Սերը, բարությունը, մարդասիրությունը Յուրի Բուտուսովի փակ տարածությունում

«Բեմը չափազանց փակ տարածություն է և հանդիսատեսին հասնելու համար անհրաժեշտ է կամուրջներ կառուցել դեպի յուրաքանչյուրի ներաշխարհ»:
Յուրի Բուտուսով
Յուրի Բուտուսովի մահվան բոթը ցնցեց ամբողջ թատերական աշխարհը: Արվեստը հայրենիք ունի թե՞ ոչ: Այս հարցը բազմիցս քննվել ու իրարամերժ պատասխաններ է ստացել:
«Եթե որոշողը ես լինեի, բոլոր սահմանները վերացված կլինեին, երկիր մոլորակը համայն մարդկության բնօրրանն է… Իմ հայրենիքը սերն է, բարությունը, մարդասիրությունը…» ,-նշել է Յուրի Բուտուսովը:
Ռուս հռչակավոր ռեժիսորը կյանքի վերջին տարիներին ապրում էր Եվրոպայում և համագործակցում եվրոպական առաջատար թատրոնների հետ՝ սահուն կերպով հաղթահարելով լեզվական, մշակութային և այլ փոփոխություններից բխող խոչընդոտները: Սակայն եթե վստահեցնենք, որ նա լավ ճանաչելի է հայ թատերասեր հանրության շրջանում, գոնե-թե չափազանցրած կլինենք: Թատրոնի գիտակները նրան, իհարկե, ճանաչում են, հիանում նրա ռեժիսորական ինքնատիպ ձեռագրով ու նաև հեռավար կրթվում:
Յուրի Բուտուսովը ծնվել է 1961թվականին, Սանկտ Պետերբուրգում, ռեժիսուրան նրա երկրորդ մասնագիտությունն է: Նա վստահ էր, որ այս մասնագիտությամբ զբաղվելու համար կյանքի փորձ է պետք: Մասնագիտական կրթություն ստացել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայում՝ Իրինա Մալոչևսկու արվեստանոցում, որը ռուս մեծագույն ռեժիսոր Գեորգի Տովստանոգովի աշակերտն էր: Ուսանողական տարիները թատերարվեստում սեփական ձեռագրի որոնումների շրջան է: Ուսումնասիրելով դասական հոգեբանական թատրոնի բեմադրական սկզբունքները, ձևավորվում է անսահման ռեժիսորական երևակայությամբ բեմադրիչ: Բեմադրելով Գոգոլի «Ամուսնություն» ստեղծագործությունը, նա գրավում է մասնագետների ուշադրությունը, իսկ որպես դիպլոմային աշխատանք նա ընտրում է աբսուրդի դրամայի գլուխգործոցը՝ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» գործը: Այս ներկայացումն արժանացավ ռուսական թատրոնի բարձրագույն՝ «Ոսկե դիմակ» մրցանակին և համառուսաստանյան ճանաչում բերեց սկսնակ ռեժիսորին: Մոտ երկու տասնամյակ Բուտուսովն աշխատել է իր հայրենի քաղաքում՝ «Լենսովետի» անվան թատրոնում: 2018 թվականից ղեկավարել է Վախթանգովի անվան թատրոնը: Համագործակցել է ՄԳԹ-ի հետ և բեմադրություններ արել Պուշկինի անվան թատրոնում: Հետաքրքիր է նրա բեմադրական նյութերի ընտրությունը, նա նորովի է մոտեցել դասական ստեղծագործություններին բեմադրելով Շեքսպիրի «Համլետ», «Մակբեթ», «Կալիգուլա», «Օթելլո», «Ռիչարդ 3-րդ», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները, Չեխովի «Իվանով», «Երեք քույր», «Քեռի Վանյա» գործերը, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսները և ուշադրությունից դուրս չեն մնացել նաև ժամանակակից հեղինակները ինչպես օրինակ ֆրանսիացի դրամատուրգ Ֆլորիան Զելլերը:
2020 թվականին Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնում բեմ բարձրացավ Ֆլորիան Զելլերի «Որդին» հոգեբանական դրաման՝ Յուրի Բուտուսովի բեմադրությամբ: Սա «Հայր», «Մայր», «Որդի» եռերգության վերջին գործն է: Ներկայացումը նոմինացվեց «Ոսկե դիմակ» թատերական փառատոն-մրցանակաբաշխությանը և մրցանակի արժանացավ միանգամից հինգ անվանակարգերում:
Տպավորություն է, որ ներկայացումը ոչ թե դիտելու ու հասկանալու համար է, այլ զգալու, թվում է ռեժիսորի թիրախը հանդիսատեսի ենթագիտակցությունն է:
