Սարոյանի հանդեպ հետաքրքրությունը բնավ չի նվազել

Երևանում սարոյանական օրեր են. քաղաքը հիշում, կարդում և Սարոյան է շնչում: Թվում է, թե ամեն ինչ նրա մասին ասված է, գրված ու թարգմանված: Բայց Սարոյանն, իհարկե, անհատակ մի խորք է, որում ամեն անկյունում քեզ նոր բացահայտումներ են սպասվում, արդեն իմացածի նոր մեկնաբանություններ և սարոյանական անակնկալներ: Սարոյանը, որ խորհրդային տարիներին ռուսների սիրելի հեղինակներից էր, շատ է թարգմանվել ռուսերեն: Իսկ վերջին տասնամյակում Ռուսաստանում Սարոյանի հանդեպ հետաքրքության նոր ալիք է բարձրացել և տպագրվել են սարոյանական նոր, թարմ թարգմանություններ: Սարոյանի ռուսերեն թարգմանությունների մասին զրուցել ենք թարգմանիչ Արամ Օհանյանի հետ, որի թարգմանությամբ ռուսալեզու բազմամիլիոնանոց ընթերցողական լսարանին են ներկայացվել Ռեյ Բրեդբերիի, Ջոն Ափդայքի, Հրանտ Մաթևոսյանի, Աղասի Այվազյանի, Լևոն Խեչոյանի, Ակսել Բակունցի ստեղծագործությունները: Օհանյանը նաև Սարոյան է թարգմանել՝ «Քո կյանքի ժամերը» պիեսը, որը թարգմանիչը վերնագրել է «Ձեր կյանքի տարիները»: Այն հրատարակվել է Սանկտ Պետերբուրգի Եզակի իրերի թանգարանի «Մեկ պիեսի թանգարան» մատենաշարով: Այս գործն աշխարհում ամենաշատ բեմադրված ստեղծագործություններից է, տարբեր երկրներում ու ժամանակաշրջաններում բեմադրվել է ավելի քան 120 անգամ։ Պետերբուրգյան հրատարակչության առաջարկով թարգմանիչը կազմել է մի նոր ժողովածու, որում պիեսից բացի ներառված են նաև Օհանյանի հետազոտությունները պիեսի վերաբերյալ և արխիվային նյութեր Սարոյանի մասին։
-Արամ, այս պիեսն իրապես կարևոր տեղ ունի Սարոյանի ժառանգության մեջ՝ ոչ միայն ամենապահանջվածներից է, այլև հենց «Ձեր կյանքի տարիները» պիեսի համար Սարոյանը Պուլիցերյան մրցանակ շահեց:
-Սարոյանին այս պիեսի համար շատ էին քննադատում՝ որ կառուցվածք չունի, որ սյուժե չկա, բայց՝ այո, այն Պուլիցերյան մրցանակ ստացավ և միաժամանակ արժանացավ Նյու Յորքի թատերական քննադատների մրցանակին: Բայց և հրաժարվեց Պուլիցերյան մրցանակից այն պատճառով, որ մրցանակը նաև հազար դոլարի չափով դրամական պարգև էր նախատեսում: Եվ ինքն ասաց, որ բիզնեսը չպետք է հովանավորի արվեստը, դա, իհարկե, իր հայտնի արտահայտությունն է, որն, իմիջիայլոց, նա ասել էր դեռ 1933-34 թվականներին, երբ դեռ անհայտ գրող էր: Տարբեր առիթներով նա նշել էր՝ ես չեմ հավակնում որևէ մրցանակի՝ հատկապես Պուլիցերի կամ Նոբելյանի: Եվ ուրեմն նա հանգիստ հրաժարվեց Պուլիցերից, բայց չհրաժարվեց Նյու Յորքի թատերական քննադատների մրցանակից, չնայած ինքն, այնուամենայնիվ, մնաց Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, քանի որ Պուլիցերյան կոմիտեն նրա անունն արդեն մտցրել էր ցանկի մեջ։
-Թվում է, թե Սարոյանի պարզ լեզուն ինքնին հուշում է, որ թարգմանական դժվարություններ կամ խնդիրներ չպետք է առաջանան, բայց ենթադրում եմ, որ ամենևին էլ այդպես չէ: Ուստի խոսենք այն մասին թե ի՞նչ խնդիրների և խութերի բախվեցիք թարգմանության ընթացքում:
-Պետք է ասեմ, որ Սարոյանին թարգմանելն այլ հեղինակներից ավելի դժվար չէ, որովհետև թարգմանությունն ինքնըստինքյան դժվար գործ է: Երբ փորձում ես տարբեր լեզուներով արտահայտել հեղինակի միտքը, իհարկե դժվարություններ կան, որովհետև լեզվական համակարգերն են տարբեր, և շատ լեզվաբանական հարցեր են առաջանում: Կոնկրետ Սարոյանի դեպքում, եթե նկատի ունենանք, որ հատկապես նրա ամենավաղ շրջանի գործերը գրված են եղել ութսունից ավելի տարիներ առաջ, պետք է արձանագրենք, որ անգլերենը, բնականաբար, փոխվել է այդ ընթացքում և այն անգլերենը, որ մենք հիմա գիտենք, Սարոյանի ժամանակի անգլերենից խիստ է տարբերվում: Եվ պետք է հաշվի առնել դա, հատկապես եթե դուք գործ ունեք պիեսի հետ, իսկ պիեսը բանավոր խոսք է, որը փոփոխվել է այդքան տարիների ընթացքում:
-Վերնագրի դեպքում Դուք նախապատվությունը տվել եք «Ձեր կյանքի տարիները» տարբերակին: ԻՆչո՞ւ:
-Գիտեք, մոտեցումները տարբեր են. ոմանք թարգմանում են «Ձեր կյանքի ժամերը», ոմանք դա թարգմանում են որպես «Ձեր կյանքի ճանապարհը» և, երևի, բոլոր այդ տարբերակներն էլ գոյության իրենց իրավունքն ունեն: Ես ուղղակի իմն եմ առաջարկել և ընտրել եմ «Ձեր կյանքի ժամանակը»: Պետք է ասեմ, որ ինչպես վերնագրերը, այնպես էլ թարգմանությունները նույնպես հնանում են, որովհետև ինչ֊որ նոր հանգամանքներ են առաջանում, և ինչ֊որ պահի նոր թարգմանության անհրաժեշտություն է առաջնում: Ինձանից առաջ այդ պիեսը ռուսերեն թարգմանել էր Յան Բերեզնիցկին ու 1966 թվականին հրատարակել էր Սարոյանի դրամայի մի հոյակապ ժողովածու: Բայց ժամանակի հետ նոր թարգմանության անհրաժեշտություն էր առաջացել:
-Սարոյանն այն հեղինակներից է, որի հանդեպ սերը և որի պահանջարկը, մանավանդ մեզանում, երբևէ չի մարել, բայց, կարծեմ, Ռուսաստանում էլ փոքր չէ հետաքրքրությունը նրա հանդեպ:
-Սարոյանի հանդեպ հետաքրքրությունը բնավ չի նվազել. Սարոյանին միշտ են սիրել Ռուսաստանում, ես կասեի, որ հիմա՝ առավել ևս: Սարոյանը թարգմանվում և տպագրվում է Ռուսաստանում, նոր գործեր են հայթայթվում, որոնք նախկինում չէին թարգմանվել: Վերջերս էր, որ տպագրվեց գրեթե հազար էջանոց մի հատոր։ Ուրեմն հետաքրքրությունը կա, չի վերացել: Սարոյանին սիրում էին սովետական ժամանակներին, և այդ ուշադրությունն ու սերը մնացել է: Օրինակ, Պետերբուրգի «Ազբուկա» հրատարակչությունից ինձ առաջարկեցին, որ այդ պիեսի նոր թարգմանությունն անեմ, և այն լույս տեսավ տասնվեց թվականին, որից հետո մի քանի անգամ վերահրատարակվեց: Եվ այս անգամ էլ դարձյալ Պետերբուրգից ինձ խնդրեցին կազմել մի գիրք, որն ամբողջովին նվիրված կլինի այդ պիեսին: Բնականաբար, այդ գրքում ներառված էր այս պիեսը, նաև՝ իմ հետազոտությունները պիեսի վերաբերյալ։ Այստեղ ընդգրկված են նաև իմ արխիվային նյութերը Սարոյանի մասին: Բացի այդ, ես կազմել եմ պիեսի բեմադրությունների ցանկագրությունը՝ սկսած 1939 թվականից, երբ տեղի ունեցավ առաջնախաղը, առ այսօր՝ այսինքն՝ 2025 թվականը: Մենք հավաքել ենք այդ բեմադրությունները, համենայն դեպս մեզ հայտնիները մի գրքի մեջ, որպեսզի կարողանանք տեսնել, թե ով, երբ, որքան հաճախ և ինչ լեզվով է բեմադրել այն: Ինձ թվում է դա շատ հետաքրքիր կլինի հետազոտողների համար:
-Եվ ո՞ր երկիրն է Սարոյան բեմադրելու առաջատարը:
-Ամերիկան, բնականաբար, որովհետև ամերիկյան շատ համալսարաններում կան թատերական ֆակուլտետներ, որոնք իրենց ուսանողական կազմով տարբեր պիեսներ են բեմադրում՝ այդ թվում նաև Սարոյանի գործերը: Այս պիեսը ուսանողական թատրոնի համար բավականին բարդ է որպես բեմադրություն, բայց իրենք, այնուամենայնիվ, դա անում են և շատ հաճախ։ Ես փորձել եմ ֆիքսել, թե օրինակ, ինչպիսին է հետաքրքրությունը Սարոյանի հանդեպ պրոֆեսիոնալ թատրոնում: Ռեկորդային թվով աչքի է ընկնում Դոնի Ռոստովի թատրոնը, որ երկու հազար տասնհինգ թվականից առ այսօր, այսինքն՝ ամեն տարի իրենց խաղացանկի մեջ այդ պիեսը կա, և իրենք տասը տարի անընդմեջ մինչև օրս խաղում են այն։ Ես ոչ մի տեղ չեմ հանդիպել, որ անընդմեջ տասը տարի խաղան: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ պիեսը մինչև անգամ մեծ ազդեցություն է ունեցել մի ամբողջ ազգային թատրոնի վրա, օրինակ՝ Բրազիլիայում, քանի որ, ըստ էության, այդ պիեսը եղավ բրազիլական պրոֆեսիոնալ թատրոնի սկիզբը: Երբ հազար ինը հարյուր քառասունինը թվականին այդ պիեսը հայտնվել է Բրազիլիայում, այդ ժամանակ այդ երկրում չկար պրոֆեսիոնալ թատրոն, գոյություն ուներ միայն սիրողական թատրոն, որովհետև Բրազիլիայում մտածում էին որ ամոթ է պրոֆեսիոնալ արտիստ լինել և բեմում փող աշխատել: Բայց հենց այս պիեսից, փաստորեն, սկսվեց Բրազիլիայի պրոֆեսիոնալ թատրոնի պատմությունը:
-Չնայած թատերական բեմադրությունների տպավորիչ թվին, այս պիեսը դուրս չի մնացել նաև ֆիլմարտադրողների հետաքրքրության շրջանակից, քանի որ ռուսական կինոյում էլ անտարբեր չէին Սարոյանի հանդեպ: Գոնե վերջին տարիներին Անդրեյ Զվյագինցևի հայտնի էկրանավորումն է ստեղծվել, որը մեծ հաջողություն ունեցավ, և խորհրդային տարիների շրջանից էլ սարոյանական ֆիլմեր կան:
-Պարզվեց, որ գոյություն ունեն մի քանի ֆիլմեր։ Հենց էս պիեսի հիման վրա է օրինակ, 1990-ականների սկզբներին նկարահանվել մի քանի ֆիլմ, որոնք, սակայն, մոռացության են մատնվել, բայց պետք է ընդունենք, որ դրանք գոյություն ունեն և դեռ հետազոտության կարիք ունեն։ Ռուսական սարոյանական բեմադրություններ կան, որտեղ խաղացել է Արմեն Ջիգարխանյանը և նաև այս պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմ կա, որտեղ խաղացել է Վադիմիր Վիսոցկու որդին՝ Նիկիտա Վիսոցկին: Պետք է ասեմ, որ այդ գրքի նախապատրաստումը և արխիվային աշխատանքը բավականին հետաքրքիր անակնկալներ մատուցեցին և որպես հետազոտության նյութ, այս գիրքը կարող է հետաքրքիր լինել բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են Սարոյանի ժառանգության ուսումնասիրությամբ:
Նունե Ալեքսանյան