Սերգեյ Դովլաթով. Մանրապատումներ «Սոլո ունդերվուդի վրա» ժողովածուից

Մի երեսուն տարի առաջ Եվտուշենկոն Ամերիկա էր եկել։ Տեղավորվել էր հյուրանոցում։ Մի անգամ սրահում նստած ինչ-որ մեկին է սպասում, տեսնում է` դեպ դուռն է շարժվում շատ ծանոթ ծերուկ․ մորուք, ճմռթած վարտիք, զինվորական բլուզ։
Մի քանի վայրկյան Եվտուշենկոն շոկի մեջ էր, հետո հասկացավ, որ Հեմինգուեյն է։
Նետվեց հետևից, բայց Հեմինգուեյը հասցրեց իրեն սպասող տաքսին նստել։
-Ինչ ափսո՛ս,- ասաց Եվտուշենկոն դռնապանին, -ախր Հեմինգուեյն էր, իսկ ես նրան միանգամից չճանաչեցի։
Դռնապանը քաղաքավարի պատասխանեց․
-Մի վշտացեք, պարոն Հեմինգուեյը նույնպես միանգամից ձեզ չէր ճանաչի։
***
Սա պատահել է Լենինգրադի Թատերական համալսարանում։ Ուսանողների առաջ ելույթ էր ունենում ֆրանսիացի հայտնի շանսոնյե Ժիլբեր Բեկոն։ Վերջապես ելույթն ավարտվեց, վարողը դիմեց ուսանողներին․
-Հարցեր տվեք։
Բոլորը լռում են։
-Հարցեր տվեք արտիստին։
Լռություն։
Եվ այդժամ դահլիճում գտնվող բանաստեղծ Երյոմինը բարձր բղավեց․
-Կելե ռե տիլ։ (Ժամը քանի՞սն է)
Ժիլբեր Բեկոն նայեց ժամին և քաղաքավարի պատասխանեց․
-Վեցն անց կես։
Ու չնեղացավ։
***
Ստեղծագործության Տանը ինձ է մոտենում Ալեքսանդր Բեկը․
-Լսել եմ ձեռք եք բերել Թոմաս Մանի «Իոսիֆը և նրա եղբայրները» վեպը։
-Այո,- ասում եմ,- բայց ինքս դեռ չեմ ընթերցել։
-Սկզբից ինձ տվեք, ես շուտով գնում եմ։
Տվեցի։ Հետո Գորիշինն է մոտենում։
-Թոմաս Մանը տվեք ընթերցելու, ես Բեկից կվերցնեմ, լա՞վ։
-Լավ։
Հետո Ռաևսկին է մոտենում, հետո Բարտենը, և այդպես շարունակ։ Վեպը երեք ամսից ինձ հասավ։
Սկսեցի ընթերցել։ Իններորդ էջից հետո թերթերն իրար կպած էին։
Բարդ գիրք է, բայց՝ լավ։ Ասում են։
***
Ամերիկայում հսկայական հաջողություն էին վայելում բանկատեր Նելսոն Ռոքֆելերի հիշողությունները։ Վատ չէր լինի դրանք ռուսերեն թարգմանել, կարելի է այսպես վերնագրել․ «Գնում եմ վա-բանկ»։
***
Լսե՞լ եք, Մորգուլիսը հիվանդացել է․
-Հետաքրքիր է, նրա ինչի՞ն էր դա պետք։
***
Կինս ասում էր մեր մեծ աղջկան․
-Իմ օրն ավարտվում է երեկոյան, քոնը՝ առավոտյան։
***
Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ գրողին ըստ գրածի ծավալի են վճարում։ Ոչ թե ըստ վաճառված օրինակների քանակի, առավել ևս՝ որակի համար, այլ՝ ծավալի։ Դա է ռուսական աղետալի երկարաբանության գաղտնի, չգիտակցված պատճառը։
Ասենք, հեղինակն ուզում է ինչ-որ արտահայտություն ջնջել, իսկ ներքին ձայնը նրան հուշում է․
-Ցնդած, ախր սա հինգ ռուբլի է՝ մի կիլոգրամ տավարի միս շուկայում։
***
Հարևանների մոտ թաղում էր։ Օրերով կենսախինդ երաժշտությունը չէր դադարում։
Բացականչություններ, հռհռոց էին լսվում։ Մայրս մտավ այնտեղ և ասում է․
-Ինչպե՞ս չեք ամաչում, չէ որ Գրիգորի Միխայլովիչն է մահացել։
Հյուրերը պատասխանում են․
-Դե մենք նրա համար էլ խմում ենք։
***
Եղբորս հետ արթնացանք նրա ծանոթի տանը։ Նախօրեին չափազանց շատ էինք խմել։ Սարսափելի վիճակում էի։
Տեսնեմ, եղբայրս վեր է կացել, լվացվել, հայելու դիմաց սանրվում է։
Ասում եմ․
-Մի՞թե քեզ լավ ես զգում։
-Ես շատ վատ եմ։
-Բայց զուգվում-զարդարվում ես։
-Չեմ զուգվում-զարդարվում, -պատասխանեց եղբայրս,- ամենևին, ես ինձ․․․ զմռսում եմ։
