Սիրիր ինձ...

Սիրիր ինձ արևի ճաք տալուն պես,

երբ ինքդ անգամ չես նկատում՝

երբ է գալիս,

ու ինչպես է հողի մեջ

դանդաղ չորանում։

Սիրիր ինձ այն պահին,

երբ բոլորը վախենում են սիրել,

երբ սերն ու հավատը խախտված են,

իսկ սիրտն՝ անպաշտպան։

Սիրիր այնպես,

ինչպես ծաղիկը անձրևին,

առանց երաշխիքի՝

կբացվի՞ կոկոնը, թե ոչ։

Սիրիր ինձ ոչ թե՝ երբ հեշտ է,

այլ երբ ամեն բան քանդվում է,

ու միայն քո լինելը

կփրկի իմ ավերումը։

Սիրիր ինձ,

աչքերով,

լուռ։

Երբ մոռանամ, թե ով եմ,

դու եղիր նա, ով հիշեցնում է՝

ես արժանի եմ սիրո։

Սիրիր ինձ ոչ որպես կատարյալ,

այլ կիսատներովս, ցավերով,

բոլոր այն չասվածներով,

որ իմ մեջ մնացել են։

Սիրիր ինձ այնպես,

որ հավատամ՝ հնարավոր է

մեկն ինձ էլ սպասի՝

ինչպես արևին սպասում է ցուրտ հողը։

Սիրիր ինձ առանց պատճառի,

ոչ թե այսօրվա համար,

այլ բոլոր այն օրերի,

երբ ոչ ոք չսիրեց ինձ։

 

***

Քո արարչության բացթողումն եմ ես այս ճահճափոսում։

Այս ահասարսուռ խավարի ներսում, Տե՜ր, գուցե գթա՞ս.
Նա՛ վերջին մեղքիս անդունդն էր, գիտե՛մ,
որ տանում էր ինձ դեպի կործանում,
Եվ վերջին ցավը,
որ կամ խաչում են կրծքին անմեղի,
կամ էլ քարկոծում...
Ես աղիողորմ,
և ծնկահալած
որոնումներից հոգնել եմ արդեն,
Ես մոռացության արբունքն եմ ուզում
և հեռացումը՝ այս սուտ եդեմից...
Մի վերջին անգամ գլխապտույտ եմ ուզում երկնքից,
Մի վերջին անգամ խնդրում եմ՝ գթա՜ս...

 

***

Իմ դեմքի վրա կիրակնալույսի խաղաղություն է,

Եվ շուրթերիս մեջ խոնարհումներ են կրակեկարմիր,
Կապույտից իջնող մարմինս վերջին արարչություն է,
Ու ես հոգնության վերջին պատառն եմ երկնքից երկիր։

Ու ես իջնում եմ, մթի մխանքով դառնում իրիկուն,
Եվ այս աշխարի թախիծը շնչում բոլորի նման,
Եվ ես`ամենքի սիրտը չիմացող մայրամուտ թաքուն,
Ուխտավորվում եմ մեղքաթող լինել հանուն հարության։

Բայց տես, աչքերս մուրում են ուրախ մի գլխապտույտ,
Որտեղ սատանան համառող քիմքիս հրճվանք կսնի,
Ու իմ ցնորքը մութ գիշերների պատերին կախվող
Մեղանչության մեջ վերջին քաոսի հուշը կծխի...

 

***

Ինձ դու ես պետք, ուրիշ ոչ ոք ու ոչինչ։

Ես հոգնել եմ ճահճանման մարդկանցից։

Նրանք ներսիս մղձավանջն են, դրսի խիղճ։

Ինձ դու ես պետք, ուրիշ ոչ ոք ու ոչինչ։

 

Ինձ դու ես պետք՝ որպես կյանքի ներշնչում,

Եվ քո հոգին, որ կհանի ինձ հողից։

Ես երկնքից դեպի երկիր եմ իջնում,-

Ինձ զատել են, բաժանել են քո կողից։

 

Ինձ մի խառնիր աստղաթափի այն երթին։

Ես մենության մոլորակն եմ դեռ փնտրում։

Ու երկնքում ես էլ կանգնած իմ հերթին

Վերջին մեղքիս վերջին ցավն եմ դեռ հերքում։

 

Ինձ դու ես պետք, ուրիշ ոչ ոք ու ոչինչ։

Ես հոգնել եմ ճահճանման մարդկանցից։

Նրանք ներսիս մղձավանջն են, դրսի խիղճ։

Ինձ դու ես պետք, ուրիշ ոչ ոք ու ոչինչ։

 

***

Իմ ամենամոտ,

Իմ ամենաթանկ

Ու անիրական...

