Ֆարհադին՝ «Օսկար», ամբողջ Իրանն էր ցնծում»:
Փանահիի կինոն, որ դասական օրինակ է թե ինչպես փոքր բյուջեով ստեղծել մեծ կինո, նաև անկախ ֆիլմարտադրության լավագույն օրինակներից է: Ռեժիսորը խոստովանում է՝ իր ցանկացած նոր ֆիլմի գաղափարն իրականացնելու համար պատրաստ է ամեն զոհողության, բայց երբևէ որևէ մեկից գումար չի խնդրել ֆիլմ նկարելու համար. «Ամեն ինչ կանեմ գաղափարս իրագործելու համար, մինչև վերջ կգնամ նպատակիս հասնելու համար: Ես ինքս եմ հայթայթում իմ ֆիլմերի գումարը։ Երբևէ որևէ մեկից գումար չեմ խնդրել. չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ գումար տա, որ հետո ինձ պարտավորված չզգամ, անել որևէ բան, որ չեմ ուզում: Դա է իմ սկզբունքը»:
Նկարահանման պրոցեսում Փանահին միշտ ձգտում է անել այն, ինչ ցանկանում է: Իր հայրենիքում գործող սահմանափակումներին անդրադառնալով ռեժիսորը փաստում է՝ միշտ էլ կգտնվի պայքարի ձևը. իր ընտրությունը դիմադրությունն է, ռեժիմին չենթարկվելը, ֆիլմ նկարելու այլ ձևեր գտնելը. «Ես չեմ ենթարկվում, դիմադրում եմ ու փորձում եմ իմ ճանապարհը գտնել։ Նկարում եմ այն, ինչ ցանկանում եմ, ոչ թե այն, ինչ կարող է պարտադրվել»: Եվ քանի որ նկարում է բացառապես այն ինչ ուզում է, ուրեմն և արձանագրում է՝ իր որևէ ֆիլմի համար չի զղջում, բայց ահա ամենամեծ ափսոսանքը հայրենիքում՝ Իրանում լսարան չունենալն է. «Ցավոք իմ երկրում իմ ֆիլմերն ընդհանրապես չեն տեսնում։ Իրանի կինոդահլիճներում իմ ֆիլմերից միայն «Սպիտակ գունդն» է ցուցադրվել: Այդ պատճառով չեմ կարող ասել իրանցի հանրության վերաբերմունքն իմ ֆիլմերի նկատմամբ ինչպիսին է: Ես շատ բարձր եմ գնահատում Ձեզ հետ հանդիպումը, մեր քննարկումը, բայց պետք է խոստովանեմ՝ երազում եմ նման քննարկում ունենալ իմ երկրում, իմ հայրենակիցների, գործընկերների, երիտասարդ ստեղծագործողների հետ։ Դա իսկապես իմ մեծ ցանկությունն է՝ երազում եմ առանց սահմանափակումների իմ ֆիլմերը ցուցադրել Իրանում: Ես, ինչպես և որևէ կինեմատոգրաֆիստ, երազում եմ իմ երկրում գնահատվելու մասին»:
Երևանյան կինոփառատոնի այս տարվա հայտնություններից մեկն էլ իրանական կինոյի մյուս վարպետի՝ Ամիր Նադերիի լեգենդար «Վազորդը» ֆիլմն էր՝ հեղինակի հետահայաց ցուցադրությունների շարքում: Նկարահանումից 45 տարի անց Նադերիի կինոձոնը չի կորցրել էկրանային հմայքն ու ազդեցությունը:
Հետհեղափոխական իրանական կինոյի «Երկրորդ ալիքի» առաջատարներից մեկը, որը Քիառոսթամիի, Մախմալբաֆի, Մաջիդիի հետ անհամեմատ ընդլայնեց իրանական կինոյի սահմանագիծը, Երևանում հայտարարեց՝ չի զլանում կրկնել, որ պաշտում է երևանյան «Ոսկե ծիրան»-ը: Նադերին փառատոնի պատվո հյուրն է և համաձայնել է գլխավորել Տարածաշրջանային մրցույթի ժյուրին: Հետադարձ հայացքով վերադառնալով Աբադանի փողոցներում անցկացրած իր մանկության տարիներին, հինգ տարեկանում որբացած Նադերին փաստում է՝ իր կյանքի դպրոցը կինոն է, այն փոխարինել է ծնողներին. «Հորս երբեք չեմ ճանաչել, չգիտեմ էլ ով է նա, մորս կորցրել եմ 5 տարեկանում և 6 տարեկանից կինոյում եմ մեծացել: Ինչ ասես արել եմ՝ անգամ հատակն եմ մաքրել: Կինոն իմ ԴՆԹ-ի մի մասնիկն է: Միայն 9 տարեկանում գնացի դպրոց և շարունակում եմ կրթվել մինչև այսօր»:
1990-ականներին Նադերին շրջադարձային որոշում կայացրեց. նա հեռացավ Իրանից և սկսեց աշխատել և ապրել նախ Ամերիկայում, որտեղ ութ ֆիլմ է նկարել, այդ թվում նաև Մանհեթենին նվիրված երեք ֆիլմ, ապա աշխատանքը շարունակեց Բրիտանիայում, իսկ հետո արդեն՝ Ճապոնիայում:
Կինոյում հեղինակային ձեռագրի ու ասելիքի որոնումները նրան տարան դեպի իտալական նեոռեալիզմի ակունքները, ապա նրան գերեց նաև ֆրանսիացի մեծ էսթետների արվեստը՝ Անրի Կարտիե-Բրեսոն, Ժան-Լյուկ Գոդար և իհարկե իր մեծատաղանդ հայրենակիցը՝ Աբաս Քիառոսթամին: Իրանը լքելու պատճառների մասին խոսելիս ռեժիսորը չափազանց զուսպ է, փաստում է՝ իրեն միայն նոր գեղագիտական տարածքներ էին անհրաժեշտ. «Ես քաղաքական անձ չեմ: Ես բացարձակապես որևէ բանի պատճառով չեմ լքել Իրանը, և իհարկե՝ ոչ իսլամի պատճառով: Ես շատ եմ սիրում իմ երկիրը, բայց էլ երբեք չվերադարձա այնտեղ: 35 տարի է՝ չեմ եղել հայրենիքում»:
Նադերին իրանական կինոյի այն առաջամարտիկներից մեկն էր, որը կոտրեց կիոյի ընդունված ձևաչափերը և ժանրի վավերականությունն օժտեց մեծ գեղարվեստականությամբ: Նա ճանապարհ հարթեց այն սերնդի համար, որ պատկերի գերկայությունը դարձրեց մտածողություն:
Երևանյան հանդիպումների ընթացքում նադերին առավելագույն չափով բաց էր ու անկեղծ ցանկացած հարցադրման համար: Ինչո՞ւ Նադերիի կինոյում այդքան քիչ է խոսքը, այդքան սեղմ՝ երկխոսությունները և այդքան խոսուն լռությունը հարցին ի պատասախան ռեժիսորն արձանագրում է. «Պատճառը մեկն է, ես խոսքի մարդ չեմ՝ այլ հոգու և զգացմունքների: Իսկ երաժշտությունը մի առանձին աշխարհ է: Օրինակ, ես երբեք քամու հետ երաժշտություն չեմ օգտագործում, որովհետև քամին ինքնին երաժշտություն է: Ես Վագներ եմ սիրում, նրա հնչյունները պայթյունի նման են: Ես դրանք փորձում եմ բերել իմ կինո: Երբ ես ֆիլմ եմ նկարում, գլխումս անվերջ Վագներ է հնչում»:
Իրանական կինոյի 78-ամյա նահապետն այսօր գնահատման ու մրցանակների պակաս չունի, նրա հետահայաց ցուցադրություններն անցկացվում են «Պոմպիդու» կենտրոնում, Թուրինի կինոթանգարանում, Պուսանում և MOMA-ում, իսկ հաջողության նրա բանաձևը շատ պարզ է՝ երբ ֆիլմ է նկարում, նախևառաջ սիրտը պետք է հավատա, որ կարող է իրագործել անհնարինը:
Նունե Ալեքսանյան