Սերգեյ Դովլաթով. «Սոլո ունդերվուդի վրա» ժողովածուից

Մենք Գրուբինի հետ հայտնվեցինք Պոդպորոժյան թաղամասում։ Գիշերով թափառում էինք լքված գյուղով։ Եվ անսպասելի նա ընկավ ջրհորը։ Ես վազեցի։ Սարսափով նայեցի ցած։ Ընկերս մինչեւ ծնկները կեղտի մեջ կանգնած ծխում է։

Այդպիսին էր նրա անխռովության աստիճանը։

 

***

 

Երբ պարզվեց, որ ուռուցքս չարորակ չէ, Լենան ասաց.

-Քաղցկեղն ընկրկում է․․․

 

***

 

Հոլիվուդյան ստանդարտների մասին զրույց էր, Վագրիչ Բախչանյանը հանգստացնում էր Իգոր Գենիսին․

-Ի՞նչ ես նյարդայնանում, լավ կանացի հասակ ունես։

 

***

 

Կլիմովի հայրը նոմենկլատուրայից էր, ԿԿ անդամ։ Նրա մասին ասում էին․

-Լավ է ձախական լինել, եթե աջից սատարում կա․․․

 

***                                                                        

 

Եթե չեմ սխալվում, 1936 թվականին մահացավ Իլֆը։ Որոշ ժամանակ անց Պետրովին Լենինի շքանշան տվեցին։ Այդ կապակցությամբ երեկույթ էր կազմակերպվել։ Ներկա էր Յուրի Օլեշան։ Նա շատ էր խմում և իրեն փոքր-ինչ անպատկառ պահում։ Պետրովը դիմեց նրան․

-Յուրա, դու ինչպե՞ս կարող ես մարդկանց վիրավորել։

Ի պատախսան լսվեց․

-Իսկ դու ինչպե՞ս կարող ես մահացածի շքանշան կրել։

 

***

 

ԱՄՆ․ Ամենը, ինչ արգելված չէ՝ թույլատրելի է։

ԽՍՀՄ․ Ամենը, ինչ թույլատրելի չէ՝ արգելված է։

 

***

 

Հայրս զարմանալիորեն կենսասեր մարդ է։ Հիշում եմ, հեռուստացույց էինք նայում, Բոբ Հոպի 80 ամյակն էին ցուցադրում։ Ասացի․

-Ինչ անպարկեշտ ծերուկ է։

Հայրս ինձ ուղղեց․

-Ինչու՞ ծերուկ, մոտավորապես իմ տարիքին է։

 

***

 

Հանդիպեցի տնտեսագետ Ֆելդմանին, նա ասում է․

-Ձեր կնոջ անունը Սոֆա՞ է։

-Չէ, -ասում եմ,- Լենա։

-Գիտեմ, կատակեցի, հումորի զգացում չունեք, դուք, հավանաբար, լատվիա՞ցի եք

-Ինչու՞ լատվիացի։

-Դե կատակեցի։ Դուք ընդհանրապես հումորի զգացում չունեք, գուցե լոգոպե՞դի դիմեք։

-Ինչու՞ լոգոպեդի։

-Կատակում եմ, կատակում, ո՞ւր է ձեր հումորի զգացումը։

 

***

 

Մորս այցելել էր ընկերուհին։ Սկսեց բողոքել Ամերիկայից։ Ամերիկացիները, իբր, սառն են, չոր, անուշադիր, հիմար․․․ Մայրս ասում է․

-Բայց ախր քեզ մոտ ամեն ինչ լավ է․ կուշտ ես, հագնված, քիչ թե շատ առողջ, անգամ անգլերեն ես հաջողացրել սովորել։

Իսկ հյուրը պատասխանում է․

-Էդ էր մնացել, գայլերի հետ ապրել․․․

 

***

 

Ալեշկովսկին վստահեցնում էր․

-Մոսկվայում բալետի փորձ են անում, գործող անձանց թվում է և Կրուպսկայան։ Այդ դերը խաղացող բալերինայի առաջ բարդ խորեոգրաֆիական առաջադրանք է՝ պլաստիկայի միջոցներով արտահայտել բազեդովյան հիվանդությունը։

 

***

 

Մարդասպանը կամեցավ անհայտ մնալ։

 

***

 

Լեմկուսի հոդվածում ասված էր․ «Ինչ հիանալի է Հիսուս Քրիստոսն ասել՝ սիրիր մերձավորիդ»։

Գովել է տաղանդավոր հեղինակին։

 

***

 

Սովետական կոմպոզիտոր Պոկրասը հարազատ ուներ՝ ամերիկացի կոմպոզիտոր Տյոմկինը։

Պոկրասը հեծելազորային քայլերգներ էր գրում, Տյոմկինը՝ երաժշտություն հոլիվուդյան ֆիլմերի համար։

Հայտնի է, որ Ստալինը շատ էր կինո սիրում։ Եվ ահա մի անգամ կրեմլյան ընդունելություն էր, ու Ստալինը դիմեց Դմիտրի Պոկրասին․

-Ճիշտ է, որ ձեր եղբայրը արտասահմանու՞մ է։

Պոկրասը վախեցավ, բայց ազնվորեն պատասխանեց․

-Ճիշտ է։

-Նա է «Երեք հրացանակիրների» երգերը գրե՞լ։

-Նա։

-Ուրեմն, վար-վար-վար-վարա-ն նրա ե՞րգն է։

-Նրա։

Ստալինը մտածեց և ասում է․

-Ավելի լավ է նա այստեղ ապրեր, իսկ դուք՝ այնտեղ։

 

***

 

Բժիշկները Բրոդսկուն արգելել էին ծխել։ Բրոդսկին դրանից շատ էր նեղվում, ասում էր․

-Առավոտյան մի բաժակ սուրճի հետ չծխե՞լ, այդժամ արթնանալն էլ զուր է։

 

***

 

Լև Խալիֆը՝ ցլամարտիկի և ցուլի խառնուրդ է։

 

***

 

Իմանալով, որ դիետա եմ պահում, Բախչանյանն ասում էր․

-Դովլաթովը փորը չխնայելով՝ նիհարում է։

 

***

 

Ես երեք օր հիվանդ էի, և դա հրաշալի անդրադարձավ առողջությանս վրա։

 

***

 

Շմակովը Բրոդսկու մասին ասում էր․

-Բավական չէ, որ նա հանճար է, նաև խիստ ընդունակ մարդ է։

-Ընդունա՞կ, օրինակ, առ ի՞նչը։

-Առ ամեն ինչը՝ լեզուները, մեքենա քշելը, սպորտը։

 

***

 

Մի անգամ Շկլյարինսկին և Դվորկինը զբոսնում էին։ Զրուցում էին բազմապիսի թեմաներից, այդ թվում և կանանցից։ Շկլյարինսկին ռոմանտիկ ոգով, իսկ Դվորկինը՝ իրեն բնորոշ ուղղամտությամբ։

Շկլյարինսկին չդիմացավ․

-Էդ ինչ ես անընդհատ՝ շինեց, շինեց։ Մի՞ թե չի կարելի ավելի քաղաքավարի արտահայտվել։

-Ինչպե՞ս։

-Ասենք՝ նա նրա հետ եղավ, կամ՝ նրանք կենակցեցին։

Շարունակում են զբոսնել, զրուցում են։ Շկլյարինսկին հարցնում է․

-Ի դեպ, դու ի՞նչ հարաբերությունների մեջ ես Լարիսա Մ-ի հետ։

-Ես նրա հետ եղել եմ։

-Այսինքն՝ շինե՞լ ես,- կրկին հարցրեց Շկլյարինսկին։

 

***

 

Կինս ասում է․

-Կոմպլեքսներ բոլորն ունեն, դու բացառություն չես, քոնը՝ թերարժեքությանս կոմպլեքսն է։

 

***

 

Հարևանի տղա․

-Բանջարեղեններից ես ամենաշատը պելմենի եմ սիրում։

 

***

 

Ալեքսանդր Գլեզեր․

-Պարոնայք, ինչպե՞ս չեք ամաչում։ Ես տոտալիտարիզմի դեմ եմ պայքարում, իսկ դուք ինձ պարտքերի մասին եք հիշեցնում։

 

***

 

Մետտերն ասում էր աշխատակցուհուն, որին քամահրում էր․

-Ես քեզ կազատեմ և անգամ հաճույք չեմ ստանա։

 

***

 

Հորաքույրս հանդիպեց գրող Կոսցինսկուն։ Նա հարբած և անթրաշ էր։ Հորաքույրս ասաց․

-Կիրիլ, ինչպե՞ս չես ամաչում։

Կոսցինսկին լուրջ տեսք ընդունեց և պատասխանեց․

-Սովետական իշխանությունը չի արժանացել սափրվելուս։

 

***

 

Այլախոհական հրաման․ «Մեր այլախոհական զգոնությունը բարձրացնելու նպատակով «Կոնտինենտ» ամսագիրն անվանել «ԿոնտինԳենտ»։

 

***

 

Վոսկոբոյինիկով․

-Մի՞ թե մենք բոլորս Բակինսկու գրական միավորումից չենք։

-Մենք, օրինակ, Գոգոլի «Շինելից» ենք։

 

***

 

Գրուբինն էր մեզ այցելել, խմորեղեն էր բերել, ասում եմ․

-Ինչու, էս ի՞նչ հնաոճ բաներ են։

Գրուբինը պատասխանում է․

-Մյուս անգամ մարիխուանա կբերեմ։

 

***

 

Տոմաշևսկին և Սերմանը զբոսնում էին Ղրիմում, Տոմաշևսկին պատմում էր․

-Երեսունականներին այստեղ նոճու ծառուղի էր։ Եկավ Ստալինը։ Պահակախումբը որոշեց, որ նոճիների հետևում կարող են այլախոհներ թաքնվել։ Նոճու ծառուղին հատեցին, սկսեցին նիվենիներ տնկել։ Ցավոք, դրանք չաճեցին։

-Եվ ի՞նչ արդյունքում։

Տոմաշևսկին պատասխանեց․

-Սկսեցին ագրոնոմներ տնկել․․․

 

***

 

1949 թիվն է, Սերմանը դատավճռի է սպասում, խցում զրուցում է գողության մեջ բռնված հրեայի հետ, հարցնում է․

-Ինչո՞ւ եք այդքան գողացել, իմա՞ստ կա։

Հրեան պատասխանում է․

-Ավելի լավ է վախից մահանալ, քան քաղցից։ 

 

***

 

Հայտնի արտիստ Բորիս Սիչկինն ապրում էր Մոնտիսելոյի մոտի «Փայն»  ռուսական ռեստորանում։

Մի անգամ մենք ծովափին հանդիպեցինք, ասացի․

-Կնոջս հետ կուզեինք ձեզ այցելել։

-Շատ լավ, ե՞րբ։

-Այսօր երեկոյան, միայն թե ինչպես ձեզ գտնե՞նք։

-Այսինքն՝ ինչպե՞ս ինձ գտնել, ո՞րն է խնդիրը։

-Ախր մեծ հոթել է,- ասում եմ։

Սիչկինը էլ ավելի զարմացավ․

-Ոնց որ գալ Մավզոլեյ և հարցնել․ «Այստեղ որտե՞ղ է գտնվում Իլիչ Լենինը»։

 

***

 

Իհարկե, Բրոդսկիով հիանում են Արևմուտքում։ Իհարկե, Եվտուշենկոն դժգոհություն է հարուցում, իսկ Բրոդսկին՝ նախանձ և սեր։ Սակայն դժգոհությունը Եվտուշենկոյից անհամեմատ նշանակալի չափերի է, քան հիացմունքը Բրոդսկիով։ Գուցե բանն այն է, որ բացասական զգացմունքները սկզբունքորեն ավելի ուժե՞ղ են։

 

***

Նայմանը և Գուբինը երկար վիճում էին, թե նրանցից ով է ավելի միայնակ։

 

 

Թարգմանությունը՝  Գրիգոր Ֆերեշեթյանի