Ռիմա Պիպոյանի թատրոնը. նորարարության և ավանդույթի կատարյալ ներդաշնակություն

Երեք պարային ներկայացումներով պարուսույց, պարուհի և ռեժիսոր Ռիմա Պիպոյանը եզրափակեց գարնանային հագեցած թատերաշրջանը՝ վերստին ապացուցելով որ ինչպես միշտ հավատարիմ է նորարարության իր ձգտմանը, տարված է նոր գաղափարներով ու ստեղծագործական ծրագրերով: Նախորդ տարեվերջն ու 2025-ի գարունը հագեցած էին նաև Հայաստանի սահմաններից դուրս իրականացված միջազգային նախագծերով: Ռիմա Պիպոյանը «Մեկ շաբաթ Արևելքում» ֆրանսիական փառատոնի նախորդ տարվա առաջատար արտիստն էր և Փարիզում հայկական ժամանակակից պարարվեստը ներկայացրել է իր  երկու մոդեռն պարային ներկայացումներով, որոնք ֆրանսիացի  մշակութաբաններին առիթ են տվել Ռիմա Պիպոյանին համարել հայկական պարարվեստի նոր մուսան:

Փարիզյան փառատոնից հետո, արդեն այս տարվա մարտին Ռիմա Պիպոյանի նոր միջազգային նախագիծը մեծ հաջողությամբ ներկայացվեց Ռուսաստանի երկու մշակութային մայրաքաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: «Իկոնա» բալետային ներկայացման ստեղծման առաջարկն ու հրավերը եկել է  ռուսական բալետի պրիմա պարուհի Դիանա Վիշնյովաից՝ «Դիանա Վիշնյովա կոնտեքստ» նախագծի շրջանակում: Եվ մարտի վերջին Մոսկվայի Երմոլովայի թատրոնում տեղի ունեցած միջազգային պրեմիերայից հետո «Իկոնա»-ն   ներկայացվեց նաև Սանկտ-Պետերբուրգում:

Դեռ 2016 թվականին, երբ Ռիմա Պիպոյանը իր Տրիպտիխ ներկայացումով  մասնակցելով «Դիանա Վիշնյովա կոնտեքստ» փառատոնին՝ հայտնվել էր եզրափակիչ դուրս եկած լավագույն վեց արտիստների ցանկում, Վիշնյովայից  հրավեր էր ստացել ոչ միայն իր հմտությունները  փոխանցել երիտասարդ  պարողներին, այլև մի նախագիծ իրականացնել ռուս արտիստների հետ: Ռեժիսոր-պարուսույցի խիտ  ժամանակացույցում պատուհանը բացվեց 2024-ին,  և Պիպոյանը սկսեց «Իկոնա»-ի նախապատրաստական աշխատանքները: Նորարարական բալետային այս նախագծի հիմքում հեղինակի՝ ռուսական սրբապատկերային արվեստից ու կինոյի մեծ գեղագետի՝ Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմից ծնված ոգեշնչումն է: Ռիման փաստում է՝ իր տարբեր նախասիրություններն ու ոգեշնչումներն ամբողջացան մեկ պարային  նախագծում. «Գիտեք, ինձ միշտ գերել են ռուսական հոգևոր երգերն ու իրենց սրբապատկերները: Ես ուսումնասիրել եմ դրանք և երբ առաջարկ ստացա Ռուսաստանից, մտածեցի որ գուցե ճիշտ ժամանակն է այդ ոգեշնչումը օգտագործելու: Եվ այդ ամենին հավելվեց նաև Անդրեյ Տարկովսկու ֆիլմը՝ «Անդրեյ Ռուբլյով»-ը, որը խոր փիլիսոփայական ֆիլմ է և գուցե չափազանց բարդ է պարզապես նայելու համար, բայց ինձ մեծ ոգեշնչում պարգևեց, որ կարողանամ ամբողջացնել իմ մտքերը։ Ուրեմն կարելի է ասել, որ «Իկոնա»-ն ստեղծվել է ոչ թե հենց Տարկովսկու ֆիլմի հիման վրա, այլ դրա ոգեշնչումից։ Այդ գաղափարներն ուղղակի նստել էին իմ ենթագիտակցության մեջ և ծնվեց մի ներկայացում, որը լի է և՛ փիլիսոփայությամբ, և՛ կերպարներով, և՛ կենցաղային որոշակի տարրերով։ Ի սկզբանե մտածում էի անդրադառնալ յոթ մահացու մեղքերին, և ներկայացմանը մասնակցում են յոթ պարողներ, լիբրետոն հենց այդ  հիմքով էլ գրեցի: Այստեղ յուրաքանչյուրն ունի իր կերպարը, որոնց համար ես անգլերեն մենախոսությունների տեքստ եմ գրել: Հետո այդ մենախոսությունները  թարգմանեցինք ռուսերեն և որոշեցինք ձայնագրել ու այդ ձայներն իրար համադրելով հնչեցնել ներկայացման ընթացքում: Կարելի է ասել, որ յուրօրինակ երաժշտական լուծում ստացանք, որը որ շատ հետաքրքիր երանգ է հաղորդում ամբողջ ներկայացմանը: Պետք է ասեմ, որ ինձ տրված էր հեղինակային լուծումների, գաղափարների և արտահայտվելու բացարձակ ազատություն, և ես փորձեցի ստանալ այն, ինչ ուզում էի»։

Այս ներկայացման ստեղծագործական կազմում Ռիմա Պիպոյանը համախմբել է  պրոֆեսիոնալների, որոնք որոշակի իմաստով նաև «Իկոնա»-ի համահեղինակներն են. ներկայացման երաժշտական հենքը ստեղծել է կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը, իսկ բեմական հագուստների հեղինակը բելգիաբնակ դիզայներ Իրինա Շապոշնիկովան է:

Յոթ մահացու մեղքերը, չարի ու բարու հավերժական պայքարը բացի պարային պլաստիկայից նաև երաժշտական մեկնաբանություններով ընդհանուր մի ստեղծարար համաձուլվածքում ամբողջացնելու համար Սերգեյ Ումրոյանն օգտագործել է ռուսական ուղղափառ եկեղեցու երգչախմբային երգեցողության տարրերն ու շարականները. «Ինձ համար չափազանց մեծ  պատասխանատվություն էր և բարդ ընտրություն՝ ի՞նչ լուծումներ գտել, ինչպես մոտենալ նյութին, որովհետև նախքան բալետային երաժշտություն գրելը, մտածողությունը բոլորովին այլ է, իսկ բալետի դեպքում երաժշտություն գրելուց սկսում ես մտածել նաև շարժման մասին, դա փոխում է մոտեցումները, որովհետև դու կոնկրետ պետք է ստեղծես այնպիսի ռիթմեր, այնպիսի ձայնային  շերտեր, որոնք կկարողանան կերպարներ ցույց տալ, և մարդիկ պետք է այդ էմոցիան զգան։ Եվ ես փորձեցի քիչ-քիչ ներդաշնակվել Ռիմայի գաղափարներին: Քանի որ մենք օգտագործել ենք ռուսական ուղղափառ եկեղեցու երգչախմբային երգեցողությունն ու հոգևոր շարականներ, կարծես թե կարողացել ենք երաժշտական առումով կոնտրաստ ստեղծել, որն ընդգծում է պայքարի գաղափարը: Յոթ կերպարներից յուրաքանչյուրը հանդես է գալիս իր  անհատականությամբ և ամեն մեկն ունի իր սոլո կտորները: Եվ այդ ամենը  երաժշտականորեն միաձուլված է միմյանց: Կոնկրետ այս բալետի համար ես ստեղծել եմ մոտ 50 երաժշտական հատվածներ, որոնցից մենք օգտագործել ենք ընդամենը 12-ը»։

Մոտ երեք շաբաթ «Իկոնա»-ն չէր իջնում ռուսական հեղինակավոր բալետային բեմահարթակներից, և հիմա արդեն քննարկումներ են սկսվել «Իկոնա»-ի  երևանյան պրեմիերայի շուրջ, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին:

Իսկ երևանյան հանդիսատեսի հետ վաղուց սպասված հանդիպումը տեղի ունեցավ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում, որտեղ Պիպոյանի թատրոնը հանդիսատեսին ներկայացավ իր ամբողջ բազմազանությամբ՝ «Ոսկոր», «Սգացող կանայք» և «Խալի» պարային բեմադրությունների հիմքով ստեղծված մի չափազանց հետաքրքիր ու նորաշունչ ներկայացմամբ:

Տարբեր սյուժետային զարգացումներով և արտաքնապես միմյանց հետ որևէ կապ չունեցող բեմադրությունները ներկայացման հեղինակային հայեցակարգի առանձին օղակներն են, որոնց միավորում է բեմադրող-խորեոգրաֆի հետևողական ջանքը՝ կնոջ կերպարը, նրա հոգեբանությունն ու էությունը բացահայտել ամենատարբեր տեսանկյուններից՝ սահմանային, ճգնաժամային  իրավիճակում հայտնված կանանցից մինչև նրանց ստեղծարար ու արարող էությունը ներկայացնող դրվագները:

Բեմադրություններից առաջինը ստեղծելիս պարուսույցը ոգշնչվել է Կլարիսա Պինկոլա Էստեսի «Գայլերի հետ վազողը» գրքից: Վերջին տարիներին ընթերցողական լսարանում մեծ պահանջարկ ունեցող, քսանհինգից ավելի լեզուներով թարգմանված, առասպելաբանությամբ ու սիմվոլներով հարուստ այս  գրքում Պիպոյանը գտել է կնոջ հոգեվիճակի շատ հետաքրքիր նրբերանգներ, որոնք առնչվում են համամարդկային խնդիրներին ու մարդու տեսակին ընդհանրապես: Պարուսույցը դրանք վերածել է պարային պլաստիկայի՝ գտնելով բեմադրական ինքնօրինակ լուծումներ, որոնք բեմում հրաշալի են կերպավորում  պարուհիները:

Առաձնահատուկ էմոցիոնալ ներուժով և ինքնօրինակ էսթետիկայով է օժտված հայկական գորգի պատմությունը ներկայացնող «Խալի» պարային  խորեոգրաֆիան, որում Պիպոյանը համախմբել է հինգ 18-ամյա պարուհիների, որոնք հայկական գորգի ավանդական գույների և պարային պլաստիկայի միջոցով վերապատմում են գորգի դարավոր պատմությունը և պարը վերածում իրենց ինքնության ու տեսակի գեղարվեստական պատկերաշարի: Պարուհիների կատարյալ ներդաշնակությունը բեմադրական հայեցակարգի և միմյանց հետ  հայկական գորգերի նրբագեղ ու վառ զարդանախշերին համարժեք  պատկերավորությամբ հանդիսատեսին է փոխանցում ազգային գորգարվեստի դարավոր ավանդույթի կապն այսօրվա պարարվեստի նորարարական մեկնաբանությունների հետ:

 

Նունե Ալեքսանյան        

... ...