Ես չգիտեի, որ բաժանումը այսքան զորեղ է,

Այսքան հոգեմաշ,

Այսքան իրական:

Ես միշտ հերքել եմ հեռացումը իմ,

Բայց երևի թե մեր երկուսի մեջ

Լռությունն է պետք`

Անխոս, շշուկով։

Ինչ-որ լռություն, որ մարտի նման չի ծաղկի մեր մեջ,

Ու չենք երազի գարուններ փնտրել իրար աչքերում։

Իսկ կիսակարմիր կակաչանման շրթունքները իմ

Հեկեկոցի խուլ թմբիրն են անցնում,

Եվ քո ձեռքերում իմ ձեռքերն ասես բաղեղի նման պտույտ են տալիս…

Ինչո՞ւ են այրվում իմ պարանոցին մատներդ բարակ,

Այսքան գեղեցիկ ո՞վ է ում լքում,

Ո՞վ է համբուրում գնալուց առաջ...

Ինչո՞ւ ենք այսպես թախծում, սիրելի՜ս,

Մի՞թե ցավի մեջ

Ու կարոտի մեջ

Համբույր ենք թողնում,

Քնքշանք ենք թողնում մի անհուսալի,

Որ վերադառնանք...

Որ ես քո ներսում,

Որ դու իմ ներսում

Մարտին նմանվենք...

Ինչո՞ւ եմ այսպես ցավագին տանում բաժանումը մեր,

Ինչո՞ւ եմ փնտրում

Անունդ իմ մեջ,

Երբ ես քո ներսում օտար եմ այսքան...

Եվ, այո՛, սե՜ր իմ, մեր լռությունը ցավի է նման,

Նման է կիզվող ինչ-որ խարույկի, որ դեռ մխում է…

 

***

Իմ գիշերներում ամենաերկար,

Իմ գիշերներում ամենամաքուր

Ո՞վ է ինձ կանչում,

Ո՞վ է շշնջում իմ պարանոցին քամու սուլոցով,

Ո՞վ է բուրմունքը քաղում մարմնիս ձեռքով շրթունքի

Եվ ո՞ւմ համբույրն է մարմինն իմ օծում այսպես քնքշորեն։

Մի՞թե խաչվում ենք գիշերվա ծոցում

Այսքան սրբորեն,

Այսքան մեղավոր և այսքան անմեղ...

Իմ գիշերներից ո՞վ է ինձ քաղել,

Ո՞վ է ինձ փրկել իմ երազներից

Եվ մոռացության կարեկցանքը այս

Ո՞վ է ողորմել,

Ո՞վ է ինձ պաշտել այսքան կուրորեն ինձանից գաղտնի,

Որ չեմ համբուրել շրթունքն այն ճաքած,

Այդ առեղծվածը...

Ո՞վ է եղել նա...

 

***

Եվ այսօր
միայն անունդ մնաց անդարձության մեջ։

Եվ մեծ քաղաքի ամայությունը ոչ ոք չլցրեց մեզանից հետո,
և մերկ մայթերի լռության գրկում ոչ ոք չմնաց ինձանից բացի.

ոչ մի անցորդի սուտ չժպտացի, չզգացին ոչինչ.

Ունայնությունն է։
Մեզանից հետո
Ունայնություն է։

Աշնան թախիծը մեռնում է տխուր որոգայթներով.

Անձրև է։
Անձրև։
Ու թախծանքի ճիչ։
Ամեն ինչ անդարձ՝
Ամենում ոչինչ։

Այս բաժանումը ամռան վերջի պես մի փոքր տաք է,
և գիտեմ՝ հոգուս փոթորիկները աշնան վերջի հետ դեռ նոր պիտի գան,
Դեռ նոր կփնտրեմ ձմեռների մեջ մեռած արևին,
նրա շողի պես իմ ժամանակին ես էլ կգնամ։

Իմ հեռանալը կերկրպագեն մարգարեները,
Ու կընտելանան բաժանումները իմ հեռանալուց։

Եվ չեն իմանա եղանակները օրհնություն է այդ,
թե դժբախտություն
Որ ես գնացի
Եվ որ տարա քեզ...

 

Վարս Չարենց