Գործողությունների շղթան ընկալելի է, կոնֆլիկտը՝ հաճախ հանդիպող, բայց ռեժիսորական լուծումներն արտաֆիզիկական են: Պարեր, որոնք ոչ թե մարմնի այլ հոգեվիճակի արտացոլք են, երկխոսություններ, որոնք ուղղված են դեպի դահլիճ, դեպի հանդիսատեի հոգու խորքը: Ամեն մի մանրուք խորհրդանիշ է՝ ներազդող ու հուզող:
Մեկ տղամարդու երկու ընտանիք և ավարտված հարաբերությունների կենդանի վկայությունը՝ դեռահաս տղան: Երբ բաժանվում են ծնողները, երեխան զրկվում է իր տնից, ոչ ֆիզիկական այլ հոգեբանական իմաստով: Տունն այնտեղ է, որտեղ ծնողներն են, իսկ երբ ամեն ծնող իր տունն ունի, դեռահասն իրեն օտար ու չհասկացված է զգում ամենուր: Երբ էլ չկա այն ընտանիքը, որի ծնունդն ես, գոյությունդ անիմաստ է դառնում: Ներկայացումը սկսվում է մոր՝ Աննայի (Տատյանա Մատյուխովա) ջղաձգություններ հիշեցնող պարով, նա եկել է նախկին ամուսնուն տեղյակ պահելու որդու խնդիրների մասին: Երկխոսությունը հանգիստ է, խաղաղ, բայց տեքստի մատուցման եղանակը հակադրվում է այդ հանգստությանը՝ գրոտեսկային դիմախաղ, անտրամաբանական շեշտադրված արտասանություն: Հնչում է հոր՝ Պյերի (Ալեքսանդր Դեվյատյարով) «Ես ձեր կողքին եմ» դատարկ ու ցավեցնող նախադասությունը, որը կրկնվում է նաև հայր-որդի երկխոսության ժամանակ և պրոյեկտվում ֆինալում, բայց արդեն երկրորդ կնոջ՝ Սոֆիայի (Վիկտորյա Տիխանսկայա) շուրթերից, երբ վերջինս փորձում է հանգստացնել որդու կորստից ցնցված ամուսնուն: Ներկայացման առանցքային հերոսի՝ Նիկոլյայի (Եվգենի Ռեդկո) հոգեբանական, ապա արդեն հոգեկան անառողջ վիճակին զուգահեռ տեսնում ենք մյուս գործող անձանց միջանձնային ու ներանձնային խնդիրները: Այս ամենը մատուցված է անսովոր թատերային լեզվով: Ներկայացման առաջին հատվածում բոլոր գործող անձիք միմի դիմակ հիշեցնղ սպիտակ ներկված դեմքերով և սև դասական հագուստով են, մի քանի տեսարան անց հերթով մաքրում են դեմքերը, միայն գլխավոր դերակատարն է մնում անփոփոխ: Հոր դերակատարի բերանն ընդգծված է մի կողմում դեպի վեր ժպտացող, մյուսում՝ դեպի ներքև, թախծող դեմքեր պատկերելով: Անցյալից ժառանգած խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք ժպտալ: Մոր աչքերի տակ սև հետքեր են՝ ասես արտասվելուց լղոզված թարթչաներկ լինի: Սա հերոսուհու տառապանքի դրոշմն է, որը պահպանվում է մինչև ներկայացման ֆինալ: Սև հագուստի առաջին բեկումը գլխավոր հերոսն է բերում՝ դեղին բաճկոն, որը պիտի կրեր նոր դասընկերների հրավիրած երեկույթին: Սա նոր կյանքի, լուսավոր սկզբի խորհրդանիշ է, բայց ինչպես ներկայացման հանգուցալուծմանը պիտի պարզվեր՝ կեղծ է, քանի որ ոչ մի երեկույթ էլ չկա, իսկ տղան ավելի ու ավելի է խորանում իր գոյության անիմաստության մտքերի մեջ:
Ինքնասպանության փորձից հետո նա հայտնվում է կլինիկայում: Բժիշկի դերում նույնպես գլխավոր հերոսին մարմնավորող Եվգենի Ռեդկոն է: Կարող ենք ենթադրել որ ռեժիսորի կողմից նման դերաբաշխումը «Մենք մեր թե՛ բժիշկն ենք, թե՛ դահիճը» ենթատեքստն է կրում:
Ամբողջ ներկայացումն անցնում է կենդանի վոկալ կատարումների ուղեկցությամբ՝ Դենիս Բալանդինի դասական և Վիկտորյա Տիխանսկայայի ջազային կատարումներով:
Յուրի Բուտուսով ռեժիսորը վստահաբար իր անունը հստակ ու վստահ գրել է ռուս և համաշխարհային թատրոնի պատմության էջերում: Անհամատեղելին համադրելու դիսոնանսները հարմոնիկ հնչեցնելու վարպետը դեռ շարունակելու է սերունդներ կրթել ու օրինակ լինել, բայց արդեն ժամանակի հեռավորությունից:
Վանուհի Սեթոյան