***
Լավ է պիեսդ այսպես սկսել։ Վարողն ասում է․
-Պարզկա, տաք, արևոտ․․․
Դադար։
-Նախավերջին օրն էր։
Եվ վերջապես հստակ․
-Պոմպեյ։
***
Պրոֆեսոր Մակոգոնենկոյի դասախոսության ժամանակ Սաշա Ֆոմուշկինը տեսավ, որ Մակոգոնենկոն դեղահաբ է խմում։ Նա կարեկցանքով նայեց պրոֆեսորին և ասում է․
-Գեորգի Պանտելեյմոնովիչ, իսկ եթե դրանք չեն հալվո՞ւմ։ Եթե այդպես էլ ստամոքսի հատակին են մնում։ Երկու, երեք տարի, իսկ կույտը շարունակ աճում, աճում է․․․
Պրոֆեսորը վատացավ։
***
Ինչ-որ գիտական աշխատանք էր տպվում։ Խմբագրին տագնապի մատնեց հետևյալ արտահայտությունը․ «Արիստոտելի ժամանակներից մարդկային ուղեղը չի փոխվել»։
Գուցե խմբագիրը ժամանակակից մարդու համար վիրավորանք զգաց, գուցե նրան վրդովեցնում էր ավելորդ կտրուկությունը։ Մի խոսքով, խմբագիրն ուղղում մտցրեց։ Հիմա արտահայտությունն այսպես էր հնչում․ «Արիստոտելի ժամանակներից մարդկային ուղեղը ԳՐԵԹԵ չի փոխվել»։
***
Երիտասարդ Շեմյակինին դուրս գրեցին հոգեբուժարանից։ Միշան տուն էր գնում և հանկարծ հանդիպեց իր հորը։ Նրա ծնողները բաժանված էին։
Պաշտոնաթող գնդապետը հարցնում է․
-Որտեղի՞ց տղաս և ո՞ւր։
-Հոգեբուժարանից տուն,- պատասխանում է Միշան։
Գնդապետն ասաց․
-Ապրես։
Եվ ավելացրեց․
-Ուր ասես մենք՝ Շեմյակիններս, չենք եղել․ և մարտում, և խնջույքում, և
գժանոցում։
***
Ալեքսեյ Տոլստոյն էր մահացել։ Գործընկերները պատրաստվում էին գնալ նրա թաղմանը։ Հորաքույրս հարցրեց գրող Չումանդրինին․
-Միշա, դուք գալի՞ս եք Տոլստոյի թաղմանը։
Չումանդրինը պատասխանեց․
-Ես այսպես գցեցի-բռնեցի։ Ասենք ոչ թե Տոսլտոյն է մահացել, այլ ես՝ Չումանդրինը։ Տոլստոյը թաղմանս կերևա՞ր։ Դժվար թե։ Ուրեմն ես էլ չեմ գնա։
***
Մի հայտնի ռեժիսոր կաթված էր տարել։ Մի փոքր կազդուրվելով, ռեժիսորը նորից սկսեց երիտասարդ կանանց սիրատածել։ Նրանցից մեկը նրբանկատորեն հարցրեց․
-Մի՞թե սա ձեզ կարելի է։
Ռեժիսորը պատասխանեց․
-Կարելի է․․․ բայց՝ սահունորեն․․․
***
Կնոջս զանգահարում է ընկերուհին․
-Տղայիդ ծնունդը ե՞րբ է, և ո՞րն է նրա կոշիկի համարը։
Կինս ասում է․
-Էդ ի՞նչ ես մտածել, ոչ մի դեպքում, Ամերիկայում կոշիկն այնքան թանկ է։
Ընկերուհին ի պատասխան․
-Կոշիկն այստեղ ին՞չ կապ ունի, ես նրան ուզում էի գուլպա նվիրել։
***
-Բժիշկ, մորաքույրս ինչպե՞ս է, ի՞նչ է պատահել։
-Սրտամկանի սուր կաթված է, վիճակը շատ ծանր է։
-Կարո՞ղ եմ հույս ունենալ։
-Նայած ինչի։
***
Պորտուգալիա, ճաշ «Ռից» ռեստորանում, ինչ-որ բանջարեղեններով ձկնային չտեսնված կերակուր է։ Հիշում եմ, ուզում էի հարցնել․
-Նկարիչն ո՞վ է։
***
Ռուբինը հիշում էր․
-Մի անգամ խմբագրությունում նստած զրուցում ենք։ Խոսք գնաց հրեաներից, իսկ Վորոբյովն այնպես բղավում է․ «Հրեաներ, հրեաներ․․․ Որքան կարող է այս հակահրեականությունը շարունակվել։ Ես, ի միջի այլոց, ապրել եմ Ղազախստանում։ Ղազախները հարյուր անգամ ավելի վատն են»։
***
Բրոդսկի․
-Երկար ժամանակ չէի հավատում, որ անգլերեն կարելի է հիմարություն ասել։
Վեհապանծ և միաժամանակ անպաշտպան Լև Խալիֆի մասին մայրն ասում էր․ «Անգամ հավատս չի գալիս, որ հրեա է»։
Թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի